Աղասի Այվազյան. Չլիներ հիվանդությունը՝ ինձնից երջանիկ մարդ չէր լինի

Աղասի Այվազյան. Չլիներ հիվանդությունը՝ ինձնից երջանիկ մարդ չէր լինի

Աղասի Այվազյանի (1935-2007) վերջին զրույցը՝ ինքն իր, հիասթափության ու երջանկության մասին:

զիգզագներ
Անկումներ ունեցել եմ, բայց միշտ թռչելու, դիմակայելու ցանկություն եմ ունեցել, ընկել եմ, ելել եմ: Զիգզագները, ելևէջները միշտ կային իմ կյանքում: Երկու տարի առաջ անսպասելի հիվանդացա, թոքերս… թեև ես լողորդ էի, շատ ուժեղ թոքեր ունեի: Զարմանում էի՝ ինչպե՞ս է, որ ծերանում եմ և չեմ հիվանդանում: Սա իմ մեծ, ամենամեծ անկումն է, ու փորձում եմ այս փոսից դուրս գալ: Ես 82 տարեկան եմ, դիմացս քիչ է մնացել, բայց էդ քիչն էլ եմ ուզում նվաճել: Երևանն եմ ուզում տեսնել, առաջընթացն ինչքան կլինի: Ինչ-որ բաներ կան, որ տեսնել եմ ուզում, ու հանուն դրա թռիչքի եմ պատրաստ:

Երևանը
Երևանում եմ 1945 թվականից: Գնում-գալիս էի: Սովետական համակարգից դուրս էի, օդում կախված: Կայարանում եմ քնել, շուկայի կտուրին եմ քնել… ուսանող էի: Էդպիսի վիճակներ: Սա կյանքի դրսևորում էր, չեմ դժգոհում, թեպետ դժվար էր. շաբաթներով սոված էի մնում: 45 թվի Երևանն էր, հետամնաց երկիր, էսօրվա նման չէր: Ինձ թվում է՝ հայի բնավորության շնորհիվ է, որ մենք էսօր կանք, անկումներից վեր ենք թռչում: Ուրիշ ազգեր Եղեռնից հետո կարող է գոյություն չունենային, իսկ մենք ծաղկում ենք, քաղաք ենք շինում: Այսինքն, դիմակայելու ունակությունը հայի մեջ ուժեղ է: Դա բջիջն է հայկական ցեղի, հասկանո՞ւմ եք: Յուրաքանչյուրիս մեջ կան ժողովրդի ծրագիրն ու զեները: Մեզնից յուրաքանչյուրը հավաքական կերպար է: Հիմա Հայաստանում ունենք լավ սերունդ, երկար ապրելով՝ ես հետևել եմ, թե ինչպես են գալիս նորերը: Էդ զարգացումը շատ նկատելի է, երկրի հետ մարդիկ փոխվում են կամ իրենք են փոխվում ու երկիրն իրենց հետ փոխում: Հայերին մորթել են, հայերի սերուցքը հանել են, մտավորականությունը, ուղեղը ոչնչացրել: 30-ականներին էլ Հայաստանում գրողներին ոչնչացրին, ստիպեցին չմտածել: Հիմա ազգն ամբողջանում է: Էս նոր սերնդի մեջ կլինի Նժդեհ, Խաչատրյան, Կոմիտաս… էս հանճարները նորից կծնվեն:

ազատություն
Ներքին բարդույթներ կան, որ ունեն բոլորը, հատկապես արվեստագետները: Երբեմն խճճվում եմ էդ բարդույթների մեջ: Շատ ամաչկոտ էի: Բարդույթ էր, ինչ-որ քայլերից նահանջում էի, որովհետև ամաչում էի էդ քայլն անել, թերարժեքության զգացում է երևի: Արվեստագետի խառնվածք կա, որից փախչել չես կարող: Ես ապրել եմ սովետների ժամանակ, ես պիտի հարմարվեի՝ չեմ հարմարվել, չեմ ծառայել ոչ մի սովետական հիմնարկում, նրանք չկարողացան ինձ սովետական մարդ դարձնել: Դա տառապանքի հետ էր կապված, որովհետև մի կերպ պիտի ապահովես կյանքդ, նյութական խնդիրներ կան: Մեր անկախության հետ իմ կյանքում սկսվեց նոր փուլ, ես նոր վիճակի մեջ եմ, չլիներ էս հիվանդությունը՝ ինձնից երջանիկ մարդ չէր լինի: Որովհետև ազատություն եմ գոռացել՝ չհասկանալով՝ ինչ բան է ազատությունը: Ի՞նչ է դա. խիղճ, սեր, այն, որ Աստված ենք ասում՝ ճշմարտություն: Ես գրքեր եմ հրատարակել, որոնցից հրաժարվեցի ինքս, անատամ էին, սենտիմենտալ, այսօր տեր չեմ կանգնում դրանց:

ընկերներս
Ընկեր… ինչ ասեմ… ընկեր… Ալբերտ Կոստանյանի հետ էինք ընկերություն անում, շատ բարդ անձնավորություն էր: Վիգեն Խեչումյանն էր իմ ընկերը, նա բացում էր ինձ, նրա ներկայությունն ամեն ինչ հայացնում էր: Ընկերներ կան, որ գալիս ու գնում են: Հենրիկ Մալյանն, օրինակ, մանկությանս ընկերն էր, միասին «Եռանկյունի» ֆիլմը նկարահանեցինք, մահացավ-գնաց: Ինքը մարդկային որակ էր բերում Երևանի, Հայաստանի կյանք: Իմ ընկերները պիտի ազնիվ լինեն, խելոք լինեն, որովհետև երբ դիմացինդ խելոք է, դու էլ ես խելոքանում, ես ինձ վրա եմ զգացել: Հիմար մարդը պատի պես դիմացդ կանգնում է, մտքերդ դիպչում են պատին ու ոչնչանում: Գնահատում եմ անդավաճան մարդկանց: Ամենակարևորը՝ նախանձ չլինեն, որովհետև ես զուրկ եմ դրանից, և դա ինձ շատ է օգնել կյանքում: Իսկ ամենամերժելին… որ մարդիկ հայությունից հեռանում են: Փոխում են ազգանունը, ասում են՝ ես հայ չեմ, չեն սիրում հայկականը:

իսկական սիրո մասին
Սերը մոր նկատմամբ կանվանեմ սեր: Սերը կնոջ նկատմամբ, եթե դառնում է մշտական, կանվանեմ սեր. սկսում ես գնահատել երկուստեք կապը: Ես ունեցել եմ սեռական պոռթկումներ, էդ ժամանակ խենթանում ես, ինչպես Ռոմեոն և Ջուլիետը, բայց դա սեր չի: Քեզ թվում է, թե սեր է: Եվ բանաստեղծություններ գրում են հենց էդ ժամանակ: Իսկական սիրո մասին բանաստեղծություն չկա աշխարհում, ոչ ոք չի գրում: Շեքսպիրից սկսած, այ էդ սեռական պոռթկումն է, որ պիտի հանգչի: Մի տարի հետո կամ հինգ՝ բայց պիտի հանգչի: Դրանից հետո՝ նոր պոռթկում, մինչև քո սեռական պոտենցիալը պարպես, հետո նոր սկսում ես դատել մարդկային հատկություններով: Իսկ իրական սիրո մեջ, ներշնչանք չեմ ասի, բայց կա մեծ հավատ, որ ներշնչանքից ավելի պետք է: Հավատը քեզ պահում է: Պոռթկումը սուտ է:

անհնարին, անկարելի
Անհնարին բաներ կան. անցնել սեփական եսից, եսը փոխել: Այսինքն՝ իմ եսը ինձ չի պատկանում, պատկանում է Աստծուն, Գոյարարին, Ստեղծողին, Ինքը ստեղծել է էդպես, Ինքը պիտի փոխի, եթե կարող է, Ինքն էլ չի փոխում: Դա անհնարին է, անկարելի է: Մենք դրա տակ թաքնվում ենք: Չեմ խոսում մահվան մասին, մահից խուսափելն անհնարին է:

տարօրինակ է
Մարդիկ կան՝ երկու տող են գրել, բայց էդ երկու տողը ինձ պետք է գալիս: Կարդում էի մարդու անատոմիայի մասին գիրք՝ մարմնի հատկությունները կոսմոսի հետ համեմատելով: Արաբ փիլիսոփաներն են ասել՝ իմացող մարդը, որքան էլ միստիկային է պատկանում, հանդերձյալ աշխարհում գոյություն կունենա, իմաստնությունն է պահում: Սա երբեմն անհեթեթություն է թվում: 85 տարեկան մարդ՝ մեկ էլ լեզու է ուսումնասիրում: Տարօրինակ է, էդ լեզվով որտե՞ղ պիտի խոսես, գերեզմանո՞ւմ, սա մի հարց է, մի պրոբլեմ, որ ինքն էլ չգիտի: Մենք շատ բան չգիտենք և չենք էլ կարող իմանալ: Ինչո՞ւ ենք ծնվում, ո՞ւր ենք գնում, էս խնդիրը բոլորի մոտ դրած է, ինչո՞ւ ենք մահանում… սարսափելի բան է: Չկայի… և պիտի չլինեմ:

զղջում եմ
Որ ասեմ՝ կվախենաք: Զղջում եմ, որ ծնվել եմ: Դեռ փոքր ժամանակից: Ես դժգոհ եմ ինձնից: Սա իմ վերլուծության խնդիրը չի: Երևի թե տառապանք ավելի եմ ունեցել էս կյանքում: Շատ զգայուն էի, և եթե ասեն՝ դու պիտի քո կյանքը նորից ապրես, ես ինքնասպանություն կգործեմ: Ամենամեծ պատիժը կլինի, եթե ինձ ստիպեն նորից ապրել: Իմ հիասթափությունն իմ մեջ է:

Վարպետի վերջին խոհերը՝ մահից օրեր առաջ, գրի է առել Զարուհի Արզումանյանը
Վարպետի վերջին լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի

NewMag #03

Գրել կարծիք