Անգլիայի թագուհու համար պատրաստված “Cartier” վզնոցն ու բրենդի պատմությունը

Անգլիայի թագուհու համար պատրաստված “Cartier” վզնոցն ու բրենդի պատմությունը

Լուի Կարտիեի ընկերը խնդրեց ժամացույց պատրաստել, որը թռիչքի ժամանակ չէր փնտրի գրպանում: Հենց այսպես ստեղծվեց ձեռքի առաջին ժամացույցը:

Գոյություն ունի պարզ և տրամաբանական ճշմարտություն. հռչակավոր բրենդների պատմությունների խորքերում թաքնված են իսկապես հռչակավոր մարդիկ, որոնք, ժամանակին կարողանալով ճիշտ համադրել իրենց բնածին տաղանդը, խելքը և աշխատասիրությունը, հասան հաջողության: Այնպիսի հաջողության, որն իրենց մահից տասնամյակներ ու նույնիսկ հարյուրամյակներ անց էլ շարունակում է ուղեկցել իրենց ստեղծած բրենդին: Այդ մարդկանցից է Լուի Ժոզեֆ Կարտիեն՝ արքաների ոսկերիչը և ոսկերիչների արքան: Տաղանդավոր ոսկեգործին հենց այսպես է մեծարել Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ը Կարտիեի մշտական հաճախորդը և ընկերը:

Իսկ ամեն ինչ սկսվեց 1819 թվականին, երբ համեստ արհեստավորի ընտանիքում ծնվեց Լուի Ֆրանսուան` Լուի Ժոզեֆ Կարտիեի պապը: Լուի Ֆրանսուայի նկարչական ընդունակությունները դրսևորվեցին բավական վաղ, և նրա հայրը հույսը կտրեց, որ Լուին իրեն կփոխարինի արհեստանոցում: Լուիի առաջին ուսուցիչն էր ֆրանսիացի հայտնի ոսկերիչ Ադոլֆ Պիկարը: Նա Լուիին փոխանցեց իր բոլոր գիտելիքները, իսկ հետագայում նաև նրան վաճառեց իր արհեստանոցը: Բայց բիզնեսում հաջողության հասնելու համար բավական չէ տաղանդավոր նկարիչ լինելը, պետք է նաև օժտված լինել կոմերցիոն հոտառությամբ, ձեռնարկատիրական հզոր ներուժով: Այս բոլոր հատկանիշները բնորոշ էին Լուի Ֆրանսուային: Հասկանալով, որ ոսկերչի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է հարուստ հաճախորդներով՝ նա 1853-ին Փարիզի էլիտար փողոցներից մեկի՝ Նյով դե Պտի Շանի վրա բացում է նոր արհեստանոց: Շուտով Լուի Ֆրանսուայի հաճախորդն է դառնում Նապոլեոն Բոնապարտի զարմուհին: Լուին ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայի վերնախավում: Եվ այդ ճանաչումը, ինչպես նաև Լուի Ֆրանսուայի հարստությունը, սկսում է օր օրի ավելանալ: Կարտիեի հաջողությունն ամենևին էլ պատահական չէր: Նկարչական բնատուր տաղանդով օժտված մարդ լինելով՝ նա չէր ընկրկում նորամուծությունների առջև, կարողանում էր զարմանալիորեն համադրել այնպիսի ոճեր, որոնք այդ ժամանակ համարվում էին անհամադրելի: Եվ սրա շնորհիվ էր, որ յուրաքանչյուր զարդ նրա ձեռքերում դառնում էր ոսկերչական արվեստի գլուխգործոց: Լուի Ֆրանսուան իր ամբողջ կյանքի գործը 1874 թվականին փոխանցում է որդուն՝ Ալֆրեդ Կարտիեին: Ալֆրեդն ընկերության ղեկավարումը ստանձնում է բավական դժվար ժամանակաշրջանում՝ Ֆրանսիայի երրորդ հանրապետության հռչակման օրերին, և հսկայական ջանքերի շնորհիվ է կարողանում պահպանել ընտանեկան գործը: Եվ 1898 թվականին Դե Լա Պե փողոցի վրա, որտեղ Փարիզի ամենաշքեղ խանութներ էին, բացվում է “Cartier”-ի նոր արհեստանոցը: Սա վկայում էր, որ “Cartier”-ն չէր պատրաստվում երկրի համար նույնիսկ ամենաբարդ ժամանակներում զիջել առաջատարի դիրքը:

paris 1800

Տարիների ընթացքում հասունանում էին Ալֆրեդի երեք որդիները, որոնցից յուրաքանչյուրին ճակատագիրը նախասահմանել էր ունենալ իր ուրույն ներդրումն ընտանեկան գործի զարգացման մեջ: Ավագ եղբայր Լուի Ժոզեֆն օժտված էր նկարչական բացառիկ տաղանդով ու ճաշակով: Հենց Լուին “Cartier”-ին բերեց համաշխարհային ճանաչում: 23-ամյա Լուի Կարտիեն 1898 թվականին դառնում է հոր իրավահավասար գործընկերը և ներգրավվում ընկերությունը ղեկավարելու գործերին: Նա կարողանում է իր զարդերին տալ այն շքեղությունը, որով դրանք արդեն մեկուկես դար է շարունակում են զարմացնել բոլորին:

queenԼուի Կարտիեն առաջինն էր, որ ոսկերչական արվեստի մեջ մտցրեց պլատինը: Նա կարողացավ պլատինի միջոցով կտրուկ փոխել իր ստեղծած զարդերի ոճը: Լուին իր պապից ժառանգել էր ոչ միայն իր անունն ու տաղանդը, այլև գործերը հմտորեն վարելու կարողությունը:“Cartier” ընկերությունը 1902-ին Լոնդոն է ուղարկում Անգլիայի թագուհի Ալեքսանդրայի համար պատրաստված վզնոցը, որն Անգլիայի թագավոր էդուարդ VII-ը պատվիրել էր իր պսակադրության առիթով: Պատրաստված լինելով բարձր օձիքի տեսքով` վզնոցը գրավեց բարձրաշխարհիկ կանանց ուշադրությունը. վզնոցի այս մոդելը հիացմունքի արժանացավ ու մեծ տարածում ստացավ: Սակայն ոչ ոք նույնիսկ գլխի չէր ընկնում, որ Կարտիեն այդպիսի հատուկ ձև էր տվել վզնոցին, որպեսզի այն թաքցներ թագուհու պարանոցի սպին: Հենց այս ժամանակահատվածում բացվում է “Cartier”-ի առաջին արտասահմանյան մասնաճյուղը, որը գլխավորեց Լուի Ժոզեֆ Կարտիեի եղբայր Ժակ Կարտիեն: “Catier”-ն 1904 թվականից դառնում է բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական մատակարարը: Հետագայում ընկերությանը նույն պատվին են արժանացնում 15 թագավորական ընտանիքներ:

5 avenue“Cartier”-ի փառքը չի շրջանցում նաև Ռուսաստանը: 1907 թվականին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենում “Cartier”-ի ցուցահանդեսը, ու թեև Ռուսաստանում “Cartier”-ի մասնաճյուղ այդ ժամանակ չկար, ընկերությունը պատվեր է ստանում Նիկոլայ II-ից: 1908-ին Նյու Յորքի 5-րդ Ավենյուի վրա բացվում է “Cartier”-ի նոր մասնաճյուղը, որը գլխավորում է Կարտիե կրտսերը` Պիեռը: Հատկապես հետաքրքիր է պատմությունն այն քառահարկ առանձնատան, որը մինչև օրս համարվում է “Cartier”-ի պաշտոնական նստավայրը:

 

