Կանայք, որոնց անունները ոսկե տառերով են գրված ջազի պատմության մեջ

Կանայք, որոնց անունները ոսկե տառերով են գրված ջազի պատմության մեջ

Կանանց անուններ կարելի է գտնել նաև ջազի այն ոլորտներում, որտեղ, կարծես, պետք է իշխեն միայն տղամարդիկ:

Ջազը կար, մնում է և հավանաբար կմնա մի ասպարեզ, որտեղ գերիշխում են տղամարդիկ, բայց ջազարվեստում իրենց տաղանդով փայլում են նաև կանայք: Կնոջ կերպարը ջազում հիմնականում կապված է երգեցողության և զգալի չափով դաշնակահարության հետ: Կանանց անուններ կարելի է գտնել նաև ջազի այն ոլորտներում, որտեղ, կարծես, պետք է իշխեն միայն տղամարդիկ: Անհնար է պատմել ջազային բոլոր կանանց մասին, newmag-ը պարզապես աոանց որևէ դասակարգման ընտրել է մի քանիսին:

Bessie Smith (1894-1937)

Bessie-SmithԲեյսի Սմիթը բլյուզների ամենահռչակավոր կատարողն է: Անգերազանցելի է նա: Այստեղ սիրողների կարծիքները տարբեր են: Շատերը նախապատվությունը տալիս են նրա ուսուցչուհուն՝ Մա Ռեյնիին: Սակայն բոլորը համաձայն են, որ այս երկու երգչուհիները համարվում են դասական բլյուզի տիպիկ ներկայացուցիչներ:

Դասական բլյուզը` ի տարբերություն գյուղական բլյուզի, որը կրում էր միայն կենցաղային բնույթ, մատուցվում էր միայն քաղաքներում, երաժշտական ներկայացումների ընթացքում: XIX դարի վերջին տարբեր երաժշտական խմբեր ճանապարհ էին բռնում Ամերիկայի հարավից հյուսիս, Միսիսսիպի գետի ափով և այդ ճանապարհին գտնվող քաղաքների անունները դառնում էին բլյուզների անուններ` Մեմֆիս բլյուզ (Memphis Blues), Ատլանտա բլյուզ (Atlanta Blues), Սեյնթ Լուիս բլյուզ (St. Louis Blues): Երաժշտական ներկայացումները քաղաքներում, բնականաբար, կրում էին կոմերցիոն բնույթ, և. լսարան հավաքելու նպատակով երգչուհիները պետք է դրսևորեին նաև պարայիև ու թատերական ունակություններ: Բեյսի Սմիթը միգուցե միակ երգչուհին էր, որը հաջողության հասավ միայն երաժշտական միջոցներով:

Կարճահասակ, գեր, ծիծաղ առաջացնող, կոպիտ դիմագծերով այս կինը, որը բացարձակ զուրկ էր գրավչությունից, կարողանում էր իր լսարանին էքստազի մեջ գցել իր խորը, թրթռուն, հզոր ձայնով: Աղքատ ընտանիքի այս աղջիկը՝ ապագա «բլյուզի կայսրուհին», 18 տարեկանում սկսեց իր կարիերան ճանապարհորդող շոուների կազմում: Հինգ տարի անց «Քըլամբիան» (“Columbia”) ձայնագրեց նրա “Down Hearted Blues”-ը և “Gulf Coast Blues”-ը՝ դաշնակահար Քլարենս Ուիլյամսի նվագակցությամբ, և այղ սկավառակները 1923-ի ավարտին արդեն գտել էին իրենց ավելի քան 2 միլիոն գնորդներին: Բեյսի Սմիթի հաջորդ տարիների ձայնագրություններն ունեին ավելի մեծ հաջողություն՝ 6 միլիոն վաճառված սկավառակներ: Նրա լսարանում հիմնականում սևամորթներն էին, բայց նրա հեղինակությունը շատ բարձր էր առաջատար սպիտակամորթ երաժիշտների շրջանում, որոնց բլյուզային կրթությունն ընթանում էր Բեյսի Սմիթի ձայնագրությունների ներքո:

1924-1927 թթ. Բեյսի Սմիթը ձայնագրվեց շեփորահարներ Ջո Սմիթի, Լուի Արմսթրոնգի, Ֆլեչեր Հենդերսոնի մեծ նվագախմբի հետ: 1929-ին Բեյսի Սմիթը նկարահանվեց “Warner Brothers” ընկերության “St. Louis Blues” կոչվող ֆիլմում: Կարծես՝ ոչինչ չէր կարող խանգարել փառք և նյութական բարիքներ վայելող երգչուհուն: Բայց հենց փառքին և փողին նա չկարողացավ դիմակայել: Թեև նա օգնում էր իր բազմամարդ ազգուտակին, այդուհանդերձ, նա մեծ գումարներ էր քամուն տալիս: Իր սև գործն էր անում նաև ալկոհոլի հանդեպ նրա անզուսպ հակումը: Սկսվում են մեծ երգչուհու անկման տարիները, նա կորցնում է իր ձայնի արտահայտչականությունը և, ի վերջո, վերադառնում Հարավ, որտեղ մասնակցում է ցածրակարգ շոուների: Սիակ հաջող ձայնագրությունն, այդուհանդերձ, կայացավ 1933-ի նոյեմբերի 24-ին: Նրա հետ էին լեգենդար Բենի Գուդմընը, Ջեք Թիգարդենը, Չու Բերրին, ֆրենք Նյութընը: Այդ օրը ձայնագրված չորս երգերն անկասկած զարդարում են նրա դիսկոգրաֆիան:

