4 կարևոր կետեր, որոնք արժե իմանալ, մինչև ավտովարկ վերցնելը

4 կարևոր կետեր, որոնք արժե իմանալ, մինչև ավտովարկ վերցնելը

2-2.5 մլն դրամը բավարար է միջին դասի մեքենա գնելու համար, իսկ վարկ վերցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կանխավճար

Հայաստանյան 21 առևտրային բանկերի մեծ մասն առաջարկում է ավտովարկ: Նվազագույն կանխավճարը գնվող մեքենայի արժեքի 10%-ն է: Մեքենայի արժեքի մնացած 90%-ը վճարում է բանկը: Այս պայմանն առաջարկում է միայն «Անելիք բանկը»: Ցածր կանխավճարի մասին կարող եք մտածել, եթե մեքենան առաջնային շուկայից եք գնելու կամ այն նոր է: Կանխավճարի ցածր շեմ են սահմանել մի քանի բանկեր ևս: «Յունիբանկը» պատրաստ է տրամադրել Ձեր մեքենայի արժեքի 85%-ը, իհարկե, եթե Դուք արդեն ունեք 15% կանխավճար: Նվազագույն կանխավճարի եռյակը եզրափակում է «Կոնվերս բանկը»: Այն առաջարկում է գնվող մեքենայի արժեքի 80%-ը վճարել, մնացած 20%-ը պատրաստ եղեք վճարել սեփական գրպանից: Հայկական բանկերի մեծ մասը կմերժի Ձեզ, եթե չունենաք Ձեր ցանկալի մեքենայի արժեքի գոնե 40%-ը: Մեծ կանխավճարն ունի առավելություն` այդ դեպքում որոշ բանկեր ավելի ցածր տարեկան տոկոսադրուքով են տրամադրում ավտովարկը:

auto1

Տոկոսադրույք

12% նվազագույն տարեկան տոկոսադրույք առաջարկում է միայն «Հայբիզնեսբանկը»: Պայմանով` եթե ավտոմեքենան գնում եք բանկի գործընկեր դիլեր կազմակերպությունից: 13% և ավելի տարեկան տոկոսադրույքով ավտովարկ առաջարկում են «Յունիբանկը» և «Կոնվերս բանկը»:

Մարման ժամկետ

Ավտովարկը կարող եք մարել առավելագույնը 7 տարում, բայց եթե ավտովարկը վերցնեք «Անելիք բանկից» և «Հայբիզնեսբանկից»: Ի դեպ, «Անելիքից» այդպիսի երկարաժամկետ ավտովարկ կարող եք վերցնել միայն դոլարով, իսկ «Հայբիզնեսբանկը» կտրամադրի այն, եթե մեքենան գնեք իր գործընկեր դիլեր ընկերությունից: Բանկերի մեծ մասը ավտովարկը տրամադրում է առավելագույնը 5 տարի մարման ժամկետով` այն էլ արտասահմանյան արտադրության մեքենաների դեպքում:

Վարկի չափ

Ավտովարկ կարող եք ստանալ 400 հազար դրամից մինչև 50 մլն դրամ: Ավտովարկավորման նվազագույն առաջարկն անում է «Առէկսիմբանկը», առավելագույն գումարն առաջարկում է «Պրոմեթեյ բանկը»: Մյուս բանկերի առաջարկները այդ գումարի միջակայքում են (1 մլն դրամից մինչև 25 մլն դրամ):

auto2

Անսպասելի իրավիճակ

Եթե մեքենայի վարկառու տերը մահանա, նրա փոխարեն վարկը պետք է մարի նրա իրավահաջորդը:

Գրել կարծիք