«Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հերոսները 30 տարի անց

«Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հերոսները 30 տարի անց

30 տարում շատ բան կարելի է մոռանալ, բայց ամենակարևորը կմտապահես ընդմիշտ: newmag-ի հարցազրույցը «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի դերասանական կազմի հետ:

Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը բարի ու զուսպ մարդ է: Նկարահանումներն սկսելուց առաջ հավաքել է խումբն ու խնդիր է դրել բոլորի առջև. «Մենք կոմեդիա ենք նկարում: Ես ուզում եմ, որ բոլորը լավ տրամադրություն ունենան»: Իսկ երբ Ջիգարխանյանը մի ամբողջ օր ուշացավ նկարահանումից, ռեժիսորը ձայնը չբարձրացրեց: Ատամները սեղմեց ու ապրումը ներս գցեց:

texekanq

«Երջանկության մեխանիկան», «Օտար խաղերը» դեռ հետո պիտի նկարահանվեին: «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը նրա առաջին լիամետրաժ կինոն էր: Այդ օրը դրվագը նկարահանվեց առանց Ջիգարխանյանի: Հիշո՞ւմ եք: Հայաստանցիներին դիմավորելուց հետո բոլորը մոտոցիկլետներով գյուղ են սլանում: Հիշեցի՞ք: Սերոբն իր հպարտությունը` կոստյումը, պահել էր գլխից վեր: Պարզվում է՝ պահողը Ջիգարխանյանը չէ: Ուրիշ մարդ է: Այս մասին պատմեց Երվանդ Մանարյանը: «Բայց չասեք,- զգուշացրեց,- Արմենը վատ չզգա»: Արդեն ասացինք:

Չոբոտի գյուղը, որն այժմ Մոսկվայի Պերեդելկինո արվարձանն է

-Ճի՞շտ է, որ Երվանդը Ձեր նյարդերի վրա ազդում էր,- հարցնում եմ Արմեն Ջիգարխանյանին:

Ծիծաղում է, բայց ո′չ «չէ» է ասում, ո′չ «այո»: Այս ֆիլմի նկարահանումները լավ չի հիշում:

-Եթե հիշողությանս զոռ տամ, կհիշեմ… բայց դա կլինի «զոռ տալ»: Հասկանո՞ւմ ես` ինչ եմ ասում:

Ես հասկանում եմ: 250-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել: Ինչպե՞ս հիշի:

-Բայց որ մտածում եմ էդ ֆիլմի մասին, ինչ-որ լավ բաներ են միանում: Կինոն չեմ հիշում: Լավ հիշում եմ տրամադրությունը: Խառը ժողովուրդ էր հավաքվել` ռուսներ, հայեր, գյուղից, Մոսկվայից: Բայց զարմանալի խումբ էր: Բոլորը լավ մարդիկ էին:

Ես փորձում եմ մանրամասներ «պոկել»:

-Ի՞նչ եք կարծում Վալյան սառը չէ՞ր:

-Նայած ում համար,- չի հանձնվում Ջիգարխանյանը:

-Ձե′զ համար:

-Երկար տարիներ ես թատրոնի գեղխորհրդի անդամ եմ եղել: Ներկայացումների քննարկումների ժամանակ վերջում էի նստում: Ի՞նչ է քննարկվում, երբ տոմսերն արդեն վաճառված են: Վալյան այնպիսին է, ինչպիսին ստացվել է: Ձեզ սա՞ռն է թվում: Ուրեմն՝ Ձեր դարդին է կպել: Մի ուրիշին գուցե ջերմ թվա:

valya2Վալյայի դերակատար Նատալյա Բեսպալովան

Նույն հարցը տալիս եմ Վալյայի դերակատարին:

-Սա՞ռը,- Նատալյա Բեսպալովան մտքերի մեջ ընկավ,- Գիտե՞ք, ես ու Արայիկն այդ ֆիլմում այնպես ենք խաղում, ասես 100 տարվա ամուսիններ լինենք: Ներսես Գեդեոնիչն էր այդպես պահանջում: Մեր զգացմունքներն ուղղակի չկան: Ֆիլմի սկզբում միայն ինչ-որ բան սկսվեց, հետո կորավ: Առաջին պլանում ոչ թե մենք ենք, այլ մեր ազգականները: Բայց մարդիկ շատ էին ուզում մեր սերը տեսնել: Մինչև այսօր էլ ինձ երբեմն ասում են. «Ի՞նչ էիք անում Արայիկի հետ տանիքում»: Ազնիվ խոսք, պարզապես նստած էինք: Օբիդնո դաժե:

Խոսում է արագ ու սենյակից սենյակ է անցնում, ցույց է տալիս իր բնակարանը, որի դիզայներն ինքն է, սուրճ է եփում, միրգ է լվանում-հյուրասիրում:

-Իսկական հայկական հարս եք:

Ծիծաղում է:

-Ես Հայաստանը սիրում եմ, բայց ոչ մի անգամ չեմ եղել:

-Ձեզ այնտեղ սիրում են, մեծ ու փոքր ճանաչում են:

-Գիտեմ, այստեղ էլ են հայերն ինձ ճանաչում: Նույնիսկ հիմա: Տաքսու վարորդները հաճախ փող չեն վերցնում: Վերջերս կոշիկներս էի տարել նորոգելու: Կոշկակարը հայ էր: Նայեց, նայեց ու ասաց. «Բայց դուք չեք փոխվել, Վա′լյա»:

Անընդհատ մոտենում է պատուհանին, անհանգիստ է: Սպասում է Արա Բաբաջանյանին, որը հյուր է գալու: 30 տարի չեն հանդիպել: Տեսնում է նրան պատուհանից և բղավում է:

-Արայի~կ, Արայի~կ: Վա~յ մազերը թափվե~լ են:

Արան գալիս է վարդերի փնջով: Գրկախառնվում են:

araԱրտակի դերակատար Արա Բաբաջանյանը

Հայկական ամենաժողովրդական կինոկատակերգությունը` «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը, հեշտ չէր ծնվում: 1975 թվականին ազգամիջյան հարաբերությունների մասին խոսելը, այն էլ ծիծաղի լեզվով, մեծ պատասխանատվություն էր ենթադրում: Սխալվելը հեշտ էր ու վտանգավոր: Հավանաբար «շառից հեռու» տրամաբանությանը հետևելով` ո′չ «Հայֆիլմը», ո′չ էլ «Պետկինոն» չընդունեցին Ներսես Հովհաննիսյանի առաջարկը: Թեև Ժորա Հարությունյանի պիեսը` գրված այդ նույն սյուժեով, ներկայացվում էր Երևանում և մարզային թատրոններում ու մեծ թվով հանդիսատես էր հավաքում:

nkarahanum2«Վալյայենց տանը». այս դրվագը նկարահանվել է Գորկու անվան կինոստուդիայից բերված տաղավարում, որն արդեն պետք է քանդեին

«Հարսնացու հյուսիսից» ֆիլմը ստեղծվեց Ստեփան Պողոսյանի շնորհիվ: 1975-ին նա ղեկավարում էր Հեռուստառադիոպետկոմը: Ներսես Հովհաննիսյանն ուղղակի պատմեց նրան, թե ինչ է ուզում նկարել: Դա բավական էր, որ Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան սպասեր «Հարսնացուի» արտադրությունը: Ֆիլմի մեծ մասը նկարվել է Մոսկվայում: Տեխնիկան հիմնականում տրամադրում էր «Մոսֆիլմը», հաճախ` անվճար: Գործի էին դրվում ընկերական կապերը: Վաղուց դուրս գրված մի տաղավար բերեցին Գորկու անվան կինոստուդիայից: Արդեն ուզում էին քանդել` հայերը տեր կանգնեցին: Այդտեղ նկարահանվեցին մի քանի դրվագներ: Օրինակ` Վալյայենց տան տեսարանները: Բայց դրվագների 90 տոկոսը նկարվում էր դրսում:

Մոսկվայից ոչ հեռու` Չոբոտի գյուղում, որը հիմա Պերեդելկինո արվարձանն է, իսկական աստղաբույլ էր հավաքվել` Իննա Մակարովա, Արմեն Ջիգարխանյան, Ստանիսլավ Չեկան, Յուրի Մեդվեդև: Դերասանները հիմնականում մեկ դուբլով էին անցնում սցենարը: Բեմադրող օպերատոր Ստեփան Մարտիրոսյանն օգտագործեց իրեն հատկացված կինոժապավենի կեսը միայն: Արմեն Ջիգարխանյանի համար ամենահարազատը զուտ մարդկային շփումների հուշաբեկորներն են:

-Մոսկվայից եկանք Հայաստան` հեռագրի պատմությունը Գորիսում նկարահանելու: Խումբը տեղավորվեց հյուրանոցում: Մեկ էլ մի մարդ եկավ ու ասաց. «Գուսան Աշոտը ձեզ իր տուն է հրավիրում»: Չմերժեցինք: Մի ոչխար վերցրինք ու գնացինք: Երեկոյան 10-ին սեղան նստեցինք, առավոտյան 9-ին վեր կացանք:

1

Խորհրդային մամուլը ոգևորությամբ ընդունեց «Հարսնացուն»:

«Ֆիլմի գունեղ և զավեշտալի դրվագների խորքում լսվում է լուրջ խոսակցություն` սովետական մարդկանց մեծ սիրո մասին», – ֆիլմի առաջին ցուցադրության առիթով գրում էր ԽՄԿԿ Կենտկոմի տպագիր մարմինը` «Կոմունիստ» թերթը: Արտակի և Վալյայի սիրո պատմությունն ընկալվեց որպես ձոն` խորհրդային ժողովուրդների բարեկամությանը: Կենտրոնական հեռուստատեսությունը ֆիլմը ցուցադրեց 11 անգամ:

harsnacu3

«Փեսա′ Երվանդ, մի հատ` շանսոն»,- ասում էր Արտակը ռեստորանում: «Une minute»՝ խոստանում է Երվանդ Մանարյանի հերոսը` Երվանդ Քրիստաֆորիչը, բայց երգ չկա: Դրվագը սրանով ավարտվոմ է: Ինչո՞ւ: Երվանդ Մանարյանն իր բացատրությունն ունի:

-Այս դրվագում ես ֆրանսերեն շանսոն երգեցի, բայց հետո այն ֆիլմ չմտավ: Երևի մտածեցին` ֆրանսիացիներն ի՞նչ գործ ունեն հայ-ռուսական բարեկամության մասին պատմող ֆիլմում:

Նոր ժամանակներում ֆիլմը մի քանի տարի չէր ցուցադրվում: Անկախության առաջին տարիներին «ռուսական» թեման ընդունված չէր: Ռուսական դպրոցները փակվում էին, ռուսական թատրոնի դերասաններին ստիպում էին «հայերեն» խաղալ: Այս տարիներին «Հարսնացուն» էլ տուժեց: 90-ականների վերջին այն կրկին հեռուստաէկրան վերադարձավ: Իսկ այժմ նաև վերականգնված և թվայնացված է: «Երևան» ստուդիան է վերակենդանացրել իր իսկ ծնած զավակին: Ներսես Հովհաննիսյանն էլ երջանիկ է ի′ր ծնած զավակի փրկության համար:

citat
Հեղինակ Սյուզան Սիմոնյան

Լուսանկարները՝ Արտակ Մարգարյանի, Արտյոմ Աբովյանի
NewMag #02

Գրել կարծիք