Բ. Ասատրյան. Չենք կարող հարուստ լինել. անհարգալից ենք փողի հանդեպ

Բ. Ասատրյան. Չենք կարող հարուստ լինել. անհարգալից ենք փողի հանդեպ

1994-1998 թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանի մոնոլոգը փողի և լուրջ մարդկանց մասին:

առավոտյան սուրճ
Արթնանալն առավոտյան սուրճն է: Գիծ ես քաշում անուրջների, երազների, քնի և արթնության միջև: Արդեն որոշակի են այդ սուրճի ձևը, համը, հոտը: Եթե հանկարծ առավոտյան չխմեմ այդ սուրճը, լավ չեմ արթնանա, օրվա ընթացքում տեղս չեմ գտնի: Դա նաև օրդ ծրագրերլու, մտածելու միջոց է: Առավոտյան սուրճը մի տեսակ բնավորություն է դարձել…

կարողացել եմ հրաժարվել
Շատ բաներից եմ հրաժարվել: Ամենավառ օրինակը ծխելը թողնելն է: Ես շատ-շատ էի ծխում և մի օր որոշեցի, որ մի քիչ էլ մեծանամ, մի քիչ էլ խելոքանամ, ծխելը կթողնեմ: Եվ մի օր ուղղակի հրաժարվեցի: Արդեն 8-րդ տարին է`չեմ ծխում: Էլի ինչ-որ վատ սովորություններից հրաժարվել եմ, իհարկե, դրանցից մի քանիսը դեռ մնացել են, բայց կարողանում եմ հրաժարվել…

իմ գրասեղանը
Սիրում եմ իմ խառնաշփոթը: Երբեք մի բան չեմ անում, միշտ մի քանի բան անում եմ միաժամանակ: Մեկն անում եմ, կողքի եմ դնում, մի ուրիշն եմ սկսում: Գիրք եմ կարդում: Ոչ թե մեկը, այլ երկու, չորս, հինգ, եթե ոչ տասը գիրք խառնված պետք է լինի: Թուղթն ու գրիչն էլ են անպակաս: Բնավորությամբ գիտաշխատող եմ, այսինքն` թուղթն ու գրիչն ինձ համար շատ կարևոր են: Երբ ուզում եմ խոր մտածել, անպայման ձեռքս գրիչ եմ վերցնում: Այդ թվացյալ խառնաշփոթի մեջ ես ինձ ավելի լավ եմ զգում:

իմ կերպարը
Բողոքում եմ իմ բողոքական կերպարից: Բողոքող չեմ: Թեև հաճախ եմ տարբեր բանավեճերում ինքս ինձ բռնացնում ինչ-որ նեգատիվ, բողոքող բան ասելիս: Հետո ինքս ինձ ընդհատում եմ, ասում եմ` կներեք: Բայց ես բնավորությամբ այսպիսին չեմ, բողոքող չեմ: Հոգնում եմ բողոքական կեցվածքից: Հակառակը մյուս ծայրահողությունն է` համակերպվելը, հանդուրժելը: Բողոքել չեմ սիրում, բայց համակերպվելն ամենաչսիրածս բանն է…

անարդարությունը
Շատ սուր եմ տանում անարդարությունը: Դրա որևէ դրսևորման հետ չեմ համակերպվում, ընդդիմանում եմ անգամ շատ ժամանակ կենցաղային, պարզ անարդարություններին: Զայրանում եմ, վիրավորվում եմ անարդարությունից….

չեմ արտասվում
Վիրավորվում եմ, ավելի քիչ նեղանում եմ, բայց չեմ արտասվում: Արտասվել եմ մանուկ ժամանակ, ավելի հասուն տարիքում գոնե աչքերս լցվել են: Այժմ չեմ արտասվում, քանի որ շատ-շատ բաներ եմ տեսել և վատ բաներ եմ տեսել: Արտասվելը թուլության, անկարողության նշան է: Հաճախ եմ վիրավորվում տարբեր բաներից՝ սկսած կենցաղից: Իսկ նեղանալը արձագանք չէ: Արձագանքել է պետք ինչ-որ կերպ…

նույն սխալը
Ինչ-որ սկզբունքներ կան, որ համառորեն փորձում եմ առաջ տանել, չեմ մտորում` ճի՞շտ է, թե՞ սխալ է, բայց նույն արդյունքն է լինում՝ բացասական հավանաբար… Թեև շատ դոգմատիկ չեմ, փոխվող եմ: Բայց անընդհատ, իհարկե, նույն սխալներն անում եմ. դա էլ է երևի տարիքային: Տարիքի հետ մարդ մի տեսակ ուղիղ է սկսում մտածել: Արդյունքը նույն պատին ճակատով անընդհատ խփելն է: Ամենևին դրանից վատ չեմ զգում:

լուրջ մարդիկ
Լուրջ մարդկանցից զգուշանում եմ: Մարդկանց ոչ այնքան լուրջ, որքան ձևացնող տիպից եմ զգուշանում: Այդ դատարկ, բայց ձևը միշտ պահող, փողկապը միշտ ճիշտ կապած մարդկանցից վախենում եմ, զգուշությամբ եմ նրանց մոտենում: Մեր իրականության մեջ շատ է այն երևույթը, որ անբովանդակ մարդիկ հանգամանքների բերումով պետք է լուրջ լինեն: Նայում ես` հայացքի մեջ իմաստ չկա: Մարդ պետք է բաց լինի, անկաշկանդ և սխալ անելու հատկություն ունենա: Անսխալական մարդիկ շատ սարսափելի են: Նրանք ոչ մի բան կյանքում, որպես կանոն, չեն ստեղծում, նրանք ուղղակի ճիշտ են ապրում…

փողկապ
Փողկապ չեմ սիրում, ազատությունն եմ սիրում: Էությամբ եմ ազատասեր. փողկապը կաշկանդող է: Շատ անեկդոտիկ իրավիճակներ են եղել փողկապի պատճառով: Խորհրդային տարիներին թեկնածուական թեզ պետք է պաշտպանեի (իսկ այն ժամանակ շատ խիստ էր ամեն ինչ, չգրված պահանջներ կային նաև հագուստի և փողկապի նկատմամբ): Թեզը ներկայացնելու համար տրվում էր 7 րոպե: Բարձրացա ամբիոնի մոտ. դիսկոմֆորտ էի զգում, փորձեցի թուլացնել փողկապս, թե ջղաձիգ էի, թե անուշադիր էի՝ բացվեց փողկապն ու ընկավ: Եվ ես թեզս ներկայացնելու փոխարեն գլուխս իջեցրել էի ամբիոնի տակ և փողկապս էի որոնում: Բնավորություն է փողկապ սիրել-չսիրելը…

փող
Խոր հարգանք և հատուկ վերաբերմունք ունեմ փողի նկատմամբ: Ի վերջո, մարդկության մեծագույն գյուտերից է: Կյանքիս վերջին 20 տարիներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն փողի հետ են առնչվում, բայց փող հաշվելը չգտեմ, իսկապես չգիտեմ: Մենք` հայաստանցիներս, չենք կարող հարուստ լինել, քանի որ անհարգալից ենք փողին վերաբերվում: 5 դրամը գիտե՞ք՝  ինչքան է: Մեկ սենթից ավելի է: Բայց սովորական ամերիկացին, որը ստանում է մի քանի հազար դոլար վարձատրություն, հարգանքով և ուշադիր է լինում ամեն սենթի նկատմամբ: Փողին հարգանքով պետք է վերաբերվել, և այդ ժամանակ էլ փողը դրական կարձագանքի քեզ:

newmag #47

Գրել կարծիք