Որտե՞ղ պետք է կառուցվեր ժամանակակից արվեստի նոր թանգարանը

Որտե՞ղ պետք է կառուցվեր ժամանակակից արվեստի նոր թանգարանը

Մահից 2 տարի առաջ Հենրիկ Իգիթյանը պատմեց իր սիրած վայրերի ու դեռ չիրագործված երազանքերի մասին:

Մարդիկ այսօր չեն գնահատում կարևորը: Կարծում են՝ հարուստ լինելն է կարևոր կամ թանկ մեքենա վարելը կամ էլ շքեղ շենքում պարելը: Գիտե՞ք ինչն է կարևոր, որ հոգս չունես, ծնողներդ ողջ են, քեզ սիրում են, կան ու քո կողքին են այն մարդիկ, որոնց սիրում ես…
Գիտե՞ք ինչն է հետաքրքիր. մենք՝ հայերս, անհատապես ոչ մեկին չենք զիջում, զիջում է մեր երկիրը: Մենք պետք է չլինենք թույլ և պետք է անենք ամեն ինչ, որ մեր սերունդները թույլ չլինեն: Ինձ համար ամենամեծ նվաճումն Արցախն է…
Երազում եմ Էրզրումում թանգարան ստեղծել: Մենք պետք է հավատանք, հիշենք, որ դա մեր երկիրն է:
Ինչպես հասկացա՝ 6 սիրելի տեղ է պետք ասել, չէ՞: Լավ…

1. Թող տարօրինակ չթվա, բայց Երրորդ մաս, կաուչուկի գործարանի մոտ: Այնտեղ է անցել իմ մանկությունը, այնտեղ եմ սկսել իմ ճանապարհը՝ որպես արվեստագետ, այնտեղ եմ ամուսնացել և այնտեղ էլ ապրել եմ իմ ամենաերջանիկ տարիները: Պայմանները վատն էին. երեք ընտանիքով ապրում էինք երեքսենյականոց բնակարանում: Բայց ծնողներս կային, բոլորը կային: Այդ ժամանակ ես չէի գնահատում այդ երջանկությունը: Մարդն այդպես է ստեղծված. կորցնում է ու նոր միայն սկսում գնահատել:

2. Ամիրյան փողոցն է: Այդտեղ ես սովորել եմ ու ավարտել Ժդանովի անվան ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը: Հոյակապ էստրադային նվագախումբ ունեինք: Հյուրախաղերով մեկնում էինք Մոսկվա, Ուֆա, Կազան: Ես հարվածային գործիքներ էի նվագում: Գրում էի նաև երգերի բառերը: Շատ երջանիկ էի: Մեր աֆիշներին գրված էր «Մոլոդյոժնի ջազ Արմենիի»: Աննախադեպ երևույթ էր Սովետական միությունում: Նաև իմ առաջին մեծ սերը հանդիպել եմ այդ ինստիտուտում. Ժաննա Աղամիրյանն էր: Նա ինձ հետ Մանկական պատկերասրահի հիմնադիրներից մեկն էր: Նրան, ցավոք, կորցրեցի:

3. Աբովյան 13. Մանկական պատկերսրահը: Առաջին մանկական թանգարանն աշխարհում: Ինձ համար շատ թանկ է այս տեղը: Երբ մենք ստեղծում էինք այն, չգիտեինք, որ սա մոլորակի առաջին մանկական թանգարանն է:

4. Ժամանակակից արվեստի թանգարանը: Ճիշտ է՝ շենքը վատն է, բայց մենք այնտեղ կայացանք:

5. «Տիգրան Մեծ» հրատարակչությունն ու տպարանը: Այն հիմնել է իմ շատ սիրելի Վրեժ Մարկոսյանը: Նա ամենալավ ապարանցին է, որին ես երբևէ հանդիպել եմ: (Մյուսները չեն նեղանա, չէ՞):

6. Վերջին տեղի անունը չեմ ասի, որ աչքով չտամ: Նարեկ Սարգսյանի հետ ուզում ենք, որ այդ տեղում կառուցվի արդի արվեստի թանգարան. այն կլինի ամենակարևոր կետերից մեկը ոչ միայն իմ կյանքում, այլև մայրաքաղաքի ու արվեստագետների համար: Այն մի օազիս կլինի մեր քաղաքի սրտում: Թանգարանի շուրջբոլորը կլինեն ծաղիկներ, քանդակներ, շատրվաններ… Եվ այդ շենքը կաբարձրանա որպես գահ այդ կարևոր տեղում, որի անունը… չէ՜, չեմ ասի…

NewMag #03

Գրել կարծիք