Հայտնի չէ, թե ինչպես կընթանար «բլյուզի կայսրուհու» հետագա կյանքը, եթե 1937-ի սեպտեմբերի 27-ին, Մեմֆիս գնացող ավտոբուսը, որի մեջ էր Բեյսի Սմիթը, շուռ չգար: Որոշ հակառասիստ մեկնաբաններ երգչուհու մահը որակեցին հետևանք այն բանի, որ սևամորթ երգչուհուն չընդունեցին սպիտակների հիվանդանոցում, իսկ սևամորթների հիվանդանոցում ցուցաբերած բժշկական օգնությունն արդեն ուշացած էր: Մեկ ուրիշ տարբերակով երգչուհին այնպիսի լուրջ ներքին վնասվածքներ էր ստացել, որ մահացավ դեպի հիվանդանոց տանող ճանապարհին… Բեյսի Սմիթը 39 տարեկան էր:

Lil Hardin (1898-1971)

Lil_HardinԼիլ (Լիլիան) Հարդին Արմսթրոնգը ջազային դաշնակահարուհի էր, գործիքավորող, կոմպոզիտոր, երգչուհի, խմբի ղեկավար: Նա Լուի Արմսթրոնգի երկրորդ կինն էր: Արմսթրոնգի հետ նա 20-ականներին համագործակցել է մի շարք ձայնագրությունների ժամանակ:

Նրա գրչին պատկանող “Struttin’ with Some Barbeque”, “Don’t Give me”, “Two Deudes”, “Knee Draps”, “Doin’ the Suzie-Q” ստեղծագործությունները հայտնի են ջազի աշխարհում, իսկ նրա “Just for a Thrill”-ը հիթ դարձավ Ռեյ Չարլզի կատարման շնորհիվ (1959): Նրա “Bad Воу”-ը 1978-ին նոր կյանք ստացավ Ռինգո Սթարի կատարման շնորհիվ:

Լիլ Հարդինը ծնվել է Մեմֆիսում (Թենեսի նահանգ, ԱՄՆ), փոքր տարիքից դաշնամուր է սովորել, նվազել է հոգևոր և դասական երաժշտություն: Իր քաղաքում նա ուսում է ստացել Ֆիսկ համալսարանում: 1918-ին Լիլն ընտանիքի հետ տեղափոխվում է Չիկագո: Գրագետ երաժիշտ լինելը նրան շատ օգնեց: Նա աշխատանք ստացավ մի երաժշտական խանութում, որտեղ նա իր դաշնամուրային կատարմամբ պետք է ներկայացներ վաճառվող ստեղծագործությունները: Մի օր խանութ մտավ Ջելլի Րոլ Մորթոնը՝ ջազային դաշնակահարության նահապետը: Նա նվագեց Լիլի և հաճախորդների համար: Այդ օրվանից Լիլ Հարդինը փորձում էր նմանվել Մորթոնին:

Չիկագոյում սկսվեց Լիլ Հարդինի կատարողական կենսագրությունը: Հենց այդ քաղաքում էլ կայացավ նրա ծանոթությունը շեփորահար Քինգ Օլիվերի և նրա “Creol Jazz Band՛՛ նվագախմբի հետ: Օլիվերը Լիլին առաջարկեց միանալ խմբին: Շուտով տեղի ունեցավ այն, ինչ նկարագրված է ջազի պատմության բոլոր գրքերում: Քինգ Օլիվերն իր խումբ հրավիրեց Լուի Արմսթրոնգին, որն ապրում և նվագում էր Նոր Օռլեանում: Արմսթրոնգի համար նոր կյանքը Չիկագոյում նշանավորվեց ոչ միայն այն հրաշալի երաժշտությամբ, որը ծնվեց այդ համագործակցության արդյունքում, այլ նաև նրա ծանոթությամբ Լիլ Հարդինի հետ:

Ասում են, թե Լիլը Լուիին չի հավանել առաջին հայացքից: Նրա հագուստը, սանրվածքը, վարքը շատ գավառական էին: Եվ շուտով Լիլի ազդեցության ներքո Լուին սկսեց վերափոխվել, նա սկսեց ճաշակով հագնվել, փոխեց սանրվածքը, ձեռք բերեց իրեն պահելու լավ ձև: Այդ ամենը և, իհարկե, առաջին հերթին Արմսթրոնգի երաժշտական հանճարն արեցին իրենց գործը: Լիլը ջազի առաջին հանճարին սովորեցրեց նաև նոտաներ կարդալ:

1924-ի փետրվարի 4-ին Լիլը և Լուին ամուսնացան: Ճիշտ են ասում, որ ամուսնության դժվար տարիներն առաջին չորսն են: Մեր հերոսները չկարողացան հաղթահարել այդ չորս տարիների փորձաշրջանը, և 1929-ին նրանք ձևակերպեցին իրենց ապահարզանը: Լիլն իր ստեղծագործական կյանքը շարունակեց առանց Լուիի: 30-ականներին նա ղեկավարում էր “All Girl Orchestra՛՛-ն, նվագակցում էր տարբեր երգիչների: 1940-ականներից մինչև 50-ականները Լիլ Հարդինը մենակատար էր. դաշնամուր էր նվագում ու երգում: 50-ականների սկզբին Հարդինը որոշում է թողնել երաժշտությունը և զբաղվել դերձակությամբ: Այդ շնորհալի կինը նաև այդ ասպարեզում է զարմացնում: Իր ձեռքով կարած բազմաթիվ գեղեցիկ զգեստների և շորերի թվում կար նաև մի համերգային զգեստ (tuxedo), որը նա պատրաստել էր մի մարդու համար, որին շարունակում էր սիրել՝ Լուի Արմսթրոնգի համար:

