Ավրահամ Ռուսսոն՝ հայկական արմատների ու իր վրա կրակողի մասին

Ավրահամ Ռուսսոն՝ հայկական արմատների ու իր վրա կրակողի մասին

Ավրահամ Ռուսսո կամ Աբրահամ Իպջյան, ռուսական էստրադայի հայ աստղը, որը ստիպված էր լքել Ռուսաստանը:

Աբրահամ Իպջյանը ծնվել է Հալեպում: Նախնիները ապրել են Թուրքիայի հարավում: Նրա չորս տարին չլրացած՝ ընտանիքը տեղափոխվում է Լիբանան: Հետո, դարձյալ չորս տարի անց՝ հոր մահից հետո, և Լիբանանում տիրրող ներքաղաքական լարումի պատճառով, Ռուսսոյի ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա:

«Մայրս մենակ չէր կարող մեծացնել երեխաներին՝ չնայած ես էի ու եղբայրս… Իսկ ֆրանսիայում հաստատվելը դժվար չէր, քանի որ հայրս մոտ երկու տասնամյակ ծառայել էր ֆրանսիական բանակում», մտաբերում է Ռուսսոն:

Ֆրանսիայից էլ՝ դարձյալ Սիրիա: 96-ին Ռուսսոն Կիպրոսից տեղափոխվում է Ռուսաստան և արդեն՝ որպես երգիչ: Նա սկսում է երգել «Պրագա» ռեստորանում, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա պրոդյուսերի՝ Իոսիֆ Պրիգոժինի հետ: Եվ բարի գալուստ ռուսական շոու-բիզնես…

– Երաժշտական կարիերաս սկսել եմ վաղ մանկուց: Յոթ տարեկանում երգել եմ Լիբանանի ճեմարանի երգչախմբում, հոգևոր երգեր էի կատարում: Մի մրցույթի ժամանակ իրանական մի հայտնի երգչուհի ինձ խորհուրդ տվեց լուրջ զբաղվել իմ վոկալով, ինքն էլ ինձ օպերային երգեցողության դասեր տվեց: Իմ երգեցողական տաղանդը նկատելի էր դեռ մանկուց, եթե մարդ տաղանդ ունի, այն արտահայտվում է: Իսկ ինչ խիստ արտահայտված է ու ընդգծված, հնարավոր չէ թաքցնել:

– Ի՞նչն եք համարում կարևոր, որ վաղ տարիքից մնացել է Ձեր մեջ, չի փոխվել հասունացման հետ:

– Կյանքում ամենակարևորը միայն այն չէ, որ ծնվել ենք ու ապրում ենք, կարևոր է նաև, թե ինչպե՞ս ենք ապրում, ի՞նչ ուղի ենք ընտրել: Կարևորը նաև մեր ընտրած մասնագիտությունն է. այն պետք է հաճույք ու բավականություն պատճառի: Եթե սիրահարված չես գործիդ ու մասնագիտությանդ, շատ դժվար է ապրել ու ստեղծագործել: Այլ հարց է, թե ինչպե՞ս ենք ապրում, ընդհանրապես գո՞հ ենք կյանքից, թե՞ ոչ:

– Իսկ Դուք գո՞հ եք:

– Այո՛: Ծնողներիցս, ընտանիքիցս ու կյանքից ընդհանրապես գոհ եմ, շատ: Վստահ եմ, որ գոհունակությունս լինելու է հարատև: Ես ինձ լավ գիտեմ: Սկզբունքս է՝ երբեք չափսոսալ, չչարանալ… Գուցե տաքարյուն եմ, ամեն ինչ արագ եմ պլանավորում, արագ էլ կատարում: Չեմ սիրում, որ մարդիկ դանդաղկոտ են, խոսքերը բերանում ծամծմում են: Տաքարյուն եմ, ակտիվ ու համբերատար… Համբերատարությունը հաղթանակի նշան է:

– Երգչի համար հաղթանակը շատ բեմերում լինե՞լն է:

– 1989-ից հյուրախաղերով եղել եմ աշխարհի տարբեր երկրներում. Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունաստան, Կիպրոս, Հորդանան, Քուվեյթ…

– Ռուսաստանո՞ւմ ինչպես հայտվեցիք:

– Մոսկվա եկա Աշոտ Մկրտչյանի հրավերով: Ինչ հետաքրքիր է, չէ՞, 1996-ին նա ինձ ուղեկցեց Ռուսաստան, 2006-ին Ռուսաստանից բերեց Հայաստան, երկու դեպքում էլ միայն Աշոտն էր ինձ հետ, մարդ, որին պարտական եմ ընդմիշտ: Ինձ ոչինչ պետք չէ, բացի բարոյական աջակցությունից և ընկերական ջերմ հարաբերություններից: Անկեղծ եմ ասում, ունեմ ամեն ինչ և ոչնչի կարիք չունեմ: Փառք Աստծո… Միակ բանը, որի համար միշտ կպայքարեմ, լավ ընկերներով շրջապատված լինելն է, ես դրա կարիքը միշտ եմ զգում:

– Ռուսաստանում ի՞նչն էր հետաքրքիր:

– Ամբողջ աշխարհը շարժվում է ու ապրում է ժամայցույցի սլաքի ուղղությամբ, իսկ Ռուսաստանում` հակառակը: Այնտեղ ամեն ինչ այլ է: Ես այդ մասին ոչինչ չգիտեի, եկա, տեսա, զարմացա ու մնացի:

prigojin

– Ի՞նչն էր ամենադժվարը` լեզուն չիմանա՞լը, վստահություն նվաճե՞լը, թե՞ շոու-բիգնես մխրճվելը:

– Կարիերաս Ռուսաստանում սկսեցի դանդաղ ու դժվար: Պատկերացրեք մարդու, որն ընդհանրապես չգիտի ռուսերեն, այդ հսկայական երկրում չունի որևէ ծանոթ: Ինձ հրավիրող անձնավորությունն էլ այդ ընթացքում երկրում չէր: Մի քանիսն օգնեցին, մի քանիսն էլ օգտագործեցին… Բայց ոչինչ: Կարևորը՝ ես արեցի ու հնարավոր դարձրի գրեթե անհնարինը: Ռուսական կեղտոտ շոու-բիզնեսում ես ասացի իմ խոսքը:

– Որևէ այլ երկրում հաստատվելու սևեռուն գաղափարը Ձեգ չի՞ տանջել:

– Իմ ծրագրերում միշտ է եղել Ռուսաստանը թողնելը, անկեղծ եմ ասում, ես այդ մասին միշտ մտածել եմ: Նույնիսկ բնակարաններ էի գնել Դուբայում ու Նյու Յորքում: Դա ինձ համար կարևոր ու հստակ որոշում էր: Ես չէի պատրաստվում ապրել ու երեխա մեծացնել այդ երկրռւմ: Բայց ծրագրում էի գնալ-գալ, հյուրախաղեր, ձայնագրություններ… Ամեն դեպքում ինձ համարում եմ ռուսական էստրադային երգիչ:

– Դուք հեռացաք Ռուսաստանից Ձեր աստեղային ժամին, մի՞թե վիճակն այդքան լուրջ էր:

– Ինչու ես գնացի՞: Ռուսաստանից հեռացա, որովհետև ինձ վրա կրակեցին: Մարդուն, ով դա արեց, գիտեն, ճանաչում են բոլորը: Ոչ մի գաղտնիք չկա, բոլորը՝ այդ երկրի ամենաբարձր պաշտոնյայից մինչև ամենաշարքային պաշտոնյան, ոստիկանությունն ու դատախազությունը, ուժային բոլոր կառույցները, նույնիսկ հասարակ քաղաքացիները գիտեն ո՛վ է եղել վրաս կրակողը: Իմ խնդիրը մի մարդու հետ է, որին, սակայն, երբեք չեմ համարել ինձ թշնամի… Հիմա էլ չեմ համարում:

– Ինչո՞ւ, որովհետև Ձեր սկզբունքներին դե՞մ է:

– Այո, այդ մարդու հետ ես հաց եմ կիսել, իսկ ում հետ հաց եմ ուտում` չեմ կարող դա մոռանալ: Հետաքրքիր է, իրեն ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է ասելու, ո՞նց է պատասխանելու… Որևէ վատ բան չի կարող ասել, քանի որ, անկեղծ եմ ասում, որևէ մեկն, այդ թվում և նրան, ես վատություն չեմ արել, որևէ մեկի հանդեպ չարություն չունեմ: Եթե նունիսկ ուզեի, էլի չէի կարող անել, քանի որ նա շատ ազդեցիկ մարդ է: Պարզապես մարդիկ երբեմն իրենց կորցնում են: Տնօրինելու, տիրելու մոլուցքով այս կյանքում ոչնչի չես հասնի, հիմարություն է կարծելը, թե ամեն ինչի տերն ես: հ վերջո, այս կյանքում բոլորս հյուր ենք, գալիս ու գնում ենք: Մարդիկ հիմա նույնիսկ իրենց երեխայի վրա չեն կարող ձեռք բարձրացնել, դրա համար կարող են պատասխանատվության ենթարկվել: Աշխարհը փոխվում է, ջունգլիներում չենք, ի վերջո: Խոսում ենք ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից… Դժբախտաբար Ռուսաստանում այդ ամենը բացակայում է: Արևմուտքի աչքերով՝ ինչ որ կատարվում է Ռուսաստանում՝ կրկես է:

– Ի՞նչ եղավ հետո, Ձեզ վրա կրակեցին, շարունակական դատական գործընթաց, Դուք հեռացաք… Հետո՞:

– Հետո, իմ նախկին պրոդյուսերն ու ևս մի քանիսը, որոնք ինձ տեսնելիս ծնկի էին իջնում, համախմբվեցին ու սկսեցին ինձ վարկաբեկել, իրենց վարկանիշը բարձրացնել: Նրանք գործեցին «Ավրահամը չկամ նրա հասցեին կարող ենք ասել ինչ ուզում ենք» սկզբունքով: ԻոսիՖ Պրիգոժինն ուզում էր դառնալ աստղ, գովազդել իրեն: Հետո նա վազում էր հետևիցս, ուզում էր գոնե հեռախոսով հետս խոսել, պատկերացնո՞ւմ եք:

russo03

– Իսկ Ձեր նախկին ընկերների՝ շոու-բիզնեսի աստդղերի հետ կապ պահպանո՞ւմ եք:

– Այո՛, իհարկե, անպայման: Նրանք իմ ընկերներն են, միշտ զանգում ենք, հյուրախաղերի ժամանակ՝ հանդիպում:

– ԱՄՆ տեղափոխվելը դժվար չէ՞ր: Նկատի ունեմ մի հզոր տերությունից մեկ այլ հզոր երկիր տեղափոխվելու հոգեբանական բարդությունը:

– Անշուշտ, ահավոր է ու խելագարության աստիճան բարդ: Բայց, փառք Աստծո, ինչ ունեի Ռուսաստանում՝ հիմա ունեմ Նյու Յորքում: Այստեղ էլ ինձ բոլորը ճանաչում են, սիրում են երգերս, դրանք TV-ների հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում են: Դարձյալ ձայնագրություններ, հյուրախաղեր: Ունեմ նաև ռեստորանային բիզնես: Այնպես որ, կյանքը շարունակվում է:

– Ուրիշ որտե՞ղ կապրեիք ու կստեղծագործեիք:

– Կարող էի հաստատվել ցանկացած երկրում և ամենուր ստեղծել կարիերա: Եթե տաղանդ ունես, չես կարող այն թաքցնել կամ տուփի մեջ պահել: Ճակատագիր է: Ես հավատացյալ մարդ եմ ու վստահ եմ, որ ճակատագիրը փոխել հնարավոր չէ:

– Ձեր «Աբրահամ Իպջյան» անունն ինչո՞ւ և ինչպե՞ս դարձրիք Ավրահամ Ռուսսո: (Այս հարցի պատասխանից սկսած Ռուսսոն թողեց ռուսերենն ու անցավ հսղեպյան մանկության լեզվին, սկսեց խոսել արևմտահայերեն):

– Պարզապես, ինչպես շոու-բիզնեսի կամ արվեստի մյուս ներկայացուցիչները: Այո՛, ազգանունս Իպջյան է, ես հայ եմ և ուրախ եմ դրա համար, բայց չեմ տառապում ազգայնականությամբ: Գիտեմ հայերի ողջ պատմությունը, պաշտում եմ Կոմիտաս, Սայաթ-Նովա, նրանց երաժշտությամբ ու հայկական մշակույթով միշտ հպարտանում եմ:

– Հայերենը Ձեզ համար միայն ներընտանեկա՞ն լեզու է:

– Հայերեն խոսում եմ շատ վաղուց, կարելի է ասել, մայրենի լեզուս է, երեխայիս հետ էլ եմ հայերեն խոսում, ուզում եմ՝ անպայման սովոր: Հայերեն սովորել եմ նախ ծնողներիցս, ապա ճեմարանում: Մայրիկս հայուհի է, Տիգրանակերտից: Հորս մեջ էլ կա հայկական արյուն: Հայրս նրանցից է, ովքեր փրկվել են թուրքի յաթաղանից, ամբողջ ընտանիքը դարձել է ցեղասպանության զոհ, ողջ են մնացել միայն հայրս և իր քույրը: Հայերեն նաև երգում եմ, շատ եմ սիրում հատկապես Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» ու «Առանց քիզ ինչ կոնին սոյբաթն ու սազը» երգերը: Միշտ հաճույքով եմ լսում ու միշտ հուզվում եմ: Ցավոք, երգերի խոսքերը մինչև վերջ չգիտեմ: Հայկական ժողովրդական երգն էլ եմ շատ սիրում: Եվ փառք այն մարդկանց, ովքեր սփյուռքում տարածում են հայկական երգն ու երաժշտությունը:

Հեղինակ՝ Աննա Վարդանյան
newmag #04

Գրել կարծիք