Հայ հռչակավոր դիմահարդարի և Ժան Պոլ Բելմոնդոյի մտերմությունը

Հայ հռչակավոր դիմահարդարի և Ժան Պոլ Բելմոնդոյի մտերմությունը

Շարլի Կուպեսսերյանը ֆրանսիացի միակ դիմահարդարն է, որ երբևէ արժանացել է հոլիվուդյան «էմի մրցանակին»:

Ֆրանսիական կինոյի մեծ դիմահարդար Շարլի Կուպեսսերյանը ցեղասպանությունից մազապուրծ եղած ծնողների զավակ է: Շարլին` հայկական անունը Կարպիս, ֆրանսիացի միակ դիմահարդարն է, որ երբևէ արժանացել է հոլիվուդյան «էմի մրցանակին»: Նա արժանացել է նաև «Արվեստի ասպետի փաոքի» կոչման: Կուպեսսերյանը դիմահարդարել է Շարլ Դը Գոլին, ժորժ Պոմպիդուին, Ֆրանսուա Միտերանին, Ջեյն Ֆոնդային, Բրիջիդ Բարդոյին, Ֆերնանդելին, Բուրվիլին, Դանիլ Ռուսսոյին, Ժերար Ֆիլիպին, Ժան Մարեին, Ժան Գաբենին, Ալեն Դելոնին, Էնտոնի Քուինին…Այս մեծությունների շարքում նրա համար առանձնահատուկ տեղ ունի Ժան Պոլ Բելմոնդոն:

«Իմ կյանքն առանց գրիմի» ինքնակենսագրական գրքում Կուպեսսերյանը մեծ սիրով ու հուզմունքով է նկարագրում իր և Բելմոնդոյի մտերմությունը:

Երկու իրողություն փոխեցին իմ կյանքը: Առաջին` ես հայ եմ (Կուպեսսերյան. կասկած չկա, ականջ է ծակում), երկրորդ` պատահականությունների շարանը, որն ինձ հանդիպեցրեց ժան Պոլի հետ:

jan polՆրանց մտերմությունը պայմանավորված է ոչ միայն ցկյանս միասին աշխատելու պայմանով, այլև ցմահ անխախտ բարեկամներ մնալու հավատով: ժան Պոլ Բելմոնդոն Կուպեսսերյանի հուշերի գրքի նախաբանում գրում է.

«Անչափ երջանիկ եմ, որ այսօր ներկայացավ մեծագույն վարպետներից մեկին մեծարելու առիթը: Մեր ֆիլմերը պարզապես գոյություն չէին ունենա առանց նրա: Շարլի Կուպեսսերյանն այն մեծ պրոֆեսիոնալներից է, որոնց համար իրենց գործը կիրք է և կյանք: Դիմահարդարելը նրա համար չի նշանակում դեմքը ձևափոխել, նոր տեսք տալ: Դիմահարդարելը կերպարին կյանք, բանականություն հաղորդելն է: Իր մասնագիտական որակների և մարդկային ջերմության շնորհիվ ես ու Շարլին արդեն 35 տարի կապված ենք գործնական ու բարեկամական կապերով: Մեզ կապում են հումորը և հավատարմությունը: Ես երախտապարտ եմ նրան, քանի որ նրա հավատարմությունն ինձ ուղեկցում էր նույնիսկ այն տարիներին, երբ ես թատերական աշխարհում փնտրտուքի և որոնումների մեջ էի: Նա ինձ շատ հարազատ մարդ է:
ժան Պոլ Բելմոնդո»:

Նրանք հանդիպեցին 1965-ին, Փարիզի Սեն Դենի փողոցի վրա գտնվող մի փոքրիկ դահլիճում, որտեղ կազմակերպվում էին բոքսի մենամարտեր: Երկուսն էլ բոքսի սիրահարներ էին, ծանոթացան: Բելմոնդոն դեռ այնքան էլ ճանաչված դերասան չէր: Այդ օրը Շարլին չէր էլ պատկերացնում, որ ժան Պոլ Բելմոնդոն կդառնա նշանավոր դերասան, իսկ ինքը` նրա դիմահարդարը: Այդ օրից մինչև այսօր Շարլին Բելմոնդոյի կողքին է նրա բոլոր ձեռնարկումներում:

«Նշանավոր մարդկանց հետ հանդիպումներն անջնջելի հետք են թողել իմ կյանքում,- գրում է Կուպեսսերյանը,- սակայն ժան Պոլ Բելմոնդոյի հետ հանդիպումը վճռորոշ եղավ: Նա միշտ իմ կողքին է` ուրախության, թե տխրության պահերին… Նա ինձ կանչում է իմ հայկական անունով` Կարպիս, իսկ երբ ուզում է կատակել կամ բարկացնել, կոչում է Կարապետ: Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչ կլիներ իմ կյանքն առանց այդ հանդիպման»:

Բելմոնդոյին ճանաչում բերեց 1966-ին Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմը, որտեղ նա խաղաց գլխավոր հերոսի` Միշել Պուսկոյի դերը: Նրա հերոսի համարձակությունը, խիզախությունը, ըմբոստությունը և մարդկային մյուս բարձր հատկանիշները համահունչ էին Արևմուտքի 60-ականների երիտասարդների տրամադրություններին: Ու հավանաբար նաև դրա շնորհիվ Բելմոնդոն անմիջապես դարձավ սիրելի:

Jean-Paul-Belmondo-image-jean-paul-belmondo

Դրամատիկական ժանրի դերասանի իր տաղանդը նա կարողացավ արտահայտել «Նամակ ունկնդիրներին» (ռեժ. Ալբերտո Լատտուադա) և «Չոչարա» (ռեժ. Վիտորիո Դեսիկա) ֆիլմերում: Բելմոնդոյի ստեղծագործական կարիերան սկսեց իր անկասելի սլացքը: Յուրաքանչյուր նոր ֆիլմում նա հանդիսատեսին ներկայանում էր մի նոր ամպլուայով: «Կինը կին է», «Խելագար Պյերոն», «Լեոն Մորեն քահանա», «Գողը» ֆիլմերը Բելմոնդոյին դարձրին իսկական կինոաստղ: Նա առավելապես նկարահանվում էր գանգստերական և կատակերգական ֆիլմերում: Բելմոնդոն ֆիզիկական այնպիսի պատրաստվածություն ուներ, որ իր կինոնկարների բոլոր վտանգավոր կամ աներևակայելի տրյուկներն արել է անձամբ, առանց փոխարինողի` կասկադյորի օգնության:

Նրա ստեղծագործական սկզբունքների հետ հաշվի էին նստում բոլոր ռեժիսորները: Հատուկ նրա համար գրվում էին սցենարներ, ու ստացվում էին աշխարհացունց ֆիլմեր. «Ով ով է», «Ոստիկա՞ն, թե՞ հանցագործ», «Հրաշալիները», «Պրոֆեսիոնալը»… այս բոլոր ֆիլմերը վաղուց մտել են համաշխարհային կինոարվեստի գանձարան` ժան Պոլ Բելմոնդոյի անունը հավերժացնելով կինոօլիմպոսի գագաթներին:

Նա եղել է նաև կինոպրոդյուսեր, նախագահել է Ֆրանսիայի կինոդերասանների կազմակերպությունը, հիմնել է «Սերիտո-ֆիլմ» ընկերությունը:

-ժան Պոլը և ես,- ժպտում է Ֆրանսիայի լավագույն դիմահարդարը, – միմյանց հասկանում ենք կես խոսքից: Մենք իրար զգում ենք: Նա` սիցիլիացի, ես` հայ, պարզ բան է: Ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է նրա բարի ու ոգևորող խոսքը. «Դե, քե´զ տեսնեմ, հա´յ…»

Հեղինակ` Մանանա Հակոբյան
newmag #05

Գրել կարծիք