ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Դավիթ Թադևոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Դավիթ Թադևոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը newmag-ի խնդրանքով շարունակում է զրուցել երիտասարդ ու խոստումնալից դերասանների հետ:

10-ը զրույց այն դերասանների հետ, ում ես հաճախ հանդիպում եմ նաև իմ նկարահանման տաղավարում: Դավիթ Թադևոսյան: Դավիթ, հեռուստատեսություն-կինո, ինչպիսի՞ն է այդ միջակայքում ընկած կամուրջը:

Այն ինձ համար շատ կարճ է, որովհետև երկուսն էլ ինձ համար մեծ տեղ ունեն, 2-ին էլ շատ մեծ կարևորություն եմ տալիս: Չեմ առանձնացնի ու իրարից շատ չեմ հեռացնի հեռուստատեսությո՞ւն, թե՞ կինո, քանի որ դրանք իմ գործի ամբողջական մասերն են: Ես կասեի թե հեռուստատեսությունը, թե կինոն, որովհետև կարող ես և այնտեղ լինել, և այնտեղ: Ընդ որում 2 տեղում էլ լինել լիարժեք, որն էլ ես փորձում եմ:

Ե՞րբ է քեզ համար դժվար. երբ դու կինոնկարահանման տաղավարում բարդ պայմաններո՞ւմ ես` եղանակային վատ պայմաններ, իրավիճակային… Թե՞ երբ հեռուստատեսային տաղավարում ես, որտեղ անհասկանալի է թե ինչ պիտի անես:

Ֆիլմի նկարահանման հրապարակում ինչքան էլ որ լինեն բարդություններ, դրանք շտկվող են, եթե նկարահանման հրապարակում կա խելացի ու վստահելի ռեժիսոր, որին կարող ես անվերապահ վստահել: Հեռուստատեսության դեպքում էլ չգիտեմ ինչ կարող է լինել, որ բարդություն ստեղծվի:

Այսինքն` հեռուստատեսությունում ավելի պարզ է ու ավելի հեշտ:

Երևի, ավելի պարզ է:

davit

Իսկ հանուն կերպարի ստեղծման ինչի՞ ես պատրաստ: Այ օրինակ, Քրիստիան Բեյլը 2004-ին «Մեքենավարի» համար նիհարել էր մոտավորապես 40 կիլոգրամ: Իսկ «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմի համար` հակառակը` գիրացել էր:

Կարծում եմ, ես էլ եմ պատրաստ: Երևի կհիշես մի անգամ, թե ինչ փոփոխության ենթարկեցիր ինձ դերի համար` մազերս շիկացնելով: Այսինքն` ես խնդիր չունեմ, եթե ես իմանամ, որ դերը պահանջում է, պատրաստ եմ 40 կիլոգրամ նիհարել:

Իսկ եթե ռեժիսորը քեզ ասում է, որ պետք է թիկնեղ լինել, սպորտդահլիճ գնալ, դերի համար պետք է մկանուտ տղամարդ:

Իհարկե, ինձ թվում է դերասանը պլաստիրին է: Ամեն դեպքում պետք է փոփոխության ենթարկվի: Պիտի փոփոխվի իր ռեժիսորի ասածով, որը պիտի լինի հիմնավոր: Եթե ռեժիսորն ինձ համոզի, որ պետք է լինել մկանուտ կամ 40 կիլոգրամ նիհարել, որ դա իրոք անհրաժեշտություն է, ես մեծ սիրով կանեմ դա:

Ռեժիսո՞րը համոզի, թե՞ կերպարը:

Ես կարող է կերպարին մոտենամ իմ տեսանկյունից, ռեժիսորն ինձ համոզի, որ ոչ:

Այդ դեպքում երբ կլինի քո հիասթափությունը, այսինքն` դու ի՞նչ ես ուզում ռեժիսորից:

Ես ուզում եմ հավատալ ռեժիսորին:

Ինչո՞վ է արտահայտվում այդ հավատը: Դու լուծո՞ւմ ես այն բոլոր խնդիրներն, ինչ քեզ տալիս է ռեժիսորը, թե՞ դու ամեն դեպքում փորձում ես հասկանալ, ստանալ, տեսնել, վերլուծել կերպարի կենսագրությունն ու էմոցիոնալ հիշողությունը:

Ես փորձում եմ հասկանալ ու կառուցել նույն այդ կերպարի էմոցիոնալ հիշողությունը` սկսած շարժուձևից, արտաքինից: Ես ինքս, երբ դերը ստանում եմ, ես ինձ համար կառուցում եմ այդ ամենը: Փորձում եմ ռեժիսորի հետ քննարկել ու եթե ես անվերապահորեն վստահում եմ ռեժիսորին, բնականաբար, կլսեմ, կկատարեմ նրա առաջ քաշած խնդիրները: Բայց, միևնույն ժամանակ ես ինքս ստեղծագործող եմ, կփորձեմ ստեղծել մի բան, որը դուր կգա նաև ռեժիսորին, նաև նրա ուզածը կլինի:

davit3

Հարցը շարունակենք, ո՞ր պարագայում կլինի հիասթափություն, երբ տեսնես ոչ այն արդյունքը, որը դու ակնկալու էիր, թե՞ ուրիշ պարագայում:

Ինձ թվում է` հիասթափություն կլինի ձեր նշած ապարագայում, երբ տեսնես, որ քո արածը չունի այն արդյունքն, ինչ դու ակնկալել ես:

Իսկ եթե քո և ռեժիսորի պատկերացումները տարբեր լինեն: Արդյունքը լինի լավը ռեժիսորի և հանդիսատեսի տեսանկյունից, բայց քեզ չգոհացնի, դա նորի՞ց հիասթափություն է:

Ոչ, իհարկե ոչ: Եթե ֆիլմի ընթացքում ռեժիսորը այլ կարծիքի լինի, ես այլ, ինձ թվում է` ընթացքն էլ մի փոքր դժվար կլինի: Կգա մի փուլ, երբ ռեժիսորը ինձ կհամոզի կամ ես ինքս կհամոզեմ ռեժիսորին, որ չէ, այ այս տեսակն է: Ամեն դեպքում, եթե ֆիլմը մինչև վերջ ավարտին հասցվում է, ապա որոշակի առումով համաձայնություն կա: Կամ ռեժիսորն է ասել այս գծով պետք է գնալ, կամ հակառակը:

Այսինքն` փոխմբռնումն ու իրար հասկանալն ամեն դեպքում կարևոր է: Հեռուստատեսությունից մենք դեռ կխոսենք, բայց ուզում եմ հիմա թատրոնի մասին խոսենք: Կա՞ս թատրոնում, չկա՞ս… Ինչպիսի՞ն է քո ներկայությունը թատրոնում: Շա՞տ է, քի՞չ է, ավելի՞ն է պետք…

Ցավոք զբաղվածության պատճառով քիչ է: Իհարկե, ավելին է պետք, Թատրոնն ինձ համար մի ուրիշ բան է, որը ինձ լիցքավորում է: Չեմ կարող ասել, որ հեռուստատեսությունում չեմ լիցքավորվում, բայց ամեն դեպքում ինձ հոսանքի մեծ լիցք տալիս է թատրոնը: Այն շփումը, որը կա, որ անմիջապես տեսնում ես քո արածի արձագանքը, տեսնում ես հանդիսատեսին, Այն փոխադարձ էմոցիաները, որ նրանցից են գալիս: Ես դրանից լիցքավորվում եմ: Ես ուզում եմ շատ լինել թատրոնում, պարզապես հեռուստատեսությունը, Դուք էլ լավ գիտեք…

Լավ, մի ուրիշ հարց տամ, հրավերներ չե՞ս ստանում թատրոնից:

Շատ եմ ստանում:

Իսկ ինչո՞ւ ես հրաժարվում:

Ժամանակի պակասի պատճառով:

Բայց եթե դա այդքան կարևոր է էմոցիոնալ դաշտդ կարգավորելու համար, որպես ռեժիսոր եմ ասում, իմ կարծիքով, թատրոնը դերասանին որոշակի ճիշտ վիճակի մեջ պահելու տեղ է: Բացի այն, որ դա մեծ արվեստ է, դու կարող ես այլ կերպ երևալ, այլ կերպարով ու ձևով: Եվ սա որոշակի վարժանք, չէ՞: Ինչո՞ւ ես մերժում:

Նախ` ժամանակ, երկրորդ` ես անվստահություն ունեմ այսօրվա մեր թատրոնի նկատմամբ: Ռեժիսորներից սկսած` խաղընկերներից վերջացրած: Ես հիմա անում եմ ներկայացում, որը անում եմ ի՛մ նախընտրած ռեժիսորով, ես այդ պակասը չեմ կարող թողնել այդպես բաց, ես այն պիտի լրացնեմ: Ու ե՛ս եմ դա փորձում հավաքել:

Քանի որ դու այդ պարագայում հանդիսանում ես նաև պրոդյուսերի դերում:

Այդքան չէ, ինչքան ցանկություն հայտնող մեկը, ով կկազմակերպի այդ ամեն ինչը: Որովհետև ես շատ հեռու եմ պրոդյուսերությունից: Ես ուղղակի կարող եմ հուշել, թե ում կարելի է ներգրավել մեր աշխատանքների մեջ: Ոչ թե պահանջը լրացնես թատրոնի, որ պարտադրված գնաս:

Ռեպերտուարային թատրոնն ունի իր առավելությունները: Այն դերասանի համար կարևոր դեր ուն: Կարծում եմ` թատրոնն էլ կշահի` քեզ հրավիրելով, և դու էլ կշահես:

Այո, ես կշահեմ, ուղղակի ռեպերտուարային ցանկում զբաղվածություն ունենալու համար ընտրելու հնարավորությունից ես զրկվում: Երբ որ դու ներգրավվում ես որևէ թատրոնում, այսինքն` դու արդեն աշխատում ես այնտեղ, դու պարտավոր ես ռեպերտուարային ցանկացած դեր, որը քեզ առաջարկում են, ներգրավվես դրանում:

davit5

Թույլ տուր չհամաձայնել: Յուրաքանչյուր մարդ միշտ ունի ընտրության հնարավորույթուն, այդ հնարավորությունը օգտագործելու ձև:

Համաձայն եմ, բայց, լավ, դու ռեպերտուարային թատրոնի դերասան ես, քեզ առաջարկում են 5 դեր ու դու 5-ից էլ հրաժարվում ես, ինչո՞ւ են քեզ պահելու:

Բայց ինչի՞ 5-ից էլ հրաժարվում, միգուցե դրանց մեջ կգտնվեն դերեր, որոնք քեզ հարմար կլինեն:

Այսօրվա խաղացանկային ներկայացումներն ինձ դուր չեն գալիս:

Վերջին ներկայացումը, որ դիտել ես:

«Լիր արքա» , Սունդուկյան թատրոնում: Բեմադրական առումով ինքը հետաքրքիր էր, բայց ոչ մի դեր չէի ուզի խաղալ այդ ներկայացման մեջ:

Չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, որևէ ձևով շարունակել, բայց կարծում եմ, որ դերասանների պասիվությունը, այն դերասաններն, ովքեր համարվում են առաջատար և հասարակության մեջ կարծիք ձևավորող, ձեր պասիվությունը բերում է աղետային հետևանքների նաև թատրոնում: Թատրոնը կենդանի է այն ժամանակ, երբ նոր լիցքեր են տեղափոխվում թատրոն, երբ այդ դեմքերը հայտնի են: Մարդիկ ձգտում են թատրոն հենց այդ մարդկանց տեսնելու համար: Ռեժիսորի կամ թատրոնի նստատեղերի համար չէ, որ մարդիկ գնում են թատրոն:

Համաձայն եմ, բայց մեր թատրոններում կա խնդիր այն դերասանների հետ, ովքեր հեռուստատեսության հետ սերտ կապված են:

Այսինքն` թատրոնը խոչնդոտո՞ւմ է այդ դերասաններին, թե՞ …

Չէ, թատրոնի ղեկավարությունը երբեմն չի կարողանում հանդուրժել այն դերասաններին, ովքեր սերտ կապված են հեռուստատեսության հետ:

Վերջին նախագիծը, որ ես նկարահանում էի, գլխավոր դերակատարուհին, որը Ռուսաստանում առաջատար դերասանուհի է երկու թատրոններում, որևէ բան որևէ տեղ չփոխվեց: Փորձել էր փոքրիկ ստի միջոցով գալ Երևան փորձնական նկարահանումներին, հետո երբ որ հաստատվեց դերը, մեկ ամիս ևս փորձեց խաբել թատրոնին ու նկարահանվել այդ ֆիլմում: Այսինքն` սուտ հանուն գործի, դա էլ է ձևերից մեկը: Ես հիմա ինչ որ ձևերով ուզում եմ բերել այն համոզմանը, որ, բնականաբար, յուրաքանչյուր գործում կարող են լինել և մեծ, և փոքր խոչընդոտներ, բայց դրանց դեմ պայքարելու կամ այդ արգելքները անցնելու ձևերը հազարավոր են, ընդհուպ մինչև անմեղ սուտը, որը ոչ ոքի վնաս չի տալու:

Գուցե իրոք մենք ենք ծուլանում այդ հարցում:

Միգուցե մեզ այդ աշխատասիրությո՞ւնն է պակասում:

Իսկ գուցե այն ռեժիսորը չկա թատրոնում, որը կարողանա համախմբի դերասաններին ու ասի` բոլորդ եկեք, անում ենք այս ներկայացումը: Եվ այդ դերասանները կհավատան ու հեռուստատեսությանը կստեն, կասեն` չգիտեմ, տատիկս է վատացել, կամ..

Չէ այդտեղ ստելու հարցը չէ:

Ես ասում եմ, որ դրան էլ պատրաստ կլինենք, եթե իմանաս ինչ-որ գաղափար կա, որի համար պետք է գնաս: Թե չէ ուղղակի գնալ թատրոնում լինելու համար, ես թատրոնը մի քիչ ավելի բարձր եմ գնահատում, քան ես գնամ, ուղղակի թատրոնում լինեմ: Չէ, ես սիրում եմ արվեստը, ես չեմ կարող գնալ թատրոն ու անգործությամբ զբաղվեմ: Եթե ես գնամ այնտեղ, ես պետք է աշխատեմ: Ոչ թե`ես թատրոնում էլ եմ աշխատում: Ի՞նչ ես անում թատրոնում, խաղո՞ւմ ես ներկայացման մեջ, որոնք 700 տարի է, ներկայացվում են,.. Ես չեմ ուզում:

davit4

Անընդհատ խոսակցությունը գնում է դեպի Սունդուկյան, բայց կան այլ թատրոններ ևս: Հարգելով քո կարծիքը և որոշումները` կարծում եմ, որ մի քիչ խիստ ես: Ես վերջերս շատ հաճախ լինում եմ Գյումրիի դրամատիկական թատրոնում և անկեղծորեն զարմացած եմ: Նոր շունչ կա, հետաքրքիր է այդ թատրոնում: Նոր ներկայացումներ կան, նոր մոտեցում կա: Ես հաճախ նաև փորձում եմ ներկա գտնվել երևանյան ներկայացումներին, որոնցից թե որպես հանդիասատես, թե որպես մասնագետ չեմ կարող ասել, որ հիասթափված եմ: Այս պարագայում ինձ ամենաշատն ուրախացնում է հանդիսատեսի հոսքը: Շատ հետաքրքիր է, թե հանդիսատեսը ինչպես է գալիս թատրոն, ինչպես է գալիս տեսնելու, այս պարագայում, ոչ միայն ներկայացումը, այլ նաև այդ ներկայացման մեջ դերասանին: Որպես քաղաքացի, որպես հանդիսատես եմ ասում, ես կուզեի տեսնել այն առաջատար դերասաններին, ովքեր թատրոնում չեն, կուզեի տեսնել այդ մարդկանց, որոնցից մեկն էլ դու ես, բեմում և ավելի հաճախակի:

Ինձ համար ցավոտ թեմա է, որովհետև, ամպագորգոռ բառեր չասեմ, բայց ուսանող լինելու տարիներից ի վեր ես թատրոնում նոր բան չեմ տեսնում: Հա, կան ինչ-որ մարդիկ, ովքեր գնում են դուրս, վերապատրաստվում են, գալիս և ինչ-որ բան փորձում են անել, որը հենց նույն այդ թատրոնի հին մարդիկ կամ չեն ընդունում, կամ… չգիտեմ: Փոխել ցանկացողների հոսքը մեծ չի:

Ինչ-որ բան կա շտկելու, բայց ամեն դեպքում … ներիր, իմ կարծիքն եմ հայտնում, բայց շատ վատատես ես:

Չէ, վատատես չեմ, ավելին եմ ուզում տեսնել մեր թատրոնում, քան հիմա կա:

Վստահաբար լավ ցանկություն է: Ե՞րբ որոշեցիր, որ պիտի դառնաս դերասան: Քանի՞ տարեկան էիր:

Ես 14 տարեկան էի: Հորաքրոջս տղան ընդունվեց Թատերական ինստիտուտ: Ես մի քանի անգամ իր հետ գնացի իրենց փորձերին: Դա ինձ համար ուրիշ աշխարհ էր: Դպրոցական սեղանից հետո հայտնվել եմ մի շրջապատում, որտեղ մարդիկ տարբեր բաներ են անում, մեկն ասում է ես ռեժիսորն եմ… ինձ շատ հետաքրքրեց դա: Եղբորս կուրսն ավարտական ներկայացում էր պատրաստում, ես հարցրեցի, արդյոք կարող եմ որևէ բան անել, օգնել,,, որովհետև այդ ամենն ինձ շատ էր գրավել, ես ուզում էի անընդհատ այդ միջավայրում լինել: Ասացին, որ կարող են նույնիսկ դեր տալ ինձ:

Ես լարվեցի, ամաչեցի, ասացի, որ չեմ կարող: Ասացին` զինվորի փոքրիկ դեր է, պետք է մի կողմից մյուս կողմը քայլես: Համաձայնեցի: Պետք է պրեմիերան լիներ, ես հուզված վիճակում էի: Ներկայացման ավարտին, խնջույքի ժամանակ ասացի, որ դերասան եմ ուզում դառնալ:

Կերպար կար, շատ էի սիրում այդ կերպարին, իր փորձերն առանձնահատուկ զգացողությամբ էի գնում, նայում: Ասացի որ ես այդպես պիտի խոսեմ ու այդպես խաղամ: Բողոքեցի, թե ի՞նչ դեր էիք տվել: Ինչ-որ մի բան ներսից ասաց, որ այդ ամեն ինչն ինձ հարազատ է: Ես, որ հիմա ֆիլմ եմ դիտում, չգիտեմ ինչ կանեի, եթե դերասան չլինեի: Անկեղծ եմ ասում, ես այդ հարցի պատասխանը չունեմ:

Իսկ դերասանական ամենամեծ երազանքդ ո՞րն է:

Բավարարված լինել որպես դերասան:

Այսինքն` դու ուզում ես մեծ գումար, մեծ հոնորարներ, պետական պարգևներ, օսկարներ, ոսկե դիմակներ, հանդիսատեսի սեր…

Ամենակարևորն, իհարկե, հանդիսատեսի սերը, երկրորդ` երբ աշխատանքի մեջ լիարժեք զգաս քեզ, այսինքն` այսօր շատ բաներ կան, որ խանգարում են դերասանին:

Կենցաղդ խանգարո՞ւմ է քեզ:

Կենցաղը, թատրոնի առօրյան, հեռուստատեսության առօրյան: Այսինքն` այդ ամեն ինչը լինի այնքան հաղորդ, որ դու միայն զբաղվես քո աշխատանքով: Չմտածես ուրիշ որևէ բանի մասին:

Բայց այդպես չի լինում, դու իդեալականացնում ես: Երբ որ կենցաղը չանհանգստացնի, գումարը լինի այնքան, որ ամեն ինչին բավարարի… հասկանալի է, եթե սոցիալ-տնտեսական հարցերը չլինեն, միևնույն է, դու չես կարող կենտրոնանալ միայն աշխատանքի վրա: Այդ պարագայում կառաջանան այլ խնդիրներ:

Այո, համաձայն եմ, դրանք թող լինեն, բայց չգան խառնվեն իրար:

Երբ որ դու աշխատանքի մեջ ես, դու կարողանո՞ւմ ես մտածել մնացած այլ խնդիրների մասին: Ես քեզ տեսել եմ աշխատանքի մեջ ու գիտեմ, որ կարողանում ես անջատվել կենցաղային հարցերից:

Լավ կլինի, եթե դրա համար ճիգ չգործադրես:

Սա քո դերասանական միա՞կ երազանքն է, թե՞ կա ավելի մեծ, հետաքրքիր երազանք: Այ ո՞ւմ հետ կուզենայիր աշխատել:

Շատերի հետ կուզեի…

Այ, մեկի անունն ասա:

Գարի Օլդմանի հետ կուզեի աշխատել:

Համաձա՞յն ես Օլդմանի այն հոլովակի հետ, որտեղ մարզիկներն են:

Ես դա շատ եմ սիրում, համաձայն եմ, լիովին:

davit2

Կունենա՞ք այդ համարձակությունը` պրոֆեսիոնալ դերասաններով նկարահանել այդպիսի հոլովակ, ասելու համար ոչ ձեր ոչ պրոֆեսիոնալ կոլեգաներին:

Այո, իհարկե, մեծ սիրով դա կանեմ, ես ամեն օր եմ դա անում, երբ ինձ հետ մի հրապարակում լինում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Ես իմ զայրույթը ցույց եմ տալիս:

Բայց միգուցե պետք է մարդականց օգնել…

Ինչի՞ համար: Դրա համար կան մասնագետներ:

Վերջին ֆիլմում Նիկիտա Միխալկովը նկարահանել է մի աղջկա, որը քիմիկոս տեխնոլոգ է: Հասկանում ես, չէ՞, ում մասին եմ խոսում, Նիկիտա Միխալկով: Գլխավոր դերակատարուհին ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի է: Նկարահանել է մարդը: Գնացել է այդ քայլին:

Եթե 2-րդ անգամ էլ նրան նկարահանի, ես կզարմանամ: Որովհետև ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, գոնե մի անգամ կարող է փայլուն խաղալ: Մի անգամ: Իսկ երբ այդ նույն ռեժիսորը 2-րդ փորձն անի այդ քիմիկոսին նկարահանելու համար, ես անկեղծ կզարմանամ:

Մի անգամ շատ երկար համոզելուց հետո Արամ Խաչատրյանին տվել են դիրիժորական փայտիկը և երկար փորձերից հետո, առաջին անգամ նվագախումբ է ղեկավարել: Հարցազրույցներում նա ասում էր, որ դիրիժոր չէ, բայց այդ ամենն այնքան դուր եկավ, որ ուզեց անընդհատ դա անել: Շնորհակալություն, Դավիթ: Կարծում եմ, որ մենք դեռ կհանդիպենք նկարահանման տաղավարում:

Դուք այն ռեժիսորներից եք, ում հետ ես միշտ պատրաստ եմ:

Գրել կարծիք