«Ցնդածների» տանը. Լիլ` ֆրանսիական ներդաշնակության քաղաք

«Ցնդածների» տանը. Լիլ` ֆրանսիական ներդաշնակության քաղաք

Արտակ Հերիքյանի ճանապարհորդական ակնարկը Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքի մասին:

Լիլում պաշտում են հնությունները, ինչպես չեն պաշտում Տիրոջը: Եկեղեցիները մարդաշատ չեն, բայց գեղեցիկ են, խորհրդավոր` Աստծո բոլոր տների նման. Փարիզի Աստվածամոր տաճարի «հյուսիսցի զարմիկներն» են: Այստեղ ինչպես էլ վերակառուցեն, հնության հանդեպ ոչ մի ոտնձգություն. «հին է` ուրեմն սուրբ է»: Ռեստորանի վերածված ներքնաշորերի հին խանութից բարեկազմ մանեկենուհիներին չեն վտարել. անշարժ կանգնած են ապակե ցուցափեղկերի ետևում կամ պառկած` ինչ-որ անկյունում: Հին ցուցանակներն էլ են թողել` «տրիկոտաժե վարտիք», «մետաքսե գիշերանոց»…

Երևի մտածել են` մերկ գեղեցկուհիները կգրգռեն հաճախորդների … ախորժակը,- մանեկենուհինների ներկայությանը փորձում է ինչ-որ իմաստ տալ ազատ լրագրող Պասկալը. նա արդեն քառասուն րոպե սպասում էր իր պատվիրած ապուրին:

Ընդմիջման ժամին այնքան շատ հաճախորդ է լցվում ռեստորան, որ եթե նույնիսկ մանեկենները շունչ առնեն և օգնեն մատուցողներին, էլի չեն հասցնի… Բայց «գաստրոնոմիական» այս խենթությունը ընդամենը «գարնիր» է: Լիլից ոչ հեռու` Ռուբե քաղաքում, թանգարան են դարձրել հին լողավազանի լքված շենքը` գրեթե ոչինչ չփոխելով: Լողացեք արվեստի բոլոր հոսանքների մեջ… Թանգարանի «լողախցիկներից» մեկում կհանդիպեք Պիկասոյին, «հանդերձարանում»` Սերկիս Դիրանյան անունով, հավանաբար, պոլսահայ նկարչի, ավազանի մեջ` հայտնի ու անհայտ քանդակագործների: Թանգարանի աշխատակցուհի տիկին Ժակարը համարձակվում է Լուվրի հետ ոտք մեկնել. «Պիկասոյի պատկերազարդումներով հախճապակե սպասքի մոտ միշտ այնքան շատ մարդիկ են հավաքվում … այնպես, ինչպես Լուվրում հռչակավոր «Մոնա Լիզայի» առջև: Մեկ ամսում առնվազն հիսուն հազար այցելու ենք ունենում»: Ափսոս, որ ոչ դա Վինչին և ոչ էլ Պիկասոն գոնե 1/1000-ով հայ չեն… Թանգարան-լողավազանում «Համամ» (թուրքական μաղնիք) յուղանկարի տակ Դիրանյան ստորագրությունը երևի մի տասն անգամ կարդացի:

merac

Կախարդական այս աշխարհից դուրս գալիս միայն հասկացա, որ ամենատպավորիչն, այնուամենայնիվ, հենց լողավազանում ստեղծված «Արվեստի և արդյունաբերության թանգարանն» է. այն ինքնին արդեն գլուխգործոց է:Ռուբե քաղաքի փողոցներից մեկի ճիշտ կեսին` STOP նշանից այն կողմ, ուրիշ քաղաք է, խենթության մեկ այլ տուն` Տուրքուեն: Այստեղ բանվորների ժամանցի նախկին շենքն այժմ փորձարարական արվեստի կենտրոն է: Աշխարհի տարբեր երկրներից գալիս են արվեստագետներ, որ խենթանան, որ գտնեն ճշմարտությունը… «Ֆրեսնուա» կոչվող «գժանոցում» իրականություն են դառնում նորարարական արվեստի ամենաանհավանական նախագծերը:

Միայն թե պետք է մասնակցեք մրցույթների և բյուջե շահեք Ձեր տարօրինակ մտահղացումն իրագործելու համար,- խենթանալու գաղտնիքներն է բացում Ժ. Սանտին` Ժամանակակից արվեստի ազգային կենտրոնի հասարակական կապի բաժնի հմայիչ աշխատակցուհին:

