Կարլա Բրունի. Ինչպես գերել քմահաճ ֆրանսիացիների սիրտը

Կարլա Բրունի. Ինչպես գերել քմահաճ ֆրանսիացիների սիրտը

Մանեկենուհի, երգչուհի, առաջին տիկին կամ պարզապես խելացի կին: Կարլա Բրունիի հմայքի ու անցած ճանապարհի մասին:

«Ասում են`բախտի ժպիտն է հմայիչ,
Խոստանում` ամեն ինչ, չի տալիս ոչինչ,
Եվ երջանկությունն էլ հեռու չէ, կարծես,
Թե ձեռքդ պարզես, նրան կբռնես:
Ու մենք նետվում ենք բախտի ետևից`
Խելահեղ վազքում զրկվում ամենից…»

Դեռևս վեց տարի առաջ, երբ կանացի, ծխախոտից խռպոտած ձայնով կատարվող այս երգի երկու միլիոն սկավառակ վաճառվեց, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ նրա հեղինակն ու կատարողը` Կարլա Բրունին, դառնալու էր Ֆրանսիայի առաջին տիկինը: Ֆրանսիական Հանրապետության սահմանադրությունը նախագահի տիկնոջը պաշտոնական որևէ լիազորությամբ չի օժտում և որևէ պարտականություն չի դնում նրա վրա: Նա ընդամենը պետության առաջին դեմքի կինն է` առաջին տիկինը:

1959 թվականին գեներալ դը Գոլի օրոք նոր Սահմանադրության ընդունումից հետո հռչակված Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության նախագահների կանայք, իհարկե, շատ տարբեր են եղել, բայց բոլորն էլ հետաքրքիր, և ամեն մեկն իր տեսակի մեջ վառ անհատականություն էր: Ֆրանսիացիների սիրելի գեներալ դը Գոլի կինը` «Իվոն մորաքույրը», ինչպես փաղաքշաբար անվանում էին նրան ու մինչև հիմա էլ անվանում են ֆրանսիական գրականության մեջ, պատկանում էր կանանց այն սերնդին, որոնք ապրում էին իրենց փայլուն կամ ոչ այնքան փայլուն ամուսինների ստվերում: Սիրող, հոգատար, հեզաբարո այդ կինը, որ հոյակապ որդի էր ծնել ու դաստիարակել, մինչև կյանքի վերջն ամուսնու հետ «Դուք»-ով էր խոսում: Նա նախագահին ուղեկցում էր պաշտոնական բոլոր այցերի ընթացքում և Ելիսեյան պալատի տիրուհին էր: Մի անգամ, երբ Իվոն մորաքույրն ուզում էր իր կարծիքը հայտնել քաղաքական ինչ-որ հարցի վերաբերյալ, գեներալ դը Գոլը պատասխանեց նրան.

Լռե’ք, կանայք քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում:

Դանիել Միտերանը` Ֆրանսուա Միտերանի (1981-1995) կինը, մի անգամ ասել է. «Առաջին տիկին լինելը ոչինչ չի նշանակում… Ամեն ինչ կախված է անհատականությունից»: Ելիսեյան պալատի տիրուհիները` նախագահների կանայք… Նրանցից յուրաքանչյուրը յուրովի կերտում էր իր դերը, յուրաքանչյուրն իր հետաքրքրությունների շրջանակն ուներ:

Կլոդ Պոմպիդուն` Ժորժ Պոմպիդուի (1969-1974) կինը, ժամանակակից արվեստի մեծ սիրահար էր, շատ լավ հասկանում էր այն և 1970 թվականին ստեղծեց ժամանակակից նկարիչների աջակցության իր հիմնադրամը: Բարձրահասակ, սլացիկ, նրբագեղ այս կինը դարձավ հագուստի ֆրանսիացի մոդելավորողների «դեսպանը»: Անն-Այմոն Ժիսկար դ’Էստենը` Վալերի Ժիսկար դ’Էստենի (1974-1981) կինը, նախընտրեց չապրել Ելիսեյան պալատում, բայց այնտեղ իր աշխատասենյակն ուներ: Դանիել Միտերանը ձեռք բերեց «ինքն իր անունից խոսելու իրավունք»: Նա ակտիվորեն զբաղվում էր քաղաքական և հումանիտար խնդիրներով:

