Ինչպես գտնել բալանսը աշխատանքի ու անձնական կյանքի միջև

Ինչպես գտնել բալանսը աշխատանքի ու անձնական կյանքի միջև

Պետք չէ ծայրահեղությունների գիրկն ընկնել ու մտածել, որ լիարժեք կյանքով կարելի է ապրել միայն թոշակի անցնելուց հետո:

Աշխատանքը պահանջում է այնպիսի նվիրում, որ լիարժեք անձնական կյանքով ապրելու համար ժամանակ ու ուժ չի մնում: Մենզ զգում ենք այդ դիսբալանսը, բայց շարունակում ենք շարժվել առաջ ու ոչինչ չփոխել:

– Եվ ի՞նչ, չե՞ք հոգնել այդպես ապրել,- հարցնում է ավստրալացի գրող, մարկետոլոգ Նայջել Մարշը:

Այս հարցն ինքն իրեն Նայջելն առաջին անգամ տվել է 40 տարեկանում: Ինքն էլ 40-ում տիպիկ «կորպորատիվ ռազմիկ էր»` խորասուզված աշխատանքի մեջ, իր երեխաներին միայն տեսականորեն ճանաչող մի մարդ (չորս երեխա ունի): Բայց երբեք ուշ չէ: Նա որոշում է ամեն ինչ փոխել: Պարզվում է` անձնական կյանքի ու աշխատանքի բալանսը պահելը հեշտ է, բայց միայն երբ աշխատանք չկա: Ամեն ինչ լավ է, մինչև չեն վերջանում փողերը: 40-ամյա փորձարարը նորից վերադառնում է աշխատանքի: Հաջորդ 7 տարիները Նայջել Մարշը համառորեն փորձում էր հավասարակշռություն պահել ընտանիքի ու աշխատանքի միջև: Հետո նա գրում է առաջին գիրքն այդ մասին: Գրողն առանձնացրել է նաև այն 4 եզրահանգումները, որոնց հասել է այդ տարիների ընթացքում.

1. Ազնիվ լինել ինքդ քեզ հետ
Յուրաքանչյուր խնդիր լուծելու ճանապարհին առաջին քայլը իրականության ռեալ գնահատումն է: Այդ պատճառով էլ պետք է անկեղծորեն ինքդ քեզ ասես, որ աշխատանքը, կարիերան անհամատեղելի են երիտասարդ ընտանիքի հետ, եթե ցանկանում ես այդ ընտանիքում ակտիվ մասնակցություն ունենալ, լիարժեք վայլել: Հազարավոր մարդիկ ժամեր են անցկացնում աշխատավայրում, որն ատում են, որպեսզի այդ աշխատավարձով գնեն անպետք իրեր, տպավորություն թողնեն մարդկանց վրա, որոնց նկատմամբ, իրականում, անտարբեր են:

2. Լիարժեք պատասխանատվություն
Կառավարությունը և կորպորացիան երբեք ձեր փոխարեն չեն լուծի ձեր պրոբլեմները: Եթե մենք ինքներս չփոխենք մեր կյանքը, մեր փոխարեն դա երբեք, ոչ ոք չի անի (իսկ եթե անեն, այդ բալանսը մեզ, հաստատ դուր չի գա): Մենք ու միայն մենք պետք է պատասխանատու լինենք մեր անձնական կյանքի սահմանների գծման ու հաստատման համար:

3. Իրական պլաններ
Չի կարելի պլանավորել անիրականանալին: Իդելական բալասնավորված օրը պատրանք է: Այդպես չի լինում: Մեկ օրում հնարավոր չէ տեղավորել այն ամենը, ինչ մենք կցանկանայինք անել: Բայց պետք չէ ծայրահեղությունների գիրկն ընկնել ու մտածել, որ լիարժեք կյանքով կարելի է ապրել միայն թոշակի անցնելուց հետո կամ, երբ կբաժանվեք ու միայնակ կմնաք: Հիմա օրը չափազանց կարճ է թվում, իսկ թոշակի անցնելուց հետո այն կթվա անվերջանալի: Գտեք ոսկե միջինը:

4. Բազմակողմանի մոտեցում
Մի մոռացեք կյանքի տարբեր կողմերի մասին: Բավական չէ ասել, որ բացի աշխատավայրից մարզասրահ էլ կգնաք: Այլ կողմեր էլ կան` ինտելեկտուալ, էմոցիոնալ, հոգևոր: Բալանսի հասնելու համար բոլոր կողմերը պետք է հաշվի առնել:

Հնարավոր է, այս ամենը շատ վախեցնող է հնչում,- խոստովանում է Նայջել Մարշը,- Ժամանակը չի բավարարում ընտանիքի համար, իսկ ես պահանջում եմ, որ մարզասրահ էլ գնաք, մայրիկին էլ զանգեք: Ես այդ ամենը շատ լավ հասկանում եմ:

Մարշը հիշում է մի դրվագ, երբ ստիպված էր աշխատավայրից շուտ գնալ, որպեսզի փոքր տղային դպրոցից վերցնի: Ոչ մի արտասովոր բան այդ օրը տեղի չունեցավ. պարզապես մի քիչ զբոսնեցին, նստեցին սրճարանում, գիրք կարդաց տղայի համար ու բարի գիշեր մաղթեց: Բայց փոքրիկն ասել էր, որ դա իր կյանքի ամենալավ օրն էր: Այս օրինակը ցույց է տալիս, թե որքան կարևոր են մանրուքները: Կյանքում հավասարակշռության հասնելը դեռ չի նշանակում կտրուկ փոփոխություններ անել: Մի փոքրիկ ներդրումն էլ կարող է կտրուկ փոխել հարաբերությունները սիրելիների հետ ու նաև կյանքը: Դա կարող է փոխել նաև հասարակությունը: Ինչքան շատ մարդիկ հետևեն այդ օրինակին, այնքան շուտ կփոխվի այն մտայնությունը, որ հաջողությունը չափվում է միայն փողերի քանակով: Մարդիկ կհասկանան, թե իրականում որն է երջանիկ կյանքը:

Գրել կարծիք