Ռումինիայի ամենասարսափելի ու ամենագայթակղիչ ամրոցը. Կոմս Դրակուլայի հանգրվանը

Ռումինիայի ամենասարսափելի ու ամենագայթակղիչ ամրոցը. Կոմս Դրակուլայի հանգրվանը

Դրակուլա` նշանակում է սատանայի հետնորդ, սատանի ճուտ: Իշխանի սիրած զբաղմունքը մարդկանց ցցի վրա հանելն էր:

«Ես ինչ-որ տեղ կարդացել էի, որ Կարպատյան լեռներում են ծնվել լեգենդներն ու առասպելները: Իբր հենց այստեղ է մարդկության երևակայության կենտրոնը: Եթե իսկապես այդպես է, իմ այցելությունն այդ վայրեր խոստանում է առավել քան հետաքրքիր լինել»:

Մեջբերում գրող Բրեմ Ստոկերի հերոսի` Ջոնաթան Հարքերի օրագրից: Ջոնաթանը, ոչինչ չկասկածելով, շտապում էր ուղիղ Տրանսիլվանիայի հանրահայտ վամպիրի ամրոց: Բրեմ Ստոկերի երևակայության արգասիքին չէի հավատում: Այդ իսկ պատճառով առանց վախի ու սնահավատության որոշեցի նախանշած ուղուց բաց չթողնել կոմս Դրակուլայի ամրոցը` Ռումինիա կատարած իմ ճամփորդության վերջին հանգրվանը:

1Ռումինիայի Տրանսիլվանիա նահանգի Բրան փոքրիկ բնակավայրում է Դրակուլայի հանրահայտ ամրոցը: Այն Բրաշովից ընդամենը 30 կմ է հեռու: Բրան ամրոցը Ռումինիայի զբոսաշրջության Սեքքան է: Այս երկրի մասին պատմող ցանկացած գրքում և անգամ բուկլետներում ամենայն մանրամասնությամբ նշված են ամրոց տանող ուղիները: Զբոսաշրջիկները վաղուց են ընկել ռումինների լարած թակարդը: Կոմս Դրակուլայի հրեշագործությունների զրույցներով ու լեգենդներով տարված` զբոսաշրջիկները շտապում են մի ամրոց, որտեղ կոմսը մայրամուտից լուսաբաց իր արնախում ճաշկերույթներն էր կազմակերպում:

Ամրոցի չարագուշակ համբավի տարածման գործում մեծ է Դրակուլայի կերպարը կերտած իռլանդացի գրող Բրեմ Ստոկերի ներդրումը: Սակայն պակաս չեն չարչարվել նաև ռումինները: Տարեկան մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկներ այստեղ ծախսում են ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է Բրան բնակավայրը բարեկարգ պահելու համար: Բրանցիներն աշխատում են ռեստորաններում, հյուրանոցներում կամ էլ զբաղված են հուշանվերներ վաճառելով: Ամրոցի շրջակայքում հուշանվերների ընտրության անսպառ հնարավորություն կա` Դրակուլայի պատկերով բաժակներից մինչև բացիկներ, վհուկների գլխարկներից մինչև սարսափ դիմակներ: Բրանը հայտնի է նաև բրդե նուրբ գործվածքներով: Հուշանվերներն այստեղ թանկ են, բայց դե ո՞ր զբոսաշրջիկը Դրակուլայի հյուրընկալ ամրոցից կհեռանա առանց վամպիրային ժպիտը հիշեցնող իրի:

Ամրոցն ամառ-ձմեռ այցելուների պակաս չունի: Այստեղ լինելու ևս մեկ պատճառ կա: Ամրոցին հարող տարածքում Ձեր բաժին հուշանվերը գնելուց և մոտակա սրճարանում դագաղի տեսք ունեցող սեղանի շուրջ մեկ բաժակ սուրճ ըմպելուց հետո համտեսեք Բրանի վարպետների պատրաստած պանիրը: Վարպետները բաղադրատոմսը խիստ գաղտնի են պահում ու փոխանցում են միայն իրենց աշակերտներին: Պատմում են, որ կոմս Դրակուլան կենդանության օրոք սիրում էր համտեսել Բրանի պանիրը (հավանաբար բերանում արյան համը փոխելու համար):

«Հորիզոնում իր ողջ վեհությամբ մեր առջև հառնեց Դրակուլայի ամրոցը: 300 մետր բարձրության վրա կառուցված ամրոցի մի հատվածում ձորն էր, իսկ մնացած բոլոր կողմերից այն շրջապատված էր չեռներով: Ինչ-որ տարօրինակ և միաժամանակ վայրի հմայք կար այս տարածքում»:

Որոշել էի կոմսի բնակատեղին այցելել մայրամուտին: Ասում են` օրվա հենց այդ ժամերին ամրոցում տարօրինակ ձայներ են լսվում: Դրակուլայի ամրոցն իմ առջև հայտնվեց ճիշտ այնպիսին, ինչպիսին այն նկարագրել էր Բրեմ Ստոկերը դեռ 19-րդ դարում: Արևամուտ էր. ամրոցը զարդարված էր արնավառ արևի վերջին, հուսահատ շողերով: Երևակայությունս արդեն հազար ու մի պատմություն էր հյուսում: Ահա կեսգիշերը վրա է հասնում, և վամպիրները սկսում են իրենց քստմնելի խնջույքը` չփչփոցով խփշտելով սրա-նրա արյունը:

2

Չկա որևէ վկայություն, որ կոմսի նախատիպը` ռումին իշխան Վլադ Տեպեշն իրականում ապրել է այս ամրոցում: Թեպետ բանահյուսական աղբյուրները հիմք ընդունելով` ռումինները պնդում են, որ Վլադ Տեպեշը հերթական արշավանքից հետո գիշերել է այստեղ: Ասում են նաև, որ զորավարը սիրում էր ամրոցի շրջակայքում որս անել: Հետագայում նա այնքան է տարվում այս վայրերի գեղեցկությամբ, որ վամպիր դառնալուց հետո իր ոչ ֆիզիկական գոյությունը շարունակում է հենց այստեղ: Ցանկացած զբոսաշրջիկ մուտքի տոմսի համար մոտ 2.000 դրամ վճարելուց հետո պատրաստ է հավատալ ցանկացած սարսափելի ավանդազրույցի: Եվ իսկապես, կոմս Դրակուլան դժվար թե կարողանար իր վամպիրային գոյության համար ավելի հարմար վայր ընտրել: Ամրոցը կառուցվել է 14-րդ դարի վերջին` տեղացիների փողերով և ուժերով, ինչի համար էլ նրանք մի քանի դար շարունակ ազատված էին հարկերից:

Ժայռի գլխին կառուցված անառիկ ամրոցը ժամանակին պաշտպանական նշանակություն է ունեցել: Այսօր այն թանգարան է դարձել, ցուցադրվում են միջնադարյան կահույք և զենքեր, հագուստ ու կտավներ: Սակայն նախ փորձում ես կոմսի կենցաղի հետքերը գտնել: Ամրոցը 1992 թվականին նորոգվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի անմիջական նախաձեռնությամբ` Դրակուլայի մասին պատմող ֆիլմն այստեղ նկարահանելու համար: Թանգարանի աշխատակիցները պատրաստ են ամենայն մանրամասնությամբ պատմել Դրակուլայի կյանքի ու արկածների մասին: Սակայն համակ լռություն կպահպանեն, եթե փորձեք պարգել, թե ճի՞շտ է, որ ամրոցում երբեմն սատանայական քրքիջ է լսվում, իսկ հետո` զոհի հառաչ: Բրանում և շրջակայքում ապրող ծերունիները կվստահեցնեն, թե իրենք անձամբ են լսել այդ ձայները և կհամոզեն, որ կոմսն այդպես ընդամենը զվարճանում է:

Ինձ պատմել էին, որ մի քանի արկածախնդիրներ որոշել էին ամրոցում գիշերել: Նրանք կարողացել են շրջանցել անգամ ամրոցի պահապաններին: Եվ… Հետո նրանք երկար ժամանակ խուսափում էին այդ վայրերն այցելել, իսկ ամենասովորական ձայնը սարսափեցնում էր նրանց: Եվրոպացի զբոսաշրջիկներից մեկը, որն ամենայն հավանականությամբ թույլ նյարդեր է ունեցել, այնքան է տպավորվել կոմսի շուրջ պտտվող սարսափելի պատմություններից, որ ամրոց կատարած այցելությունից հետո սրտի կաթված է ստացել: Իզուր չէ, որ Դրակուլայի ամրոցն ընդգրկվել է աշխարհի տասը ամենասարսափելի վայրերի ցանկում:

«Նա յուրահատուկ դիմագծեր ուներ, երկար, կեռ քիթ, բարձր ճակատ, հաստ և խիտ ունքեր: Դեմքի արտահայտությունը վճռական էր, անգամ դաժան: Կարմիր շրթունքների արանքից երբեմն երևում էին անբնական սրություն ունեցող սպիտակ ատամները: Բայց ամենից տպավորիչը դեմքի արտասովոր գունատության մեջ փայլող կարմիր աչքերն էին»:

