Հնաոճ իրերի բիզնեսը Հայաստանում. հնությո՞ւն, թե՞ նորություն

Հնաոճ իրերի բիզնեսը Հայաստանում. հնությո՞ւն, թե՞ նորություն

Ե՞րբ է Երևանում բացվել հնաոճ իրերի առաջին խանութը: Հարցազրույց անտիկվարիատով զբաղվողների հետ:

Ով եղել է էրմիտաժի, Պետերգոֆի, Լուվրի և աշխարհի այլ խոշոր թանգարաններում ու հիացել պալատական կահ-կարասիով, ազնվականների սեղանի սպասքով, երազել է ունենալ այդ հիասքանչ իրերից թեկուզ մեկը: Հրեշտակների արձանիկներով զարդարված ժամացույց, ռոմանտիկ տեսարաններով պատկերազարդված թեյի նրբագեղ գավաթ` արծաթե փոքրիկ գդարւվ, ֆրանսիական և իտալական վարպետների պատրաստած կատարյալ ու ավարտուն ձևերով բրոնզե արձաններ, կիրառական ու գեղազարդիկ արվեստի գլուխգործոցներ, այս ամենը փալուց արդեն միմիայն ազնվականների կամ սոսկ քաղքենիների համար չէ:

Երազանքները կարող են իրականանալ Երևանի հնաոճ իրերի խանութներ այցելելիս, որտեղ կտեսնեք հնագույն լուսատուներ և սկահակներ, ոսկեզօծ և կիսաթանկարժեք բնական քարերով ագուցված բարձրաճաշակ հնաոճ իրեր, որոնք կարող են զարդարել շատ հավաքածուներ, բայց նաև պատկառելի հմայք կհաղորդեն ժամանակակից հյուրասենյակին, աշխատասենյակին, գրասենյակին: Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ նման ճոխություն, եթե կողմնորոշվում են հնաոճ իրերի խորհրդավոր աշխարհում:

Stall1

Րաֆֆի Դեհերյանն անտիկվարիատով զբաղվում է մոտ չորս տասնամյակ: 70-ականներին Երևանում գործող միակ մասնագիտացված խանութի ապրանքագետն էր:

– Հնաոճ իրեր սիրել եմ մանկուց, այցելել եմ աշխարհի շատ ցուցահանդեսներ, մասնագիտացել հնաոճ իրերի գնահատման մեջ և հրապուրվել այդ գործով:

– Ապրանքագետը նաև փորձագե՞տ է:

– Ո՛չ, գնահատո՛ղ: Փորձագետ կարելի է անվանել ադամանդ, ժամացույց գնահատողին: Գնահատում ենք անվճար, օգնում բոլորին, թող իմանան իրենց ապրանքի արժեքը:

– Ի՞նչ հետաքրքիր նմուշներ ունեք:

– Շատ են… 18-19-րդ դարերի ժամացույցներ, բրոնզ, ճենապակի, սրբապատկերներ…

– Կեղծիքներ շա՞տ են պատահում:

– Շատերն իրենք էլ չգիտեն՝ իրենց ապրանքը հնությո՞ւն է, թե՞ ոչ: Այստեղ ենք պարզում: Գնահատողը հնաոճ
իրերը ճանաչելու բոլոր նրբություններին տիրապետում է: Հարկ եղած դեպքում դիմում ենք նաև կատալոգների օգնությանը:

– Գնորդները Հայաստանի՞ց են լինում:

– Երևանից են: Դրսից եկողը չի գնի, դուրս տանելը մեծ խնդիրներ է հարուցում: Եվրոպայում այս ապրանքները շատ ավելի թանկ են, քան մեզ մոտ:

– Հնաոճ իրեր հավաքող մարդիկ կա՞ն:

– Նախկինում շատ էին, բայց հիմա քիչ են: Երիտասարդներին հնաոճ իրերը չեն հետաքրքրում: Նրանց համար կարևորը ձեռքի հեռախոսն է, ժամացույցը, ոսկեղենը, որոնք ամեն քայլափոխի վաճառվում են: Մենք կոմիսիոն ենք աշխատում, ցանկացած մարդ, որ ունի հնաոճ իր, բերում է մեզ մոտ, գնահատում ենք անվճար, ընդունում վաճառքի, որից հետո վերցնում մեզ հասանելիք տոկոսները: Մյուս խանութների հետ չենք շփվում:

Antiques

Հնաոճ իրերի բիզնեսը Հայաստանում հին չէ: Հայկական անտիկվար վաճառողները մասնագիտական փակ կյանքով են ապրում և դժկամությամբ են պատասխանում լրագրողների հարցերին, որոշներն էլ ընդհանրապես հրաժարվում են պատասխանել: Բայց կան մասնագետներ, ովքեր երբեմն զրույցի են բռնվում նաև ոչ հաճախորդ այցելուի հետ: Գագիկ Աշուղաթոյանը մասնագիտությամբ գեղանկարիչ է, Հայաստանի նկարիչների միության անդամ, ունի հնաոճ իրերի խանութ:

– Նախկինում մեր ժողովուրդը չգիտեր, թե ինչ է անտիկվարը: Անցյալ դարի 70-ականներին Երևանում բացվեց հնաոճ իրերի մասնագիտացված խանութ: Սայաթ-Նովա փողոցի վրա էր` Անի հյուրանոցի դիմաց: Նախքան այդ որոշ ապրանքներ հայտնվում էին կոմիսիոն խանութներում:

– Որտեղի՞ց են հնաոճ իրերը հայտնվում Ձեր խանութում:

– Դրանք հիմնականում Եվրոպայից են և Ռուսաստանից: Հիմնականում Երկրորդ աշխարհամարտի ռազմավարն է, որ ներկրվել է ԽՍՀՄ:

– Ինչո՞վ են ամենից շատ հետաքրքրվում:

– Ինչպես ամբողջ աշխարհում, մեծ հետաքրքրություն են ներկայացնում ռուսական հնաոճ իրերը` գեղանկար, ճենապակի, սրբապատկերներ:

– Հայկական իրեր ունե՞ք:

– Հայկական հնաոճ իրեր հազվադեպ են պատահում: Դա պայմանավորված է մեր ժողովրդի անցյալով, ապրուստով, կենցաղով: Օրինակ` Վրաստանում շատ կան: Մեզ մոտ հնաոճ ապրանքներից արդեն հազվադեպ հանդիպողը արծաթե գոտիներն են:

Vintage travel gear seller at the marche Dauphine, Paris

Անտիկվարիատի բիզնեսի մայրաքաղաքներ են համարվում Նյու-Յորքը, Լոնդոնը, Փարիզը, վերջին ժամանակներում նաև Մոսկվան: Անտիկվարիատի տարեկան շրջանառությունը Ռուսաստանում մասնագետները գնահատում են մեկ միլիարդ դոլար: Շարժառիթը, իհարկե, գեղեցիկի հանդեպ արթնացած զգացումները չեն միայն: Մեծահարուստ գնորդները նաև գիտակցում են, որ նախահեղափոխական կիրառական արվեստի որևէ առարկա կամ 30-ականների ավանգարդիստական կտավ ձեռք բերելը նախևառաջ նշանակում է փողերի գրագետ ներդրում, որը ոչ միայն հեղինակություն է բերում, այլև երաշխավորված եկամուտ:

Հեղինակ` Լևոն Պարոնյան
newmag #04

Գրել կարծիք