Եթե ֆադու չես լսել, Պորտուգալիան չես տեսել իր ողջ հմայքով

Եթե ֆադու չես լսել, Պորտուգալիան չես տեսել իր ողջ հմայքով

Ֆադու. Բառերով կամ երաժշտությամբ արտահայտված ճակատագիր: Ալֆամայի ռեստորաններում ու սրճարաններում ամեն երեկո ֆադու են նվագում…

Պորտուգալիայի մշակույթն ու Պորտուգալիա երկիրը սիրելու դրդապատճառները բազմաթիվ են: Այս երկրի մոգական ու մի տեսակ մանկական գեղեցկությամբ հիացել են Թոմաս Մանն ու Ռեմարկը, ովքեր իրենց սիրակարոտ ու արկածախնդիր հերոսներին ուղարկել են հենց Պորտուգալիա` Լիսաբոն: Քաղաք, որի սիրառատ փեշերի տակ այդ նույն հուսահատված հերոսները գտել են փրկություն, կարեկցանք, հանգիստ, սեր… Գտել են իրենց ճակատագիրը:

Ճակատագիրն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պորտուգալական մշակույթի հարուստ էջերում ու եվրոպական այս ամենաարևմտյան երկրով հիանալու ևս մեկ հանգամանք է: Ինչո՞ւ: «Ճակատագիրը» լատիներեն կլինի «ֆատում»: Հենց այսպիսի ծագում ունի հավանաբար պորտուգալական ֆադուն, որը մի բացառիկ երևույթ է:

Ֆադուն յուրահատուկ երաժշտական ուղղություն է, որը ծագել է, կատարվում է ու զարգանում միայն Պորտուգալիայում: Երևույթը զուտ պորտուգալական է, սակայն բազմաթիվ մասնագետներ համոզված են, որ այս, եթե կարելի է ասել, ուղղությունը որոշ դետալներ ակնհայտորեն փոխառել է արաբական, աֆրիկյւսն և բրազիլական մեղեդիներից: Գուցե այդպես է… Բայց ֆադուն այնքան է փոփոխվել ու համեմվել պորտուգալական համ ու հոտով, որ այսօր առաջին իսկ նոտաներից ճանաչելի է յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ ծանոթ է պորտուգալական ազգային մշակույթին և երաժշտությանը:

Լատինական ֆատումի հետ ֆադու բառի արմատական կապն անկարող էր ազդեցություն չունենալ ֆադու ոճի երգերի վրա: Պորտուգալացիները ֆադուի փոխարեն հաճախ ասում են «բառերով կամ երաժշտությամբ արտահայտված ճակատագիր»: Եվ իսկապես այս մելոդիկ, ռոմանտիկ ու տխուր երգերի տեքստերը, որոնք տարօրինակ ազդեցություն են գործում մարդկանց վրա, երբ զուգակցվում են պորտուգալական կիթառի անկրկնելի հնչյունների հետ, ամեն անգամ պատմում են երգի հերոսի ճակատագրի մասին:

Ի դեպ, պորտուգալական կիթառը տարբերվում է կլասիկից: Այն սրտաձև է, չափերով փոքր է, վեցի փոխարեն ունի տասներկու լար, ու հնչողությունն էլ բացարձակ այլ է, քան սովորական կիթառինը: Բոլորն այնքան սիրեցին ֆադու երգերը, որ սկսեցին հայտնվել կատակերգական, ծաղրական ու անգամ քաղաքական ֆադուներ: Սակայն ամենից փնտրվածը միշտ եղել ու մնում են սիրային երգերը, որոնք պարուրված են յուրահատուկ միայնության թախիծով ու գուցե նույնիսկ անհուսությամբ:

Եթե ձեռքիդ ափը դանակով խորը կտրես, բնականաբար անասելի ցավ կզգաս: Բայց կանցնի ժամանակ, ու վերքը կփակվի: Ցավը դեռ կմնա, բայց դե` կզգաս, որ անցնում է: Այ, դա ֆադուն է,-մի առիթով ասել է ֆադուի ամենաճանաչված երգչուհիներից մեկը` Մարիզան:

Երգչուհու խոսքերից գեղեցիկ կարող է հնչել երևի թե միայն նրա արարած ֆադուն: Ֆադուն նման է խոստովանության, այն ասես կատարող երգչի սրտագրությունը լինի (այսպիսի բառ չկա՞): Այս նուրբ, մելանխոլիկ ու անկեղծ երաժշտությունը կարող էր ծնվել միայն հեքիաթային Լիսաբոնի ոչ պակաս հեքիաթային Ալֆամա թաղամասում:

barrio-de-alfama-lisboa3

Ալֆաման` Լիսաբոնի սիրտը, ինքն էլ մի անկրկնելի երևույթ է: Սա միակ թաղամասն է Լիսաբոնում, որ 1755 թվականին ավերակի չի վերածվել լիսաբոնյան հայտնի երկրաշարժի ժամանակ, որից հետո քաղաքը հիմքից են կառուցել: Եթե ողջ Լիսաբոնը հիմա ունի քսանմեկերորդ դարին բնորոշ քաղաքի տեսք, ապա Ալֆամայի փողոցներում դեռևս տասնիններորդ դարն է: Նեղ ու ծուռումուռ փողոցներ, հին ու հալումաշ եղած տներ, բարձունքներ ու փոքրիկ կամուրջներ, անշուք, բայց կոկիկ շատրվաններ ու բազմաթիվ փոքրիկ սրճարաններ, որտեղ էլ մի պայծառ օր ծնունդ է առել ֆադուն…

