Էդուարդ Ղազարյան. Անտեսանելի աշխարհի հրաշագործը

Էդուարդ Ղազարյան. Անտեսանելի աշխարհի հրաշագործը

Երկարակեցության գաղտնիքը բացահայտած վարպետն ապրեց 89 տարի: Հարցազրույցն արվել է, երբ նա 85 տարեկան էր:

Նա համաշխարհային համբավ ունի:
Նրան համարում են միկրոմինիատյուրայի հիմնադիր:
Նրա անունը հաճախ է հիշատակվում Գինեսի ռեկորդների գրքում:
Նա տաղանդավոր է արվեստի շատ բնագավառներում` ջութակի վարպետ է, երաժիշտ-կատարող, քանդակագործ, գեղանկարիչ, ծաղրանկարիչ, գրող:
Նրա մասին վավերագրական ֆիլմեր են նկարահանվում, գրքեր տպագրվում, հոդվածներ հրատարակվում:
Նրա գլուխգործոցները հիացնում և ապշեցնում են մարդկանց:
Նրա գործերը ցանկալի ընծա են պետությունների ղեկավարների համար:
Նա Էդուարդ Ղազարյանն է. նա հրաշագործ է:

200 հանճարներից մեկը

Անգլիայում կա կենսագրությունների համաշխարհային կենտրոն, որտեղ ուսումնասիրում են մոլորակի բոլոր հանճարեղ մարդկանց կենսագրությունները` Արքիմեդից, Լեոնարդո դա Վինչիից մինչև մեր ժամանակները: Ընտրվել է 5.000 հանճար: Ցանկը սեղմելուց հետո մնացել են երկու հազարը: Սրանցից էլ ընտրվել է 200 հանճար, և այդ շարքում իր տեղն է զբաղեցրել էդուարդ Ղազարյանը:

Ջութակի վարպետը

– 6 տարեկանից ջութակ նվազել եմ սովորել: 13 տարեկանում սեփական ձեռքերով պատրաստել եմ իմ առաջին ջութակը: Վարպետության դասեր էի առնում հայտնի պրոֆեսորի մոտ, բայց նրա ջութակը ավելի լավ էր հնչում, քան իմը: Որոշեցի ինձ համար գործիք պատրաստել: Ձեռքիս տակ միայն հացի դանակ կար, ուրիշ գործիք չունեի: Դրանով էլ պատրաստեցի: Եվ ստացվեց իմ ուզածը:

20 տարեկանում նրան գործուղեցին Մոսկվա` Մեծ թատրոնի ջութակի վարպետների մոտ հմտանալու: Մասնագիտանալուց հետո վերադարձավ, սկսեց լարային գործիքներ պատրաստել սիմֆոնիկ նվագախմբերի համար` ջութակ, ալտ, թավջութակ: Շատերը դրանցով մասնակցեցին միջազգային մրցույթների և մրցանակներ նվաճեցին:

Պայտած լվերը ֆուտբոլ են խաղում

Վարպետի աշխատանքները կարելի է տեսնել միայն հարյուրապատիկ մեծացնող խոշորացույցով: Ես տեսա կարմիր վարդերի փունջը` պատրաստված ձկան թեփուկներից, տեսա հանրահայտ քարավանը` 9 ուղտով և 2 բեդվինով, թանկ քարերից պատրաստված արմավենիներն` ասեղի անցքում, մարդու մազի մեջ տեղադրված ոսկու փոշուց պատրաստված եկեղեցիները, աշխարհի ամենափոքր սրբապատկերը, Չարլի Չապլինի փոքրիկ արձանիկը` ձեռնափայտով, որը պատրաստված է 1 միկրոն հաստության սարդոստայնից: Անչափ մանրագործ այդ աշխատանքների մեջ առանձնանում են պայտած լվերը, որոնք ցատկոտելով ֆուտբոլ են խաղում: Ավելի քան 6 տասնամյակների ընթացքում նրա ստեղծած անսովոր գործերից յուրաքանչյուրը կարելի է գլուխգործոց համարել: էդուարդ Ղազարյանը պատրաստել է ավելի քան 600 միկրոգործ, ընդ որում 60-ը` շարժվող:

1

Հայ մինիատյուրիստը հաճախ է դիմում երաժշտական թեմաների: Պատրաստել է Ստրադիվարիուսի հռչակավոր ջութակի նմանօրինակը` կազմված 56 մանրամասնիկներից, ստեղծել է Պագանինիի քանդակը` տեղակայելով ասեղի անցքում: Ստեղծել է միկրոգործեր և իսկական երաժշտական գործիքներ: Նա պատրաստել է 500 դասական ջութակներ, ալտեր և թավջութակներ: Բայց նրա հավաքածուն ունի երաժշտական առանձնահատուկ գործիք` ավտոմատ (ինքնաձիգ): Դրանով չի կարելի կրակել, բայց կարելի է ուրախացնել երաժշտություն լսողներին: Ինքնաձիգի իրանում տեղադրված են երաժշտական 40 տարբեր գործիքներ` պատրաստված արժեքավոր փայտից, ամենափոքրը 16 միլիմետրանոց ջութակն է: Բոլորն էլ նվազող են: էդուարդ Ղազարյանը ստեղծել է «Դվին» եզակի գործիքների քառյակը, որի լարային երգեհոնը բացառիկ է:

Ինչպես սկսվեց

Միկրոքանդակներ էր պատրաստում դեռ դպրոցում. դրանք հիմնականում կավճից դիմաքանդակներ էին: Հետո տարվեց նամականիշների պատկերները շատ փոքրացրած չափերով արտանկարելով: Ստացվում էին փոքրիկ նամականիշներ:

– Առաջին գործս փոքրիկ ջութակ էր` 14 միլիմետրանոց, որն ամրացրել էի ասեղի ծայրին ու դրել ապակե զանգի տակ. այն ցուցադրվում էր Երևանի ժողստեղծագործության տանը: Հետո եղավ պողպատե տրակտորը: Այն տարիներին լոզունգներ շատ կային: Դրանցից մեկն էլ «Ավելի շատ հաց հայրենիքին» կոչն էր: Մտածեցի` ինչ պատրաստեմ: Գնացի գյուղմեքենաների կայան, տրակտորներն ուսումնասիրեցի, նկարներ արեցի ու սարքեցի տրակտոր` ցորենի հատիկից երեք անգամ փոքր, վրան դրոշ ամրացրի, գրեցի` «Ավելի շատ հաց հայրենիքին»: Մի քանի ամիս հետո ժողստեղծագործության տան աղջիկները տեղեկացրին, որ տրակտորը շարժվել, շուռ է եկել: Զարմացա. շարժիչը չէի տեղադրել, այդ ոնց է եղել: Գնացի տեսա` ցորենը խոնավությունից ծլել է և տրակտորի ծանրության տակ շրջվել: Լրագրողները կատակեցին, թե, ուրեմն` հացը շատացել է: Ապահովության համար ցորենի հատիկը պատրաստեցի փայտից:

3

ՏԱՍՍ-ը հաղորդեց

«Աշխարհի անհավատալի փոքր տրակտորը և ջութակը Հայաստանում են, որոնք հնարավոր է տեսնել միայն հարյուրապատիկ խոշորացմամբ»: Հայաստանում ապրող հրաշագործ վարպետի մասին իմացավ ամբողջ աշխարհը: Այս հաղորդագրությունը
տպագրեց նաև գերմանական «Բեռլիներ ցայտունդ» օրաթերթը: Գերմանացի ընթերցողները չհավատացին Մոսկվայի հաղորդագրությանը: Խմբագրությունը վարպետից հաստատում հայցեց:

– Մտածում էի` ինչպե՞ս պատասխանեմ: Մորս հագի կապույտ ջեմպերի վրա մի երկար սպիտակ մազ էր ընկել, վերցրի, որ դեն գցեմ: Այդ պահին միտք ծագեց. պատասխանը գրել մազի վրա: Մազից մեկ սանտիմետր կտրեցի, վրան թանկարժեք քարերով գրեցի` «Եղբայրական ողջույն գերմանական ժողովրդին հայ ժողովրդից»: Ուղարկեցի: Ստացան, թերթում հոդված տպագրեցին. «Հեքիաթները երբեմն իրականություն են դառնում»: Իմ այս գործի ցուցադրությունը կազմակերպեցին Բեռլինում: Մարդիկ օրերով հերթ էին կանգնում այն դիտելու համար: Շնորհակալական նամակ գրեցին Հայաստան և հարցրեցին, թե ի՞նչ նվեր կցանկանայի ստանալ: Այս պատմությանը քաջատեղյակ էր մեր կառավարությունը. անհանգստացան, որ Գերմանիայից կգան, կտեսնեն, որ նկուղում եմ ապրում: Մի շքեղ բնակարան հատկացրին ինձ: Ի պատասխան, ես էլ իմ նվերը պատրաստեցի, մազը ծակեցի, ներսում տեղագրեցի 75 վագոն, 2 շոգեքարշ և ուղարկեցի Գերմանիա:

Վարպետը հռչակվեց նաև կտրած բրնձահատիկի վրա ստեղծած «Մոնա Լիգայի» պատկերով, որն այժմ պահվում է Լուվրում: Վարպետը Գինեսի գրքում առաջին անգամ գրանցվեց, երբ պատրաստեց աշխարհում ամենափոքր ջութակը, որը կարելի է նվազել: Այդ հրաշք-գործիքի երկարությունը 7 միլիմետր է: Հանրահռչակ միկրոմինիատյուրիստ էդուարդ Ղազարյանի անունը հաճախ է հիշատակվում Գինեսի ռեկորդների գրքի ռուսական տարբերակում, որտեղ 9 հոդված կա նրա արվեստի մասին: 8մմ երկարություն ունեցող մազի վրա պատկերել է հայ ժողովրդի պատմության բոլոր ժամանակների լավագույններին` փիլիսոփաներ, գիտնականներ, բանաստեղծներ, նկարիչներ: Մատենադարանից ներկայացված ցանկով 62 հանճարների դիմանկարներն` իր պատկերացմամբ:

– Ինձ կանչեցին Մոսկվա` Խրուշչևի մոտ, և պատվիրեցին պատրաստել հատուկ նվեր Աֆղանստանի թագավոր Մուհամեդ Զաքիր Շահի համար: Ասացին` ամերիկացիներն այնտեղ ուզում են հրթիռներ տեղակայել, այնպես պետք է անենք, որ աֆղանստանցիների թագավորին գրավենք մեր կողմ: Ինձ համար ստեղծեցին բոլոր պայմանները, անգամ «Չայկա» մեքենա տրամադրեցին: Բրնձի վրա գրեցի հռչակագրի տեքստը` 850 բառ: Խրուշչևը տեսավ, զարմացավ: Նրա համար էլ էի նվեր պատրաստել, օնիքսից խաղողի ողկույզ էր: Ասաց` ոնց որ իսկական լինի, անգամ կորիզներն են երևում: Մի պատվեր էլ տվեց: Ասաց, որ միտք ունի լաստանավային կամուրջ գցել Բերինգի նեղուցով և առևտուր անել Ամերիկայի հետ: Անցա գործի: Բրինձը չորս կողմից տաշեցի, մի կողմում պատկերեցի Կրեմլն` իր ժամացույցով, մյուսում` ոսկուց Ազատության արձանը, երրորդում` երկրագունդը գունավոր քարերով և Բերինգի նեղուցը, որի վրայով ճախրում էր խաղաղության աղավնին, չորրորդ կողմում թանկագին քարերով գրեցի, «ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն խաղաղություն են ցանկանում»: Երկրի ղեկավարը շատ հավանեց: Ցուցադրեցին Ամերիկայում, ներկայացրին տարվա երևույթ մրցանակին, բայց քանի որ առաջադրել էին դաշնակցականները, Խորհրդային Հայաստանի կառավարությունը խոչընդոտեց մրցանակ ստանալուն:

