Հայաստանը` որպես գինու բնօրրան. Գինեգործության արմատները հասնում են մինչև դիցաբանություն

Հայաստանը` որպես գինու բնօրրան. Գինեգործության արմատները հասնում են մինչև դիցաբանություն

Հայի համար էտը լոկ տեխնոլոգիական գործ չէր: Խաղողի մատը կտրելով` նա բացում էր գարնան դուռը:

Քրիստոսից առաջ IX դարից հզորացած Նաիրին հարևաններն արդեն կոչում են Ուրարտու, այսինքն` Արարատի երկիր կամ, ինչպես հետագայում անվանում են պատմաբանները, Վանի կամ Արարատյան թագավորություն: Այդ հայկական պետության հզորացմանը զուգընթաց արագ թափով կայանում է երկրի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը` խաղողագործությունը և գինեգործությունը:

Մոտ երեք հարյուր տարվա ընթացքում ողջ երկիրը պատվում է այգիներով: Նախ Մենուան իր հոր` Իշպուինիի հետ համատեղ կառավարման (մ.թ.ա. 825-810 թթ.) և ապա միանձնյա թագավորման տարիներին (մ.թ.ա. 810- 786 թթ.) այգեպատում է երկրի կենտրոնական մասը` Վանա լճի հարակից տարածքները, Բերկրի դաշտը, Մշո երկիրն ու Արածանիի վերին հոսանքի ավազանը:

Նրա որդի Արգիշտի 1-ը (մ.թ.ա. 786- 764) և թոռը’ Սարդուրի ll-ը (մ.թ.ա. 764- 735 թթ.), ծաղկեցնում են Արարատյան դաշտն ու Վասպուրականը: Իսկ Ռուսա 1-ը (մ.թ.ա. 735-713 թթ.) և Արգիշտի ll-ը (մ.թ.ա. 713-765 թթ.) այգիներ են տնկում երկրի հարավում և Ուրմիա լճի շրջակայքում, և վերջապես Ռուսա ll-ը` ուրարտական վերջին հզոր արքաներից մեկը, իր թագավորության քառասուն տարիներին (685-645 մ.թ.ա.) մի կուռ ամբողջություն է դարձնում երկրի խաղողագործությունն ու գինեգործությունը: Հայաստանի ողջ տարածքով մեկ կառուցվում են հնձաններ, տնկվում են նոր այգիներ:

white-grapes-with-balaton-in-background

Վանի թագավորության ժամանակներից մեզ հասած տասնյակ սեպագրերում արքաները` որպես հայոց պետության հզորության և իրենց անմահության գրավական, այգիների հիմնումը միշտ հիշատակում են քաղաքների ու մեհյանների կառուցման կողքին և ամեն անգամ խաղող տնկելիս փաստում. «Մեծությամբ գերագույն աստծո Խալդու` հերոսություն գործեցի»: Այգին էլ` որպես սիրո ու հավերժության խորհրդանիշ, անվանում են իրենց կանանց ու դուստրերի անուններով, նրանք նույնացնում էին խաղողուտի պաշտպանությունն ու իրենց սիրելիների պատիվը և նույն հարթության մեջ էին պահում խաղողն ու երկրի անվտանգությունը: Եվ սրան հակառակ, օտար նվաճողներն էլ` որպես արքային հաղթելու և երկիրը տիրելու ապացույց, ավերած քաղաքների կողքին շեշտում էին հրի մատնած այգիներն ու հիմնահատակ արած մառանները, իսկ գերեվարած զորքի մեջ` ի թիվս բյուր զինվորների, հիշատակում խաղողագործների: Բայց նույնիսկ այդ ժամանակ նրանք չեն կարողանում զսպել իրենց հիացմունքը հայոց արքաների գործերով: Կարելի է պատկերացնել, թե, օրինակ, ասորական Սարգոն 11-ն ինչ հիացմունքով կարող էր նայել Ռուսա 1-ի կառուցած «անսահման քանակի ջրանցքներին ու առուներին», «որոնք անապատները դարձրել են լազուր դաշտեր», իսկ հայոց արքան «անձրևի պես նրանց վրա շաղ է տվել խաղող ու մրգեր»:

Մեծ է եղել նրա զարմանքը «անթիվ, անհամար մեծ ու փոքր տիկերում լցված բուրումնավետ գինիների» առթիվ, որոնք անվերջանալի էին թվում նույնիսկ իր բյուրավոր զորքի անկուշտ գինարբուքից հետո: Բայց նա չէր եկել լոկ իր ախոյանի գինով հիանալու: Եկել էր ավերելու, որպեսզի «դարեր շարունակ ճահիճն ու վախն իշխեն» այստեղ: Եկել էր, ինչպես հետո գալու էր իր հետևորդը` տանելու հայկական խաղողը: Եկել էր հասկանալու, թե ինչպես է, որ դեռ իրենից` Սարգոնից հարյուրավոր տարիներ առաջ իր նախնիները շոգ անապատներով ամիսներ շարունակ տեղափոխել են հայկական գինին մինչև Փյունիկիա և Եգիպտոս, ու դրանից այն չի վատացել:

Իսկ գաղտնիքները եղել են բազում: Գինու կարասների կողքին գտնված ծծմբի կտորները հուշում են, որ երեք հազար տարի առաջ հայերին հայտնի էր դրա այրումն ու ծծմբային գազի ստացումը, առանց որի հնարավոր չէր պահպանել գինին և առանց որի կիրառման չի կարելի պատկերացնել նույնիսկ մեր օրերի գինեգործությունը: Նույն կարասներում հայտնաբերված խաղողի ածխացած կորիզները, որ այսօրվա տեղական սորտերի կորիզների ճիշտ պատճենն են, շատ բան են ասում այն ժամանակվա գինիների ազնվածին լինելու մասին:

Տարբեր չափսերի ավազահատիկներով լցված կավե գլանները նուրբ ֆիլտրացում կիրառելու ապացույց են: Մառանների կողքին կառուցած բացօթյա հարթակները, որտեղ գինին ձմեռները խտացրել են, իսկ ամռանը` պահել կիզիչ արևի տակ, կարող են հուշել, թե ինչպես է ստացվել, որ հայոց գինին հասել է հարևան երկրներ` առանց որակը կորցնելու:

Սեպագրերը փաստում են նաև, որ հարևան երկներ նվաճելու դուրս եկած արքաները գինու վարպետներ էին վերցնում իրենց հետ, քանի որ նվաճելու արժանի տարածքները պետք է ունենային նաև գինի տալու ունակ հողեր: Եվ այնքան կարևոր էր սա, որ արշավի ելած հայոց զորքի մեջ հազարավոր նժույգավորների, նիզակավորների ու այլոց թվում հատուկ հիշատակվում էին գինեգործները:

Արարատյան թագավորության ժամանակաշրջանը «ոսկեդար» էր ոչ միայն հայոց, այլև համաշխարհային գինեգործության պատմության մեջ: Այն իր կնիքը թողեց խաղողի ու գինու համամարդկային մշակույթի գանձանակում և կանխորոշեց հետագա սորտային ու տեխնոլոգիական քաղաքականության կարևոր շատ ուղղություններ:

Wine_Barrels

Ճյուղը զարգացավ այնպիսի թափով ու մասշտաբներով, որ Վանի թագավորության անկումից նույնիսկ հազարամյակներ անց, թշնամիների հարյուրավոր արշավանքներից ու ավերումներից հետո էլ դեռ զգացվում է այն մեծ ներուժն ու ոգին, որ հայոց արքաներն ու նրանց հպատակ ժողովուրդը դրել են այս հողի ու վազի մեջ: Այսօր էլ շարունակում են գործել այդ ժամանակվա ջրանցքները, ապշեցնում են արքունիքի մառանների չափսերը, հիացնում է տեխնոլոգիական այն մշակույթը, որի վրա տասնյակ դարեր հետո պիտի կառուցվեին խաղողի ու գինու եվրոպական մոտեցումները:

Բայց աշխարհին առավել զարմացրեց անտիկ ժամանակների հայի հոգևոր արժեքների այն ուրույն համակարգը, որը հետո անվանվեց «խաղողապաշտ», այն աշխարհայացքը, որը խաղողն ու մայրությունը երբեք չառանձնացրեց իրարից, այն դիցաբանությունը, որը ծնեց պտղաբերության ու գինու արարատյան աստծուն` Արուբանիին: Ծնեց ու կնության տվեց գերագույն աստծուն` Խալդին: Իսկ աստվածուհին էլ, այդ ամենը քիչ համարելով, տիրոջ ամենազոր հովանավորությամբ ստեղծեց օգնականների հանճարեղ մի աստվածաբույլ:

Մի շարք, որտեղ ամեն մեկը պատասխանատու էր մարդկային խիստ որոշակի գործառույթի համար: Մշակույթային ընդհանուր մի դաշտ, որում ամեն մի աստվածություն կանխորոշում էր խաղողի որթի կենսաբանական, իրեն հատկացրած որոշակի ժամանակահատվածի բարեհաջող ընթացքը: Խստագույնս կանոնակարգված ծիսական արարողակարգերի մի անբողջ աշխարհ, որտեղ ցուլերի ու գառների զոհաբերությամբ էր խաղողը նախապատրաստվում կախարդական ձևափոխմանը:

Երեքն էին դրանք

Առաջինը վազի էտի աստվածությունն էր: Հայի համար էտը լոկ տեխնոլոգիական գործ չէր: Խաղողի մատը կտրելով` նա բացում էր գարնան դուռը, դեն նետելով ավելորդ փայտիկը` հեռացնում ձմեռն այգուց: Հետո հավաքում էր արքադն ու այրում, պարում կրակի շուրջ, թռչում խարույկի վրայով, որպեսզի այրի մեղքերն ու մաքուր հոգով նոր բերքն արարի:

Երկրորդը խշմարի աստվածությունն էր: Երբ վազը կքում է հասունացող ողկույզի ծանրությունից, նրա թևերի տակ փայտիկներ են դնում, որպեսզի խաղողը գետնին չփռվի: Այդ հենակները խշմար են կոչվել: Մեր նախնիները բերքի տակ կքած վազը նմանեցրել են հղի կնոջը, խշմարը` ընտանիքի հորը, ասել է թե` այդ աստվածությունն էլ այդ օջախն ամուր պահելու խորհուրդն է կրել:

Երրորդ էլ բերքահավաքին էր վերաբերում: Այս աստծուն պաշտելու կարգն ամենակարևորն էր: Ոչ միայն նրան պատասխան տալու պահն էր, այլև պետք էր Խալդի գերագույն աստծուն ցույց տալ, որ ուղարկած արևն ու անձրևը, ողորմածությունն ու բարի կամքն արժանորեն ու անմնացորդ են մարմնավորվել խաղողի պտղում, որ նրա սիրելի կնոջ` Ուրուբանիի համար հոգով ու մարմնով պատրաստ են այն հրաշքին, որը կոչվում է գինու ծնունդ: Այսպիսի դիցաբանական ուրույն աշխարհ չի ունեցել և ոչ մի ժողովուրդ:

Հեղինակ` Ավագ Հարությունյան
newmag #05

Գրել կարծիք