Ինչպես Տաթևիկ Ղափլանյանն Ալ Պաչինոյի համար բեմադրեց «Քեռի Վանյան»

Ինչպես Տաթևիկ Ղափլանյանն Ալ Պաչինոյի համար բեմադրեց «Քեռի Վանյան»

Ալ Պաչինոն թատրոնի գիժ է: Եթե ինչ-որ բան հավանի և ցանկանա, ասում են` 24 ժամ կփորձի:

Ալ Պաչինոյին կողմնորոշելու համար Տաթևիկ Ղափլանյանը բեմադրել է «Քեռի Վանյայի» որոշ դրվագներ, որտեղ չկա քեռի Վանյան, բայց կան Ելենա Անդրեևնան, Սոնյան, Աստրովը: Հրավիրել է ամերիկացի դերասանների:

1– Որդուս ընկերը` պրոդյուսեր Լևոն Մինասյանը, որն, ի դեպ, Գեորգի Մինասյանի որդին է, գործակցում է հայտնի պրոդյուսեր Բերրի Նավիդիի հետ, որին մենք գիտենք առավելապես «Վենետիկի վաճառականը» կինոնկարից: Լևոնն ինձ առաջարկեց նրա միջոցով հրավիրել Ալ Պաչինոյին, որպեսզի խաղա ռուս դասականներից որևէ մեկի պիեսի բեմադրության մեջ: Մենք գիտեինք, որ Ալ Պաչինոն շատ է սիրում ռուս դասականների` մանավանդ Չեխովի գործերը: Եվ նրան առաջարկեցինք «Քեռի Վանյայում» գլխավոր դերը: Եվ… ստացվեց,- հաճույքով մտաբերում է Տաթևիկ Ղափլանյանը:

– Ամերիկացի դերասանների հետ աշխատելը դժվար չէ՞ր: Նրանք կարողացա՞ն լիարժեք կերպարանավորել ռուս հերոսներին:

– Իհարկե, ինձ համար շատ դժվար է ամերիկացիների հետ. ոչ թե լեզվական պատնեշի առումով, այլ դժվար է, քանի
որ ամբողջ կյանքում ստեղծագործել եմ հայերեն ու հայերեն եմ մտածում: Բայց կարծում եմ, որ մենք լավ աշխատեցինք և նույնիսկ այդ դրվագների համար ջանք չխնայեցինք: Ճիշտ մեր ժամանակի դրամատիկական թատրոնի ներկայացում էր` շատ գեղեցիկ բեմով, ձևավորումով ու շատ պրոֆեսիոնալ:
Որոշ դժվարություններ եղան սկզբում, քանի որ ամերիկացիներն ինչ-որ դպրոց ունեն, որը մի քիչ նման չէ մեր դպրոցին: Բայց վերջում, երբ սկսում ես հասնել քոնին և համոզել, հասկանում են: Օրինակ` Սոնյա խաղացողը, որը շատ նման էր Սոնյային, կարծես Ռուսաստանում ծնված լիներ ու ռուսի հոգի ունենար:

– Իսկ Ալ Պաչինո՞ն, ինչպե՞ս եք նրան պատկերացնում քեռի Վանյայի դերում, նրան հարազա՞տ է այդ կերպարը:

– Կարծում եմ` Ալ Պաչինոյին ինչ էլ առաջարկես, փայլուն կխաղա: Նա Չեխով շատ է սիրում: Սիրում է նաև Դոստոևսկի, Տոլստոյ. ուրեմն հասկանում է, զգում է: Եվ տարիօրինակն այն էր, որ իսկույն հարցրեց. «Ո՞ւմ թարգմանությունն է»: …Նա նույնիսկ հասկացավ, որ ամենալավ թարգմանությունն է ընտրված:

Բեմադրության հատվածները նկարահանող տեսախցիկն ավարտից հետո որսացել էր Ալ Պաչինոյի արձագանքը. «Վե՞րջ, մի՞թե ավարտվեց… Շնորհակալ եմ այս հրավերի և նման բացառիկ բեմադրությունը դիտելու հնարավորության համար: Կարող էի այստեղ նստել ու Չեխով լսել ամբողջ օրը, ամբողջ գիշեր, ընդմիշտ…»

