Էդվարդ Միրզոյան. Մեր հնգյակի մասին Մոսկվայում ասել են «Առմյանսկայա մոգուչայա կուչկա»

Էդվարդ Միրզոյան. Մեր հնգյակի մասին Մոսկվայում ասել են «Առմյանսկայա մոգուչայա կուչկա»

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մոնոլոգը բնության և ընկերների, «Քաոս»-ի երաժշտության ստեղծման մասին: Մոնոլգն արվել է նրա մահից 4 տարի առաջ:

դրախտը
Ինձ մտահոգում է ոչ միայն մեր երկրի վիճակը, ինձ մտահոգում է մեր աշխարհի վիճակը: Աշխարհի բնության վիճակը, էկոլոգիան տասնամյակների ընթացքում շատ են փոխվել, և չեմ հասկանում մի բան. եթե մարդիկ չկարողանան համախմբվել, պահպանել բնությունը, ի՞նչ է սպասվում այդ բնությանը, որն ինքնըստինքյան հրաշք է տիեզերքում: Հրաշք է, որովհետև ուրիշ հրաշք չգիտեմ: Մարդիկ ենթադրություններ են անում, խոսում են օտար մոլորակների մասին: Եղածը սա է` մեր մոլորակը, որը համարում եմ դրախտ և մտահոգված եմ այդ դրախտի համար ու հաճախ եմ այդ դրախտի մասին խոսում, հաճախ եմ մտածում, թե ինչպես է մարդն օգտվում այդ դրախտից: Հիմա շատ են խոսում, թե ի վերջո ինչ է կրոնը, դժոխքը, դրախտը: Ես դաստիարակությամբ և մտածողությամբ աթեիստ եմ ու միաժամանակ ոչ մի դեպքում չեմ ժխտում հոգևորը: Հոգևորի և կրոնի միջև մեծ տարբերություն կա: Ես հոգևորի կողմնակից եմ:

Արարատը
Ժամանակակից Երևանը ձևավորվում է: Լավատես եմ, հավատում եմ, որ պետք է լավ լինի: Հիմա ասում են` հիշո՞ւմ եք` ինչ էր Երևանը: Համաձայն չեմ, ամեն ինչ կար, լավը, վատը՝ սկսած էրեբունիից: Մեր Երևանի հրաշքը գիտե՞ք որն է: Այն, որ Երևանը նայում է Արարատին: Դա հրաշք է, որը մեծարել են մեծերը, Մարտիրոս Սարյանն օրինակ: Երևանի ֆոնը Արարատն է: Աշխարհում այդպիսի լեռ չկա: Ես մտահոգված եմ, որ երևի կգան ժամանակներ, երբ Արարատի ձյունը կհալչի, ու դա կլինի աղետ: Ես մտածում եմ, որ կան երկրներ, որոնք ինչ-որ ձևով գտել են եղանակներ, որ ապրելու ձևը լինի մարդկային, օրինակ` Շվեդիան, Նորվեգիան: Դա մի մեծ ընթացք է: Ցավոք, մենք շատ հեռու ենք, որ հասնենք նրանց, սարսափելի հեռու ենք:

դեմ եմ
Սովետի տապալվելը շատ բնական էր, այն պետք է տապալվեր: Ինչո՞ւ: Որովհետև հասարակությունը սկսեց պառակտվել այն աստիճան, որ ամեն ինչ տեղի էր ունենում կաշառքով: Ես համարում եմ, որ Սովետն ունեցել է ռեժիմ, որն ինչ-որ դրական բաներ ուներ, բայց շատ սոսկալի ողբերգություն էր: Ռեժիմը պետք է հանվեր, և մնար համակարգը: Ես սոցիալիզմի կողմնակից եմ, ես դեմ եմ կապիտալիզմին: Կապիտալիզմը մարդկության պատմության ընթացքում ամենադաժան սիստեմն է, որի սկզբունքը հստակ ձևավորված է. գրպանում դրամ ունես, մարդ ես, չունես, մարդ չես:

իմ դպրոցը
Ես սովորել եմ Կրուպսկայայի անվան դպրոցում, որն այն ժամանակ «ցուցադրական դպրոց» էր: Չտեսնված ուսուցիչներ կային: Այսօրվա դժվար պայմաններում էլ ունենք հրաշալի մանկավարժներ, որոնք կոչումով են մանկավարժ: Մանկավարժը բարձրագույն կոչումն է, ու աշակերտն ունի շատ սիրելի և պակաս սիրելի դասատուներ ու պաշտում է հաճախ այն դասատուին, որն ավելի խիստ է, բայց խելացի և արդար: Դպրոցը միշտ եղել է դարբնոց, որտեղ դաստիարակվել է մեր ժողովրդի վաղը: Այդ իմաստով մենք Սովետի ժամանակ ստեղծել ենք հրաշալի դպրոց, որը հետո կորցրինք, հիմա բարեբախտաբար վերականգնում ենք:

