Ժան Պոլ Սարտրը Հայաստանում կամ Դժոխքի նոր բանաձևը

Ժան Պոլ Սարտրը Հայաստանում կամ Դժոխքի նոր բանաձևը

Թե ինչպես 1963-ին Հայաստան եկավ Սիմոն դը Բովուարի հետ: Ովքե՞ր էին ուղեկցում և ուր տարան:

Խորհրդային գրողների մի մասը դեռևս հիսունականներին, «Նովի միր» ամսագրի էջերում, հավանաբար կարդացել էր «Նեկրասով» պիեսը, իսկ մի չնչին մասն էլ Մոսսովետի թատրոնում պետք է որ դիտած լիներ Սարտրի «Հարգարժան պոռնիկը» պիեսի ներկայացումը՝ նոմենկլատուրային աստղ Լյուբով Օռլովայի դերակատարմամբ: Այդ պիեսն էլ բեմադրվել էր մի պարզ պատճառով. ներկայացվում էր սևամորթ տղամարդու և սպիտակամորթ կնոջ ակամա հարաբերության մի տեսարան, անշուշտ, ռասիզմի անողոք քննադատության դիրքերից: Խորհրդային քարոզչության համար դա հերթական առիթ էր Միացյալ Նահանգների վրա հարձակվելու: Մի խոսքով, ստացվեց այնպես, որ ամբողջ հիսունականներին Սարտրը շարունակ մատուցվեց գաղափարախոսական-պրոպագանդիստական համատեքստում: Դա էլ ստիպեց, որ խորհրդային մտավորականության քիչ թե շատ առաջամիտ հատվածն անբարյացակամությամբ կամ զգուշավորությամբ նայի Սարտրի անձին և գրականությանը: Իսկ ոմանց համար Սարտրը խորհրդային գաղափարախոսությանը ծառայող գործիչ էր:

sartrԱյս անորոշությունն ավելի խորացավ, երբ 1960 թ. մոսկովյան մի քանի թերթեր, հավատարիմ իրենց «սկզբունքներին», բավական տարտամ, նույնիսկ աղավաղված ներկայացրին Սարտրի և Ռոժե Գարոդի (էքզիստենցիալիզմ և մարքսիզմ) բանավեճը: Այլ խոսքով, այդ տարիների խորհրդային մտավորականի պատկերացումներում չկար Ժան Պոլ Սարտր փիլիսոփան, գրողը, թատերագիրը, լրագրողը, քննադատը և քաղաքագետը, այլ գոյություն ուներ լոկ խորհրդային պրոպագանդի խոհանոցում ճարպկորեն աղավաղված մի պերսոնաժ, որը՝ դժվար էր որոշել, թե ով է և ինչով է զբաղված: Այս անորոշության մեջ էր, որ Ժան Պոլ Սարտրը 1963թ. Խորհրդային միություն էր եկել Սիմոն դը Բովուարի հետ: Չգիտեմ՝ ի՞նքն էր ցանկացել, թե Մոսկվայում էին որոշել, սակայն նրա ուղևորության կետերից մեկը Հայաստանն էր, որտեղ պետք է գար Մոսկվա, Լիտվա և Վրաստան այցելելուց հետո: Իսկ Հայաստանից, կարծեմ, պետք է մեկներ Տաշքենդ:

Այսպիսով, հայտնեցին, որ ֆրանսիացի երկու նշանավոր գրողները սեպտեմբերի 12-ին գալիս են Հայաստան: Ասում եմ՝ Հայաստան, քանի որ նրանք օդանավով կամ գնացքով չէին գալիս, այլ մեքենայով Թբիլիսիից պետք է գային Սևանա լճի ափ, որտեղ Վրաստանի ներկայացուցիչները հարգարժան հյուրերին պիտի հանձնեին Հայաստանի գրողների միության ղեկավարությանը: Այդպես էլ եղավ. նշված օրը, առավոտյան ժամը 10-ին: Ժամադրության վայրը նշանավոր «Մինուտկա» ռեստորանն էր՝ ժամանցի սիրված մի վայր, Սևանի հյուսիս-արևմտյան ափերը եզերող հին խճուղու վրա, ուր Երևանից և անգամ Թբիլիսիից գալիս էին իշխան ձուկ վայելելու:
sartr6Հյուրերն էլ սեղանին դրված բազմաթիվ ու համեղ կերակուրներից նախապատվությունը տվեցին հռչակավոր իշխանին: Եվ այստեղ նրանք պիտի զարմանային՝ տեսնելով, թե ինչպես տանտերերը վարդագույն ձկան հետ խմում են հայկական զորավոր կոնյակը և խմում են գինու բաժակներով ու գինու պես անվերջ: Տանտերերն էլ իրենց հերթին նկատել էին, որ կոնյակի հայրենիքից եկած գրողներն ընդամենը մի քանի ումպ էին արել իրենց գավաթներից: Այդ տարիներին, ցավոք, մեզ անծանոթ էր ոչ միայն երկու մեծ գրողների գրականությունը, այլև ֆրանսիական սեղանի և նիստուկացի կարևոր մանրամասները, որոնք, անշուշտ, գրականությանը հավասար ազգային մշակույթի անբաժանելի մասնիկն են: Ինչ որ է, թյուրիմացությունն անմիջապես շտկվեց, սպիտակ գինու շշեր հայտնվեցին սեղանին, որոնցից մեկը՝ «Բերդը», շատ հաճելի թվաց Սարտրին, իսկ տանտերերը հավատարիմ մնացին կոնյակին՝ դատարկելով շշերը, դրա հետ մեկտեղ պահպանելով կշռադատված խոսքը և զուսպ ու հանդարտ շարժումները: Սպառած կոնյակի առասպելական չափերը (ըստ ֆրանսիական պատկերացումների) ընդամենը փայլ էին հաղորդել տանտերերի աչքերին և նրանց ժպիտները դիվանագիտականից ավելի մոտեցրել ջերմ բարեկամականին: Տանտերերը չորսն էին. Հայաստանի Գրողների միության առաջին քարտուղար Էդուարդ Թոփչյանը, Սերո Խանզադյանը, որն այդ տարիներին Գրողների միության կուսկազմակերպության քարտուղարն էր, գրական ֆոնդի տնօրեն Սարոյանը և ես: Իր բնական հունով ընթանում էր հայկական սովորական քեֆը՝ հայկական սովորական սեղանի մոտ:

Մինչև կեսօր դեռ բավական ժամանակ կար: Այնպես ստացվեց, որ հյուրերը ժամանելուն պես հրավիրվեցին սեղանի մոտ, այսինքն՝ չհասցրեցին բնանկարը վայելել: Ուստի հացկերույթից հետո մոտ մեկ ժամ զբոսնեցինք և խոսեցինք լճի մասին: Ափերը եզերող կավճյա ճերմակությունը չէր վրիպել Սարտրի հայացքից: Եվ նա ցնցված էր՝ իմանալով որ դա ոչ թե ինչ-որ բնական աղետի հետևանք է, այլև նորօրյա բարբարոսություն: Սիմոն դը Բովուարը հետաքրքրվեց կղզում եկեղեցիներով: Մենք նկատեցինք, որ ֆրանսիացի գրողները բավական տեղյակ են հայ պատմությանը, գիտեն, որ հայերն աշխարհում առաջինն են քրիստոնեությունը պետական կրող հռչակել: Սարտրը, մասնավորապես, հիշեց, որ Հյուգոյի «Ծովի աշխատավորը» վեպի սկզբում նկարագրվում է Սուրբ Բարդուղիմեոսի նահատակությունը Հայաստանում:

sartr5

…Շուտով պիտի պարզվեր, որ Սևանի ափին կայացած խնջույքը համեստ մի նախաբան էր լուկուլլոսյան մի խրախճանքից առաջ, որն սպասում էր մեզ՝ մինչև Երևան մեկնելը: Պատահակա՞ն էր ստացվել, թե՞ ոչ, սակայն կարծում եմ՝ հյուրերը բոլոր հիմքերն ունեին այդ հաջորդ հրավերն ընդունել որպես քարոզչական հնարք: Վախթանգ Անանյանը առանձնատուն էր կառուցել Երևանից քիչ հեռու գտնվող Լուսակերտ գյուղում: Այդ առթիվ սեպտեմբերի 12-ին նորակառույց առանձնատանը մեծ ընդունելություն էր կազմակերպված: Հրավիրվածների թվում էին ոչ միայն հանրապետության կուսակցության ու կառավարության առաջին դեմքերը, այլև Սարտրը և Սիմոն դը Բովուարը, իսկ մի խումբ հայ գրողներ էլ պիտի գային Երևանից: Ես չէի ասի, թե այդ միջավայրում Սարտրի և Բովուարի հայտնվելը մեծ ոգևորություն և աշխուժություն պարգևեց հայ գրողներին: Այո′, ջերմորեն ողջունում էին, անկեղծորեն ուրախ էին: Բարյացակամությունն առավել քան ընդգծված էր: Սակայն դժվար էր դա երկու ժողովուրդների մտավորականների հանդիպում անվանել՝ բառի ամենալայն իմաստով, քանի որ անհրաժեշտ երկխոսություն չէր ստեղծվում: Եվ, ըստ երևույթին, դրանում մեղավոր չէր ո′չ այս, ո′չ այն կողմը: Պատճառները, կարծում եմ, երկուսն էին: Արդեն ասացինք, որ Սարտրը և հատկապես Բովուարը փաստորեն անծանոթ էին մեզ: Սրանից զատ, հայ գրողների մեջ անգամ 60-ականներին դեռևս ամուր նստած էր «ներքին ցենզորը», որը ստիպում էր դրսից եկածների մեջ, նույնիսկ եթե մեծ գրող է, տեսնել վտանգի աղբյուր և նրա հետ խոսել միայն «անվտանգ» բաներից, այսինքն՝ փաստորեն չխոսել: Գուցե դա էր պատճառը, որ կարճ ժամանակից հետո հյուրերը մնացին գրեթե մենակ: Հայ գրողները, քաղաքավարական ծեսը կատարելուց հետո, քաշվեցին մի կողմ: Սարտրը մի պահ մնաց մենակ կանգնած: Դա, կարծես, փիլիսոփայության մենությունն էր, ժխտումն իր իսկ հանրահայտ ասացվածքի. «Դժոխքը՝ մյուսներն են»: Նա մի պահ մնացել էր առանց «մյուսների»:
Սակայն անսպասելի մի շարժում սկսեց հայ գրողների մեջ. ժամանել էին հանրապետության մեծամեծները: Գրողները նետվեցին նրանց ընդառաջ, բայց ղեկավարությունը, որն անշուշտ տեղյակ էր ֆրանսիացի հյուրերի մասին, քայլերն ուղղեց դեպի Սարտրը և Սիմոն դը Բովուարը: Իսկ վարչապետը՝ Անտոն Քոչինյանը, կատակի տալով դիմեց հայ գրողներին.

– Տղե′րք ջան, մեր կողքը շատ մի մնացեք, մեզ երբ ուզեք կտեսնեք, գնացեք հյուրերի մոտ, անհարմար է… մենակ մի թողեք նրանց:

sartr7

Ղեկավար այս հորդորներն ազդեցություն չունեցան. հյուրերի հետ անշահ զրույցից զատ ուրիշ ոչինչ հնարավոր չէր անել: Մինչդեռ Քոչինյանի հետ կարելի էր անձնական հարցեր լուծել: Հանրապետության բարձրագույն նոմենկլատուրան բարի գալուստի քաղաքավարական ձևականություններից հետո քաշվեց մի կողմ՝ գրողների հետ նարդի խաղալու, որն, անկասկած, պիտի վերջանար կենդանի դասականների ջախջախիչ պարտությամբ: Իսկ հյուրերը դարձյալ մնացին մենակ, եթե չհաշվենք հորս՝ Էդուարդ Թոփչյանի և մոսկվացի գրականագետ-թարգմանիչ Լեոնինա Զոնինայի մշտական ներկայությունը: Հայրս առաջարկեց գնալ առանձնատնից քիչ հեռու գտնվող վարդանոց: Այստեղ ավելի հարմար էր սպասել՝ մինչև կպատրաստվեր խնջույքի սեղանը: Մենք հինգ հոգի էինք. հյուրերը, թարգմանչուհին և ես: Բարեբախտաբար, այստեղ անկաշկանդ զրույց բացվեց, խոսվեց նաև գրականության մասին: Սարտրին հատկապես հետաքրքրում էր, թե ֆրանսիական արդի հեղինակներից ովքեր են թարգմանվել հայերեն:

sartr4Հայ մտավորականության մի զգալի մասի համար ֆրանսիական գրականության պատմությունն այդ տարիներին ավարտվում էր Բալզակով ու Զոլայով, լավագույն դեպքում՝ Անատոլ Ֆրանսով և Անրի Բարբյուսով: Վերջիններս էլ մեզ ծանոթ էին ավելի շատ իրենց հայանպաստ գործունեության շնորհիվ: Արևմուտքի հանդեպ թշնամաբար տրամադրված խավարամիտների մի զանգված պարբերաբար կրկնում էր. «Բալզակից հետո չկա վեպ, Հյուգոյից հետո էլ՝ բանաստեղծություն»: Մոսկվան էլ, ի դեմս ֆրանսիական արդի գրականության, ներկայացնում էր գերազանցապես կոմունիստ գրողներին՝ Արագոն, Էլզա Տրիոլե, Անդրե Ստիլ, Պոլ-Վայան Կուտյուրիե, Ռոժե Վայան: Սրանց կողքին երբեմն հայտնվում էին Սենտ-Էքզյուպերիի, Ժակ Պրևերի, Մորիակի գործերը: Բացի այդ, դեռևս պատերազմից առաջ, հորս սերունդը հասցրել էր «Ինտերնացիոնալնայա լիտերատուրա» ամսագրում կարդալ Լուի-Ֆերդինանդ Սելին, Անդրե Մարլո, Անդրե Ժիդ… 20-րդ դարի ֆրանսիական գրականության երեք խոշոր դեմքերը: Այս ամենը բավարար էր, որպեսզի հյուրերի հետ հետաքրքիր զրույց սկսվեր:

Խոսք բացվեց նաև Վիլյամ Սարոյանի մասին: Սարտրը և Բովուարը լավ գիտեին այս անունը և դրվատանքով էին խոսում: Սա առիթ դարձավ, որպեսզի զրույցը ծավալվի ընդհանրապես ամերիկյան գրականության շուրջ: Սարտրը հետաքրքրվեց, թե Հայաստանում ճանաչվա՞ծ է արդյոք Վիլյամ Ֆոլքները: Այդ գրողի մի քանի պատմվածքներ արդեն թարգմանվել էին հայերեն, սակայն ավելի հետաքրքիր մի փաստ կար. ես պատմեցի, որ Փարիզում ապրած հայ գրող Վազգեն Շուշանյանը դեռևս 1938 թ. իր օրագրում հետաքրքիր նմուշներ էր արել «Աղմուկ և ցասում» վեպի մասին: Փաստ, որ վկայում է, թե հայկական սփյուռքը, որոշ դեպքերում, համաքայլ էր ընթանում եվրոպական գրականությունների հետ: Սա շատ հետաքրքրեց Սարտրին: Տարիներ հետո պիտի իմանայի, որ նույն վեպի մասին գրել է նաև Սարտրը, բայց քիչ ավելի ուշ՝ 1939 թ.: Շուշանյանի անձը լրջորեն հետաքրքրեց հյուրերին: Եվ ես, որ արդեն լավ գիտեի այդ գրողին և արդեն հասցրել էի կարդալ նրա ձեռագրերը, աշխատեցի լավագույնս ներկայցնել նրա գրականությունը: Վազգեն Շուշանյանի արձակը շատ է հիշեցնում «գիտակցության հոսքի» գրականությունը, որի արտահայտություններից մեկն էր, թերևս, Ֆոլքների վեպը: Նույնիսկ կարելի է ասել, որ հայ գորղը դարձել է ֆրանսիական «նոր վեպի» (nouveau roman) նախակարապետներից մեկը: Ապրելով Փարիզում, գրելով հայերեն՝ այսուհանդերձ, նա եղել է համաեվրոպական մշակույթի բուն կոնտեքստի մեջ: Ավելին, առաջ է անցել նրանցից: Եվ խոսքն այս պարագայում պարզ ազդեցության մասին չէ, քանզի Շուշանյանի արձակը ներքին մենախոսության եկավ սեփակա′ն ճանապարհով:

simone

Սարտրը և Բովուարն ընդունեցին, որ լեզվի պարագան չէ կարևորը, այլ՝ արձակի, պատումի այն նոր կերպը, որ կանխազգացել ու ստեղծել է հայազգի գրողը Փարիզում՝ իր մայրենի լեզվով: Նրանց համար կատարելապես հայտնություն էր, որ դեռևս քսանական-երեսունական թվականներին, նույնիսկ դրանից էլ առաջ հայ մշակույթի աշխույժ կյանք է եղել Փարիզում:
Ազնավուրի անունն առիթ դարձավ, որպեսզի զրույցն ընթանա նոր հունով՝ ֆրանսիական երգիչները, շանսոնյեները: Հյուրերը զարմացած էին, որ Հայաստանում գիտեն, սիրում և գնահատում եմ Ժակ Բրելի, Հոլիդեյի, Բրասենսի և այլոց արվեստը: Նրանք պատմեցին, թե ինչպես ներկա են եղել Հոլիդեյի և Սիլվի Վարդանի համերգին, որի ընթացքում մոլեգնած երիտասարդությունը ջարդոււփշուր է արել աթոռները: Ինձ համար զարմանալին ոչ միայն երկու մեծ գրողների ներկայությունն էր թինեյջըրների համերգին, այլև նրանց հանդուրժող հայացքը համերգի ընթացքում տեղի ունեցած վանդալիզմի հանդեպ: Գուցե նրանք արդեն կանխազգում էին 1968թ. փարիզյան մայիսը, երբ երիտասարդությունը դուրս եկավ փողոց և վանդալիզմի ասպարեզ դարձրեց քաղաքի մի քանի թաղամասեր:
… Մենք չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը: Մեզ արդեն փնտրում էին: Մի նոր խնջույք էր սկսում առանձնատանը՝ հայկական սեղանի բոլոր օրենքներով և, իհարկե, թամադայով: Այդ պարտականությունն ստանձնեց Հրաչյա Քոչարը, որի առանձնատունը նույնպես Լուսակերտում էր: Ցավոք, ես չեմ հիշում սեղանի շուրջ արտասանված կենացների և զրույցների բոլոր մանրամասները, սակայն մի փոքրիկ միջադեպ պահպանվել է հիշությանս մեջ: Հյուրերը չափազանց ժուժկալ էին նոր սեղանի մոտ: Գուցե պատճառը Սևանի ճոխ «նախաճաշն» էր: Այս հանգամանքը չէր կարող վրիպել տանտիրոջ աչքից: Սա կարող էր ընկալվել նաև այլ կերպ. մատուցվող կերակուրներից ոչ մեկը նրանց սրտով չէ, ուստի պետք է հարցնել, թե ուրիշ ի՞նչ կուզեին սեղանին դրվածից զատ: Հյուրերն շտապեցին հայտնել, որ եղածն արդեն շատ-շատ է և որ ամեն ինչ համեղ է: Այդ ժամանակ տանտերը՝ Վախթանգ Անանյանը, կատակի տալով դիմեց ինձ, քանի որ ես նստած էի հյուրերի կողքին.