2

Գաղտնիքը կբացահայտվի 7.000 տարի անց

Նրա աշխատանքների հրաշքն այն է, որ դրանք շարժվում են: Մազի մեջ տեղադրված է հեռուստացույց, որի վրա հաջորդաբար հայտնվող պատկերները շարժվում են: Ալբերտ էյնշտեյնի աշակերտ, 82-ամյա գիտնական Ալեքսանդր Օտտո Ստինը նրա աշխատանքները դիտելուց հետո տպավորությունների մատյանում գրառեց.

Ղազարյանի աշխատանքների սկզբունքը գուցե բացատրվի միայն 9.000 թվականին, եթե գիտությունը զարգանա ներկա տեմպերով:

Նա կուլ տվեց 11 սովետական կին

Միացյալ Նահանգներում կազմակերպվել էր Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին նվիրված մեծ ցուցադրություն, որտեղ պետք է ներկայացվեին Խորհրդային կայսրության նվաճումները: Նրա առջև խնդիր դրեցին զարմացնել ամերիկացիներին:

– Ես պատրաստեցի խորհրդային հանրապետությունները խորհրդանշող 15 պարող աղջիկների ֆիգուրները: Մազի վրա դրանք սոսնձելուց հետո ինձ թվաց` արդեն սոսինձը չորացել է. դիմակս հանեցի և հանգիստ շունչ քաշեի, հանկարծ տեսա, որ 15 աղջիկներից միայն 4-ն էին մնացել: Ստիպված եղա նորից պատրաստել: Նման պատմություններ շատ են լինում:

Միկրոմինիատյուրներ երբևէ չտեսած մարդուն շատ դժվար է պատմել, թե ինչ է դա: Առավել դժվար է հասկանալ, թե ինչպես են այդ հրաշքները լույս աշխարհ գալիս: էդուարդ Ղազարյանը ոչ մեկին թույլ չի տալիս իր արվեստանոց մտնել: Թեթևակի շարժում, և մանրագույն մասնիկները կարող են անհետանալ: Մի անգամ` անզգույշ շունչ քաշելու ժամանակ, կորավ մարդու մազի երկայնական կտրվածքի վրա արված նկարը: Այդ պատճառով վարպետը նախքան հերթական նոր աշխատանքն սկսելը պարտադիր թանզիֆի դիմակ է կապում և ձեռքերի դիրքը հաստատուն պահող հենակներ է օգտագործում: Գործիքները, որոնցով աշխատում է Ղազարյանը, հենց ինքն էլ պատրաստում է: Դրանք նույն շաղափները, հատիչներն ու ունելիներն են, բայց տասնապատիկ փոքրացրած: Օրինակ, ստեղծել է այնքան բարակ ասեղ, որով կարելի է մարդու մազը ծակել երկարությամբ:

4

Ավելի շուտ քարավանը կանցնի ասեղի անցքով, քան…

Վարպետի համար խնդիր չի ուղտերի ամբողջ քարավանն անցկացնել ասեղի անցքի միջով: Չէ՞ որ և՛ կենդանիները, և՛ ուղեկցորդները, և՛ ուղեբեռը պատրաստված են մազից: Մանրագործի աշխատանքում բարդությունները բազմաթիվ են: Դրանցից մեկն էլ սեփական սիրտն է: Սրտի յուրաքանչյուր զարկը կարող է ոչնչացնել միլիմետրի տասնորդական հատվածի վրա կենտրոնացված աշխատանքը: Վարպետն աշխատում է մանրադիտակով, սրտի զարկերի դադարների ժամանակ: Աշխատելու պահերին ոչ ոք իրավունք չունի ներկա լինել արվեստանոցում. օդի աննշան շարժն անգամ կարող է «ավերել» ստեղծագործությունը:

Վիոլա պոմպոզա

Բախի երազանքն իրականացրեց մեր հայրենակիցը: Նա հնչեցրեց Բախի նախագծած, բայց երեքհարյուրամյա լռության մատնված վիոլա պոմպոզան: Հանճարեղ Բախն ու Բեթհովենը նույնպես նվագում էին ալտ, բայց նվագախմբում գործիքի ձայնը բարձր չէր հնչում, թեև հոգեթով հնչողություն ուներ: Բախը, ցանկանալով ուժգնացնել ալտի ձայնը, մեծացրեց գործիքի չափերը: Գծագրերը հանձնեց ջութակի վարպետ Հոֆմանին: Նա գործիքը պատրաստեց հանճարեղ կոմպոզիտորի գծագրերին խիստ համապատասխան, բայց նվազել հնարավոր չեղավ: Խախտվել էր համամասնությունը: Գործիքը ստացվել էր մեծ, կոթը` կարճ:

– Հայթայթեցի այդ գծագրերը, ուսումնասիրեցի, Բախի սխալը շտկեցի. հնչողությունը մնաց նույնը, իսկ նվազելը դարձավ հարմար: Այժմ այս բացառիկ գործիքով համերգներով հանդես եմ գալիս շատ երկրներում` արժանանալով հիացական գնահատականի, իսկ Հոֆմանի պատրաստածը ոչ մի անգամ չնվագեց և այժմ պահվում է Բելգիայի թանգարաններից մեկում:

5

Հոռոմլեսի պատմությունները

Փոքր ժամանակից նա սիրում էր իր հասակակիցներին զբաղեցնել պատմություններով, որոնց հերոսը Հոռոմլեսն է: Նա իր հավատարիմ ընկերների հետ բազմաթիվ արկածների մեջ է ընկնում և պատվով դուրս գալիս: Մի խոսքով, հայկական Հարրի Փոթեր:

– Տպագրվելուց հետո իմ Հոռոմլեսը կգերազանցի Հարրիին ու կթարգմանվի աշխարհի լեզուներով: Կինս ինձ միշտ ստիպում էր գրի առնել դրանք: Գլուխ չէի դնում: Մի օր էլ որ շատ ստիպեց, ասացի` նուշի թխվածքաբլիթ առ ինձ համար, կգրեմ: Առավ, կերա, բայց չգրեցի, մուսաս չեկավ: Մի անգամ էլ առավ, կերա, դարձյալ չհաջողվեց գրել: Երրորդ անգամ մուսաս առանց թխվածքաբլիթի եկավ, և արդեն թուղթը հերիք չարեց: Ես շատ արագ եմ գրում, Լենինից էլ արագ:

Նրա մյուս գիրքն արդեն դարձել է փնտրվող և ոչ միայն Հայաստանում: Մինչև հիմա օվկիանոսի այն կողմից երախտագիտական խոսքերով, հաճախ էլ խորհուրդներ ստանալու խնդրանքով հեռախոսազանգեր են հնչում: Երկարակեցության գաղտնիքների մասին է այդ գիրքը: էդուարդ Ղազարյանը հավատացած է, որ մարդը կարող է 300 տարի ապրել:

– Շատերի համար երկարակեցությունը երազանք է, որը, սակայն, իրականություն կարող է դառնալ: Առավել արդյունքի հասնելու համար երկարատև կյանքը պետք է ծրագրել և այդ ուղղությամբ պետք է աշխատել դեռևս երիտասարդ տարիքից: Մարդ արարածն իր վրա պետք է աշխատի «ծննդից մինչև հոգեհացը»: Սակայն մարմնի առողջացման որակը բարելավելու միջոցով դրական որոշակի արդյունքի կարելի է հասնել նաև ավելի ուշ տարիքում:

Տարիներ առաջ, երբ ես ծեր էի` 80 տարեկան, գլուխս մանրադիտակին կպցրած աշխատում էի օրը 15 ժամ և ստեղծում էի հրաշքների իմ աշխարհը: Այնքան էի տարված իմ սիրելի գործով, որ չգիտեի, թե շուրջս ինչ է կատարվում: Հանկարծ իմացա, որ սիմֆոնիկ նվագախմբի երբեմնի իմ գործընկերները վաղուց մահացել են: Սարսափեցի, ուրեմն ես էլ վաղուց մահացած պիտի լինեի, բայց մոռացել էի և շարունակում էի լարված ու տարված աշխատել` կարծելով, թե կյանքը դեռ առջևում է: Մոռացել էի, որ մահ գոյություն ունի: Բա որ հանկարծ ես էլ նրանց պես մեռնեի՞, ո՞վ պիտի իմ բազմաթիվ մտահղացումներն իրագործեր: Եվ որոշեցի մի բան ձեռնարկել կյանքս երկարացնելու համար: Նախ` մանրամասն ուսումնասիրեցի կենդանական աշխարհը, կարդացի շատ գրքեր բժշկության և երկարակեցության մասին, հավաքեցի հետաքրքիր տեղեկություններ աշխարհի ամենաերկարակյաց մարդկանց մասին: Ուսումնասիրելով և վերլուծելով առողջացման բազմաթիվ համակարգեր, ստուգելով սեփական օրգանիզմիս վրա` առանձնացրել եմ որոշ միջոցներ, որոնք էապես ազդում են մարդու մարմնի առողջացման որակին` երկարակեցությանը:

6

Առանց հարկի

Նրա աշխատանքները ցրված են աշխարհով մեկ: Վարպետը փափագում է դրանք մեկտեղված տեսնել, ապահով մի ցուցասրահում` հայաստանցիներին և մեր հյուրերին հպարտությամբ ներկայացնելու համար:

– Մի ժամանակ ՀՀ կառավարությունն Աբովյան 12 հասցեում սրահ էր հատկացրել դրա համար, բայց 1988-ից հետո հայաստանյան կուսակցություններից մեկը վերցրեց այն, դարձրեց իր գրասենյակը: Գործերս ձեռք բերելու և թանգարան ստեղծելու առաջարկներ շատ եմ ստացել տարբեր երկրներից: Հիմա ուսումնասիրում եմ դրանք, թե որտեղ առավել բարենպաստ պայմաններ կտրամադրեն` աշխատանքներս լավ պահելու և ցուցադրելու համար:

Մերկուրի մոլորակի քաղաքացին

Նրա աշխատանքները զարմացնում են մարդկանց, բայց ինքը դրանք սովորական է համարում բնության հրաշքների համեմատ:

– Սարդը 30 րոպեում բարդագույն ցանց է գործում, որի մեկ միկրոն հաստություն ունեցող թելը չորս անգամ ավելի պինդ է նույնաչափ լավագույն պողպատալարից: Իմ շնորհքը գալիս է երկնքից: Մեր տոհմում բոլորը հոգևորականներ են եղել, և նրանք մշտական կապի մեջ են եղել հոգևորի և երկնքի հետ: Իմ ազգանունն էլ մի ժամանակ «Տեր» մասնիկն ուներ, որից հրաժարվեցի հետո: Եթե որևէ գործ սկսելիս դժվարության եմ հանդիպում, դիմում եմ Տիեզերքին, չգիտեմ Աստված կա, թե՞ չկա, բայց գերբնական ուժերն ինձ օգնում են: Ընդհանրապես, գիտնականները մի անգամ թվագիտությամբ հաշվեցին և ասացին, որ ես Մերկուրի մոլորակից եմ:

Հրաշագործը համոզված է, որ ինքը երկար է ապրելու, քանի որ դեռ շատ անելիքներ ունի: Եվ շարունակում է ստեղծել իր հերթական գլուխգործոցները:

Հեղինակ` Լևոն Պարոնյան
Լուսանկարները` Վահան Ստեփանյանի

newmag #07

Գրել կարծիք