Բեռնադետ Շիրակը` Ժակ Շիրակի (1995-2007) կինը, ամուսնու նախագահական առաջին ժամկետի ընթացքում արդեն դուրս է գալիս ստվերից: Նա պալատի հյուրընկալ, հոգատար տիրուհին է, որը պաշտոնական այցերի և ընդունելությունների նախապատրաստության ընթացքում հետևում է բոլոր մանրուքներին: Ելիսեյան պալատի այգու ձևավորումը, սեղաններին դրվելիք ծաղկեփնջերը, մանրամասնորեն մտածված ճաշացանկը` այս ամենը նրա գործունեության ոլորտն է: Եվ իհարկե, նա սիրող կին է, մայր, տատիկ: Բեռնադետ Շիրակը ծավալել է և հիմա էլ ծավալում է մարդասիրական գործունեություն: Նրա շնորհիվ ստեղծվել է «Դեղին մանրադրամներ» (ամենափոքր արժեքն ունեցող մանրադրամները դեղին են) հիմնադրամը, որի նպատակը հիվանդանոցային պայմանների բարելավումն է, հատկապես` ծերերի և միայնակների համար: Մի քանի տարի առաջ նրա նախաձեռնությամբ կառուցվեց ու բացվեց «Սոլենի տունը»` հայտնի հեռուստալրագրող Պատրիկ Պուավր դ’Արվորի դստեր անունով, որն ինքնասպան էր եղել անորեքսիայի պատճառով: Այստեղ անորեքսիայով, բուլիմիայով տառապող կամ դեռահասներին բնորոշ այլ հոգեբանական խնդիրներ ունեցող պատանիները կարող են խորհուրդներ կամ ստացիոնար բուժում ստանալ:

Եվ ահա, այն բանից հետո, երբ ֆրանսիական մամուլն ամիսներ շարունակ անընդհատ անդրադառնում էր նախագահ Սարկոզիի և նրա տիկնոջ` Սեսիլիայի ամուսնալուծությանը, բոլորի համար անսպասելիորեն հայտնվում է հմայիչ, երիտասարդ և նորաձևության ու երաժշտական աշխարհում արդեն հայտնի Կարլա Բրունին: Նա հինգ տարեկան որդի ուներ` Օրելիանը, փիլիսոփա Ռաֆայել էնդհովենի հետ իր ամուսնությունից: Կարլան նրան էր նվիրել իր ամենահայտնի երգերից մեկը, որը հենց այդպես էլ կոչվում էր` «Ռաֆայել»:

Ասում են` Կարլա Բրունին հեշտությամբ էր տիրանում տղամարդկանց սրտերին: Նրա նախկին երկրպագուների մեջ շատ էին հայտնի մարդիկ, նաև` երաժիշտներ, ինչպես օրինակ` էրիկ Քլեփթոնն ու Միք Ջագերը:

