Օպերայի լեգենդ. այսօր ապրում ենք մեզ ո′չ վայել, անկիրթ ու անմշակույթ երկրում

Օպերայի լեգենդ. այսօր ապրում ենք մեզ ո′չ վայել, անկիրթ ու անմշակույթ երկրում

ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մոնոլոգը՝ մահից առաջ: Դավաճանության ու բամբասանքի մասին, ներելու ունակության և կարոտի մասին: Օպերային երգչուհին երազում էր օր առաջ վերադառնալ Հայաստան:

դավաճանություն և ներում

Դավաճանությունն ու ստորությունը հատուկ են շատերին, և դրանցից խուսափելն անհնար է: Սակայն պետք է կարողանալ նաև ներել: Իմ կյանքում եղել է մի դեպք, որն ինձ սովորեցրեց ներել: Վաղուց էր, խորհրդային տարիներին. ես մեկնելու էի արտասահման համերգային շրջագայության:Արդեն կար պայմանավորվածություն, հայտնի էր հյուրախաղերի երկիրն ու մեկնելու ժամանակը: Սակայն օրերն անցնում էին, բայց` ոչ մի լուր: Հանկարծ զանգահարում են համապատասխան կազմակերպությունից և հրավիրում հանդիպման, որի ժամանակ հայտնում են, որ իմ փոխարեն ուղարկելու են մեկ այլ երգչուհու: Վրդովված դուրս եմ գալիս, այլայլված քայլում եմ փողոցով: Պատահաբար հանդիպում եմ ընկերներիցս մեկին, որը, նկատելով հուզմունքս հարցնում է` քեզ ի՞նչ է պատահել: Ասում եմ` չգիտեմ, ես այդ կնոջը պիտի սպանեմ կամ մի շատ վատ բան անեմ: Ընկերս կանխում է. «Արա′քս, իսկ չե՞ս կարծում, որ դրանով քեզ ավելի կվնասես»: Նստեցինք` այն ժամանակ մոդայիկ «Կազիրյոկ» սրճարանում, որը հայ արվեստագետների հավաքատեղին էր: Եվ ընկերս սկսեց պատմել նմանատիպ դեպքերի մասին: Ես աստիճանաբար փափկեցի ու հասկացա. կարող ես` գործն ինքդ արա, չես կարող` ուրիշին մի մեղադրիր: Պահանջվեց ընդամենը ընկերական մի քանի պարզ խորհուրդ, որ ես սփոփվեմ ու ներեմ… Սեփական անհաջողության պատճառը փնտրիր քո ներսում, և ավելի հեշտ կլինի ներելն ու կրկին Սիրելը: Ներելը նույնպես պետք է սովորել:

ճաշակ

Վերջերս վարսավիրանոցում էի և հարցնում եմ երիտասարդ վարսահարդարներին. «Դուք դիտո՞ւմ եք Վյաչեսլավ Զայցևի «Նորաձևության դատավճիռ» հաղորդաշարը»: Ասում են` ո′չ, ժամանակ չունենք, մինչդեռ հեռուստացույցը միացրած է, և հայկական ալիքով կամ բրազիլական սերիալ, կամ էլ հայկական որևէ ապաշնորհ տեսահոլովակ է ցուցադրվում: Իսկ չէ՞ որ Զայցևի հաղորդաշարը հագուստի, վարսահարդարման և դիմահարդարման ճաշակ է զարգացնում, և հենց իրե′նց է պետք ամենից առաջ: Ցավոք չեմ հավատում, թե մոտ ապագայում մեր ՙհամընդհանուր ու հատկապես երաժշտական ճաշակն էլ այնքան կբարձրանա, որ եթերում, տրանսպորտում, սրճարան-ռեստորաններում և այլուր հնչի բարձրաճաշակ երաժշտություն: Եթե ոչ մեր հայկական դասականը կամ առավել ևս` Մոցարտ, Շոպեն ու Շտրաուս, ապա գոնե` հենց մեր շոու բիզնեսի լավագույնը:

բամբասանք

Բամբասանքը հզոր բան է: Բամբասանքները լինում են տարբեր: Կա անվնաս բամբասանք, որն ուղղակի ժամանց է: Իսկ կա բամբասանք, որը կարող է մարդ սպանել: Արտիստական միջավայրում կան մարդիկ, որ բամբասանքի տեղիք չեն տալիս, քանի որ ամբողջովին տարված են իրենց աշխատանքով: «Մասնագիտական բամբասանքն» այնուամենայնիվ անխուսափելի է. այսինչ կատարողը նոտան ճիշտ չերգեց կամ ռիթմը խախտեց, կամ մատը սայթաքեց: Բայց դա′ էլ բնական է: Անձնական կյանքին առնչվող բամբասանքներն առավել հատուկ են շոու բիզնեսին: Հաճախ արտիստն ինքն է բամբասանքի առիթ տալիս, որ դեղին մամուլը գրի իր մասին: Դեղին մամուլը հենց բամբասանք տարածելով է զբաղված: Մեծ ստորություն է, երբ լրագրողը քեմղում է անկեղծ զրույցի, սակայն չարաշահում է քո անկեղծությունն ու վստահությունը: Այդ պատճառով ես մեծ բծախնդրությամբ եմ դրան վերաբերվում, աշխատում եմ բամբասանքի առիթ չտալ ու չշփվել անազնիվ լրագրողների հետ:

սովորել ունկնդրել

Թվում է` բոլորն էլ կարող են երաժշտություն լսել: Սակայն դասական երաժշտություն ունկնդրելն անհրաժեշտ է Սովորել: Անծանոթն ու անճանաչելին ինչպե՞ս սիրես: Ճանաչելն ու կրթվելը բարդ գործ է, և հետո` ամեն բան չէ, որ հենց սկզբից հաճելի է: Երբեմն ծուլանում ես, հոգնում, ձանձրանում: Բայց եթե անհրաժեշտ ջանք ես թափում ու հաղթահարում այդ ամենը, ՙվարձատրվում՚ ես իսկական ոգեղեն բերկրանքով ու գիտելիքով, որոնք կարող է տալ միայն դասական երաժշտությունը: Նախկինում գոյություն ուներ դպրոցականի ֆիլհարմոնիա, որի աբոնեմենտներն անվճար բաժանվում էին երաժշտական դպրոցների սաներին: Չեմ կարծում, թե անհնար է վերականգնել այս կարևոր ավանդույթը. Էականն այն մթնոլորտն է, որում կգտնվեն ու դրանով իսկ կկրթվեն ապագա և′ երաժիշտները, և′ ունկնդիրները: Պարտադիր չէ բոլորին սովորեցնել երգել կամ նվագել, բայց շատ կարևոր է սովորեցնել Ունկնդրել դասական երաժշտություն, այսինքն` կրթել, պատրաստել գրագետ ունկնդիր:

զրույց

Ես շատ շփվող եմ, չեմ սիրում լռել և կարող եմ անգամ անծանոթի հետ խոսքի բռնվել տրանսպորտում, խանութում կամ փողոցում: Երևի նրանից է, որ շփման մեծ կարիք ունեմ: Մյուս կողմից` ճանաչված լինելն ինչ-որ չափով սահմանափակում է անկաշկանդ շփվելու ազատությունը: Մինչդեռ ոմանց առավել դուր է գալիս հանրահայտ լինելը, քան մարդկանց հետ շփվելը:

վերադարձ

Իմ վերջնական վերադարձը պայմանավորված չէ նյութական բարեկեցությամբ: Չեմ կեղծի, իհարկե, դա էլ է կարևոր: Սակայն հնարավոր է, որ իմ երկրում բարեկեցություն լինի, բայց ես լինեմ ուրիշ երկրում: Ես հաճախ մեկնում եմ այլ երկիր, քանի որ բավարար վճարվող ու հետաքրքիր աշխատանք չունեմ այստեղ: Հնարավոր է նաև, որ այդ ամենը Հայաստանում լինի, բայց այստեղ ապրելը կրկին դյուրին չլինի: Իսկ ամենավատն այն է, որ չես կարող ասել այն, ինչ մտածում ես. սկսվում են վիրավորանքներ, տհաճ խոսակցություններ, իբր «իրենց չես հասկանում»: Չկարողացանք, իսկ գուցե չցանկացանք Գոհար Գասպարյանի նման համաշխարհային հռչակ վայելող երգչուհուն պատշաճ հրաժեշտ տալ: Ժամանակի մեծագույն հայ դիրիժոր Օհան Դուրյանի 85-ամյակի առթիվ Լայպցիգում համերգային դահլիճ են կոչում նրա անունով: Իսկ այստեղ, Հայաստանում…ինչո՞ւ ոչ մի նման բան չարվեց: Որովհետև լինելով մշակութային ազգ, այսօր, ցավո′ք, ապրում ենք մեզ ո′չ վայել երկրում, անկիրթ ու անմշակույթ երկրում, արժեքների արժեքը չգիտցող երկրում: Իսկ այդպիսի հասարակության մեջ, անկեղծ ասած, չափազանց ծանր է ինձ համար ապրելը: Շատ եմ ցանկանում օր առաջ ընդմիշտ վերադառնալ իմ երազած` մշակույթի երկիր Հայաստան…

Գրել կարծիք