Հնգյակը
Տարիների ընթացքում ստեղծվել էր կոմպոզիտորների հնգյակ, այդտեղ մարդիկ մտերիմ են եղել, ճանաչում են ստացել, ընկերություն են արել, վիճել են, մեկ-մեկ խռովել են: Քանի որ Մոսկվայում եղել է կոմպոզիտորների «Մոգուչայա կուչկա», մեր հնգյակի մասին էլ Մոսկվայում ասել են «Առմյանսկայա մոգուչայա կուչկա»: Ես թվեմ հերթականությամբ` նկատի ունենալով տարիքը: Առաջինը` ամենամեծը, Ալեքսանդր Հարությունյանն է, որը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 23-ին: Մի շաբաթ հետո ծնվել է կոմպոզիտոր Դազարոս Սարյանը` Մարտիրոս Սարյանի որդին, հրաշալի կոմպոզիտոր, որը քսանվեց տարի եղավ կոնսերվատորիայի ռեկտոր: Նրանից հետո` հունվարի 21- ին, ծնվել է Առնո Բաբաջանյանը, նրանից հետո` փետրվարի 21-ին, ծնվել է կոմպոզիտոր Արամ Խուդոյանը, իսկ մայիսի 12-ին ծնվել է էդվարդ Միրզոյանը: Ուրեմն` Ալեքսանդր Հարությունյանի և էդվարդ Միրզոյանի միջև տարբերությունն ութ ամսից պակաս է: Միասին շատ գործեր ենք արել: Երիտասարդ սերնդում ունեցել ենք էդգար Հովհաննիսյան, Վաղարշակ Կոտոյան, էդուարդ Բաղդասարյան, Ավետ Տերտերյան, Կոնստանտին Օրբելյան… էնպես որ, սա մի սերունդ է, որը մեծ գործ է արել: Մեր մեջ հակասություններ կային, բայց վերջիվերջո գործեր են եղել, և այդ գործը շարունակվում է, նոր սերունդ կա` Ստեփան Շաքարյան, Մարտին Վարդազարյան:

«Քաոս»
Գիտե՞ք` ինչպես գրեցի «Քաոս» ֆիլմի երաժշտությունը: Ռեժիսորը Լաերտ Վաղարշյանն էր, սցենարիստն էր Վադիմ Մելիքսեթյանը: Նա էր ասել, որ «Քաոսի» երաժշտությունը պետք է գրի Միրզոյանը, Լաերտն էլ, ինձ ճանաչելով, համաձայնել էր: Ես սկսեցի գրել: Հասա մի հատվածի, որտեղ պետք է լիներ Շուշանիկը` այդ վեպի միակ դրական կերպարը, ու որոշեցի գրել սիրո թեմա: Մի օր ցույց տվեցին դերակատար Շուշանիկին` Ալլա Թումանյանին: Ես նրան հեռվից հեռու ճանաչում էի, բայց այդ ֆիլմում որ տեսա` մի իսկական գեղեցկուհի, զգացի, որ իմ Շուշանիկը դա չի: Լաերտին ասացի` գտիր նոր Շուշանիկ, նա էլ թե` չէ, ժամանակ չկա: Ես էլ գնացի Դիլիջանի իմ առանձնատուն, դաշնամուրի մոտ նստեցի, ու ծնվեց այն Շուշանիկը, որը հիմա գոյություն ունի:

Կար մի այսպիսի էպիզոդ. Սմբատը ռեստորանում, արդեն խմած ու բարկացած, մենախոսություն ունի, որ ստեղծել էր Վադիմ Մելիքսեթյանը: Նա և Վաղարշյանը որոշել էին, որ այդ մենախոսության ժամանակ երաժշտություն չի լինելու: Բայց ես գրեցի: Կադրում Սմբատն է: Ստացվեց, որ երաժշտությունն ավելի երկար է, քան Սմբատի մենախոսությունը: Ասացի. «Լաերտ, ես էստեղ երաժշտությունը կկրճատեմ»: Նա այնպես էր տպավորվել իմ երաժշտությամբ, որ ասաց. «Չէ, ես կադրերը կավելացնեմ»: Ու այդպես էլ արեց:

Եկանք Երևան: Հնչյունային ռեժիսորը պիտի ֆիլմը ձայնավորեր: Վադիմ Մելիքսեթյանն ասաց. «Ի՞նչ երաժշտություն կուլմինացիայի ժամանակ»: Ասում եմ. «Լսի՜ր, գրած կա, մի քիչ լսիր»: Նա թե` չէ, չեմ լսի: Ասացի` դու միայն լսիր: Լսելու ժամանակ մեկ էլ հնչյունային ռեժիսորին ասում է. «Սմբատի խոսքերը հանիր»: Մի փոքր էլ է լսում, մեկ էլ ասում է. «էստեղ էլ հանիր»: Եվ այդ մենախոսությունից շատ քիչ բան մնաց: Ասաց. «Լսիր, էս ի՞նչ ես արել, դու ստեղծել ես ռեքվիեմ»: Ես մի տասը-տասներկու ֆիլմի համար երաժշտություն եմ գրել, բայց ամենահաջողված երաժշտությունն այդ ֆիլմինն էր, որովհետև կատարյալ ինտելիգենտ, խելացի մասնագետներ էին նրանք և վիճաբանության մեջ գտնում էին` որն է լավը:

Գրել կարծիք