– Նա ասաց, որ իր համար անսովոր էր,- բեմադրությունից հետո Ալ Պաչի¬նոյի` իրեն հայտնած տպավորությունն է ներկայացնում Տաթևիկը,- այսինքն` այն, ինչ տեսավ բեմում, իր համար նոր էր այն իմաստով, որ… միևնույն է, մեր թատրոնի` ռուսական թատրոնի դպրոցն աշխարհում ամենաուժեղն եմ համարում: Չնայած ամերիկացիներն էլ են Ստանիսլավսկու սիստեմով աշխատում, միևնույնն է, մեր դպրոցն ուրիշ է:

3

– Ընդունված է կարծել, որ «խոշոր տրամաչափի» դերասանների համար այս կամ այն նախագծում հանդես գալու համար կողմնորոշիչ է լինում նախագծի եկամտաբերությունը: Ձեր կարծիքով, Ալ Պաչինոյի համար ի՞նչն է գրավիչ այս նախագծում:

– Իհարկե, ստեղծագործական հաճույքը: Գիտեք, որ ֆիլմերում նկարահանվելու որոշակի սիստեմ է գործում, դերասաններն իրենց գինն ունեն… Թատրոնը բոլորովին այլ բան է: Թատրոնը նույնքան եկամտաբեր չէ, որքան ֆիլմը: Եվ քիչ դերասաններ կան, որ թատրոն են սիրում: Ալ Պաչինոն դրանցից մեկն է. թատրոնի գիժ է: Եթե նա ինչ-որ բան հավանի և ցանկանա, ասում են` 24 ժամ կփորձի: Նրա համար սա միայն հոգու ճիչ է. նա այնքան է հոգնել ֆիլմերից, որ ուզում է ինքն էլ որպես արվեստագետ հանգստանալ և զգալ թատրոնի համն ու հոտը:

– Ալ Պաչինոյի դերակատարմամբ «Քեռի Վանյան» ե՞րբ է բեմ բարձրանալու, և ԱՄՆ-ից բացի ուրիշ որտե՞ղ եք այն ներկայացնելու:

– Պրոսյուսերները երևի մտածել են այդ մասին: Գլխավորը նրա ժամանակն է, նա շատ զբաղված է. ես կարծում եմ` մենք կտեղավորվենք ժամանակի մեջ: Բայց մի քիչ շուտ է հիմա ասել, թե որտեղ է լինելու: ճիշտն ասած` նա շատ մեծ ցանկություն ուներ Մոսկվայում խաղալ: Դեռ ճանապարհ կա անցնելու: Դեռ պետք է հանդիպենք, քննարկենք, դեռ դերասաններ պետք է ընտրվեն, այնքան գործ կա անելու, որ հիմա մի քիչ շուտ է այդ մասին խոսելու համար: Սրանք հարցեր են, որոնց ես առաջին անգամ եմ բախվելու: Հիմա ինձ համար կարևորն այն է, որ նա գոհ է, հավանել է. սա արդեն մեծ բան է:

– Ծրագրում Եք «Քեռի Վանյայից» հետո շարունակե՞լ համագործակցությունն Ալ Պաչինոյի հետ:

– Սա շարունակական է լինելու: Ես կուզեի նրա հետ աշխատել ոչ միայն «Քեռի Վանյայում», այլև Շեքսպիրի «Լիր արքայում», որտեղ նա շատ լավ կլիներ Լիրի դերում: Ինձ թվում է, որ Տոլստոյի «Կենդանի դիակը» և Սարոյանի «Քարանձավի բնակիչները» գործերը բեմականացնելու դեպքում էլ Ալ Պաչինոն կարող էր լինել առանցքային դերակատարը: Տա Աստված, որ ամեն ինչ լինի: Ես շատ կուզեի, որ նա համաձայներ «Քեռի Վանյան» ներկայացումը նաև Հայաստանում մենք բեմ հանեինք: Շատ կուզեի… Պատկերացնում ե՞ք՝ ինչպես դա կընդուներ երևանյան հանդիսատեսը…

Հեղինակ` Լիլիթ Սեդրակյան
newmag #05

Գրել կարծիք