3

Պատմում են, որ անգութ իշխան, դաժան զորավար, մեծանուն վամպիր Դրակուլան քնքշորեն սիրում էր իր կնոջը: Առավել ռոմանտիկները հավատում են, որ վամպիր դառնալու դրդապատճառներից մեկն էլ կնոջ մահն էր: Վերադառնալով հերթական արշավից` իշխանն ապարանքում գտնում է ինքնասպան եղած կնոջը, խեղճ գեղեցկուհուն խաբել էին` իբր ամուսինը զոհվել է: Մեկ այլ վարկածի համաձայն` Դրակուլայի կնոջը թուրքերն են սպանում: Իշխանը, չդիմանալով իր սիրելիի մահվանը, հոգին վաճառում է սատանային, դե իսկ հետո էլ Բրեմ Ստոկերի թեթև ձեռքով դառնում աշխարհի ամենահայտնի վամպիրը:

«Նախաճաշից հետո ես մի փոքր շրջայց կատարեցի ամրոցում: Կողպած դռներ են ամենուր: Ամրոցից դուրս գալու որևէ հնարավորություն չկա: Այն իսկական բանտ է, ես` պատանդ»:

Ամրոցն առավել խորհրդավոր է հատկապես աշնանն ու ձմռանը, երթ հանգչող բնությունը, կարծես, նպաստում է
չարագուշակ պատմություններով պարուրված այս վայրի փառքի հաստատմանը: Մինչև ամրոց հասնելը հարկավոր էր հաղթահարել մի քանի մետրանոց բարձունքը: Դե իսկ հետո ամրոցն իր ողջ վեհությամբ իմ առջև էր: Հարկավոր էր միայն բարձրանալ աստիճաններով, թացել դուռը և հայտնվել աշխարհի № 1 վամպիրի ամրոցում: Սենյակներն ու միջանցքներն իրար են միանում լաբիրինթոսի սկզբունքով: Ամրոցի բակում ջրհոր կա, որի կողքին մի քանի հարյուր տարեկան ծառն է արմատներ ձգել: Ավանդույթի համաձայն` ջրհորի հատակում է գտնվում դեպի ստորգետնյա հանգստարաններ տանող միակ ուղին: Կոմսի մասին պտտվող պատմություններն առավել հավաստի են թվում, երբ դադար ես առնում ամրոցի առջև արդեն տերևաթափ ծառերի ներքո գտնվող շիրմաքարերի մոտ: Շրջակայքում եկեղեցի չկա. ամրոցից բավական հեռու գործում է միջնադարյան մի եկեղեցի:

«Վամպիրներն իսկապես գոյություն ունեն: Նրանք չեն մահանում, ինչպես մեղուները խայթոցից հետո: Հակառակը, նրանք ավելի են ամրանում ու կազդուրվում` հնարավորություն ստանալով ավելի շատ չարիք գործել: Դրակուլան քսան մարդու ուժ ունի, մահից էլ խորամանկ է, գազանից էլ սարսափելի: Նա կարող է տարերքները ղեկավարել, կարող է հրամայել ցածրակարգ արարածներին: Կոմսը կարող է անհետանալ և նույնքան հանկարծակի էլ հայտնվել: Վամպիրները չեն կարող մարդու պես մահանալ: Հակառակը` նրանք ի վիճակի են երիտասարդանալ, եթե իրենց հատուկ սնունդը բավարար է: Նրանք ստվեր չունեն: Այս ամենով հանդերձ, Դրակուլան առանձնահատուկ է: Նա կարող է վերափոխվել գայլի, չղջիկի: Կարող է իրեն պարուրել մշուշով, փոշու հատիկի նման նյութականանալ լույսի շողերում: Այսուհանդերձ, նա ազատ չէ և ստիպված է ենթարկվել որոշ կանոնների: Լուսաբացից հետո նրա ուժն անէանում է: Միայն մայրամուտից հետո կարող է ազատ լինել և իր սև գործն անել: Նրա դեմ զենքեր էլ կան` սխտոր, խաչելություն: Իսկ մասուրը նրան թույլ չի տալիս գերեզմանից դուրս գալ»:

4

Միջնադարում լայնորեն տարածված էին հավատալիքները վամպիրների մասին: Մինչև, օրս էլ Ռումինիայում քարերով լցված գերեզմաններ են հայտնաբերվում: Միջնադարում հենց այսպես էին թաղում վամպիրիզմի մեջ մեղադրվողներին: Հավանաբար քարերը խանգարում են, որ վամպիրը գիշերը դուրս գա շիրմից: Դրակուլայի հավանական գերեզմանը մինչև օրս էլ շարունակում են քարերով ծածկել: Այս նախազգուշական միջոցները, սակայն, ոչինչ չարժեն, որովհետև ռումինացիները հավատում են, որ մինչև օրս էլ կոմսը թափառում է իր ամրոցի շրջակայքում, քանի որ մահից հետո նրա առջև փակվել են և’ դրախտի, և’ դժոխքի դռները:

«Դրակուլան անսովոր անհատականություն էր ֆիզիկական գոյության տարիներին: Նա զորավար էր և պետական գործիչ, նույնիսկ զբաղվել է ալքիմիայով: Նա արտասովոր խելքի տեր անձնավորություն էր»:

Զորավարը ծնվել է 1431 թվականին, Տրանսիլվանիայի Սիգիշոարա քաղաքում: Այստեղ պահպանվում է այն տունը, որտեղ լույս աշխարհ է եկել նա: Այստեղ այժմ ռեստորան է՝ զորավարի հայրական տունը լինելու վկայությամբ ցուցանակով: Նա առաջին անգամ կտտանքների է ենթարկվում պատանեկության տարիներին, երբ նրան գերեվարում են թուրքերը: Իշխան Վլադ Տեպեշը, նույն ինքը` կոմս Դրակուլան, արնախումի համբավ ուներ դեռ կենդանության օրոք: Դրակուլա` նշանակում է սատանայի հետնորդ, սատանի ճուտ: Իշխանի սիրած զբաղմունքը մարդկանց ցցի վրա հանելն էր: Այդ ճակատագրին արժանանում էին ոչ միայն թշնամիները, այլև սեփական քաղաքացիներ` նույնիսկ զանցանք թույլ տալու դեպքում: Ժողովուրդը նրան կոչել է «տեպեշ»` ցցի վրա հանող:

Հանուն արդարության պետք է նշել, որ իշխանի դաժան քայլերը երկրում իսպառ վերացրին հանցագործությունները, գողությունը: Փողոցում ընկած ոսկեդրամը կարող էր այդպես էլ մնալ, որևէ մեկը չէր համարձակվի այն վերցնել: Իշխանության առաջին տարիներին նա հրամայեց աղբյուրի մոտ ոսկե գավաթ դնել: Գավաթն այդպես էլ մնաց աղբյուրի մոտ: Որևէ մեկը չէր համարձակվում անգամ մտածել այն գողանալու մասին:

Դրակուլային 1476-ին գլխատում են թուրքերը, մեկ այլ վարկածով` իր հավատարիմ զինակիցները: Դարեր անց Վլադ Տեպեշին նոր հատկանիշներ են վերագրում և’ Բրեմ Ստոկերը, և’ սեփական ժողովուրդը: Այսօր արդեն իշխան Վլադ Տեպեշի և կոմս Դրակուլայի միջև սահմանները ջնջված են: Աշխարհը նրան ընկալում է որպես կոմս Դրակուլա:

«Հավերժ անհետանալուց առաջ կոմսի հայացքում հանգստություն ու խաղաղություն էր տիրում: Այդ պահին արյունոտ մայրամուտ էր, իսկ արևի վերջին շողերի ներքո երևում էին ամրոցի ատամնավոր պարիսպները»:

Ամրոցի ճակատագիրն էլ է նման իր երևակայական տիրոջ արկածախնդիր կյանքին: Մինչև 20-րդ դարն ամրոցը տարբեր մարդկանց և պետությունների ձեռքին էր: Միացյալ Ռումինիայի հռչակումից հետո Բրաշովի բնակիչները 1918 թվականին ամրոցը նվիրեցին թագուհի Մարիին` ի նշան սիրո և նվիրվածության: 20-րդ դարի կեսին այն կրկին ցանկացան վաճառել, սակայն իշխանություններն ամրոցը փոխանցեցին օրինական տերերին` Գոգենցոլերների ազնվական ընտանիքին` արքայադուստր Իլեանայի հետնորդներին: Հետագայում ամրոցն անցավ պետության ձեռքը` դառնալով Ռումինիայի զբոսաշրջության կենտրոնը: Այսօր պետությունը և հատկապես համայնքի իշխանությունն առանձնակի խնամքով են վերաբերվում ամրոցին ու աչքի լույսի պես պահպանում են այն: Ամրոցին հարող տարածքում սրճարանները մատների վրա կարելի է հաշվել, որովհետև պետք է պահպանել պատմական շունչը: Ռումինացիները վաղուց են հասկացել, որ Դրակուլայի պատմություններով կարելի է լուրջ գումարներ վաստակել: Մարդու երևակայությունը նոր լեգենդների է ծարավ, ռումինացիներն էլ երբեք չեն զլանա այն հագեցնել կոմս Դրակուլայի ահասարսուռ ու եկամտաբեր պատմություններով:

Հեղինակ` Արևիկ Բադալյան
newmag #14

Գրել կարծիք