Ալֆրեդ Դանհիլ. «Արա` ինչ բոլորը, բայց շատ ավելի լավ…»

Ալֆրեդ Դանհիլ. «Արա` ինչ բոլորը, բայց շատ ավելի լավ…»

Նրա խանութում պատվավոր հաճախորդներ էին Ուինսթոն Չերչիլը և Ռուդյարդ Քիպլինգը:

Շատերի համար «Dunhill» անուսն ասոցացվում է թանկ ծխամորճերի, սիգարետների և ծխելու հետ կապված այլ պարագաների հետ, սակայն այդ ապրանքանիշն իր պատվավոր տեղն է զբաղեցնում շատ ավելի մեծ շրջանակի ապրանքների վրա: Այս մասին գիտեն քչերը, քանի որ միայն սահմանափակ թվով մարդիկ են կարող իրենց թույլ տալ այն ապրելաոճը, որր թելադրում է «Dunhill»-ն` իր հիմնադիր Ալֆրեդ Դանհիլի սեփական օրինակով:

Սկիզբը

dunhillԱլֆրեդ Դանհիլը ծնվել է 1872 թվականին Լոնդոնում, հաջողակ ձեռներեց Հենրի Դանհիլի ընտանիքում: Արդեն 15 տարեկանում նա սկսեց զբաղվել ընտանեկան բիզնեսով, և նժույգների ու կառքերի պարագաներ արտադրող արհեստանոցը շատ արագ վերածվեց ժամանակակից ու արագ զարգացող կազմակերպության: 20-րդ դարն իր հեղափոխական ավտոմոբիլաշինությամբ այդպիսի շատ ձեռներեցների կանգնեցրեց սնանկացման առջև, բայց ոչ Դանհիլին: Նա արագ գլխի ընկավ, որ նժույգների դարաշրջանն անցել է:

Մոբիլաքսեսուարների գաղտնիքը

1902-ին, երբ տեղի ունեցավ առաջին ավտոմեքենայի շնորհանդեսը, ավտոսիրահարների համար բացվեց «Dunhill Motorities» խանութը: Առաջին մոբիլները նման էին պարզապես ակեր, շարժիչ ու ղեկ ունեցող տուփերի: Եվ միայն Դանհիլի խանութում էր վաճառվում այն ամենն, ինչը կարող էր հարմարավետ դարձնել վարորդների երթը: Առաջինը Դանհիլն առաջարկեց լուսարձակների, ձայնային ազդանշանների և հետ նայող հայելու նախատիպերը: Նրա հաշվարկները ճիշտ դուրս եկան, քանի որ դարասկզբին մեքենան ոչ թե փոխադրամիջոց էր, այլ շքեղություն, որի համար վճարողներ միշտ էլ գտնվում են:

Վարորդի ծխամորճի գաղտնիքը

dunhill pipeՄի օր լսելով հուսահատ վարորդների զրույցը, որ հարմար չէ ծխամորճը ծխել վարելու ընթացքում (այն ժամանակ մեքենան դիմապակի չուներ), Դանհիլը մշակում է ծխամորճի մի նոր մոդել, որի վերջույթը բարձրանում էր վերև` վարորդին պաշտպանելով քամուց քշվող մոխրից և կրակի պեծերից: Հենց դա էլ դարձավ լեգենդար ծխամորճի արտադրության առաջին քայլը: Գործն ընդլայնվեց ու ներառեց նաև սեփական բաղադրատոմսով ծխախոտի արտադրությունը: Առաջին մասնագիտացված խանութը բացվեց 1907 թվականին, ծխախոտն իրապես գնահատողները կարող էին այստեղ գտնել ամեն ինչ` իրենց «վատ հակումն» ավելի հաճելի դարձնելու համար:

Ծխախոտի բաղադրության գաղտնիքը

Ալֆրեդն իր մշտական հաճախորդներին ծխախոտ էր տրամադրում նրանց նախասիրությամբ` իրենց իսկ բաղադրատոմսերով, իսկ մյուսներին առաջարկում էր իրենց ոճին և ճաշակին համապատասխան խառնուրդներ: Դրանք CHURCHILLնա գրանցում էր իր գրքում, որը կոչվեց «Իմ խառնուրդները»: Խառնուրդներին տալիս էր հերթական համարներ («Ստանդարտ խառնուրդ №965»), իսկ ամենահաջողվածները տպավորիչ անուններով էր կնքում. «Արքայական նավ», «Գիշերային թասակ»… Այդ հավաքածուն այժմ բաղկացած է ավելի քան 35 հազար բաղադրատոմսերից: Նրա խանութում պատվավոր հաճախորդներ էին Ուինսթոն Չերչիլը և Ռուդյարդ Քիպլինգը, ինչպես նաև ամբողջ Անգլիական թագավորական պալատը:

Ծխամորճի կատարելության գաղտնիքը

Դանհիլը 1910-ին հիմնեց ինքնատիպ ծխամորճերի սեփական արտադրությունը: Նա անձամբ էր վերահսկում արտադրության բոլոր փուլերը` նյութերի ընտրությունից մինչև վերջնական տեսքը, և վաճառքի համար ընտրում էր միայն կատարյալները, իսկ մնացածները, նույնիսկ չնչին թերությունների դեպքում, վաճառվում էին ցածր գներով և այլ ապրանքանիշի տակ, քանի որ «Dunhill» ապրանքանիշը կրելու բարոյական իրավունք չունեին: Էբոնիտե և վուլկանիտե (հետագայում փղոսկրե) մունդշտուկները պատրաստվում էին ձեռքով և բացառիկ ճշտությամբ հարմարեցվում էին յուրաքանչյուր ծխամորճի: Կցվող հատվածների վերին մասում դրվում էր սպիտակ կետ, որի շնորհիվ էլ մասերը ճշգրտորեն ագուցվում էին: Այս կողմնորոշիչ կետը հետագայում դարձավ նրանց ֆիրմային նշանը:

«Հավերժական» կրակայրիչի գաղտնիքը

dunhill2Ուլլի Գրինվուդը պատերազմի ժամանակ կորցրել էր ձեռքը և չէր կարողանում ինքնուրույն վառել գլանակը: Սա մի ինժեների մղեց ստեղծել մի սարք, որի օգնությամբ հնարավոր կլիներ դա անել մեկ ձեռքով: Ինժեներն այս գյուտն առաջարկեց Դանհիլին, և հայտնվեց աշխարհում առաջին կրակայրիչը, որն աշխատում էր բենզինով: Լեգենդար կրակայրիչի առաջին օրինակը պահպանվում է ընկերության թանգարանում: Նորույթն իսկական իրարանցում առաջ բերեց աշխարհում, և 1957 թվականին սկսվեց գազով կրակայրիչևերի զանգվածային արտադրությունը: Չնայած այդպիսիք կային արդեն 10 տարի` «Դանհիլի» մոդելներն ամենավստահելին էին: Հենց «Դանհիլի» կրակայրիչների մասին են պատմում, որ արդեն մեկ ամիս ջրասույզ եղած սուզանավի հրամանատարի գրպանում հայտնաբերվել է աշխատող կրակայրիչ, իսկ մյուս պատմությունն էլ մեզ տեղափոխում է Հարավային բևեռ, որտեղ ջերմաստիճանը իջնում էր -50°C-ից, բայց բևեռախույզների հրամանատարի կրակայրիչը գործում էր անխափան:

Անհավանական նմուշների գաղտնիքը

«Դահիլ» ընկերության լոնդոնյան թանգարանում հավաքված են բոլոր այն նմուշները, որոնք ժամանակին անհավանական են թվացել մարդկանց կամ հրճվանք են պատճառել գյուտարարներին: Օրինակ` Վիկտորյա թագուհու դստեր պսակադրության համար պատրաստված հատուկ ծխամորճը, Նորին գերազանցություն Գեորգ 4-րդի և Ուելսի արքայազնի անձնական ծխամորճերը կամ բամբակե ֆիլտրով առաջին գլանակը: Թանգարանի հարյուր հազարավոր այցելուների համար այս ամենը և արվեստի ստեղծագործություններ են, և նորարար ու գյուտարար մտքի արգասիք, և մարդկային երևակայության թռիչքի գագաթնակետ:

«Նրբաճաշակ իրերի կայսրության» գաղտնիքը

Ալֆրեդ Դսւնհիլը մահացավ 1959 թվականին, և ընտանեկան բիզնեսն անցավ իր որդիներին ու թոռներին: Դանհիլի «կայսրությունն» այսօր ունի երկու ընկերություն. “Alfred Dunhill Pipes Ltd”, որն արտադրում է ծխախոտ ու հարակից պարագաներ, և “Alfred Dunhill”, որը նույնանուն ապրանքանիշով արտադրում է հագուստ, օծանելիք, կաշվե իրեր, ոսկերչական զարդեր:

Հեղինակ` Էդուարդ Քանքանյան
newmag #05

Գրել կարծիք