Նիկոլա Սարկոզիի նախագահության առաջին ամիսները մթագնեցին ոչ միայն դժվարություններով, որոնց բախվեցին նրա արմատական բարեփոխումները, այլև իր ամուսնալուծությամբ: Եվ մեկը, և մյուսը խանգարող ու հավասարակշռությունից հանող գործոններ էին: Կարլա Բրունիի և նախագահ Նիկոլա Սարկոզիի ամուսնությունից հետո Կարլայի հետ մեծ հույսեր էին կապում: Նրա հանդարտ, խելամիտ, շնորհագեղ պահվածքում, նրա ուշադիր ու սիրող հայացքում նախագահ Սարկոզին կարող էր հոգեկան հավասարակշռություն և աջակցություն գտնել: Բայց, ի տարբերություն իր նախորդների, Կարլա Բրունին չէր անցել «քաղաքական կարիերայի» սկզբնական փուլերը: Նա պիտի հընթացս յուրացներ իր «մասնագիտությունը»: Նա Ելիսեյան պալատ էր եկել ուրիշ` բոհեմային աշխարհից: Բայց ավելորդ չէ հիշել, որ նորաձևության աշխարհը, որում նա տասնինը տարեկանում սկսել էր մանեկենուհու իր կարիերան, ևս խիստ է, նույնիսկ դաժան, և այնտեղ ամենախիստ մրցակցություն գոյություն ունի, այսինքն` առանց ներքին կարգուկանոնի, հավաքվածության, անհնար է երկար դիմանալ այնտեղ: Կարլան տասը տարի շարունակ եղել էր լավագույն մանեկենուհիների շարքում. այս բնագավառում դա իրոք մեծ բան էր:

Carla-Bruni-trojan-horseԿարլա Բրունի-Տեդեսչին ծագումով Իտալիայի հյուսիսի` Պյեմոնտի շրջանի խոշոր արդյունաբերողների ընտանիքից է: Նրա հորական պապը` Վիրջինիոն, անցած դարի քսանական թվականներին Թուրինում հիմնադրել է մեքենաշինության մեջ գործածվող անվադողերի ու էլեկտրական մետաղամալուխների արտադրության խոշոր ձեռնարկություն` «ՍԵԱՏ»-ը: Ժամանակի ընթացքում «ՍԵԱՏ»-ը վերածվեց վերազգային կորպորացիայի, որն աշխարհի տարբեր ծայրերում հիսուներեք գործարան ուներ` Հնդկաստանից մինչև Լատինական Ամերիկա: Այս կորպորացիայի գործունեությունից ստացվող եկամուտն ընտանիքին հնարավորություն էր տալիս ապրել շքեղ ու պերճաշուք: Կարլայի հայրը` Ալբերտոն, ընկերությունը հետագայում վաճառեց իր մրցակցին` «Պիրելլի» ընկերությանը, և սկսեց ապրել իր դրամագլխից ստացվող տոկոսներով:

Կարլայի ավագ քույրը` ռեժիսոր և սցենարիստ Վալերիա Բրունի-Տեդեսչին, պատմում է, որ Տեդեսչիները Իտալիայի հյուսիսի հրեական ընտանիքներից են («Էքսպրես», 2007 թ.): Պապը կաթոլիկություն է ընդունել և ամուսնացել կաթոլիկուհու հետ, ինչի պատճառով նրան վտարել են Թուրինի հրեական համայնքից:

Կարլան ծնվել է Թուրինում, 1967 թվականի դեկտեմբերի 23-ին և մանկությունն անցկացրել է Կաստանյետո Պոյի իրենց ընտանեկան կալվածքում` կառուցված XVIII դարում: Կարլայի հայրը 1954-ին գնել էր այս կալվածքը, որը Վիկտոր էմմանուել թագավորի նվերն էր իր ֆի¬նանսների նախարարին: Ընտանիքում Կարլայից բացի ևս երկու երեխա կար. Վալերիան, որը չորս տարով մեծ էր նրանից, և Վիրջինիոն, որը ծնվել էր 1959-ին և մահացավ 2006-ին` երկարատև հիվանդությունից: Երեխաների դայակը` Մարիա Աննա Պարոլինը, պատմում է, որ երեխաներին դաստիարակում էին արիստոկրատական ոգով: Իտալերենից բացի, Կարլան մանկությունից ազատորեն գիտի նաև անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, բայց որ ամենակարևորն է` նրանց ընտանիքում թևածում էր արվեստի և գեղագիտության ոգին: Կարլայի մայրը` Մարիզա Բորինին, դաշնակահարուհի էր, հայրը` արվեստի մեծ սիրահար, հին իրերի հավաքածու ուներ, գինիների ու համադամ խորտիկների մեծ գիտակ էր: Նաև հոյակապ երաժիշտ էր, կոմպոզիտոր, որն իր առաջին օպերան` «Վիլոն»-ը, գրել էր քսանհինգ տարեկանում: 1959-ից մինչև 1971-ը նա Թուրինի գլխավոր թատրոններից մեկի` Ռեջիոյի գեղարվեստական ղեկավարն էր: 1996 թվականին նա հեռացավ կյանքից:

Իտալիայում 60-ականներին ակտիվանում են «Կարմիր բրիգադները»` ծայրահեղ ձախակողմյան խմբավորումները, որոնք սպառնում են Իտալիայի հարուստ ընտանիքներին: Բրունի-Տեդեսչի ընտանիքը` Իտալիայի հյուսիսի բուրժուական շատ ընտանիքների նման, որոշում է թողնել երկիրն ու հաստատվել Ֆրանսիայում:

Այդ ժամանակ Կարլան յոթ տարեկան էր: Նա ծնողների, քրոջ ու եղբոր հետ ապրում էր Փարիզի հարուստ` 16-րդ թաղամասում: Նրանք Ռամբույեում ու Լազուրե ափին վիլլա ունեին: Ընտանիքի ապրելակերպում ոչինչ չէր փոխվում: 2008 թվականին ընտանիքն իր արվեստի հավքածուի մի մասը վաճառեց տասնութ միլիոն եվրոյով: Վաճառքից ստացված հասույթը փոխանցվեց բժշկության բնագավառում հետազոտությունները ֆինանսավորող հիմնադրամին, որը Կարլա Բրունիի հանգուցյալ ավագ եղբոր` Վիրջինիոյի անունն է կրում: Կարլայի մայրն իր ուժերն էր փորձում որպես դերասանուհի` նկարահանվելով ավագ դստեր մի քանի ֆիլմերում: Մայրը, որը նույնպես բազմակողմանի օժտված մարդ է, միշտ խրախուսել է աղջիկների տաղանդն ու հաջողությունները: Նա հավաքում էր Կարլայի ու Վալերիայի վերաբերյալ մամուլի բոլոր արձագանքները: Իսկ երբ Կարլա Բրունին նախագահի կին էր դարձել, մայրը հույս ուներ, որ դուստրը ժամանակ կգտնի, որպեսզի շարունակի երգեր գրել ու կթողարկի իր երրորդ ալբոմը, որի ձայնագրությամբ զբաղվում էր արդեն մի քանի ամիս:

carla-bruni nude

Նախագահի կին լինելը հեշտ գործ չէր, իսկ Ֆրանսիայում դա հատկապես դժվար էր, որովհետև մամուլը ոչ մի վայրկյան աչքից բաց չէր թողնում նախագահական զույգի ոչ մասնագիտական, ոչ էլ անձնական կյանքը: Ոչ մի մանրուք չէր խուսափում ամենուր ներկա թղթակիցների ու լուսանկարիչների աչքից: Մամուլի չընդհատվող այս ճնշումը նվազեցնելու համար Կարլա Բրունի-Սարկոզին առաջարկել էր «Մոնդ» հրատարակչությունում հատուկ պորտալ ստեղծել, որտեղ մարդիկ հնարավորություն կունենային նրան ամենատարբեր հարցեր տալ, իսկ նա հնարավորություն կունենար պատասխանել դրանց կամ էլ ուղղակի արտահայտվել այս կամ այն թեմայով: Փարիզում Կարլան նախ սովորում էր իտալական լիցեյում, իսկ հետո արվեստ և ճարտարապետություն էր ուսումնասիրում: Նա շատ պրպտուն է: Տասնինը տարեկանում նա մանեկենուհի է դառնում` այցելելով «Սիթի մոդելս» փարիզյան գործակալություն, բայց, ի տարբերություն մյուսների, հետը վերցնում է ոչ թե իր «բուք»-ը` լավագույն լուսանկարների ընտրանին, այլ հասարակական փոխադրամիջոցներով երթևեկելու իր մշտական տոմսի վրայի լուսանկարը (Ֆրանսիայում մշտական տոմսերի վրա անպայման փակցվում է տոմսի տիրոջ լուսանկարը): «Քենզո» նորաձևության տան համար նկարված իր առաջին գովազդային հոլովակում Կարլան խաղում է Մոխրոտի դերը:

Նա տասը տարի մանեկենուհի է աշխատել այնպիսի հայտնի թոփ-մոդելների հետ, ինչպիսիք են Կլաուդիա Շիֆերը, Նաոմի Քեմբըլը, Սինդի Քրոուֆորդը, Լինդա Եվանգելիստան, և նորաձևության այնպիսի տների համար, ինչպիսիք են «Վալենտինո»-ն, «Լակրուա»-ն, «Շանել»-ը: Նա նորաձևության 250 ամենահայտնի ամսագրերի շապիկներին էր և վաստակում էր տարեկան 1,9 միլիոն դոլար: «Մադամ Ֆիգարո» ամսագիրը գրում էր, որ մանեկենուհի Կարլա Բրունիի շնորհագեղությունն իրեն հավասարը չուներ, բայց նա աշխատում էր ուժերը չխնայելով, որպեսզի հնարավորին չափ շատ վաստակեր: «Ֆամ» («Կին») ամսագրի գեղեցկության բաժնի գլխավոր խմբագիրը, որը 1989-ին Կարլա Բրունիի առաջին լուսանկարներն էր արել, հիշում էր.

Նրա մեջ անկատար ոչինչ չկար: Բաց կապույտ աչքեր, դիմացի ատամների արանքում փոքրիկ ճեղք, ինչպես դեռահասներն են ունենում, իսկ կուրծք ընդհանրապես չուներ: Նա նկարվում էր… առանց շպարի: Նա խելացի էր և նրբագեղ: Այդ ժամանակ նա արդեն ամեն ինչ ուներ` հարուստ ժառանգորդուհի էր, բազմաթիվ լեզուներ գիտեր, բարեկեցիկ կյանքով էր ապրում, տներ ուներ ու լավ շարժուձև, ինքն իրեն պահում էր արիստոկրատուհու նման…:

Կարլա Բրունին շատ էր ճամփորդում, ամիսներով ապրում էր մեկ` Նյու Յորքում, մեկ` Լոնդոնում, մեկ` Մոնակոյում: Նա շատ լավ էր հասկանում, որ մոդելային բիզնեսում մանեկենուհու կարիերան կարճ է տևում. արդեն երեսուն տարեկանում այն ավարտվում է: Եվ հարցը միայն տարիքը կամ արտաքինը չէր, այլ «մաշվածության» խնդիրը. մարդիկ ձանձրանում էին անընդհատ նույն դեմքերը տեսնելուց: Մանեկենուհիների նոր սերունդ էր գալիս, նոր «դեմքերն» էին սկսում պահանջարկ վայելել:

90-ականներին Կարլան իր ուժերն է փորձում կինոյում` նկարահանվելով երկու ֆիլմում` Ռիշար Լիկոկի «Քեթվոք» («Պոդիում») և Ալեն Բերբերյանի «Պապարացցի» ֆիլմերում: Բայց նրան ամենից ավելի գրավում էր երաժշտությունը: Նա խոստովանում է, որ շատ խորն էր «ներծծված» երաժշտությամբ, ինչն իր ծնողներն ամենից ավելի են սիրել. «Մայրս միշտ ասում էր, թե կարող էր սիրել տգեղ արտաքինով կամ ֆիզիկապես թույլ տղամարդու, բայց ոչ երբեք այնպիսի մեկին, որը երաժշտություն չսիրեր»: 1992-ին` Լազուրե ափին ընտանեկան հանգստի ընթացքում, Կարլան հայտնի ջազմեն Մարսել Զանինիի որդու օգնությամբ սովորում է կիթառ նվագել: 2000 թվականին նա երգերի խոսքեր է գրում ֆրանսիացի հայտնի երգիչ Ժյուլյեն Կլերկի համար. այդ սկավառակի 250 հազար օրինակ է վաճառվում: 2002-ին թողարկվում է Կարլայի` «Ինչ-որ մեկն ինձ ասաց» վերնագրով սկավառակը, որի երկու միլիոն օրինակ է վաճառվում, և որն արժանանում է քննադատների բարեհաճությանը: Կարլա Բրունին 2003-ին ստանում է տարվա լավագույն կին երգչուհուն շնորհվող «Երաժշտական հաղթանակ» մրցանակը: 2007-ին լույս է տեսնում անգլալեզու հեղինակների բանաստեղծությունների հիման վրա գրված նրա ալբոմը, որը կոչվում է «Ոչ մի խոստում»:

Բրունի-Տեդեսչի ընտանիքում մի գաղտնիք կա. Կարլայի օրինական հայրը Ալբերտո Բրունի-Տեղեսչին է, որը ծնվել է 1915-ին Մոնկալիերիում (Թուրին), այնինչ կենսաբանական հայրը Մաուրիցիո Ռեմերտն է: Երիտասարդության տարիներին նա էլ էր տարված երաժշտությամբ և երաժշտական մի երեկույթի ժամանակ ծանոթանում է Կարլայի մոր հետ: Նրանց սիրավեպը տևում է մի քանի տարի: Երբ Կարլան ծնվում է, Մաուրիցիոն ընդամենը տասնինը տարեկան էր, իսկ Մարիզան` երեսուներկու: Հետագայում նա ինքն է դստերը պատմել նրա ծննդյան գաղտնիքը: Կարլան հանգիստ է ընդունել սա և լավ հարաբերություններ է պահպանում Մաուրիցիոյի ու նրա` օրինական ամուսնությունից ծնված աղջկա` Կոնսուելոյի հետ:

Ալբերտո Բրունի-Տեդեսչին գիտեր, որ Կարլան իր աղջիկը չէ, բայց երբեք խտրականություն չէր դնում նրա ու իր երկու երեխաների միջև: Չնայած, ինչպես Կարլան է ասում, նա միշտ զգացել է, որ ինքը «տարբեր» է քրոջից` Վալերիա Բրունի-Տեդեսչիից: Գուցե այդ պատճառով էր, որ կրճատել էր իր ազգանունը` դեն նետելով «Տեդեսչին» ու թողնելով միայն «Բրունին»: Այդ քայլը նա բացատրել է` ասելով, թե օդանավի տոմս գնելու համար կարճ ազգանունն ավելի հարմար է: Երաժշտությունից բացի, Կարլան ուրիշ հետաքրքրություններ էլ ուներ: Այն ժամանակվանից, ինչ դադարել էր մանեկենուհի աշխատել, տարվել էր հոգեվերլուծությամբ: 2003-ին «էքսպրես» ամսագրի թղթակցի այն հարցին, թե հայտնի մարդկանցից ո՞ւմ կուզեր նման լինել, Կարլան ծիծաղելով պատասխանել էր` «Զիգմունդ Ֆրոյդին, բայց առանց բեղերի ու սիգարի»:
Երեխաների իտալուհի դաստիարակչուհին նրանց միշտ սովորեցնում էր լինել բնական, այնպիսին, ինչպիսին կան: Նույնն էր խորհուրդ տալիս նաև նրանց հայրը. «Եվ այգեպանի, և հանրապետության նախագահի հետ պետք է նույն կերպ խոսել»: Կարլան մեծացել է որպես շփվող, ազատ, առանց ձևականությունների անձնավորություն:

sarkozyԴեռևս նախագահ Սարկոզիի օրինական կինը չլինելով` Կարլա Բրունին նրան ուղեկցում էր Եգիպտոս (2007-ի դեկտեմբերի վերջ) և Հորդանան (2008-ի հունվարի 4) կատարած այցերի ընթացքում: Հունվարի 8-ին Ելիսեյան պալատում մոտ վեց հարյուր լրագրողների մասնակցությամբ անցկացված ասուլիսի ընթացքում նախագահ Սարկոզիին հարցնում են, թե նա պատրաստվո՞ւմ է ամուսնանալ Կարլա Բրունիի հետ: Նա անկասկած սպասում էր այս հարցին և պատասխանում է, որ նախագահը նույնքան իրավունք ունի երջանկության, որքան մյուսները, ոչ ավել, ոչ պակաս, և որ Կարլա Բրունիի հետ իր հարաբերությունները լուրջ են…

Կարլա Բրունի-Սարկոզին իր առաջին փորձություններն էր անցնում Ֆրանսիայի առաջին տիկնոջ կարգավիճակում: Նա առաջին անգամ հանդես էր գալիս Ելիսեյան պալատի տիրուհու դերում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Ֆրանսիա կատարած պետական այցի ընթացքում: Սլացիկ, նրբագեղ, «էրմես» նորաձևության տանը կարված` ուսերը չծածկող զգեստով ու տափակ կրունկներով բոկոտիկներ հագած` Կարլա Բրունին բոլոր հյուրերի, նաև հենց Շիմոն Պերեսի կատարյալ հիացմունքին է արժանանում: Նախագահ Սարկոզիի այցը Մեծ Բրիտանիա` մի երկիր, որի հետ Ֆրանսիայի հարաբերություններն այնքան էլ միանշանակ չէին, անցնում է Կարլա Բրունի-Սարկոզիի հմայքի շնորհիվ ստեղծված դրական մթնոլորտում: Նա բոլորին հմայել էր ոչ միայն իր գեղեցկությամբ ու նրբագեղությամբ, այլև իր կատարյալ անգլերենով ու նրբագեղ շարժուձևով: Նա նախապատրաստել էր բոլոր մանրուքները. այցի համար զգեստները կարել էր Գալիանոն` «Դիոր»-ի գլխավոր մոդելավորողը, զարդեղենն ապահովել էր «Շոմե»-ն, որը Ֆրանսիայի թանկ զարդեր արտադրող լավագույն ֆիրմաներից է: Ամեն ինչ արված էր դասական, նրբին ոճով, ինչպես ընդունված է անգլիական արքունիքում, բայց միաժամանակ թեթև ու ժամանակակից էր, առանց «ծանրության»: Նախագահ Սարկոզիի և նրա տիկնոջ` Մեծ Բրիտանիա կատարած այցից հետո ֆրանսիական մամուլը գրեց, որ Կարլա Բրունին վերջնականապես գրավեց ֆրանսիացիների սրտերը…

Նիկոլա Սարկոզիի` նախագահ դառնալուց հետո Ելիսեյան պալատում, ինչպես և ամբողջ Ֆրանսիայում սկսվել էր նոր ժամանակաշրջան` Կարլա Բրունի-Սարկոզիի ժամանակաշրջանը: Նախագահի կնոջը բազմաթիվ չգրված պահանջներ էին ներկայացվում. արտասահմանում բոլորին դուր գալը հեշտ չէր, իսկ ֆրանսիացիներին դուր գալն առավել դժվար էր…

«Ինձ ասում են, թե մեր կյանքը ոչինչ չարժե,
Թե այն կանցնի, կանհետանա ակնթարթում,
Ինչպես վարդն է մեկեն թոշնում,
Ինձ ասում են’ ժամանակը դավաճան է,
Թե մեր տրտում
Վայրկյաններն է նա գողանում…»:

Այսպես ռոմանտիկ ու բանաստեղծական է Կարլա Բրունին, երբ երգում է իր հանրահայտ երգը` «Ինչ-որ մեկն ինձ ասաց»: Պալատում առաջին տիկին լինելը բարդ էր, առավել բարդ էր շարուր¬նակել երգեր գրել ու լինել պարզապես սիրող ու սիրված կին:

newmag #07

Գրել կարծիք