– Տղա ջան, էդ խեղճ հալիվորին ու իր կնկան բոլ-բոլ խորոված դիր, թող ուտեն, թե չէ սոված կմնան…

Թամադան՝ Հրաչյա Քոչարը, հատ-հատ և դանդաղ բառերով շտապեց ճշտել արժեքները.

– Սիրելի′ Վախթանգ, քո ասած «խեղճ հալիվորն» ու «իրա կնիկը» աշխարհի գրականության խոշոր դեմքերից են:

Քոչա′ր ջան, քեզնից ու Սերոյից էլ մե՞ծ են,- լոռեցու երկիմաստ միամտությամբ հարցրեց Անանյանը:

– Սերոյից չգիտեմ, բայց ինձնից ու քեզնից շատ մեծ են:

Այդ պահին անմիջապես հնչեց Հովհաննես Բաղդասարյանի հորդորալից ու վճռական ձայնը.

– Կարևոր չէ՝ մե՞ծ է, թե՞ փոքր է, կարևորը հյուրն է, իսկ հյուրին պետք է լավ ընդունել, պետք է լավ կերակրել:

Հետո կտրուկ ու անվերապահ դիմեց ինձ.

– Դե լցրո′ւ, տղա′ ջան, լա′վ լցրու:

Միանգամից և պարտադիր առաջարկված կերակուրների ծավալը հյուրերին, մեղմ ասած, սոսկումի մեջ գցեց: Ստիպված էին անհրաժեշտ խմբագրումներով թարգմանել տեղի ունեցած երկխոսությունը:

sartr2Խրախճանքը տևեց մինչև ուշ երեկո, այնպես որ՝ երբ մեքենաներով մտնում էինք Երևան, արդեն կեսգիշեր էր: Գիշերային քաղաքում արտառոց ոչինչ չկար, մանավանդ քեֆերից ու ճամփորդությունից հոգնած մարդկանց համար: Սակայն մի անսովոր տեսարան կրկնվում էր փողոցից փողոց: Հերթը: Ահռելի՜ հերթը: Այսինքն՝ ոչ: Ավելի շուտ, իրար գլխի հավաքված լուռ ու մտահոգ մարդկանց խմբերը: Հետո նկատեցինք, որ այս արտառոց տեսարանները որոշակի օրինաչափություն ունեն. մարդիկ հավաքվել էին հացի խանութների մոտ:
Gitane-ի օգնությամբ նինջի դեմ պայքարող Սարտրը զարմացած նայում էր մարդկանց կուտակումներին: Երևում էր, որ մի տեսակ անհանգիստ է, որ ուզում է իմանալ, թե ինչ է պատահել, բայց քաշվում է հարցնել: Խմբերից մեկի առջև կանգնեցրինք մեքենան, և ես գնացի պարզելու, թե ինչ է պատահել: Այն, ինչ իմացա, առավել քան անհեթեթ էր ու աներևակայելի. քաղաքում հաց չկար… Մարդիկ դեռ չէին մոռացել պատերազմի դժնի տարիները և դուրս էին եկել ամբողջ գիշեր հերթ պահելու, որպեսզի առավոտ շուտ հաց գնեն: Հաջորդ օրն իմացանք, որ հաց չկա ամբողջ Խորհրդային միությունում: Խռուշչովն այդ տարի խաչակրաց արշավանք էր սկսել վերացական արվեստի դեմ՝ աչքաթող անելով գյուղատնտեսությունը:
Սարտրն ապշած ու լուռ նայում էր մտահոգ զանգվածներին և հավանաբար մտմտում Դժոխքի մի նոր բանաձևի մասին. Դժոխք, որ այլևս մյուսները չէին, այլ՝ մենք:
1990-2007 թթ.

Լուսանկարները և պատմությունը՝ Ալեքսանդր Թոփչյանի
NewMag #02

Գրել կարծիք