Էդվարդ Նալբանդյան. «Նախընտրած սպորտը» դիվանագիտությունն է

Էդվարդ Նալբանդյան. «Նախընտրած սպորտը» դիվանագիտությունն է

ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը՝ դիվանագետի իր կարիերայի և կնոջ հետ անցած ճանապարհի մասին:

էդվարդ Նալբանդյանը մեր ամենատիտդոսավոր պաշտոնյաներից է, բառի բուն իմաստով: 25 տարեկանում նա պարգևատրվել է ԽՍՀՄ ժոդովուրդների բարեկամության շքանշանով, որ հազվադեպ էր դիվանագետներին տրվում, այն էլ այդ տարիքի: Նա ֆրանսիական «Պատվո Լեգեոնի Կոմանդոր» է ստացել անձամբ Ժակ Շիրակից: Հոոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրոր­դը նրան շնորհել է «Մեծն Սուրբ Գրիգորի Մեծ Խաչ» շքանշանը, Հայաստանի նա­խագահը «Մխիթար Գոշ» մեդալը: 2011-ին նրան շնորհվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան, 2012-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: 1999-2008 թթ. Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նալբանդյանը համատեղության կարգով մեր երկիրը ներկայացրել է նաև Իսրա­յելում, Վատիկանամ ու Անդորրայամ: Նա նաև Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչն էր Ֆրանկոֆոնիայի մի­ջազգային կազմակերպությունում: 2008-ի ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ արտգործնախարար:

aznavur

էդվարդ Նալբանդյանը Փարիզի դի­վանագիտական շրջանակներում նույն­քան հայտնի է, որքան էր ժամանակին Կահիրեում, որտեղ նա Խորհրդային, այնուհետև ռուսական դեսպանատա­նը թողեց իր խոստումնալից կարիե­րան ու ծառայության անցավ՝ հանուն անկախ Հայաստանի: Փարիզում նրան համարում են մեծ շրջապատի տեր դի­վանագետ: Ֆրանսիայի նախկին նախագահ Շիրակը, որ սովորաբար գովեստներ չի շռայլում դիվանագետների հասցեին, այն էլ օտար, Նալբանդյանին համարում է «փայլուն դիվանագետ»:

Հայաստանը Ֆրանսիայում ներկայացված էր հանձին մի փայլուն դիվանագետի՝ էդվարդ Նալբանդյանի,- ասել էր նա՝ պատասխանե­լով իր ճանաչած նշանավոր հայերի վե­րաբերյալ մի լրագրողի հարցմանը:

1

Նալբանդյանը շատ լավ գիտի Ֆրանսիան, նա մեծ կուլտուրայի տեր անձնավորություն է, որին ես շատ բարձր եմ գնահատում,- նրա մասին ասել է Շիրակի հաջորդի՝  Սարկոզիի մտե­րիմներից մեկը, այն ժամանակ ֆրանսիական աջերի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Ժան-Ֆրանսուա Կոպեն:

Հեշտ չէ մտնել դիվանագիտական զուսպ լեզվին վարժված Նալբանդյանի ներքին աշխարհը, նրանից կորզել իր կյանքի և աշխատանքի մանրամասները: Հատուկ newmag-ի համար այն ժամանակ դեսպան Նալբանդյանը մի քիչ բացել է փակագծերը:

– Դուք արդեն ավելի քան 30 տարի դիվանագի­տության մեջ եք: Ինչպե՞ս սկսվեց այս ամենը: Դուք, ինչպես ասում են, մանկո՞ւց էիք երազում այն:

young– Մոտավորապես նման մի բան: Դպրոցական տարիներին շատ էի կար­դում, ինձ հատկապես հրապուրում էին պատմությունն ու աշխարհագրությու­նը, միջազգային հարաբերություննե­րը: Սկսեցի լրջորեն լեզուներ սովորել, ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն: Այդ տարիներին Երևանի Պուշկինի դպրոցը համարվում էր հանրապե­տությունում լավագույններից, լավ ուսուցչական կազմ կար, դպրոցում մթնոլորտն այնպիսին էր, որ ուղղակի հնարավոր չէր լավ չսովորել: Այդ ժամանակ մտքումս արդեն հստակ որոշել էի, թե ինչ պետք է անեմ. Մոսկվա, Մի­ջազգային հարաբերությունների պե­տական ինստիտուտ: Սակայն այդ տարիներին հեշտ չէր ընդունվել այդպիսի հեղինակավոր կրթական հաստատություն, անգամ գործերդ ընդունելու համար անհրա­ժեշտ էր ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի երաշ­խավորությունը: Կարճ ասած՝ ուղե­գիր, որ Մոսկվան պահանջում էր ոչ ՌՍՖՍՀ-ից եկածներից, քանի որ ՄԳԻՄՕ մուտքը վերջիններիս համար խիստ սահմանափակ էր: Դրա մեջ ինչ-որ մի տրամաբանություն կար, որովհետև ՄԳԻՄՕ-ում պատրաստում էին բարձ­րորակ կադրեր, որոնք հիմնականում լրացնում էին խորհրդային դիվանագի­տության շարքերը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մեծ մրցակցություն կար ընդունելության քննություններին: Մի խոսքով, բա՞խտս բերեց, թե՞ իմ ընդու­նակությունները հաշվի առան, միգուցե երկուսն էլ կային, ընդունվեցի ՄԳԻՄՕ:

– Խորհրդային բարձրաշխարիկ դի­վանագիտական էլիտայի նեղ շրջա­նակ ներթափանցելը հայաստանցի երիտասարդի համար ընդամենը անի­րականանալի երազանք չէ՞ր:

parents– Միայնակ հայ պատանու համար Մոսկվայում հեշտ չէր. ես շուտ էի կորցրել հորս, մորս խնամքին մնացել էինք չորս երեխաներ… Բայց ես ստա­ցա շատ լավ կրթություն: Մեզ դաս­վանդում էին լավագույն մասնագետ­ները, իսկական պրոֆեսիոնալներ, որոնցից շատերն անցել էին դիվանա­գիտության թոհուբոհով: Այնպես, որ ավարտելուց հետո ինձ անմիջապես ուղարկեցին, այսպես ասած, առաջին գիծ՝ Լիբանան, նկատի առնելով, որ ես մասնագիտացել էի Միջին Արևելքի ու արաբական աշխարհի հարցերով և տիրապետում էի արաբերենին: 1978-83 թվականներն էին, արաբ-իսրայելական հակամարտության թեժ շրջաններից մեկը, երբ իսրայելական տանկերն ընդհուպ մոտեցել էին Բեյրութի խորհրդային դեսպանատան մատույցներին: Հիշում եմ, դիվանա­գիտական առաջին «մկրտությունս» ստացա դեսպանատան նկուղում, որ­տեղ դեսպան Սալդատովի հետ մնա­ցել էինք երեք-չորս հոգով, չհաշված մի տասնյակի չափ պահապան զինվոր­ները: Դիվանագիտական անձնակազ­մի մեծ մասն էվակուացվել էր Մոսկվա: Ապրում էինք հենց այդտեղ, մշտական ռմբակոծությունների տակ: Մի քանի ամիս հետո այդ փլատակների մեջ էլ ընդունեցի կնոջս՝ Նատաշային: Նրան դիմավորել էի Դամասկոսում, քանի որ պատերազմի պատճառով Մոսկվա- Բեյրութ գիծը չկար: Արաբ զինվորների ուղեկցությամբ, կրակի տակ, զին­վորական ջիպով հազիվ անցկացրեցի ճակատային գիծը:

israyel

– Ձեր բախտն իրոք բերել է, Դուք էլիտար կրթական հաստատությունից միանգամից ընկել եք իրական կյանքի մեծ դպրոց:

– Կարող եք այդպես ասել, թեև չէի ցանկանա, որ կյանքի նման «մեծ դպրոց» բաժին ընկներ ուրիշներին: Պատերազմը միշտ էլ դաժան է, որտեղ էլ այն լինի, հանուն ինչի էլ այն մղվի: Եվ դիվանագիտության առաքելու­թյունն էլ հենց այն կանխելն է:

hromi pap

– Դիվանագետի առաքելության մա­սին խոսելիս սովորաբար տրվում են խոհափիլիսոփայական մտորումներին ու մանվածապատ ձևակերպումներին: Բայց չէ՞ որ այդ առաքելությունն իրականացնելը նշանակում է ամեն օր անել «այսինչ կամ այնինչ բանը»: Որո՞նք են դրանք Ձեզ համար:

– Բոլոր մարդիկ էլ առաքելություն ունեն, պատասխանատվություն իրենց ընտանիքի, հասարակության առջև: Սակայն դիվանագետի առաքելու­թյունն ի պաշտոնե է: Դեսպանը երկ­րի նախագահի հանձնարարությամբ պաշտոնապես ներկայացնում է իր երկիրը և ժողովուրդը: Հետևաբար նրա աշխատանքից, վարքագծից, հաճախ պահվածքից շատ բան է կախված: Դիվանագետի առաքելությունն իր երկրի բարեկամների քանակն ավելաց­նելն է և նրանց միջոցով երկրի համար նպաստավոր ու շահավետ լուծումներ գտնելը: Կարող է թվալ, թե միջազգա­յին հարաբերությունների մեջ ամեն ինչ ի սկզբանե որոշված է, յուրաքանչյուր երկիր իր կանխորոշված տեղն ունի ու վերջ: Այդպես չէ: Միջազգային հարա­բերություններում չկան մեծ ու փոքր երկրներ, և Հայաստանի կշիռը շատ ավելի մեծ է, քան արտաքուստ կարող է թվալ…

mandela

– Այսինքն՝ երբ Ֆրանսիայի նախագա­հը ընդունում է Հայաստանի վարչապե­տին, դրանով կարելի է դատել մեր երկ­րի միջազգային կշռի մասի՞ն:

– Թեկուզև: Դա կարող եք ցուցիչ­ներից մեկը համարել: Բայց նայեք հայ-ֆրանսիական հարաբերություն­ների դինամիկային, դրանք օրեցօր խորանում են մեր աչքի առջև, բարձրաստիճան այցերը հաջորդում են մե­կը մյուսին, աճում է ֆրանսիական կապիտալի ծավալը Հայաստանում, դրանով նորանոր աշխատատեղեր են ստեղծվում: Ֆրանսիայում Հա­յաստանի տարվա ցանկացած միջո­ցառմանը դահլիճներն ու սրահները լեփլեցուն էին, Հայաստան ժամանող օդանավերը լիքն են, ուրեմն՝ Հայաս­տանը ֆրանսիացիների համար դառ­նում է հետաքրքրության կետերից մեկը… Անկեղծ ասած, այս ամենն ինք­ն իրեն չի ստեղծվում, դրա ետևում կա երկրի աշխատանքը, դիվանագիտա­կան աշխատանք: Այս ամենը նպաստում է, որ Հայաս­տանն առավել բացվի աշխարհի առջև, մեր երկրի արտաքին կապերը դառնան բազմազան, մեր հնարավորություն­ներն առավելագույն չափով դրսևոր­վեն միջազգային բեմահարթակի վրա: Առանց սրանց ժամանակակից աշ­խարհում չի կարող լինել զարգացում: Եվ մեր գործն է կանգ չառնել ձեռք բե­րածի վրա, այլ գնալ առաջ:

haxtanaki kamar

– Ամեն օր՝ աշխատանք, ամեն պահ՝ ձգված լինելու անհրաժեշտություն… Չի՞ հոգնեցնում: Մի՞թե լիցքաթափ­վելու ժամանակ չեք գտնում: Խոստո­վանեք, ինչո՞վ եք ապրում Դուք, ո՞րն է Ձեր հոբբին: Ի՞նչ եք սիրում հագնել, ուտել, տեսնել, խաղալ… Ինչպե՞ս եք հանգստանում: Սովորաբար դիվանա­գետները նախընտրում են «սիգարը, գոլֆն ու թենիսը»…

– Այստեղ Ձեզ պետք է հիասթափեց­նեմ: Տարիներ շարունակ կինս այդ է ասում, որ պետք է կարգին հանգստա­նալ, ուղղակի մի պահ կտրվել ամեն ին­չից: Բայց կյանքի ռիթմը, ցավոք, թույլ չի տալիս դա: Ես գրեթե չեմ խմում և չեմ ծխում: Ոմանք կատակով ասում են, թե իմ «նախընտրած սպորտը» դիվանագիտությունն է: Միակ բանը, որ անում եմ, կնոջս հետ կարճ, կայծակնային ճամփորդություններն են: Ես դասական երաժշտության սի­րահար եմ: Իմ մյուս «հոբբին» կարդալն է, կարդում եմ գիշերները մինչև վաղ առավոտ, և դեռ հասցնում եմ նայել պաշտոնական ու ծառայողական գրու­թյունները, պատրաստել հանձնարա­րություններ, աչքի անցկացնել օրվա միջազգային մամուլը:

komitas

– Ձեր տիկնոջ համար հավանաբար շատ դժվար է «դիմանալ» Ձեր կյան­քի ռիթմին: Թե՞ նրան էլ եք ներքաշում գործի մեջ: Ի՞նչ դեր է խաղում Նա Ձեր առօրյան կազմակերպելու և դիվանա­գիտական աշխատանքի մեջ:

– Շատ մեծ: Գիտե՞ք, այստեղ «կյան­քի ընկերուհի» արտահայտությունն ամենաճիշտն ու ամենաբնորոշն է: Նատաշան նույնպես ավարտել է ՄԳԻՄՕ-ն, տիրապետում է մի շարք լեզու­ների և ինքնուրույն կարող էր փայլուն կարիերա անել: Կյանքն այնպես ստացվեց, որ այդ կարիերան մենք միասին արեցինք, նա ինձ հետևեց ամենուր: Ինքներդ էլ կարող եք պատկերացնել, որ երիտասարդ կնոջ համար ամենևին էլ հեշտ ու հաճելի չէր տարիներ շարունակ բառացիորեն մնալ «կրակի տարափի տակ», խոսքս լիբանանյան շրջանի մասին է, երբ մենք զրկված էինք ամենատարրական հարմարու­թյուններից… Մոտ տասնչորս տարի մենք մնացինք Կահիրեում, որտեղ նրա հետ ուս-ուսի տված ոտքի կանգնեց­րինք Հայաստանի դեսպանատունը՝ բառիս բուն իմաստով ավերակների կույտից: Նատաշան փայլուն հիշո­ղություն ունի, այսպես ասած «քայլող հանրագիտարան է», իր անմիջակա­նությամբ հեշտությամբ կապեր է հաս­տատում, որը մեզ շատ է օգնում գործի մեջ: Որպես դեսպանի կին, նրան «վի­ճակված» է ինձ հետ լինել գրեթե ամե­նուր, նաև կարևոր այցերի ժամանակ: Հավատացեք, դա իսկական ամենօրյա աշխատանք է, «արտաժամից» էլ մի բան ավելի: Այնպես, որ նա մեծ տեղ ու­նի այն ամենի մեջ, ինչին մեզ հաջողվել է հասնել:

mubaraq

– Ձեր կյանքն ու առօրյան տևական հորձանուտի տպավորություն է թող­նում: Դուք Ձեզ վարձատրված զգո՞ւմ եք: Ո՞րն եք համարում Ձեր գործունեու­թյան գնահատականը:

– Ես խուսափում եմ գնահատական­ներից, համարում եմ, որ ամեն մարդ իրեն վիճակված գործն է անում: Սա­կայն մի դեպք մինչև հիմա խորը տպա­վորված է իմ հիշողության մեջ: 2001թ. փետրվարն էր, նոր-նոր ավարտվել էր Հայաստանի նախագահի պետական այցը Ֆրանսիա: Դա շատ մեծ իրա­դարձություն էր. բացի բովանդակու­թյունից, արտաքուստ նույնպես այն շատ տպավորիչ էր: Այցի ընթացքում՝ հինգ օր շարունակ, բոլոր պետական հիմնարկների վրա փողփողում էր հայ­կական դրոշը, Ելիսեյան դաշտերը վե­րից վար ողողված էին հայկական ու ֆրանսիական եռագույներով: Ամենուր մարդիկ մեզ դիմավորում էին խանդա­վառությամբ ու ջերմությամբ: Հուզա­կան լիցքը մեծ էր: Այդ օրերին ես շատ նամակներ էի ստանում, ամեն կողմից՝ շնորհավորանքներ: Սակայն ամենա­մեծ գնահատականն ամփոփված էր մի պարզ նամակի մեջ: Տարեց մի մարդ գրում էր, որ այդ ամենը տեսնելով՝ ին­քը հպարտ է հայ լինելու համար: Նա խոստովանում էր, որ տարիներ շա­րունակ խուսափել է խոստովանել իր հայ լինելը, հեշտ չի եղել գաղթականի կյանքը, չի կամեցել իր շրջապատին և անգամ յուրայիններին խճճել իր դառն անցյալի մեջ… Սակայն վերջա­պես հպարտ է՝ հայոց անկախ պետա­կանության խորհրդանիշը տեսնելով իրեն ապաստան տված երկրի դրոշի կողքին: Եվ այդ օրն էլ իր ընտանիքին բացահայտել է իր հայ լինելը: Հավա­տացեք, այդ պահին ես ինձ լիովին վարձատրված զգացի:

Հեղինակ՝ Համլետ Գասպարյան
Լուսանկարները՝ Էդվարդ Նալբանդյանի անձնական արխիվից

newmag #04

Գրել կարծիք