Հմայիլ. Սրբապատկերներով թալիսմանի մութ կողմերը

Հմայիլ. Սրբապատկերներով թալիսմանի մութ կողմերը

Հմայիլները երբեմն գրվում էին այնպիսի հնարքներով, որ խանգարեին «թուղթ ու գիրը» բացելուն:

Հմայիլը թալիսման է: Գրավոր թալիսման: Հայ միջնադարյան գրականության մեջ շատ-շատ են հմայիլների մասին հիշատակումներն ու հմայախոսությունների պատառիկները: Նրանցով տարված են հատկապես օկուլտիստական գրականություն ուսումնասիրողները: Գրավոր թալիսմանների տեքստերում ամբարված են հիմնականում առողջացնող բանաձևեր, մոգական գաղտնագրեր, սիմվոլներ, ապոկրիֆներ, աղոթքներ, հատվածներ Սուրբ գրքից և սրբերի վարքագրությունից:

hmayil3Հինավուրց հավատալիքները միշտ են մեզ ուղեկցել` մեր պատմության որոշ փուլերում ձեռք բերելով նոր ուժ և մեկնաբանություն: Եվ հարկ եղավ գրավոր ամրացնել, ավելին` պատկերել այսպես կոչված «թուղթ ու գրերը»: 15-րդ դարի Հայաստանը քաղաքական վայրիվերումներ էր ապրում, ինչը թուլացնում էր եկեղեցական մշակութաբանությունը: Հենց այդ ժամանակ են ծաղկում օկուլտիստական գրականությունն ու հոսանքները: Նույնը կատարվեց Արևմտյան Եվրոպայում:
Բնական է, որ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Ղազար Փարպեցին և մեր մյուս պատմիչները հանդիմանում էին իրենց ժամանակակից հայերին` հեթանոսական պաշտամունքներին կապված մնալու համար: Մանդակունին մերկացնում էր երեսպաշտությունն այն քրիստոնյաների, ովքեր եկեղեցին ընդունելով հանդերձ` հայացքները թեքում էին դեպի հեթանոսական տաճարատեղիներ…

Հմայիլները զարդարվել են մանրանկարչության գոհարներով, համաքրիստոնեական սրբապատկերներով: Պատկերվում էին նաև սրբազան ծիսակարգեր: Երբեմն ոչ գրագետ մարդիկ էին գրում ու արտագրում հմայիլների տեքստերը, նրանք այնքան էլ լավ չէին հասկանում բնագրի իմաստն ու հաճախ աղավաղում էին միտքը: Հմայիլի տեքստերը վերաբերում էին կյանքի բոլոր ոլորտներին: Սակայն ամենից մեծ տարածումն ունեին բուժիչ հմայիլները, որոնք հոգեկան հանգստություն էին պարգևում այն մարդկանց, որոնք վախենում էին տեսանելի և աներևույթ թշնամիներից, հիվանդություններից: Եվ, իհարկե, բոլորը ձգտում էին ունենալ անձնական թալիսման, սա էլ հանգեցրեց հմայիլների տարածմանը:

Հմայիլները գրվում և տպագրվում էին մինչև 19-րդ դար: Մատենադարանում հմայիլների 300-ից ավելի նմուշներ են պահպանվում գրքերի և փաթույթների տեսքով: Ամենահին նմուշը, ստեղծված 1444թ., պահվում էր Վենետիկի Մարչիանա գրադարանում: Այժմ նրա հետքերը կորած են: հսկ Երևանի Մատենադարանում պահվող ամենահին հմայիլը ծնվել է 1474 թվականին:

hmayil2
«Նոր հանդեսը» ներկայացնում է 16-րդ դարի հմայիլ: Երկարությունը 4 մ 60 սմ է, լայնությունը` 7սմ: Գրված է այնպիսի հնարքներով, որ խանգարի «թուղթ ու գիրը» բացելուն: Հմայիլի տեքստը տեղ-տեղ գրված է անկյունագծերով` վերից վար և հակառակը: Կարդացվում է աջից ձախ, ձախից աջ: Տեքստը շարունակվում է եռանկյունիներում, քառակուսիներում, պատկերված էջի միջնամասում ու եզրերին: Այս զարմանահրաշ հմայիլի առանձին հատվածներ զարդարված են սբ. Կույս Մարիամի, սբ. Կիպրիանոսի և նրա որդի Հուստինիանոսի սրբապատկերներով: Հիշատակվում է նաև Չարչարանաց ուրբաթը` գաղտնագրին հատուկ զորություն հաղորդելու համար: Նշված է պատվիրատուի անունը: Հմայիլի որոշ դետալներից կարելի է նաև կռահել հետագա տերերի անունները:

Հեղինակ` Աննա Արղության
newmag #03

Գրել կարծիք