Արթուր Ութմազյան. Հենց այս պահին ես մահանում կամ ատում, առավել ևս սիրում

Արթուր Ութմազյան. Հենց այս պահին ես մահանում կամ ատում, առավել ևս սիրում

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի մոնոլոգը հոր և դստեր հարաբերությունների, թատրոնի ու երթուղային նստող Համլետի մասին:

նուրբ քիմքի արվեստ
Նվիրյալ բառը չեմ սիրում: Եթե ընտրել ես այդ մասնագիտությունը, ուրեմն պետք է անես: ժան Անույը «Արտույտ» պիեսում շատ կարևոր ֆրազ ունի. «Գործ է, պիտի արվի»: Եթե մտել ես թատրոն, ուրեմն մինչև վերջին կաթիլը քամիր քեզ: Թե չէ ի՞նչ համարձակություն ունես ամեն օր բեմում 400 հոգու հետ խոսել: Գործիք ես. դու մաշում ես քեզ, քո արյունը, քո սիրտը, քո նյարդերը, ամբողջ օրգանիզմդ: Եթե սիրտդ չես մաշում, բեմ դուրս գալու իրավունք չունես:
Թատրոնը երբեք չի կարող մահանալ, թատրոնը նուրբ քիմքի արվեստ է: Այստեղ ամեն ինչ աչքիդ առաջ է ծնվում, կենդանի ծնունդ է, և եթե կինոյում ցույց են տալիս, ապա թատրոնում դու ինքդ ես նայում: Ներկայացումն ամեն երեկո է ծնվում, անգամ 100-րդ անգամ նույն ներկայացումը նորից է ծնվում այդ օրը այդ հանդիսատեսի համար ու նրա հետ:
Եթե նույնիսկ 60-րդ անգամ ես խաղում նույն ներկայացումը, միևնույնն է, հենց այս պահին ես խաղում, հենց այս պահին ես մահանում կամ ատում, առավել ևս սիրում ու ամեն անգամ անում ես` ինչպես կյանքում առաջին ու վերջին անգամ:

գտնել «ինչպեսը»
Հիմա շատ դժվար շրջան է, մենք շատ դաժան օրեր ապրեցինք, համակարգ փոխվեց, ընդունենք թե ոչ` հեղափոխություն եղավ 88-90-ականներին: Գուցե մի քիչ դանդաղ ենք քայլում, բայց միշտ էլ նման շրջադարձերից հետո ամեն ինչ խառնվում է իրար, հիմա ժամանակ է պետք, որ մրուրն իջնի: ժամանակներն են փոխվել: Մենք շատ ենք ասում` ա՜յ, փայլուն բեմադրիչներ կային, փայլուն դերասաններ կային, ժողովուրդը շատ էր կարդում… Իհարկե, բայց ամեն ինչ պետք է նայվի իր ժամանակի մեջ և հատկապես թատրոնը, որն այսօրվա արվեստ է: Արվեստի ամբողջ խնդիրը «ինչ» ու «ինչպես» ասելն է: «Ինչ» ասելը շատ չի փոխվել: Շեքսպիրի մեծությունը հենց այն է, որ ինքը գիտի, թե «ինչ» է ասում, և դարեր շարունակ յուրաքանչյուր նոր բեմադրիչ փորձում է գտնել այն ասելու` իր ժամանակին անհրաժեշտ «ինչպեսը»:

ազնիվ` ինքդ քեզ հետ
Վերջերս ինձ մեկն ասաց, թե նախանձն առաջընթացի գրավականն է… Գուցե: Բայց մի պայմանով, եթե նախանձելիս մտածես ոչ թե այն մասին, թե ինչո՞ւ ինքը հասավ դրան, այլ ինչո՞ւ ես չկարողացա հասնել: Ի՞նչը ինձ չհերիքեց, ի՞նչ չկար իմ մեջ, որ ես տապալեցի: Այդ առումով նախանձն ուժ է… Դե, երբ գիշերը գլուխդ բարձին մենախոսում ես, իհարկե, եթե ինքդ քեզ հետ չես սեթևեթում, ու ազնիվ ախտորոշում ես գտնում քեզ համար, այդ դեպքում նախանձը կօգնի, ռացիոնալ հատիկ կլինի:

ամուլ մամուլ
Չարությամբ չեմ լցվում: Ցավոք ամեն ինչի մեջ ուզում ենք միայն վատը տեսնել… Կարո՞ղ եք ասել, թե վերջին անգամ ե՞րբ եք հոդված կարդացել ու դրական լիցքեր ստացել… Ես էլ չեմ կարող: Իսկ ի՞նչ է, մի՞թե մեր կյանքում մի լավ բան չկա, միայն վատն է երևում: Իսկ ինչո՞ւ մեր բոլոր հոդվածներում, անկախ թեմայից`քաղաքականության մասին լինի, արվեստի, թե բնապահպանության, միայն խայթոցներ ու կծոցներ են: Թույն կա… Թույնը շատ է… Սեր չկա…

դուստրս
Դաստիարակել բառը չեմ սիրում: Ի՞նչ է նշանակում դաստիարակել: Քարո՞զ կարդալ, խրատնե՞ր տալ: Դաստիարակությունն օրինակով է լինում: Քո գործով պետք է նրան ուղղորդես, թե չէ քարոզը կմնա քարոզ: Կապը նրա հետ միշտ էլ կա… Նրան ամեն ինչ կներեմ: Ամեն բան իր բացատրությունն ու պատճառն ունի: Հայրերի ու որդիների հակասությունը միշտ էլ կա, ու շատ-շատ բաներ եմ փորձում, փորձարկում եմ նրա վրա ու նրա օգնությամբ, անխոս, նույնիսկ առանց տեղյակ պահելու:

դատարկ եթեր
70-ականների Երևանի պես քաղաք աշխարհում չի եղել: Օդը լիքն էր բարությամբ, արվեստով ու սիրով: Հիմա մեր կյանքը չորացել է, սարսափելի է չորացել: Էլի պետք է գամ հեռուստատեսությանը… Ախր ինչքա՞ն կարելի է, ամբողջ օրը` տեսահոլովակներ, տեսահոլովակներ ու դարձյալ տեսահոլովակներ… Խնդիրը երգիչները չեն, նրանց մեջ շատ լավ ընկերներ ունեմ… Խնդիրն այլ է: Կա թատրոն, կա սիմֆոնիկ նվագախումբ, կա օպերա, բալետ, գրական ընթերցումներ պետք է լինեն: Այս ամենը կա, բայց չկա: Արվեստի ու արվեստագետների մասին հիշում են դեպքից դեպք: Նժարներն են խախտվել: Մտավորականի, արվեստագետի հեղինակությունն է կորել: Մտավորականին հիշում են հանկարծ, միայն հարկ եղած պահին…

Համլետը երթուղայինում
Մտավորականը պետք է լավ ապրի: Չի կարող դերասանը բեմում Համլետ խաղալ, հետո դուրս գալ թատրոնից, նստել երթուղային ու գնալ տուն: Այդտեղ ամեն ինչ վերջացավ, հեքիաթը քանդվեց: Չգիտեմ` ինչո՞ւ է այդպես… Շատ եմ ուզում հասկանալ, թե, օրինակ, այդ ինչպե՞ս է լինում, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ձյուդոյի մրցում է անցկացվում… Դրանից հետո ոչ զարմանալու, ոչ խոսելու իմաստ չկա: Սրբություններ կան, որոնց չի կարելի ձեռք տալ: Այ, հենց դրանով է ամեն բան… արվեստ… մշակույթ, բարձր գաղափարներ… ամեն ինչ ընկավ ջուրը: Բայց ոչինչ: Սա էլ կանցնի: ժողովուրդն ինքն իրեն մաքրելու հատկություն ունի: Ուղղակի պետք է մի քիչ սթափ նայել, օրվա հոգսերից չկուրանալ, չապրել մի օրով: Մենք միայն խոսում ենք, մեկ-մեկ էլ գործելը չի խանգարի: Գործիր ու կգնահատվես:

newmag #05

Գրել կարծիք