Ինչու ես չգնեցի ոչ iPhone 6, ոչ էլ նույնիսկ iPhone 6 Plus

Ինչու ես չգնեցի ոչ iPhone 6, ոչ էլ նույնիսկ iPhone 6 Plus

Արտակ Ալեքսանյանը պատմում է, թե ինչպես պատահեց, որ հասավ Նյու-Յորք ու այդպես էլ չգնեց երկար սպասված Այֆոնը:

Դուք կամ Apple օգտագործող եք կամ ոչ: Միջին կամ անտարբեր չի լինում: Արմնյուզի Կուպերտինոյի (Apple ընկերության կենտրոնակայանի) բոլոր միջոցառումների ուղիղ եթերում ցույց տալուց երևի հասկացաք, որ գործ ունենք apple-հարի հետ:

Ամբողջ ամառն անցավ Մաք-ասեկոսեները կարդալով, դիտելով Այֆոնի դետալիների լուսանկարները չինական ֆաբրիկաներից, քննարկելով, թե քանի ստեղն է ավելացել, ամառվա վերջից արդեն պատրաստվելով Այֆոնի ներկայացմանը ուղիղ եթերում, հետո այն ցուցադրելով ու քննարկելով: Մի խոսքով, ապրեցինք մինչև սեպտեմբեր` մինչև հայտնվեցինք Նյու-Յորքում:

Նախ, գործուղման չորս օրերին ոչ ոք լրագրողներից ու օպերատորներից չքնեց: Ժամային տարբերություն կար, երբ օրգանիզմդ ցանկանում է ննջել ցերեկը ու առույգ է գիշերը, հետո էլ, գործից բացի, ցանկանում էիր մի քիչ էլ մեգապոլիսը տեսնել ու շրջել: Այդ պատճառով Նյու-Յորք-Մոսկվա-Երևան չվերթին բոլորը քնած էին` հիմնավոր ու խորը:

Շատ արագ Google Map-ի միջոցով պարզեցի, որ մեր հյուրանոցը երկու Apple խանութների ուղիղ մեջտեղում է` մեկը Կենտրոնական կայարանում էր, մյուսը 5-րդ պողոտայի վերջին, այնտեղ, որտեղից սկսվում է Կենտրոնական այգին:

ՕՐ ԱՌԱԶԻՆ

Դե, բնականաբար, առաջինը գնացինք լեգենդար 5-րդ պողոտայի խանութ: Դա կարելի է ասել, ցանկացած apple-հարի համար խորհրդանշական տեղ է: Թափանցիկ պատուհաններով, վերելակով ու ստորգետնյա ընդհարձակ տարածքով: Նյու-Յորք մի քանի անգամ եղել եմ, բայց այդ խանութ չէի մտել, որովհետև ժամանակ չկար, հետո այնտեղ միշտ հերթեր են:

apple 01

Այս անգամ էլ հերթեր էին: Մարդիկ սպասում էին, որ գնեին Այֆոն: Հերթը շուրջօրյա էր: Հերթն անընդհատ էր: Հետո, մի պահ հերթը չկար: Ասում էին` վերջ: Այֆոնը վերջացավ: Վաղը եկեք:

Ֆանտաստիկա էր: Հեռախոսի դեֆիցիտ 21-րդ դարում: Ոնց որ սովետի` ռումինական մեբելի հերթագրումը լիներ: Իհարկե ցանկացածը կարող էր մտնել խանութ, տեսնել ու շոշափել հեռախոսը: Ցանկացածը կարող էր մտնել բջջային օպերատորի մոտ և երկու տարի պայմանագիր կնքել ու վերցնել Այ-Ֆոն: Ցանկացածը կարող էր ինտերնետով պատվիրել ու երեք շաբաթից ստանալ: Բայց խնդիրն այն է, որ այդ տարբերակների համար պարտավոր ես ապրել Նյու-Յորքում: Ամենապրոբլեմատիկ տարբերակը խանութ մտնել ու Այֆոն առնելն էր: Առաջին օրվա հերթից բժժած վերադարձա հյուրանոց:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Ասացին` գիշերը եկեք: Կկարողանաք գնել: 4:30 պետք էր արթնանալ ու գնալ խանութ: Ես հասկանում եմ, որ Այֆոնը բացառիկ հնարավորություններով հեռախոս է, բայց 4:30? Ոնց որ հացի հերթը լիներ 90-ականներին: Ես չգնացի, մյուսները գնացին:Առավոտյան ուռած աչքերով պատմում էին, որ մինչև 6:30 կանգնել են, որից հետո հայտարարել են, որ iPhone 6 Plus չի լինելու:

apple 03

ՕՐ ԵՐՐՈՐԴ

Ամբողջ օրն ու գիշերն անցավ քննարկելով` գնել iPhone 6 թե iPhone 6 Plus. Ահա փաստարկները.

iphone

ՕՐ ՉՈՐՐՈՐԴ

Լավ, մի խոսքով, որոշում ենք iPhone 6 գնել, չնայած հասկանում ենք, որ ճկվելու մասին լուրերը ամենայն հավանականությամբ հենց Կուպերտինոյից էլ կարող են լինել: Քանի որ վաճառքի առաջին շաբաթից հետո էլ պարզ էր, որ մեծ Այֆոնը ավելի պոպուլյար է և մի բան պետք էր անել, որ փոքրոտը գնեին: Շատ արագ լուրը տարածեցին ու հենց այդ ժամանակ էլ խանութներում iPhone 6 Plus-ը տարօրինակորեն անհետացավ:

Նույնիսկ դա հասկանալով ու անիծելով Թիմ Քուկին, գնացինք, որ գնենք: Առավոտյան 6-ին արդեն Կենտրոնական Կայարանի Apple Store-ում ենք: Պարզվեց, հիմա էլ կա, բայց Ա. Միայն սպիտակ գույնը, Բ. Միայն 128 GB հիշողությամբ: Իսկ դա մոտ 1000 դոլար է: Անհավանական թանկ: Ես արդեն որոշում եմ, որ նախ, էդքան գումար չունեմ, հետո էլ ինչքան որ ունեմ, հուշանվեր ու գիրք կգնեմ (թեև վերջում ոչ առաջինը գնեցի, ոչ էլ վերջինը: Տղուս համար ձմեռային երկու-երեք արտահագուստ գնեցի, որ կինս խնամքով ու քաղաքավարության տակ լավ քողարկված վերջնագրի տեսքով էլեկտրոնային նամակով ուղարկել էր):

apple 03

Բայց քանի որ այնտեղ եմ, մեր տղերքից մեկին թարգմանում եմ, որ գնի: Գիտեի, որ վաճառում են Այֆոններ, որոնք Unlock են, այսինքն, հնարավոր է օգտագործել նաև Եվրոպայում: Բայց վաճառողը զգուշացնում է. Սա T-Mobile ամերիկյան բջջային ընկերության համար նախատեսված unlock-ն է, հետևաբար, մինչև միացնելը, պետք է եղած T-mobile-ի քարտը հանեք, դնեք ձերը, հետո նոր միացնեք: Հենց տեղում հանեցինք ամերիկյանը, դրեցինք մեր բջջային օպերատորի քարտը ու միացրինք:

Ու հենց էդտեղ Apple-ին անիծելու նոր ճակատ բացվեց: Որ երկար չբացատրեմ, խնդրում եմ արեք, ինչ առաջարկում եմ:

Ուրեմն, մտեք Ափլի կայք, հետո խանութ բաժինը, հետո ընտրեք Այֆոն 5S-ը: Իջեք ներքև. Տեսաք?

Այստեղ կա երկու տեսակի ազատ վաճառքի հեռախոս. T-mobile unlock և SIM-Free: Հայաստանում օգտագործելու համար պետք է ընտրել SIM-Free տարբերակը, որ առանց խափանումների գործի: Մինչդեռ, հիմա ով գնում է, ձեռք է բերում ամերիկյան բջջային ընկերություն T-Mobile-ի unlock-ը, որը թեև հնարավոր է Եվրոպայում օգտագործել, բայց գլխավորապես նախատեսված է ամերիկյան մայրցամաքում օգտագործելու համար:

Գլխավոր հարցը` բա էդ դեպքում ինչու ենք այդպես վաճառում, եթե միայն ԱՄՆ-ում է հնարավոր գնել: Շատ պարզ. որովհետև օրենքի պահանջ է: Բարաք Օբաման վերջերս ստորագրել էր օրենք, որով արգելվում է “բջջային ստրկությունը”, երբ սպառողը բջջային հեռախոս ընտրելիս ստիպված էր ընտրել իրեն պարտադրված բջջային օպերատորին: Հայտնի է, որ Այֆոնի ամենամեծ շուկան ունի T-mobile-ը ու մինչև նոր օրենքը, եթե դու այդ ցանցի բաժանորդ չէիր, չէր կարող գնել: Ավելի ճիշտ, շատ թանկ գնով, ինչն անիմաստ էր: Հիմա արդեն, նույն T-Mobile-ը և Ափլը կատարում են նոր օրենքի պահանջը և ձևականորեն դրել են, իբր թե unlock եղած Այֆոն: Մի կողմից, դա իսկապես unlock է, բայց մյուս կողմից նախատեսված է ԱՄՆ-ի համար:

 ՀԵՏԵՎԱԲԱՐ….

IMG_1849Հետևաբար, եթե պետք է Այֆոն գնել, ապա պետք է սպասել, որ դուրս գա Այֆոն SIM-Free տարբերակը: Իսկ դա կարող է լինել նվազագույնը մեկ ամսից: Իսկ նրանք, ովքեր գնել են, շնորհավոր: Եթե մի օր Ձեր Այֆոնը սկսի չաշխատել կամ անընդհատ “կախվել” չզարմանաք: Դուք գնել եք սխալ Այֆոն: Իսկ մինչև այդ, պետք է ուղղակի կամ ընդամենը նոր այֆոնով սելֆի անել, ինչը արեցինք ես ու իմ ընկեր Արմեն Մինասյանը:

Հ.Գ. – Դուք հնարավոր է հիշեք հայտնի ժողովրդական ասացվածքը աղվեսի ու անհասանելի խաղողի մասին, կամ մտածեք, անայֆոն սրտի մխիթարանանքի մասին….բայց սա այդ դեպքը չէ:

 

 

 

Գրել կարծիք