Այդ զգեստի ներկայացման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում: Արմսթրոնգը հավաքվածներին ներկայացավ գոհունակության ժպիտը դեմքին… Բոլորը շնորհավորում էին Լիլին և միևնույն ժամանակ խնդրում դաշնամուր նվագել: Տարիներ անց Լիլ Հարդինը կխոստովանի, որ այդ երեկո նա հասկացավ, որ չի կարող իրեն կտրել երաժշտությունից: Եվ նա նորից սկսեց նվազել ու երգել: Համերգներ Նյու Յորքում, Չիկագոյում, Եվրոպայում: 1971-ին կյանքից հեռացավ Լուի Արմսթրոնգը: Լիլ Հարդինը խորապես վշտացած էր: Նա Չիկագոյից մեկնեց Նյու Յորք՝ Լուիի հուղարկավորությանը մասնակցելու: Հանգուցյալի այրին՝ Լյուսիլը, Լիլ Հարդինին առաջարկեց գերեզմանոց մեկնել իրենց ընտանեկան մեքենայով:

– Լուին ինձ չէր ների, եթե իմանար, որ ես քեզ չնստեցրի այս մեքենան,- ասաց նա Լիլին:

Լիլ Հարդինը վերադարձավ Չիկագո, և մեկ ամիս անց նա մասնակցում էր Արմսթրոնգի հիշատակին նվիրված հեռուստահամերգին: Հենց կատարման պահին նա կորցրեց գիտակցությունը: Մեկ ժամ անց Լիլ Հարդին Արմսթրոնգը վախճանվեց: 1971-ի օգոստոսի 27-ն էր, նա 73 տարեկան էր:

Mary Lou Williams (1910-1981)

Mary_Lou_WilliamsԱյս երաժշտի կենսագրությունը ոչ մեկին չի կարող անտարբեր թողնել: Փոքրիկ 6-ամյա, այո’, մի զարմացեք, Մերին, որին բախտ էր վիճակված ջազի պատմության էջերում մնալ որպես նշանավոր դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, փող էր վաստակում նվազելով հրավերքներին: Նա այդպես էր մորն օգնում մեծացնել մյուս տասը երեխաներին: 1925-ին 15-ամյա Մերին նվագում էր Դյուք էլինգթոնի “The Washingtons” խմբում: Հայտնի է այն դեպքը, երբ նույն 1925-ին մի թեժ ջամ-սեշընի (jam-session) ժամանակ՝ առավոտյան 3-ին, ակումբ է մտնում “Satchmo”-ն` Լուի Արմսթրոնգը: Կատարումից հետո նա մոտենում է Մերիին և արտահայտելով իր հիացմունքը` համբուրում է նրան:

1927-ին Մերին ամուսնացավ սաքսոֆոնահար Ջոն Ուիլյամսի հետ և իր Սըրրագս ազգանունն ընդմիշտ փոխարինեց Ուիլյամս ազգանունով: 30-ականների սկզբին Մերի Լուն իր գրչին պատկանող ստեղծագործությունների և Չիկագոյում ձայնագրած իր առաջին ձայնասկավառակի շնորհիվ համազգային ճանաչում էր վայելում: Այդ տարիներին նրա` գործիքավորողի հեղինակությունն այնքան բարձրացավ, որ նա սկսեց պատվերներ ստանալ Բենի Գուդմընից, Ըրլ Հայնսից, Թոմի Դորսիից, որոնք այդ ժամանակի լավագույն մեծ նվագախմբերի ղեկավարներն էին:

1942-ին Մերին բաժանվում է ամուսնուց և Փիթսբուրգում շեփորահար Հարոլդ «Շորթի» Բեյքերի հետ ստեղծում է սեքստետ: Մեկ տարի անց Մերին և. Հարոլդը, թողնելով իրենց սեքստետը, աշխատանք են ստանում Դյուք էլինգթոնի մեծ նվագախմբում: Այս համատեղ աշխատանքը պսակվեց նրանց ամուսնությամբ, որը տևեց մոտ մեկ տարի:

Մերի Լուն հաստատվեց Նյու Յորքում, որտեղ երիտասարդ, տաղանդաշատ Դիզի Գիլեսփին, Թելոնիուս Մոնքը, Չարլի Փարքերը սիրով համագործակցում էին Մերի Լուի հետ՝ նրան համարելով իրենց ուսուցիչն ու խորհրդատուն: Նրա շատ հագեցված ստեղծագործական կյանքի ժամանակը բաշխվում էր դաշնակահարության, գործիքավորման, դասավանդման միջև: Մերի Լու Ուիլյամսը մեծ նվիրում էր ցուցաբերում իր կաթոլիկ հավատքին: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ գրված են հոգևոր թեմաներով, որոնց մասին նա խոսում է մեծ խանդաղատանքով:

– Նվագելիս ես աղոթում եմ իմ մատների օգնությամբ և ձգտում եմ իմ դաշնամուրի ձայնով դիպչել մարդկանց հոգիներին:

Մերի Լու Ուիլյամսի ստեղծագործական կյանքը զարդարում են նրա ելույթները “Monterey” ջազ փառատոնում (1971), դաշնակահար Սեսիլ Թեյլորի հետ երկու դաշնամուրներով համերգը՝ կայացած Քարնեգի Հոլում (1977), համերգ Սպիտակ Տանը՝ նախագահ Ջիմի Քարտերի ներկայությամբ (1978): Նա բազմաթիվ մրցանակների և տիտղոսների է արժանացել, 1971-ին ներկայացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում: Նրա վերջին՝ “Solo Recital” (Montreux Jazz Festival, 1978-Live) սկավառակը մեզ ներկայացնում է դաշնակահարուհու ոճային ողջ ներկապնակը՝ spiritual, ragtime, blues, swing, և գնահատողներն այն ունկնդրում են մեկ շնչով:

Billie Holiday (1915-1959)