Cartier_ParisՍկզբում “Cartier” ցուցանակը հայտնվեց մի բարձրահարկ անկյունային շենքի վրա, որը բացարձակապես չէր համապատասխանում «ոսկերչության արքաների» ոճին: Այս փաստը քաջ գիտակցելով` Պիեռը նոր շենք էր փնտրում ֆիրմայի համար, որը պետք է գտնվեր նույն տարածքում: Շուտով նա նկատեց, որ մոտակայքում գտնվող 4-հարկանի հինավուրց առանձնատան տիրուհին հաճախ է այցելում իր խանութ` մեկ միլիոն դոլար արժողությամբ հրաշալի մարգարտե շղթայով հիանալու: Պիեռը տիկնոջը հրավիրում է նախաճաշի և առաջարկում է տունը փոխանակել շղթայի հետ: Հաջողությունն այս անգամ էլ է ուղեկցում “Cartier”-ին. տիկինն ակնթարթորեն համաձայնում է: 1910-ին “Cartier” անունը դառնում է գրանցված ապրանքանշան, և ֆիրման սկսում է աշխատել նոր ուղղությամբ՝ սկսում է թողարկել ձեռքի ժամացույցներ: Հենց ժամացույցները “Cartier”-ին հնարավորություն տվեցին արագ ընդլայնվել և վերածվել ոսկերչական արվեստի համաշխարհային առաջատարի: Ընկերությունն այս ոլորտում առաջին փորձերը կատարել էր դեռ 1870-ականներին` արտադրելով կանանց ադամանդե մանյակներ, որոնց ներսում տեղադրված էին ժամացուցային մեխանիզմներ: Սակայն դրանք հաջողություն չունեցան, քանի որ անհնար էր դրանք ի ցույց դնելը. այդ շրջանի նորաձևությանը բնորոշ էին շատ երկար թևքերով զգեստներն ու ձեռնոցները: Տղամարդիկ էլ ժամացույցները կրում էին գրպաններում, քանի որ ձեռքի ժամացույցներն այն օրերում չափազանց էքստրավագանտ էին համարվում:

alberto-santos-dumontԲայց XX դարը շատ բան փոխեց: Լուի Կարտիեի ընկերը` բրազիլացի արիստոկրատ Ալբերտո Սանտոս Դյումոն, որը հետաքրքրվում էր ավիացիայով, Լուիին խնդրում է պատրաստել ժամացույցի մի մոդել, որը թռիչքի ժամանակ պետք չէր լինի փնտրել գրպաններում: Հենց այսպես ստեղծվեց ձեռքի ժամացույցի առաջին մոդելը, որը Կարտիեն ընկերոջ պատվին կոչեց «Սանտոս»: Ու քանի որ ավիացիայի հանդեպ հետաքրքրությունն այդ ժամանակ հսկայական էր, ժամացույցների նոր մոդելն իսկական փոթորիկ առաջացրեց և շարունակում է մեծ տարածում վայելել մինչև այսօր: “Cartier”-ն սկսում է համագործակցել ժամացուցային բարդ մեխանիզմներ արտադրող շվեյցարական առաջատար ֆիրմաների հետ: 1916-ին “Cartier”-ն հանրության դատին է հանձնում մեկ այլ մոդել` հանրահայտ «Տանկը». սա ծնվեց հիացմունքից, որը Լուի Կարտիեն ապրեց` տեսնելով Առաջին համաշխարհայինի ժամանակ անգլիացիների կիրառած նոր զրահատեխնիկան: «Տանկը» նույնպես դիմացավ ժամանակի փորձությանը. ասում են` հենց այս մոդելն է նախընտրում էլթոն Ջոնը:

Թանկ զարդերի հանդեպ հետաքրքրությունը պատերազմից հետո սկսեց մարել: Նորաձևությունը փոխվեց. կանայք սկսեցին հետաքրքրվել աշխատանքով, սպորտով, մեքենաներով: Փոխվեց նաև “Cartier”-ի զարդերի փիլիսոփայությունը: Ֆիրման սկսեց իր հաճախորդներին առաջարկել նոր դարաշրջանի զարդեր. երկար շղթաներն արդեն հրաշալի էին նայվում Շանելի եթերային զգեստների հետ, կախովի երկար ականջօղերն ավելի էին ընդգծում մազերի կարճ կտրվածքի գեղեցկությունը: Իսկ ձեռքի ժամացույցները գործնական ու ակտիվ կնոջ համար դառնում էին պարզապես անհրաժեշտություն: “Cartier”-ի արտադրանքը դառնում է էլ ավելի ֆունկցիոնալ. գրիչներ, կրակայրիչներ` պատրաստված թանկ մետաղներից:

Հայտնի մոդելյորների պես, “Cartier”-ը ներկայացնում է զարդերի թեմատիկ հավաքածուներ: 1920-ականներին թե՛ հանդիսատեսը և թե՛ քննադատները հիացած էին «եգիպտական», «հնդկական» և «չինական» հավաքածուներով: Սրանցում եվրոպական ավանդական զարդադիզայնը փոխարինվում էր էկզոտիկ սիմվոլներով, կենդանիների պատկերներով: “Cartier”-ը շարունակում էր իր նրբաճաշակությամբ և անկանխատեսելիությամբ զարմացնել ու հիացնել բոլորին:

