Անահիտ Թոփչյան. Բոհեմին փոխարինել է մաֆիոզ ստրուկտուրան

Անահիտ Թոփչյան. Բոհեմին փոխարինել է մաֆիոզ ստրուկտուրան

Դերասանուհի և արձակագիր Անահիտ Թոփչյանի մոնոլոգը՝ նախանձի, բոհեմի և արժանապատվության մասին:

երազելն ավելի հեշտ է

Երջանկությունը հոգու վիճակ է: Տևում է այնքան, որքան հոգիդ է հրճվում: Երբեմն գուցե ընդամենը մի պահ: Բայց դա էլ է երջանկություն: Աստվածային զգացում է: Այդ պահերից է կազմվում իսկական կյանքը: ճապոնացիները հանգուցյալների շիրիմներին գրում են. ապրեց այսքան ժամ, այսքան րոպե, այսքան վայրկյան: Նրանք համոզված են, որ միայն երջանիկ պահերը կարելի է կյանք համարել: Ցավոք, մարդ արարածը չգիտի գնահատել այն երջանկությունը, որ ունի, նա միշտ դժգոհ է, միշտ ավելին է երազում, երևակայական երջանկության ետևից է վազում: Գուցե այն պատճառով, որ երագելն ավելի հեշտ է:

նախանձի, չարիքի ու նսեմության մասին

Արդեն իմունիտետ ունեմ նախանձի հանդեպ: Աշխատում եմ մեծահոգի լինել, չնկատել մարդկային այդ սոսկալի արատը, որ թունավորում է առաջին հերթին նախանձողի կյանքը: Բայց երբ այդ նախանձողները միավորվում են և սկսում չարիք գործել քո դեմ, դառնում է անտանելի: Որովհետև ահագին ժամանակ և եռանդ ես կորցնում դրանց դեմն առնելու համար: Նախանձում են հիմնականում նրանք, ովքեր անկարող են իրենցը ստեղծել, ուստի որոշում են քեզ վնասել, տապալել, արժանին չմատուցել, նսեմացնել և դրանից բավականություն են ստանում, չարիքը նրանց սնում է, ապրեցնում, բայց մի՞թե դա կյանք է: Հատկապես ծանր է, երբ նախանձը բախվում է ստեղծագործությանը: Ստեղծագործողն ամբողջ էությամբ տարված է իր գործով: Շատ հաճախ չի էլ նկատում, թե շուրջն ինչ դավեր են նյութում: Իսկ ամենացավալին այն է, որ ընկերներդ են սկսում նախանձել, ինքդ ես վատ զգում նրանց համար, չէ՞ որ իսկական տառապանք է: Ես նախանձի զգացում երբեք չեմ ունեցել ոչ մեկի նկատմամբ, որովհետև միշտ իմ գործով եմ զբաղված եղել:

մեր ժամանակների հերոսը

Մեր ժամանակի մարդն է այսօրվա դերասանը: Բայց քանի որ հասարակությունը միաշերտ չէ, պետք է ձգտել, որ բեմում լինեն մեր ժողովրդի լավագույն ներկայացուցիչները, որպեսզի հանդիսատեսը ձգտի նրանց նմանվել, որպեսզի մարդու իդեալ ստեղծվի: Թատրոնը նաև սերունդներ դաստիարակելու առաքելություն ունի: Բայց ո՞վ է մեզանում այդ մասին լրջորեն մտածում: Հակառակը, լավի նկատմամբ անհանդուրժողականություն կա: Անհատին փորձում են ոչնչացնել: Նա խանգարում է իրենց, անհանգստացնում: Սակայն դա ինքնաոչնչացում է նաև: Եթե իրոք մեր արվեստի պատասխանատուները մտածեին առաջադիմության մասին, ոչ թե բավարարվեին եդած գորշ վիճակով, այդպես չէր լինի: Տաղանդավոր, ինքնուրույն մտածող արվեստա­գետն իրեն ավելորդ է զգում նման պայմաններում: Ստիպ­ված է հանդուրժել, սակայն դա երկար չի կարող տևել, մի օր նա ըմբոստանում է և հեռանում: Այսպես թե այնպես, նա կյանքում չի կորչի, սակայն դա կորուստ է մեր ազգային մշակույթի համար:

մուտքն արգելված է

Բոհեմ ասելով՝ նախկինում հասկանում էին գրողների, արվեստագետների նեղ, մեկուսացած մի ընտրանի, որն ապրում էր իր օրենքներով, բարոյական իր սկզբունքնե­րով և որի մուտքը բաց չէր ամենքի համար: Այժմ ազատ արվեստագետների նախկին բոհեմին փոխարինել են կլանային-մաֆիոզ ստրուկտուրաները (հավանաբար ծագել է «ստրուկ» բառից), ուր մուտք ունեն միայն «յուրայինները», նրանց շահերին համապատասխանող մարդիկ: Նման «բոհեմներ», ավաղ, հայտնվել են նաև Հայաստանում: Դա մի փակ աշխարհ է: Մուտքն արգելված է: Դա նաև շատ մութ աշխարհ է: Մասնակիցը գերի է դառնում զանազան օրենք­ների և կանոնների, որոնց ստիպված է ենթարկվել, թե ոչ՝ դուրս կշպրտվի անգթորեն: Այդ «բոհեմի» ներսում մարդն ազատ չէ իր ընտրության մեջ, երբեմն նույնիսկ իր կյանքի տերը չէ: Ես միշտ անտարբեր եմ եղել նման բաների հան­դեպ և նույնիսկ՝ դեմ:

արվեստագետի մահվան գաղտնիքը

Մարդը, հատկապես ստեղծագործող մարդը, պետք է կարողանա իր կյանքի ընթացքում մի քանի անգամ նորից ծնվել, վերածնվել, կրկին ու կրկին նորոգվել: Թե ոչ՝ կյանքի օրոք այդ արվեստագետը տեղում կդոփի, ինքն իրեն կկրկնի, կմեռնի, կանգ կառնի և կդադարի հետաքրքրել մարդկանց: Կարծում եմ՝ սա է արվեստագետի ստեղծագործական մահ­վան գաղտնիքը:

ծանիր զքեզ

Ես երկար եմ փնտրել այն պիեսը, որով կուզեի վերադառ­նալ: Անշուշտ, դա պետք է արտառոց մի բան լիներ, այսինքն՝ անսպասելի և գրավիչ: Իսկ արվեստի գործի գրավչության գաղտնիքն, ինձ թվում է, այն է, որ պիտի նաև ճանաչելի լի­նի, այսինքն՝ ընթերցողն ու հանդիսատեսը պետք է իրենց գտնեն, ճանաչեն գործի մեջ, այդ դեպքում նրանք սկսում են գործին հետևել առավել հետաքրքրությամբ, քանզի խոսքն իրենց մասին է: Շմիտի «Ամուսնական փոքրիկ ոճիր­ներ» պիեսն այդպիսին է: Մենք ճանաչում ենք մեզ: Այնտեղ խոսվում է տղամարդ-կին հարաբերության մասին, այնտեղ այնպիսի բաներ են ասվում, որ մենք գուցե և մտածել ենք, սակայն չենք համարձակվել խոստովանել նույնիսկ ինք­ներս մեզ, մանավանդ այդքան համարձակ և անսպասելի ձևով: Այդ պիեսն իսկապես մտածել է տալիս: Միտքդ, հո­գիդ, զգացմունքներդ մասնակցում են, արթնանում ներկա­յացման ընթացքում, որովհետև նախ տեսնում ենք ինքներս մեզ, մեր պրոբլեմներն այս կամ այն չափով, իսկ հարցերն էլ շարունակում են մեզ հետապնդել ներկայացումից հետո, շարունակում ենք վերլուծել տեսածն ու լսածը, Նորից վե­րապրում… և ուրեմն իսկական արվեստի հետ առնչվեցինք:

արժանապատվության մասին

Հայ կինն այնքան էլ հնազանդ Էակ չէ, նա արժանապատ­վության զգացում ունի, ինքնուրույնության ձգտում, նրա մտավոր կարողություններն էլ բավական բարձր են, ես խո­սում եմ, անշուշտ, լավագույնների մասին, որոնք շատ են մեր հասարակության մեջ, իսկ ճնշվածները, հաշտվածները թող ձգտեն, ինչո՞ւ չէ… Մի՛ մոռացեք, որ Հայաստանը՝ թեև Եվրոպայի և Ասիայի միջև է գտնվում, եվրոպական երկիր է, որ մենք Անահիտ աստվածուհի ենք ունեցել և որ հին ժա­մանակներում հայ կինն էր ընտրում իր տղամարդուն, ոչ թե հակառակը:

Գրել կարծիք