BILLIE-HOLIDAY1939-ին “Down Beat” ամսագրին տված հարցազրույցում Բիլի Հոլիդեյը պատմում է. «Սարսափելի ժամանակներ էին… Ես և մայրս ոչ մի կերպ չէինք կարողանում աշխատանք գտնել: Սի օր մենք այնքան սոված էինք, որ հազիվ էինք շնչում: Ես հավաքեցի ուժերս և դուրս եկա փողոց: Անտանելի ցուրտ էր, ու ես քարշ գալով հասա 133-րդ փողոց` անցնելով 7-րդ ավենյուով: Ես մտնում էի յուրաքանչյուր գարեջրատուն` աշխատանք որոնելու հույսով: Հուսալքված ես վերջապես մտա “Log Cabin”, որի տերն էր Ջերի Փրեսթոնը: Ես ասացի, որ ուզում եմ խմել ու տաքանալ՝ չնայած գրպանումս ոչ մի սենթ չկար: Ես պատվիրեցի ջին և միանգամից դատարկեցի բաժակը: Ես տաքացա և Փրեսթոնին խնդրեցի ինձ որևէ աշխատանք տալ: Հարցրեց, թե ինչ կարող եմ անել, ես էլ ասացի, որ կարող եմ պարել: Ես պարեցի, բայց նա չհավանեց: Ես կարող եմ երգել… Անկյունում մի ծերուկ դաշնամուրն էր մռնչացնում: Նա սկսեց նվազել “Traveling All Alone” և ես երգեցի: խորտկարանի հաճախորդները թողեցին ամեն ինչ և սկսեցին ուշադրությամբ լսել ինձ: Ապա դաշնակահարն անցավ “Body and Sou)” նվագելուն: Աստվա՜ծ: Դուք միայն տեսնեիք այդ մարդկանց դեմքը: Նրանք հասարակ մարդիկ էին և հուզմունքից արտասվում էին: Փրեսթոնը մոտեցավ և ասաց. «Բալիկս, դու հաղթեցիր»: Ահա այդպես ես սկսեցի»:

Բիլի Հոլիդեյի կյանքը դժբախտությունների, անհաջողությունների, հոգսերի շարան էր: Նրա կյանքի ամենադաժան ժամանակաշրջանը մանկությունն էր: Ծնողների բաժանություն, բռնաբարություն 10 տարեկանում: Մանկատուն, ցնցոտիներ, սով: Մանկատնից դուրս գալուց հետո նա նորից հայտնվում է փողոցում: Աղջիկ լինելով՝ միշտ կարողանում էր իրեն նեղացնողներին արժանի պատասխան տալ… 13 տարեկանից Բիլի Հոլիդեյը Նյու Յորքում էր: Աշխատանքները տարբեր էին, հիմնականում կապված էին զվարճանքների հաստատությունների հետ: Հարլեմում՝ սևամորթների այդ հսկայական թաղամասում, կարելի էր ճաշակել ցանկացած հաճույք: Աղքատ աղջիկների համար փող աշխատելու ամենակարճ, գուցե միակ ճանապարհը սեփական մարմինը վաճառելն էր:

Բիլին ստիպված գնաց այդ ճանապարհով. աշխատանքի անցավ հասարակաց տանը: Աղջիկները հաճախորդներին սպասում էին մի հյուրասենյակում, որտեղ հնչում էին Բեյսի Սմիթի U Լուի Արմսթրոնգի ձայնագրությունները: Բիլին կլանված ունկնդրում էր այդ մեծ երգիչներին, երաժիշտն էր արթնանում նրա մեջ, և. արթնանում էր համոզմունքը, որ կգա ժամանակ, երբ նա այլևս փողոց դուրս չի գա, այլ բեմ: Սկսելով երգել Հարլեմի զանազան ակումբներում և խորտկարաններում՝ Բիլին հրաժարվում է կատարել որևէ լրացուցիչ աշխատանք: Նա արդեն չէր կարող հատակ կամ սպասք լվանալ կամ մատուցողի աշխատանք կատարել: Նրա մեջ խոսում էր արտիստի հպարտությունը, այդ պատճառով մի օր նրան անվանեցին Lady (տիկին), իսկ Day` նրա ազգանվան վերջավորությունը` որպես մականունի երկրորդ մաս, նրան նվիրեց Լեսթեր Յանգը: Ասեմ, որ նրանց կապում էր ոչ միայն սերը երաժշտության հանդեպ, այլև սերը միմյանց հանդեպ:

Չափազանց զգայուն, էմոցիոնալ կին լինելով՝ Բիլի Հոլիդեյն իր կյանքում այդպես էլ չկարողացավ հասնել հոգու և մարմնի հանգիստ, հավասարակշռված վիճակին: Բիլի Հոլիդեյի բնավորության վերաբերյալ դժվար է գալ ինչ-որ եզրակացության, քանի որ նրա կյանքի բոլոր հատվածներում՝ սկսած պատանեկությունից մինչև կյանքի վերջին օրը, իր դաժան ու քայքայիչ ուժով գործում էր մի չարիք, որի անունն է թմրամոլություն:

Մարիխուանայի առաջին գլանակը Բիլի Հոլիդեյը ճաշակեց Նյու Յորքում, երբ 15 տարեկան էր: 1947-ի մայիսի 27-ին Ֆիլադելֆիայում Բիլի Հոլիդեյին հրավիրեցին դատարան և ներկայացրին թմրամոլության մեղադրանք:

– Դուք, ինչպես մեզ հայտնի է, վերջին երեք տարիների ընթացքում վաստակել եք մոտ քառորդ միլիոն դոլար, բայց հիմա ունեք միայն հիսուն հազար: Մնացածը Դուք ծախսել եք թմրադեղեր գնելու համար,- ասաց դատավորն իր ելույթում:

Այո’, այդպես էր, չնչին մարիխուանայից նա հասել էր մեծ հերոինին: Բիլին սկսեց բուժվել, բայց մինչև կյանքի վերջին օրերը նա այդպես էլ չկարողացավ հրաժարվել թմրամոլությունից: Մահացավ Բիլին 1959- ին՝ 44 տարեկանում: Չորս ամիս ավելի երկար ապրեց իր սիրելի ընկերոջից՝ Լեսթեր Յանգից, որին ինքը կնքել էր “Pres” (կրճ. President) անունով՝ գեղեցիկ հագնվելու և գեղեցիկ գլխարկներ կրելու համար:

Եթե Դուք գտել եք որևէ մեղեդի,-գրում է Բիլի Հոլիդեյը,- և եթե այդ մեղեդին Ձեզ հուզում է խորապես, ապա կարիք չկա այդ մեղեդին մշակել: Դուք միայն պետք է զգաք և երգեք այնպես, որ լսողներն էլ հասկանան այն, ինչ Դուք եք զգում: Տվեք ինձ երգ, որը ես կսիրեմ: Ես դրա վրա մեծ աշխատանք չեմ թափի:

Ունկնդրեք Բիլի Հոլիդեյին, հատկապես նրա “When you’re Smiling” երգը, որին ձայնակցում է Լեսթեր Յանգի ցնցող սաքսոֆոնային մենանվագը: Բիլի Հոլիդեյը երգում է «Ժպտա, և ամբողջ աշխարհը քեզ կժպտա»: Եվ աշխարհը կժպտա, չե՞ք հավատում, հաստատ, կժպտա:

Ella Fitzgerald (1917-1996)

ellaէլլա Ֆիցջերալդ, երգչուհի, որին արդեն շատ վաղուց մեծարում են «ջազի առաջին լեդի» տիտղոսով: Ու մինչև օրս ոչ ոք չի հավակնել այդ առաջնությունը խլել էլլայից: Բինգ Քրոզբին՝ 30-ականների լեգենդար ամերիկյան երգիչը, Էլլա Ֆիցջերալդի մասին ասել է մի պարզ ճշմարտություն.

– Բոլոր կանանց, տղամարդկանց և երեխաների համար Ամերիկայի մեծագույն երգչուհին է էլլա Ֆիցջերալդը:

Էլլա Ֆիցջերալդի ստեղծագործական ուղին սկսվեց շփոթմունքից: Դա տեղի ունեցավ 1934-ի հունվարին Հարլեմի «Ափոլլո» թատրոնում: Այստեղ բեմին ավանդական “Wednesday Night Amateur Show” («Չորեքշաբթիների գիշերային սիրողական ներկայացում») շոուն էր: Լեփ-լեցուն դահլիճը պայթեց ծափահարություններից, երբ իր ելույթն ավարտեց որբանոցի 15-ամյա աղջնակը, որը, ինչպես այժմ նկարագրում են որոշ հեղինակներ, մտադիր էր ներկայանալ որպես պարուհի, սակայն լինելով շատ հուզված՝ վերջին պահին փոխում է իր մտադրությունը և մոտենալով բարձրախոսին՝ երգում այդ տարիներին մի շատ հանրածանոթ երգ՝ Հոգի Քարմայքլի “Judy”-ն: Էլլան շահում է 25 դոլար և մեկ շաբաթվա աշխատանքի հրավեր Չիք Ուեբի նվագախմբի հետ: Չիք Ուեբը՝ փայլուն թմբկահարը, ղեկավարում էր մեծ նվագախումբ, որը ելույթներ էր ունենում Նյու Յորքի լավագույն դահլիճներում:

Էլլա Ֆիցջերալդի առաջին ձայնագրությունները և համերգներն իրագործվել են այդ նվագախմբի հետ: “A tisket-a tasket” մանկական երգը՝ Էլլա Ֆիցջերալդի կատարմամբ և Չիք Ուեբի բենդի նվագակցությամբ, 1938-ին հսկայական հաջողություն ունեցավ: Երգն այն մասին է, որ մի փոքրիկ աղջիկ կորցրել է իր դեղին զամբյուղը. “A tisket-a tasket, I lost my yellow basket” (Ես կորցրել եմ իմ դեղին զամբյուղը): Երբ եկավ երգի համբավի պահը, Էլլան թույլ էր տալիս իր համերգային կատարումների ժամանակ արդեն երգել “A tisket-a tasket, I found my yellow basket” (Ես գտա իմ դեղին զամբյուղը):

Այո’, Էլլա Ֆիցջերալդը գտավ իր դեղին զամբյուղը. 20 տարեկանում նրան սիրում էր ամբողջ Ամերիկան: Լինելով ընդգծված ջազային երգչուհի՝ Էլլան դեռ 1939-ից փորձում էր գտնել շեփորի, սաքսոֆոնի, տրոմբոնի ձայների վոկալ համարժեքները: Եվ փաստորեն փորձելով ձայնով նմանվել այդ գործիքներին՝ նա ստեղծեց իր՝ Էլլա Ֆիցջերալդի “scat” երգեցողության ձևը: “Scat” երգեցողություն կիրառելիս երգիչները սովորաբար բառերի փոխարեն օգտագործում են վանկեր: Իհարկե, “scat” երգեցողությունը գոյություն ուներ մինչև Էլլան, բայց երգչուհին այն զգալիորեն կատարելագործեց և ստեղծեց “scat”-ի՝ իր բառարանը:

Երաժշտական քննադատների բանակի որոշ «կորիֆեյներ» ասում էին, թե Էլլա ֆիցջերալդը միայն «ջազային է» և որ նրա երգեցողությունը չի հուզում այնպես, ինչպես, ասենք, հուզում է Բիլի Հոլիդեյի երգեցողությունը: Կամ որ Էլլան չի կարող զարմացնել իր երևակայության խորությամբ, ինչպես դա անում է Սըրը Վոնը: Արտահայտվում էր նաև միտք, թե Էլլայի երգեցողությունը զուրկ է էմոցիոնալ երգեցողությունից: Ես կտրականապես համաձայն չեմ: Ավելին, համոզված եմ, որ այդ քննադատները, ինչպես սովորաբար պատահում է արվեստում, փոքր-ինչ ուշացումով հասկացան Էլլա Ֆիցջերալդի արվեստի իրական ուժը և խորությունը:

Ունկնդրեք նրա բազմաթիվ ձայնագրությունները, որոնցից հատկապես խորհուրդ կտամ Գերշվինի, Բեռլինի, Քերնի “Song book”-երը: Նրա հմայիչ դուետները Լուի Արմսթրոնգի հետ: Էլլա Ֆիցջերալդի սկավառակները՝ ստեղծված Դյուք էլինգթոնի, Քաունթ Բեյսիի, Օսքար Փեթերսոնի, Ջո Փասի հետ:

«Ջազի առաջին լեդին» կյանքից հեռացավ 1996-ի հունիսի 15-ին՝ 79 տարեկանում: Վերջին անգամ նա բեմահարթակին հայտնվեց 1992-ի դեկտեմբերին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում: Շաքարախտից տառապող երգչուհին բեմ էր բարձրացել աջ ոտքի ոտնաթաթը հեռացնելու վիրահատությունից հետո: Նա երգում էր հաշմասայլակին նստած: Եվ երգում էր ինչպես միշտ հոյակապ: Իսկ 1993-ին՝ երկրորդ վիրահատությունից հետո, երբ անդամատվեցին երգչուհու երկու ոտքերը, նրա բեմական ելույթները դարձան անհնար:

Էլլա Ֆիցջերալդին ծափահարել են ԱՄՆ բոլոր մեծ և փոքր քաղաքներում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում: Նրա զանազան մրցանակների ցուցակը հսկայական է: Էլլան 12 անգամ արժանացել է երաժշտական ամենահեղինակավոր՝ «Գրեմմի» մրցանակի: Էլլան նկարահանվել է չորս երաժշտական կինո¬ֆիլմերում: Նա մի քանի սիրված երգերի հեղինակ է:

Carmen Mcrae (1920-1994)

carmenՔարմեն ՄըքՌեյը հոյակապ երգչուհի է: Նա իր երաժշտական ուղին սկսել է դաշնամուր ուսումնասիրելով, որպես երգչուհի՝ իր ելույթներն սկսել է հայտնի սաքսոֆոնահար Բենի Քարտերի նվագախմբի հետ 1944-ին` 22 տարեկանում: Որպես երգչուհի իր վրա զգացել է Բիլի Հոլիդեյի մեծ ազդեցությունը: 1946-1974 թվականներին աշխատել է Քաունթ Բեյզիի և Մերսեր էլինգթոնի (Դյուք էլինգթոնի որդին) նվագախմբերում: 40-ականներին Նյու Յորքում բիբոփ ոճի երաժիշտները հավաքվում էին “Minton’s” ջազ ակումբում և այդտեղ էլ Քարմեն ՄըքՌեյն աշխատում էր որպես ընդմիջումները լրացնող դաշնակահարուհի (intermission pianist) և երգչուհի:

Ինչպիսի՜ երաժիշտներ էին հայտնվում այդ ակումբում: Այդտեղ կարելի էր հանդիպել Չարլի Փարքերին, Թելոնիուս Մոնքին, Դիզի Գիլեսփիին: Այդ տարիներին Քարմեն ՄըքՌեյն իր վրա զգում էր Սըրը Վոնի խոր ազդեցությունը: Քարմեն ՄըքՌեյի առաջին ամուսինը փառաբանված թմբկահար Քենի Քլարքն էր, որը հաստատում էր բոփի սկզբունքները ջազային թմբկահարության ասպարեզում:

1954-ին լույս տեսավ Քարմեն ՄըքՌեյի առաջին ձայնապնակը սեփական անվան տակ, իսկ “Down Beat” հեղինակավոր ջազային ամսագիրը նրան անվանեց «Նոր, լավագույն, կին երգչուհի» (“Best new female singer”): Այդ հաջողությանը հետևեցին համերգներ, ելույթներ ակումբներում, փառատոներում: 1960-1980 թթ. նա հաջողությամբ շրջագայել է Եվրոպայում, Ճապոնիայում: 1980-ին լույս է տեսել Քարմեն ՄըքՌեյի և հայտնի դաշնակահար Ջորջ Շիրինգի կատարմամբ մի հոյակապ ձայնապնակ, որը կոչվում է “Two for the Road”:

Քարմեն ՄըքՌեյը կյանքից հեռացավ 1995-ին՝ 73 տարեկանում: Նրա անունը մնաց ջազային թագուհիների թվում՝ Բիլի Հոլիդեյի, էլլա Ֆիցջերալդի, Սըրը Վոնի կողքին:

Dianne Reeves (1956)

dianne-reeves1994-ին 38-ամյա Դայըն Ռիվզը, հանրաճանաչ “Blue Note” ձայնագրման ընկերության հետ ձայնագրելով մի քանի սկավառակ, իրեն հաստատեց մեր ժամանակի ջազային երգեցողության թագուհու դերում: 20 տարեկանում սկսեց իր կարիերան, ու մինչև այդ 18 տարի շարունակ նա իրեն փորձում էր փոփ ոճում, ուրբան (քաղաքային) երգի ոլորտում և աֆրիկյան երաժշտության ասպարեզում: Ջազ, իհարկե, երգում էր, բայց հիմնականում փառատոների մասնակցելիս:

Հաջորդ տարիները Դայըն Ռիվզին բերեցին նոր հաջողություններ: Լեգենդար պրոդյուսեր Արիֆ Մարդինը, որը համագործակցել է շատ հայտնի երգչուհիներ Արեթա Ֆրենքլինի, Նորա Ջոնսի հետ, 2002-ին սկսել է համագործակցել Դայըն Ռիվզի հետ և ահա, թե ինչ է նա գրում երգչուհու մասին.

