Աշխարհահռչակ կիթառահարի առաջին ուսուցիչը հայ էր

Աշխարհահռչակ կիթառահարի առաջին ուսուցիչը հայ էր

Նունե Ալեքսանյանի հարցազրույցը կիթառի վարպետի՝ Ալ Դի Մեոլայի հետ: Հայկական երաժշտության մասին նրա ընկալումներն ու դեռ չկատարված երազանքը:

Մոլորակի բոլոր հնչյունները, երաժշտական տարբեր մշակույթները, հին ու նոր աշխարհները` կիթառի նուրբ լարերում: Շատ քիչ կիթառահարների է հաջողվել հասնել այս համադրությանը: Ալ Դի Մեոլան կիթառը վերածեց ազատ թռիչքի, աշնան թախծի ու անսահման սիրո թրթիռների գործիքի: Իր վիրտուալ կատարումներով: Արդեն մի քանի տասնամյակ նա հմայում է մոլորակի բազմահազարանոց համերգասրահները` յուաքանչյուր անգամ սահմանելով վարպետության ավելի բարձր նշաձող և դառնալով ջազի, ֆյուժնի և ֆլամենկոյի համադրության արվեստի օրենսդիրը:

al-di-meola-count-basie-theatre

Ամեն ինչ սկսվել էր դեռ 60-ականներին, Նյու Ջերսիում Մեոլայի առաջին ուսուցիչ Բոբ Ասլանյանի դասերից: Բայց նրա կյանքում շրջադարձային էր հանդիպումը Չիք Կորեայի հետ: Աշխարհին անհայտ Մեոլան ընդամնեը 20 տարեկան էր, երբ Կորեայի “Return to Forever” աստեղային խմբում փոխարինեց Բիլլի Քոննորսին: Այս ռիսկային քայլը կայծակնային արագությամբ նրան պարգևեց համընդհանուր ճանաչում և դարձրեց կուլտային խմբի լիիրավ անդամ: Հենց այդ ընթացքում խմբի լատինամերիկյան թեթև ազդեցությամբ մեղեդային մեղմ ջազը վերածվեց խիտ էլեկտրոֆյուժենի: Եվ ծնվեցին խմբի 3 հանճարեղ ալբոմները “Where Have I Known You Before”, “No Mystery”, “Romantic Warrior”:

al-di-meola

Այսօր Մեոլան, թերևս, ամենատիտղոսավորն է աշխարհի ամենահայտնի կիթառահարների շարքում: Նա 14 անգամ հաղթել է «Տարվա լավագույն կիթառահար անվանակարգում», նրա ալբոմները 7 անգամ հռչակվել են «Տարվա ալբոմ», Grammy-ի, Record World Magazine_ի և Guitar Player Magazine-ի բազմակի մրցանակակիր է: Տարիներ առաջ Մեոլան Երևանում էր:

meola
-Կարծում եմ` հայերը շատ երաժշտական ժողովուրդ են: Շատ հայեր, որոնց ճանաչում եմ Ամերիկայից, Հայաստանում երբեք չեն եղել, բայց ուժեղ կապ ունեն ձեր երաժշտության հետ: Ինձ թվում է, որ հատուկ կապ կա հայերի ու երաժշտության միջև: Դուք շատ մոտ եք երաժշտությանը: Նախքան իմ այստեղ գալը շատերն էին ինձ ասում, որ հայերի մեջ ես իսկապես կզգամ երաժշտության ջերմությունը: Հիմա արդեն կարող եմ ասել, որ ամեն մի պահն իրոք հրաշալի էր:

– Ընդունված է համարել, որ Ձեր ստեղծագործական վերելքը սկսվել է Return to Forever խմբից: 1974-ն ու Չիք Կորեան իսկապե՞ս բախտորոշ դեր են ունեցել Ձեր կյանքում:

– Այո, հենց այդ ժամանակներում էր, որ ծանոթացա և պատիվ ունեցա նվագել Չիք Կորեայի հետ: Ես պաշտում էի նրան և իսկապես երջանիկ էր, երբ նա ինձ հրավիրեց աշխատել իր խմբում: Չիք Կորեայի հետ ելույթի հնարավորությունն ինձ համար դրսևորվելու բացառիկ շանս էր: Նրա գործերը կարծես իսկապես կիթառի համար լինեին ստեղծված: Հիմա հասկանում եմ, որ մենք ճիշտ տեղում էինք և ճիշտ ժամանակին: Ու հենց այդ պատճառով ստացվեց այն, ինչ ստացվեց:

-Ինչպի՞սի անձնավորություն էր Ձեր առաջին ուսուցիչը` Բոբ Ասլանյանը, և ինչո՞վ էր Ձեզ գրավում:

-Հոյակապ: Ուրիշ բառ չեմ գտնում նրան բնորոշելու համար: Հոյակապ կիթառահար էր: Ես շատ էի ուզում նրա նման նվագել, որովհետև նրա կապը երաժշտության ու ջազի հետ ուղղակի արտառոց էր: Երբ Նյու Յորքում էի ապրում, շփվում էի բազմաթիվ էթնիկ մեղեդիների հետ: Նյու Յորքը տարբեր երաժշտությունների ու դրանց ազդեցությունների խառնարան է: Եվ, երբ ես պատիվ ունեցա նյույորքյան միջավայրում այդպիսի ուսուցիչ ունենալ և նման երաժշտության ազդեցություն կրել, այդ ամենն անհետևանք չմնաց. ձևավորվեց իմ ոճը: Բոբի վրա կարծեմ` մեծ ազդեցություն էր թողել ամերիկյան ջազը: Բայց նա ուներ շատ ամուր հայկական ընտանիք: Նրա ծնողները տիպիկ հայեր էին` չափազանց աշխատասեր: Հայրն իրավաբան էր, մայրը` շատ հոգատար կին: Բոբի եղբայրը նույնպես իրավաբան էր և իմ փաստաբանն էր: Այնպես որ, շփումն Ասլանյանների հետ շարունակվում է առ այսօր:

-Երևանում անպայման ուզում էիք հանդիպել Ջիվան Գասպարյանի հետ: Հանդիպումը կայացավ: Գուցե համատեղ ծրագրե՞ր եք մշակել:

-Դեռ մի տարի առաջ ես ուզում էի Ջիվանի հետ մի նախագիծ անել: Այժմ միասին հաճելի ժամանակ ենք անցկացրել` այցելելով Հայաստանի տարբեր հետաքրքիր վայրեր: Կարծում եմ հիմա հնարավորությունը շատ ավելի մեծ է, որ մենք դա անենք, որովհետև արդեն անձամբ ճանաչում եմ նրան և շատ մեծ հարգանք եմ տածում նրա երաժշտության ու կատարողական վարպետության հանդեպ:

-Եթե ուզում եք Ջիվան Գասպարյանի հետ նվագել, ուրեմն սիրում եք դուդուկը:

– Դուդուկը ոչ բոլորին է դուր գալիս, բայց ճաշակով մարդկանց համար դուդուկի մեղեդին չափազանց գրավիչ է: Շատ կարևոր է, որ ցանկացած գործիք կարողանա ներկայացնել ժամանակշրջանի տրամադրությունը: Դուք` հայերդ, մեծ ողբերգություն եք ապրել: Եվ մելանխոլիայի առումով դուդուկն ինձ իսկապես շատ հոգեհարազատ է, որովհետև ցավի, սիրո, բոլոր մարդկային ապրումների ամենանուրբ ու զգայուն գործիքն է: Իսկապես ամենագեղեցիկն է և շատ հուզիչ:

-Արևելյան մեղեդիները վերջին տարիներին ներխուժեցին Արևմուտքի երաժշտական մշակույթ և պարզապես նվաճեցին ամենամեծ լսարանները: Ինչո՞վ եք դա բացատրում:

-Իսրայելում մեզ հյուրասիրության տարան արևելյան խոհանոց: Կարծում էինք, որ չինական կամ ճապոնական ուտեստներ կլինեն, բայց արաբական էր: Արևելյանը ամերիկացիների համար մեկ ընկալում ունի` չինացիներ, ճապոնացիներ… դժվար է ասել: Միջին Արևելքի երաժշտությունն, օրինակ, ինձ շատ հարազատ է, չգիտեմ էլ` ինչու: Բայց ես ամենևին նման չեմ ամերիկացի երաժիշտներին: Պարզապես հանգամանքի բերումով Ամերիկայում եմ ապրում:

-Ջազը… Ֆլամենկոն, ֆյուժնը… ինչ-որ զգացմուքների, հույզերի ու արժեքների խորհրդանիշեր են: Իսկ ի՞նչ են խորհրդանշում անձամբ Ձեզ համար:

-Ջազն ակնթարթ է: Ջազում իմպրովիզների վրա հիմնված տրամաբանական մի ամբողջ շարք է ծնվում: Ֆլամենկոն խորհրդանշում է գնչուական երաժշտությունը, որ ծնվեց ու տարածվեց Հյուսիսային Աֆրիկայում, Իսպանիայում: Ժողովրդից բխող երաժշտություն է և խորհրդանշում է իրենց ճանապարհը մինչև Իսպանիա: Հրաշագեղ արվեստ է` պար, երաժշտություն: Բայց ամենագրավիչը ֆլամենկոյի ռիթմն է: Եվ այն սրանով է էապես տարբերվում ջազից: Մենք բոլորս ստեղծագործում ենք լատինական այդ «անձրևանոցի» ներքո: Երկու տարբեր ռիթմեր միաձուլվում են, և ծնվում է նորը: Դրա համար էլ կարողացանք Պակո Դե Լուսիայի հետ միաձուլել մեր երաժշտությունը` նվագելով միասին: Եվ Ֆաուստոյի հետ իմ համագործակցությունը այդ միաձուլման արդյունքն է: Ռիթմի այդ զգացողությունը հրաշալի է:

-Երջանի՞կ մարդ եք:

-Ինձ գոհացնում է այն ամենը, ինչով զբաղվում եմ: Որպես արվեստագետ բավարարվածության մեծ զգացում եմ ապրում: Դա, իհարկե, վերաբերում է ցանկացած մասնագիտության, բայց արվեստագետի դեպքում ամեն ինչ մի քիչ ավելի սրված է:

-Ուրեմն ունեք երջանկության Ձե՛ր գաղտնիքը…

-Երջանկության իմ բանաձևը շատ պարզ է. «Արա´ այն, ինչ սիրում ես: Սիրի´ր այն, ինչ անում ես»:

-Ունե՞ք անկատար երազանք:

-Այն գեղեցիկ աղջիկը, որին կհանդիպեմ այս գիշեր Երևանում:

-Հաճա՞խ եք սիրահարվում:

-Ամեն օր: Եվ մանավանդ` ամեն երեկո:

Հեղինակ Նունե Ալեքսանյան
NewMag #02

Գրել կարծիք