Որևէ մեկը չի կարող հստակ ասել, թե երբ է ստեղծվել ֆադուն: Բայց հայտնի է, որ իր ծաղկումը ֆադուն ապրել է քսաներորդ դարի կեսին, տխրահռչակ Անտոնիու Սալազարի (1932-1968թթ.) ավտորիտար ռեժիմի օրերին: Ֆադուն դարձավ ժողովրդի խոսքի հիմնական դեսպանն այն ժամանակ, երբ խոսելը դարձել էր վտանգավոր, և փակվել էին բոլոր առաջատար թերթերը: Ֆադիշտները (ֆադու կատարողները), հերոսի հոգու տանջանքների մասին երգելով, հաճախ նկատի ունեին ընդհանուր հասարակության վիճակը:

Կա լիսաբոնյան ֆադու և կոիմբրյան ֆադու: Կոիմբրան քաղաք է Պորտուգալիայի կետրոնական հատվածում, որտեղ ֆադուն հայտնվեց մի փոքր ավելի ուշ: Այն հայտնի էիր Կոիմբրյան համալսարանի շնորհիվ, որը, եթե ամենահինն էլ չէ Եվրոպայում, ապա, հաստատ, հնագույններից է: Լիսաբոնյան ֆադուն կենտրոնանում է մարդու զգացմունքների, հոգեվիճակի ու պարզապես անկեղծության վրա, մինչդեռ կոիմբրյան տարբերակը, որը միշտ կատարել են կրթված ու զարգացած երաժիշտներ, տարբերվում է տեքստերի գերխորությամբ, ճիշտ կազմությամբ ու առավել նրբաճաշակ երաժշտությամբ: Պորտուգալական կիթառը, որը ֆադուի անքակտելի մասն է, նույնպես լինում է երկու տեսակի` լիսաբոնյան ու կոիմբրյան: Տեսքով ու այլ դետալներով այս երկուսն իրարից շատ չեն տարբերվում: Բայց կոիմբրյան կիթառը հնչում է մի փոքր ավելի գեղեցիկ, քան լիսաբոնյանը:

Կոիմբրայում ֆադու կատարում են միայն տղամարդիկ: Իսկ Լիսաբոնում ֆադու կատարում են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք: Ֆադուի համաշխարհային լեգենդի` անզուգական Ամալյա Ռոդրիգեշի շնորհիվ ֆադուն բաժանվել է նաև ըստ ժամանակի, ֆադուն մինչև Ամալյան և ֆադուն Ամալյայից հետո:

Կոիմբրյան ֆադուն, ասես, երաժշտություն է մտավորականների համար, մինչդեռ լիսաբոնյանն առավելապես ժողովրդական է: Այդ իսկ պատճառով լիսաբոնյան ֆադուն է համարվում կլասիկ, այն ավելի սիրված է, որովհետև ծնվել է հասարակ ժողովրդի ներսում` խեղճ ու աղքատ երաժիշտների և բանաստեղծների շնորհիվ: Ֆադուն շատ տարբեր է լինում, կան երգեր, որ պատմում են հասարակ խնջույքի կամ խանդի մասին, կան նաև մահվան ու կյանքի մասին:

Եթե ֆադու չես լսել, Պորտուգալիան չես տեսել իր ողջ հմայքով: Այդ պատճառով էլ տուրիստական գործակալությունների երթուղիներում գրեթե միշտ մեկ երեկո ամբողջությամբ նվիրվում է ֆադուին: Ալֆամայի յուրաքանչյուր ռեստորանում ու անգամ փոքրիկ սրճարանում ամեն երեկո ֆադու են նվագում… Ահա թե ինչպես է դա տեղի ունենում: Աշխույժ և լուսավոր ժամանցավայրը հանկարծ պատվում է խորհրդավոր խավարով: Միայն բեմի մոտ ինչ-որ խամրած լույս է մնում: Բոլորն անմիջապես դադարում են ուտել, եթե շարունակեն, պարզապես անարգած կլինեն պապերի թողած այս հարստությունը, որ ֆադու է կոչվում: Համատարած լռություն է հաստատվում, շունչը պահում են անգամ մատուցողները: Եվ միայն այդ ժամանակ երկու-երեք երաժիշտներ բեմի ետնամասում սկսում են կիթառ նվազել, իսկ մարդկանց առջև հայտնվում է ֆադուի մենակատարը… Ու ամենևին էլ կարևոր չէ, որ երգում են պորտուգալերեն ու հասկանալ կարելի է միայն մի քանի առանձին, բոլորին էլ ծանոթ բառեր: Երաժշտությունն ու կատարումն այնքան զգացմունքային են, այնքան անկեղծ, որ երգն ընկալելի է դառնում յուրաքանչյուրի համար: Եվ ամեն ունկնդիր հերոսի հետ ապրում է ցավ, ուրախություն, ակամա հայտնվում է նրա ճակատագրի ոլորաններում: Միայն այստեղ ու այսժամ մի գավաթ համեղ պորտուգալական գինի ըմպելով և ունկնդրելով ֆադու` հասկանում ես Պորտուգալիան ու պորտուգալացիներին…

Հեղինակ` Ալլա Քեշիշյան
newmag #12

Գրել կարծիք