Ինձ դուր են գալիս վոկալ էֆեկտները, որոնք նա կիրառում է: Երբեմն նա նման է ջրացատկորդի, որը նախ ցատկատախտակի օգնությամբ վեր է սլանում և հասնելով ամենաբարձր կետին՝ մի պահ կախվում է օդում ու հաջորդ պահին կատարում հրաշալի պտույտ:

2001-ին “The Calling” («Կոչում») սկավառակի համար, որը նվիրված է լեգենդար Սըրը Վոնին, Դայըն Ռիվզն արժանացավ «Գրեմմի» մրցանակի: 2002-ին Դայըն Ռիվզը երգեց 2002-ի Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ: 2003-ին նա Մոնրեալի ջազ փառատոնին արժանացավ Էլլա Ֆիցջերալդի անվան մրցանակին:
Բիլի Հոլիդեյից, էլլա Ֆիցջերալդից, Սըրը Վոնից, Քարմեն ՄըքՌեյից հետո ջազային վոկալ արվեստը համալրման կարիք ուներ, և Դայըն Ռիվզը դարձավ այն համալրողներից մեկը, ջազ-վոկալի կայսրուհի: Դայըն Ռիվզը 2004-ին արժանացավ ևս մեկ «Գրեմմի» մրցանակի, այս անգամ՝ «Լավագույն ջազային վոկալ կատարում» անվանակարգում:

Երգչուհին համագործակցել է Ուինթոն Մարսալիսի հետ՝ ձայնագրվելով և համերգային գործունեություն ծավալելով այդ մեծ երաժշտի ու շեփորահարի հետ: Երգչուհու հրաշալի կատարումները հնչում են նաև “Lincoln” կենտրոնի մեծ ջազ նվագախմբի նվագակցությամբ: Դայըն Ռիվզը նկարահանվել և երգել է Ջորջ Քլունիի “Good Night and Good Luck” («Բարի գիշեր և հաջողություն») ֆիլմում, որում հնչող նույնանուն երգի ձայնագրությունը երգչուհուն 4-րդ անգամ բերեց «Գրեմմիի» մրցանակ:

Melba Liston (1926-1999)

Melba-LISTONՏրոմբոն կամ շեփոր նվագող կինը մեզանում կարող է միայն զարմանք առաջացնել, նման ավանդույթ այստեղ դեռ չի ձևավորվել: Չգիտեմ՝ ինչպես է այլ երկրներում, բայց Նահանգներում նորմալ բան է: Մելբա Լիսթոնի մասին այս նյութը պատրաստելիս ես ոչ մի տեղ չհանդիպեցի զարմանքի կամ հիացմունքի արտահայտում այն առիթով, որ կինը տրոմբոն է նվագում: Մելբա Լիսթոնը ոչ միայն տրոմբոն էր լավ նվագում, նա նաև շատ լավ գործիքավորում էր ու ղեկավարում էր տարբեր խմբեր:

Պատանեկան նվագախմբերում նվազելուց հետո՝ 1943-ին, Մելբան աշխատանք ստացավ Ջերալդ Ուիլսոնի մեծ նվագախմբում: Շատերին թվում էր, որ Մելբան կարող է լինել միայն սայդմեն, այսինքն՝ սեկցիայում նստած նոտաներով նվագող մի երաժիշտ: Սակայն 1947-ին նա, ձայնագրվելով սաքսոֆոնահար Դեքսթըր Գորդոնի փոքր խմբի կազմում, ներկայացավ նաև որպես մենանվագող-իմպրովիզատոր: 40-ականներին նա աշխատեց նաև Դիզի Գիլեսփիի մեծ նվագախմբում, մեկ համերգախաղ ունեցավ “Count Basie” մեծ նվագախմբի կազմում:

1957-ին Մելբա Լիսթոնը ձայնագրվում է Արթ Բլեքիի “Jazz Messengers” խմբի կազմում: 60-ին սկսվում է դաշնակահար Ռենդի Ուեսթոնի հետ Մելբա Լիսթոնի շատ բեղմնավոր համագործակցությունը, որը տևեց մոտ չորս տասնամյակ: Այդ ժամանակահատվածում նա նաև նվազել է Միլթ Ջեքսոնի, Քլարք Թերիի, Ջոնի Գրիֆինի հետ: Մելբա Լիսթոնի նվագաոճը հիմնված է բիբոփ և փոստ-բոփ ոճերի լավ իմացության վրա:

Toshiko Akiyoshi (1929)

EPSON scanner imageՃապոնիայում ջազ շատ են սիրում: Չգիտեմ՝ ինչու, միգուցե այն պատճառով, որ ընդհանրապես արվեստ են սիրում:
Դեռ անցյալ դարի կեսից Ճապոնիան էր Եվրոպայից հետո այն հողակտորը, ուր ձգտում էին գնալ ամերիկյան ջազի աստղերը: Եվ Ճապոնիայում այդ երաժիշտներին ընդունում էին մեծագույն սիրով և հարգանքով: Իզուր չէ, որ բարձր ջազի ոլորտում հայտնվեցին ճապոնացի երաժիշտներ և Տոշիկո Ակիյոշին. այդ նրբաճաշակ ճապոնուհին առաջին և շատ բարձր ճախրող ծիծեռնակն էր…

1945-ն էր, ճապոնական փոքր Բեպու քաղաքը լցված էր ամերիկյան զինվորներով, որոնք երեկոյան ժամերին այցելում էին տարբեր վայրեր: Այդպիսի ակումբներից մեկում դաշնամուր էր նվագում 16-ամյա Տոշիկոն, որը նոր էր սիրահարվել ջազին և ժամերով կատարելագործում էր իր նվագը:

1952-ին համերգներով Ճապոնիա է ժամանում Օսքար Փեթերսոնը, որը լսում է Տոշիկոյի նվագը և բարձր գնահատելով այն՝ իր պրոդյուսեր Նորման Գրանդին համոզում է ձայնագրել ճապոնուհու կատարմամբ մեկ սկավառակ: 1953-ին այդ սկավառակը “Toshiko’s Piano” անվան տակ վաճառվում է մեծ տպաքանակով: 1956-ին Ակիյոշին դառնում է Բոստոնի Բերքլի երաժշտական քոլեջի առաջին ճապոնացի ուսանողը: Ասեմ, որ մեր օրերում արդեն այդ երաժշտարանի յուրաքանչյուր 10-րդ ուսանող ճապոնացի է:

Տոշիկոն 1959-ին ամուսնանում է սաքսոֆոնահար Չարլի Մարիանոյի հետ: Նրանք երկուսով կազմում են տարբեր խմբեր: 8 տարի անց բաժանվում են: 1969-ին Տոշիկոն ամուսնանում է սաքսոֆոնահար Լյու Տաբակինի հետ: Այս երջանիկ ամուսնական զույգն այժմ բնակվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում: Երաժշտությունից բացի, նրանց հետաքրքրությունների շրջանակում են գինին և սիգարները, որոնց մեծ հավաքածուով նրանք սիրում են հպարտանալ:

Տոշիկո Ակիյոշիի և Լյու Տաբակինի ստեղծագործական կյանքի կենտրոնում եղել է մեծ նվագախումբ: Ակիյոշին դաշնամուր էր նվագում, գործիքավորում և ղեկավարում նվագախումբը, իսկ Լյուն այդ նվագախմբի մենանակատարն էր, տենորը, սաքսոֆոնահարն ու ֆլեյտահարը:

Իր երկարատև, ստեղծագործական կյանքի ընթացքում Տոշիկո Ակիյոշին 14 անգամ ներկայացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության անվանակարգերում, “Down Beat” հեղինակավոր ջազային հանդեսի մրցանակակիր՝ «Լավագույն գործիքավորող և կոմպոզիտոր» անվանակարգում: 2007-ին Միացյալ Նահանգների “NEA” (Արվեստի ազգային նվիրաբերություն) կազմակերպությունը Տոշիկո Ակիյոշիին կոչել է “Jazz Master” (Ջազի վարպետ):

Diana Krall (1964)

diana krallԴայանա Քրոլը՝ հաճելի արտաքինով այդ կինը, սովորաբար երգում է դաշնամուրի առջև նստած՝ նվագակցելով ինքն իրեն և կատարելով դաշնամուրային հոյակապ մենանվագներ: Դայանա Քրոլլը ծնվել է Կանադայում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է ծնողներից, նրա հայրը և մայրը դաշնակահարներ են, ապա նա սովորել է Նանայմո փոքր քաղաքի երաժշտական դպրոցում: Ինչից հետո մեկնել է ԱՄՆ՝ Բոստոն` սովորելու հայտնի Բերքլիի երաժշտական քոլեջում: Այդպիսի լուրջ պատրաստվածություն ունենալով` նա իր դաշնամուրային կրթությունը շարունակում է դաշնակահարներ Ջիմի Ռոուլզի և Դոն Թոմսոնի մոտ: Այո’, ի տարբերություն մեզանում հայտնվող «աստղերի»` իսկական աստղերն անցնում են ծանր աշխատանքի ճանապարհ: 20 տարեկանում Դայանան ձայնագրում է իր առաջին սկավառակը (1984), բայց իսկական հաջողության նա հասավ 15 տարի անց` 1999-ին, երբ նրա հինգերորդ` “When I Look in Your Eyes” սկավառակը բերեց «Գրեմմի» մրցանակ` «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում:

Terri Lyne Carrington (1965)

terriԹերրի Լին Քերրինգթոնն առաջին կինը չէ, որ հարվածային գործիքների կոպլեկտ (drumset) է նվագում: Ես այդ դեպքում մտաբերում եմ Սյու էվանսին (Sue Evans), Շեյլա Էսկովեդոյին (Sheila Escovedo): Բայց հաստատ կարող եմ ասել, որ այնպես, ինչպես Թերրի Լինն է թմբուկ նվագում, դեռ ոչ մի կին չի կարողացել: Եվ մոռացե՛ք այս դեպքում «կին» բառը: Թերրի Լինը բարձրակարգ երաժիշտ է, անզուգական թմբկահար: Այս մասին կարող է վկայել միայն այն, որ Դիզի Գիլեսփին, Սթան Գեթսը, Քլարք Թերրին, Հերբի Հենքոքը, Ուեյն Շորթերը, Ջո Սեմփըլը, էլ Ջերոն իրենց խմբերում թմբկահարի աթոռը վստահել են Թերրի Լինին:

Պապը՝ թմբկահար Մեթ Քերրինգթոնը, որը ժամանակին նվագել է Ֆեթս Ուոլերի և Չու Բերրի հետ, 7-ամյա հրաշամանուկ աղջնակին է նվիրում իր թմբուկների կոմպլեկտը: Մի քանի տարի մասնավոր դասեր վերցնելուց հետո Թերրի Լինը Քլարք Թերրիի խմբում ներկայանում է “Wichita Jazz” փառատոն: 11 տարեկանում նա արժանանում է Բերքլիի երաժշտական քոլեջի կրթաթոշակի: Այդ միջազգային ճանաչում և հեղինակություն վայելող ուսումնական հաստատությունում նրա ուսուցիչն էր Ալան Դոսոնը:

Թերրի Լինի մենթորն էր Ջեք դե Ջոնեթը, որը և. 1983-ին Թերրի Լինին հորդորեց Նյու Յորք մեկնել: Եվ «ջազի Մեքքայում» Թերրի Լինը շուտով հայտնվեց ամենաբարձր ոլորտներում ու համագործակցեց Ջեյմս Մուդիի, Լեսթեր Բոուիի, Ֆարո Սանդերսի, Կասսանդրա Ուիլսոնի, Դեյվիդ Սանբորնի հետ:

Հեղինակ՝ Արմեն Թութունջյան
newmag #06

Գրել կարծիք