Կոկո Շանել. Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն

Կոկո Շանել. Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն

Շանելի աշխարհին հպվելը նույնն է, թե շոշափես ֆրանսիական էլեգանտությունն ու պարզությունը:

«Լյուքս» հասկացությունը ոչ թե աղքատության, այլ վուլգարության հականիշն է: Փոքրիկ սև շոր և երկգույն՝ սև ու բեյժ, կոշիկ, բուկլեից բաճկոն ու արտահայտիչ կարերով պայուսակ: Եվ իհարկե, մարգարտածաղիկ: Այս ամենը մտածել և տարիներ շարունակ իրականացրել է այս արտասովոր կինը: Կարլ Լագերելդը, որը 1983-ից սկսած տնօրինում է «Շանել» նորաձևության տունը, այս ստեղծագործություններն անվանել է «Շանելի քերականություն»: ժամանակակից նորաձևության հիմքում ընկած է այս «քերականությունը»: Այսօր այն ապրում է ինքնուրույն:

Գաբրիել Շանելը երկար է ապրել: Ծննդյան ամսաթիվը հայտնի դարձավ միայն մահից հետո: Ու շատերն իմացան, որ Շանելը մահացավ բավական առաջացած տարիքում: Նա ստեղծագործել է գրեթե մեկ ամբողջ դար ու «հագցրել» ողջ 20-րդ դարը: Գաբրիել Շանելը ծնվել է Լիմուզենում: Նրա հայրը շրջիկ վաճառական էր: Կնոջ մահից հետո նա իր 12-ամյա դստերը հանձնում է մանկատուն: Սկսվում է դաժան իրականությունը, որը լի էր միայնությամբ ու խիստ կարգապահությամբ: Աղջիկները մանկատանը հագնում էին զուսպ, սև համազգեստ` սպիտակ օձիքով: Գուցե հենց այս համազգեստը վճռորոշ եղավ իր հայտնի փոքրիկ զգեստը ստեղծելու գործում: Ու դրանից ավելի էլեգանտ ու նորաձև բան արդեն մի քանի տասնամյակ ոչ ոք չի կարողացել ստեղծել:

Coco_Chanel,_1920

Նուրբ ու քնքուշ, շատ երիտասարդ Գաբրիելը, գալով Փարիզ, տեղավորվում է Մալեզերբ բուլվարում` N160 տանը, և աշխատանքի է անցնում որպես մոդելավորող: Նրա գլխարկները մեծ հաջողություն են վայելում Փարիզի բարձրաշխարհիկ կանանց շրջանում: Իր հովանավորի` ձիասպորտի մեծ սիրահար էտյեն Բալսանի շնորհիվ, Գաբրիել Շանելը նույնպես հրապուրվում է այս սպորտաձևով: Հետագայում նա ստեղծում է «5-22» պայուսակը` օգտագործելով ձիարշավի համար նախատեսված բաճկոնի ուղղահայաց ու արտահայտիչ կարերի գաղափարը: «Մադմուազելը» երբեք ամուսնացած չի եղել, բայց նրա բազմաթիվ բուռն սիրավէպերը ոգեշնչման աղբյուր են դառնում նրա ստեղծագործական ուղու համար: Կոկո Շանելի համար աշխատանքը միշտ առաջին տեղում էր: Իր «կյանքի աշխատանքից»` նորաձևությունից ոչ ոք և ոչինչ չէր կարող նրան բաժանել: Բացի մահից, իհարկե: Գեղեցկությունը նրա համար կիրք էր ու կյանքի իմաստ: Էլեգանտությունը, ներդաշնակությունն ու ոճը նրա կյանքին յուրահատուկ բովանդակություն էին հաղորդում:

Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն,- համոզված էր Շանելը:

Ինչ էլ ստեղծեր Շանելը` լայն տաբատներ, երեկոյան զգեստներ, ապարանջաններ, ժանյակներ, կոշիկներ, ուներ մեկ գաղափար, ազատություն ու հարմարվետություն ամեն ինչում:

Լավ կարված զգեստը սազում է ցանկացած մարդու,- պնդում էր նա:

Ուստի ձևում էր մանեկենների վրա: Մանեկենների շարքում կարող էին հայտնվել նրա ծանոթները, ընկերները, բարեկամները, բայց կար մի մեծ պայման, իրական էլեգանտություն ու ոճի զգացում: Ու հաճախ էր շատերին մերժում` չգտնելով այն, ինչ իրեն պետք էր:

Անփոխարինելի լինելու համար, պետք է տարբերվել մյուսներից,- ասում էր Շանելը:

Ու դա նրան հաջողվում էր: Շանելը սնահավատ էր ու ապրում էր նախանշանների առեղծվածային ազդեցության տակ: Պատահական չէ, որ Շանելի ծննդյան ամսաթիվը` օգոստոսի 5-ը, դառնում է մոգական թիվ: «Շանել N5» օծանելիքը մինչև օրս աշխարհում ամենապահանջվածներից մեկն է: Առյուծը` նրա համաստեղության նշանը, զարդարում էր նրա կոճակները, օծանելիքի շշերը… Նրա բնակարանում միշտ կարելի էր տեսնել ցորենի հասկը` հաջողության ու բարօրության սիմվոլը: Բյուրեղապակին, ադամանդը և մարգարիտը` սպիտակ ու թափանցիկ քարերը, դարձան նրա սիրելի իրերը: Եվ իհարկե, մարգարտածաղիկը, որը մինչև օրս «Շանել» նորաձևության տան սիմվոլն է:

1913-ին Շանելը բացում է իր առաջին խանութը Դոֆիլում` Ատլանտյանի ափին տեղավորված առողջարանային գողտրիկ քաղաքում: Շանելի նշանաբանն էր.

Հագուստը պետք է համապատասխանի տեղին, նպատակին ն պայմաններին:

Նրա խանութներում հաճախորդները գնում էին «ծովափի տաբատ», «նավաստու շապիկ», «պոլո-շապիկ», սվիտեր…
Նա կարճացրեց մինչև կրունկ հասնող փեշերը: Ոչինչ պետք է չխոչընդոտի շարժումը: Չէ՞ որ հագուստը երկրորդ մաշկն է: 1915-ին Շանելը բացում է մեկ այլ խանութ, այս անգամ Բիարիցում: 1930-ին Շանելն արդեն ուներ իր լոգոտիպը` երկու “C” տառի միահյուսմամբ. Coco Chanel: Այն դառնում է «Շանելի» արտադրանքի հիմնական զարդը: Իր հավաքածուներում Շանելն օգտագործում է գունային ոչ մեծ գամմա` սև, սպիտակ, կարմիր, վարդագույն, բեյժ: Բայց նախընտրելի գույները սևն ու սպիտակն էին:

Պարահանդեսին հագեք սև կամ սպիտակ, ու Ձեզ անմիջապես կնկատեն,-խորհուրդ Էր տալիս Շանելը:- Սրանք բացարձակ գեղեցկության գույներն են: Նրանց համադրությունը կատարյալ է:

20-ականների սկզբին Շանելը ստեղծում է սև փոքրիկ զգեստը: Նա կածում էր, որ չկա ավելի բարդ բան, քան սև փոքրիկ զգեստ կարելը: Միայն սևն է կարող ընդգծել կնոջ գեղեցկությունն ու գծերի մաքրությունը:

Որքան հարուստ է զգեստի տեսքը, այնքան այն աղքատ է: Որքան շքեղ է հագնվում կինը, այնքան կորցնում է էլեգանտությունը,- իր փոքրիկ գաղտնիքներն է բացում Շանելը:

Այս նույն ժամանակ Շանելը ծանոթանում է հարուստ ու շատ էլեգանտ անգլիացի բիզնեսմեն Արթուր Բոյ Կապելի հետ: Ու հերթական սիրավեպը թողնում է իր հետքը: Մի անգամ Արթուրի հետ հայտնվելով տղամարդու դերձակի մոտ` Շանելը հասկանում է, որ տղամարդու համար նախատեսված կոստյումը հենց այն է, ինչը կինը սիրով կկրի: Նա կանանց համար կոստյում է կարում տրիկոտաժից, ինչը նախկինում ծառայում էր միայն տղամարդու ներքնազգեստի համար:

Ուզում եմ կնոջը մոտեցնել բնությանը,- ասում է Շանելը, – չէ՞ որ գեղեցկությունն անբաժան է մարմնի ազատությունից:

Նրա հաճախորդներն են դառնում ֆրանսիական վերնախավի կանանց նոր սերնդի ամենահամարձակ ներկայացուցիչները, ովքեր զբաղվում էին սպորտով, վարում էին մեքենա, աշխատում էին բյուրոյում: Նրա ոճը նախընտրել են հայտնիները. Մառլեն Դիտրիխ, Ռոմի Շնայդեր, ժան Մորո, Անուկ էմե, Վանեսա Պարադի և Աննա Մուգլալիս, Ֆրանսիայի նախկին նախագահների կանայք` Կլոդ Պոմպիդու և Բեռնադետ Շիրակ:

1921-ին Շանելը ստեղծում է իր առաջին շրթներկը, որը նա պահում էր հատուկ թղթի մեջ. հեշտացնում էր պայուսակում պահելն ու դիմահարդարումը ցանկացած պահ թարմացնելը: Ավելի ուշ հայտնվում են ամուր պարկուճները: Շանելն աստիճանաբար ստեղծում է կոսմետիկայի գամմա` մաշկի խնամքի և հարդարման համար: Նրան են պատկանում հայտնի խոսքերը, որ հարդարանքը պետք է սկսել սրտից ու հոգուց, հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկ միջոց չի փրկի:
1935-ին արված Մեն Ռեյի հայտնի լուսանկարում Շանելը պատկերված է սև զգեստով, մարգարտաշարը` պարանոցին, բարակ սիգարետը` կարմիր ներկած շուրթերին:

Chanel-1937-Photo-Man-Ray-close-up

«Շանել 145»-ի գլխապտույտ հաջողության մասին խոսելիս հնարավոր չէ առանձնացնել որևէ որոշակի բույր, քանի որ այն ունի 83 բաղադրիչ: Բուրը շատ անորոշ է, բայց միանգամից ճանաչելի: Ու հենց այդ է «Շանելի» օծանելիքի գաղտնիքը:

Մինչև 30-ականների սկիզբը Շանելը տարված էր բիժուտերիա ստեղծելու գաղափարով: Նա կարծում էր, որ առաջին Աշխարհամարտի ծանր տարիներից հետո բիժուն դառնում է ժամանակի պահանջ: 1932-ի նոյեմբերի 1-ին նա ադամանդե արդուզարդի ցուցադրություն է կազմակերպում: 30.000 այցելու էր եկել հիանալու այն արդուզարդով, որ այն ժամանակ գնահատվում էր 93 մլն ֆրանկ: Ցուցադրության այցելությունից հավաքված ողջ գումարը Շանելը տալիս է բարեգործությանը:

Ես պարզապես ուզում էի նոր շունչ մտցնել ֆրանսիական ավանդական ոսկերչության արվեստում,- կարծես արդարանում է Շանելը:

Բայց այն ամենն, ինչ ստեղծում է նա, միանգամայն արտասովոր է ոչ միայն որակով, այլև հենց գաղափարով: Նրա հավաքածուներում ամեն ինչ երկնային է. աստղեր, լուսին, արև… Շանելի համար զարդն առաջին հերթին սիրո, զգացմունքների նշան է: Բայց մարգարիտն անփոխարինելի է: Միայն մարգարիտը կարող է ընդգծել մաշկի արևայրուքը, աչքերի փայլը, ատամների ճերմակությունը, միայն մարգարիտն է լուսավորում ողջ դեմքն ու զարդարում այն: Գուցե մարգարտի նկատմամբ նրա մեծ սերը կապված է Բոյ Կապելի հետ, իսկ միգուցե դուքս Դմիտրիի նվերների հետ: Մեծ դուքսը Շանելին ծանոթացրել է ռուսական ճոխությանը և առատաձեռնությանը: Նա հաճախ կրում էր Դմիտրիի նվիրած ոսկե երկար շղթաներով մանյակը: «Շանել» նորաձևության տան 6 արհեստանոցներից մեկն արտադրում է միմիայն ոսկյա զարդեր ու բիժուտերիա: Այն ղեկավարում է Ռոբեր Գուուսանը:

Շանելի մահից հետո «Շանել» նորաձևության տունը 1987-ին բացում է մի առանձին բաժին, որը զբաղվում է ժամացույցների արտադրությամբ, իսկ 1993-ին բացվում է ոսկերչական իրերի բաժին: Փարիզի ամենագեղեցիկ հրապարակներից մեկում` Վանդոմյան հրապարակում, «Ռից» հյուրանոցի դիմաց, N18 տանը բացվում է «Շանելի» ոսկյա զարդերի խանութը: Բաց գույնի կահույք, միատոն գորգեր, առաստաղից բյուրեղապակե ջահ, պարզություն և էլեգանտություն. միևնույն ոճն ամենուրեք: Ապակե ցուցափեղկի ետևում ոսկերչության իսկական գլուխգործոցներ են` զմրուխտե և ադամանդե քարերով մանյակներ, ականջօղեր և մատանիներ: Գնապիտակներ չկան…

coco-chanel-photo-douglas-kirkland

Շանելը մահացավ 1971-ին: Առանց տրտնջալու աշխատում էր մինչև վերջին օրերը: Նա միշտ հավատում էր, որ աշխատանքը զբաղեցնում է միտքը և պահպանում եռանդը: 70 տարեկանում` Շվեյցարիա տեղափոխվելուց մի քանի տարի հետո, 1954-ին վերադարձավ Փարիզ: Նա ստիպված էր կրկին ապացուցել իր ժամանակակից լինելը, տաղանդը, նորաձևության աշխարհում անցած ճանապարհը: Այս անգամ էլ հաջողվեց: Շանելի մահից հետո, թվում էր, նրա ոճը պիտի անհետ կորչեր:

Հետևեցին մոռացության տարիներ… 1Ց83-ին «Շանել» նորաձևության տան արտտնօրեն դարձավ Կարլ Լագերֆելդը: Ծագումով գերմանացի է, ազատ հաղորդակցվում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Շատ արագ սկսում է մոդելյորի կարիերան: Նա հրաշալի նկարիչ է, լուսանկարիչ, գրքերի մեծ սիրահար: Շատ արտասովոր ու բարձրաշխարհիկ մարդ է. նրան կարելի է հանդիպել ֆրանսիական բարձրաշխարհիկ հավաքույթներին: Նրա հետաքրքրասիրությունն ու կրեատիվությունն անսահման են, ինչպես պահանջկոտությունը և «բարձր նորաձևության» տեխնիկայի գիտելիքները: Յուրաքանչյուր սեզոնին Լագերֆելդը պատրաստում է հագուստի մոտ տասը հավաքածու: Նրանցից յուրաքանչյուրում կարելի է ճանաչել Շանելի ոճը, որը Լագերֆելդը ձևափոխել է ու դարձրել ժամանակին համապատասխան: Շանելի` բուկլեից կարված հայտնի բաճկոնը Լագերֆելդը հագցնում է ջինսի հետ:

Նորաձևությունը պարզապես հարգանքի տուրք չէ, այն նախևառաջ նորաձևություն է: Ես չեմ սիրում տրվել հուշակարոտին,- բացատրում է Լագերֆելդը:

Շանելի աշխարհին հպվելը նույնն է, թե շոշափես ֆրանսիական էլեգանտությունն ու պարզությունը, առանց որոնց հնարավոր չէ ընկալել առարկայացած անուրջը` նորաձևությունը: Այս հանդիպումն անտարբեր չի թողնում ոչ մեկի, ստիպում է շունչը պահած հիանալ մարդկային երևակայության թռիչքով ու ձեռակերտ հրաշալիքներով:

Հեղինակ` Նատալի Աստվածատրյան
newmag #05

Գրել կարծիք