«Ֆրեսնուայում» ցուցադրվող գործերից շատերը չհասկացա, բայց զգացի` ինչպես մարդիկ զգում են սերը, ազատությունը, տագնապը, հաղթանակը… Մի խենթ սերը փռել է գետնին: Նորագույն տեխնոլոգիաների հնարքով, լուսային էֆեկտներով հատակին շաղ է տվել սիրային բանաստեղծություն. տառերն անկանոն պտտվում են գետնին, հետո կազմում բառ, նախադասություն, խոստովանություն, հիասթափություն ու սպասում: Ամեն ոք, ով քայլում է այս «ցաքուցրիվ սիրո» վրայով, մի պահ իրեն զգում է բանաստեղծության չընթերցված տող: Մի քանի վայրկյանից` լույսի պարզության մեջ դառնում` սիրո հանգ…. Արվեստի ու խենթության ինդուստրիան տեքստիլ արդյունաբերությանն է փոխարինում Լիլի հնագույն թաղամասում` Վազեմում: Այստեղ պաշտոնապես «Խենթության տուն» են անվանում այն, ինչը հայաստանյան պատկերացմամբ արվեստի դպրոց է կամ մշակույթի պալատ: 1850-ին կարմիր աղյուսով կառուցված շենքում, որը մոտ մեկուկես դար թելի գործարան է եղել, հաստոցների փոխարեն այսօր բեմ է, կինոսրահ, մոլբերտ, դաշնամուր… «Արվեստի գործարանում» ամեն օր արտադրվում է ցուցահանդես, համերգ, բեմադրություն, կինոփառատոն: Այնտեղ նաև գեղանկարչության, լուսանկարչության, երաժշտության,թատրոնի դասեր են առնում յոթից տասնյոթ տարեկան խենթուկները:

merac2

1990-ին է վերջին բանվորը լքել տեքստիլ գործարանը: 13 տարի հետո հոլանդացի ճարտարապետ Լարս Սփույբրոեկն ամայացած շենքը վերակառուցեց` դրա համար «գործելով» առագաստանման մի թիկնոց` մետաղե կոնստրուկցիաներով: Նորակառույցը «maison folie» դարձավ 2004-ին՝ Լիլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակելու առիթով:

Երբ Լիլի բոլոր ձեռնարկատերերն էժան աշխատուժի ետևից փախան Ասիա, իշխանությունները բարեբախտաբար հիմնահատակ չարեցին գործարանների հսկայական շենքերը: Դրանք լցվեցին արվեստով,- Վազեմի «Խենթության տանը» նայելով` հիանում է Ֆրանսուազ Քանելը:

Առաջացած, բայց անորոշ տարիքի այդ կինը պատմական Վազեմ թաղամասի կենսագիրն է, «Դեսպանների ակումբի» նախագահը: Պատմաբանները համախմբվել են, որպեսզի տեղական իշխանությանը թույլ չտան կառուցել անփութորեն ու աղճատել Լիլի դեմքը: Վազեմի` համեմատաբար աղքատ պատմությունը հիմա ներգաղթյալ արաբները, աֆրիկացիներն ու ասիացիներն են շարունակում: Լեզուների բազմազանությունը խենթացնում է. իրար խառնվող արաբերենը, չինարենը, աֆրիկերենը, ֆրանսերենը թվում են հարություն առնող մեկ մեռած լեզու, որով մարդկությունը խոսել է Բաբելոնի աշտարակաշինությունից առաջ, և ես, կարծես, միակն եմ աշխարհում, որ չգիտեմ այդ լեզուն: Խուլ ու համրի պես քայլում եմ, շնչում ազգային ամենատարբեր խոհանոցների հոտերից թթված օդը` մինչև կհասնեմ «խոսող տներին»:

merac3

Վազեմում տներին «խոսեցնում են» խենթ նկարիչները` դրանց վրա մարդկային դեմքեր պատկերելով կամ պատուհաններին բանաստեղծության տողեր փակցնելով: Իսկ մի տուն տիրապետում է անգամ «թռչնի լեզվին». այդ տան ճակատին ծվարած են չորացրած թռչուններ, որոնք մի ասելիք ունեն մարդկանց. «Ինչո՞ւ ազատ չեք ճախրում գոնե ձեր մտքերում ու երազներում»: Խենթության տուն Լիլում անցկացրած երեք շաբաթների ընթացքում միտքս, երբ ազատ էր լինում ֆրանսիական տարօրինակություններից, հաճախ թռչում էր Հայաստան: Ֆրանսիայի հյուսիսից մի թանձր խենթություն էր թվում մե՜ր մշակութային իրականությունը, որտեղ ռոք երաժշտության խմբերն անգամ հաճույքով «կգժվեին» Օպերային թատրոնի բեմին, իսկ նորարար, ավանգարդիստ նկարիչներն էլ երևի երազում են իրենց գլուխգործոցները ցուցադրել Ազգային պատկերասրահում: Այնինչ, արդյունաբերական նախկին քաղաք Չարենցավանում ամեն մի անգործ գործարան մի քիչ երևակայությամբ ու փողով կվերածվի «գժոտ» համերգասրահ-ցուցասրահի, որը կուզենք՝ «մշակույթի պալատ», կուզենք` «խենթության տուն» կանվանենք: Միայն թե պետք է շտապել. չէ՞ որ քաղաքական գործիչներն իրենց նախընտրական խոստումների շրջապտույտում պարբերաբար սպառնում են նոր շունչ տալ նույն Չարենցավանի մահացած արդյունաբերությանը: Մեկ էլ տեսար հրաշքով իրականացան քաղաքական գործիչների պրագմատիկ «խենթությունները»:

Հեղինակ` Արտակ Հերիքյան
Պատկերազարդումներ` Վիլյամ Կարապետյան
newmag #01

Գրել կարծիք