Երկրորդ համաշխարհայինի տարիներին Կարտիե եղբայրներն ակտիվորեն աջակցում էին Շառլ Դը Գոլի կառավարությանը: Մարշալի բոլոր ուղերձները, բոլոր կոչերը հեռարձակում էր BBC ռադիոկայանը՝ “Cartier”-ի լոնդոնյան գրասենյակից: Իսկ Կարտիե եղբայրները գտնում են շրջափակման դեմ բողոքի իրենց ուրույն տարբերակը. նրանք ստեղծում են վանդակում փակված թռչնակի տեսքով մի զարդ: Պատերազմի ավարտից հետո ստեղծվում է նոր զարդ` «Ազատագրված թռչուն» անվանումով:

Լուի Կարտիեն մահացավ 1942 թվականին: Նրա մահից հետո ֆիրման գլխավորեց Պիեռ Կարտիեն: 1960-ականներից ֆիրման դադարեց լինել զուտ ընտանեկան ընկերություն:

Ֆիրմայի ղեկավարներից մեկը` Ալեն-Դոմենիկ Պերրեյնը 1972 թվականին զգալիորեն փոխեց “Cartier”-ի քաղաքականությունը: Այդուհետև ֆիրմայի արտադրանքն այլևս չի ասոցացվում միայն թանկ զարդերի հետ: “Cartier”-ի արտադրած ակնոցները, ժամացույցների և գրիչների բազմաթիվ մոդելները, կրակայրիչները, գրենական պիտույքները, գոտիները, թաշկինակներն արդեն սկսում են վաճառվել ոչ միայն ֆիրմային խանութներում, այլև այլ բարձրակարգ խանութների մասնագիտացված բաժիններում: Ֆիրման 1981-ին մտավ նաև օծանելիքի շուկա: Այսպիսի մոտեցումը հնարավորություն տվեց զգալիորեն ընդլայնել հաճախորդների շրջանակը, նոր արտադրանքի բերած եկամուտը դարձավ ֆիրմայի ամբողջ եկամտի 1/3-ը:

Այս ֆիրման շարունակում է հետևել իր մշտական սկզբունքին. «”Cartier”-ից` նշանակում է լավագույնը»: Միայն լավագույն կաշիներից են կարված “Cartier”-ի պայուսակները, միայն լավագույն շվեյցարական մեխանիզմները պատիվ ունեն տեղ զբաղեցնել “Cartier”-ի ժամացույցների մեջ, միայն բնական յուղերի և էսենցիաների բույր են տարածում “Cartier”-ի օծանելիքները:

1996 թվականին` ֆիրմայի հոբելյանի կապակցությամբ, ստեղծվում է “Cartier”-ի նոր հավաքածուն` «Աշխարհի արարումը», որում ոսկերիչներն աշխատել էին ներդնել ողջ այն փորձը, որ իրենք կուտակել էին ֆիրմայի 150 տարիների ընթացքում: Քննադատներն այս հավաքածուն հռչակեցին XX դարի ոսկերչական արվեստ:

“Cartier”-ը ներառում է 14 արտադրակոմերցիոն ֆիրմաներ, որոնք հաջողությամբ շարունակում են Կարտիե ընտանիքի և լեգենդար Լուի Ժոզեֆ Կարտիեի գործը: Ու թեև գործունեությունը զգալի ընդլայնված է, “Cartier”-ն նախկինի պես շարունակում է առաջատար մնալ հենց ոսկերչական արվեստում: Այսօր “Cartier”-ի զարդերը վաճառվում են մոլորակի ավելի քան 5.000 խանութներում: Մեկուկես դար շարունակ ֆիրման ստեղծում է իրեր, որոնք արտահայտում են ժամանակի շունչը: Մինչև այժմ մի աներևույթ, անբացատրելի ուժով “Cartier”-ի զարդերը յուրաքանչյուրին ստիպում են հիանալ իրենցով և երազել իրենց մասին: Հենց այսպիսին է Cartier-ն` մեզ մշտապես ուղեկցող մշտական երազանքը:

Հեղինակ՝ Աստղիկ Աբրահամյան
newmag #07

Գրել կարծիք