Հայաստանի 1-ին կին դեսպանի արտառոց կենսագրությունն ու վաղահաս մահը

Հայաստանի 1-ին կին դեսպանի արտառոց կենսագրությունն ու վաղահաս մահը

Դեսպան Կարինե Ղազինյանը դիվանագետ էր` կարիերայով, կոչումով ու ժառանգականությամբ: Այս բացառիկ հարցազրույցը նրա հետ արվել է մահից առաջ:

Խորհրդային դիվանագետներ Գեորգի և Կարինե Ղազինյանները Պորտուգալիայից վերադարձան Հայաստան` նախընտրելով ճանապարհ հարթողների դժվար ճակատագիրը: Դիվանագիտական դպրոց և ավանդույթներ չունեցող Հայաստանի 3-րդ Հանրապետությունն այդ ոլորտում ամեն-ինչ սկսելու էր զրոյից:

«Այժմ իսկապես հպարտ եմ, որ մենք վերադարձանք և խավարի ու ցրտի այդ դժվար տարիները հաղթահարեցինք մեծ նվիրումով ապրող ու պայքարող մեր երկրի հետ»:

Ժամանակին աշխարհի գրեթե երեք տասնյակ երկրներում աշխատող հայ դիվանագետներից միակ կին դեսպանը դիվանագետի իր կենսագրությունը սկսեց 22 տարեկանից: Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանի օգնականն էր. այդ երկիր էր մեկնել ամուսնու՝ խորհրդային դիվանագիտական դպրոցի լավագույն ավանդույթներով կրթված, երիտասարդ, բայց հմուտ դիվանագետ Գեորգի Ղազինյանի հետ: Տիկին Ղազինյանը արտակարգ և լիազոր դեսպան է աշխատել նախ Ռումինիայում, ապա նաև Գերմանիայում: Այստեղ նրա ջանքերով շատ կարճ ժամանակում հայկական դեսպանությունն ունեցավ իր շենքը: Բեռլինի հայտնի թաղամասերից մեկում է` Շառլոտենբուրգում, «Ընկուզենիների ծառուղի» անունը կրող հասցեով: Դյուրին չէր 30-ականներին կառուցված շքեղ և նրբաճաշակ առանձնատունը որևէ երկրի տրամադրելը:

karine2

Դեսպան Ղազինյանը Գերմանիայում անցկացրեց «Հայոց Ցեղասպանության մասին» Բունդեսթագի բանաձևը, որը թեև շրջանցում է բուն «ցեղասպանություն» եզրաբառը, սակայն 1915-ի սոսկալի իրադարձություններն անվանում է ազգի բնաջնջում: Հիշատակելով Երկրորդ աշխարհամարտի իրենց իսկ ոչ հեռու պատմական անցյալը` գերմանական բանաձևը Թուրքիային կոչ է անում հաշտվել իր անցյալի հետ, դադարեցնել Հայաստանի շրջափակումը: Փաստաթղթում գերմանացիները հայ ժողովրդի ներողամտությունն են հայցում՝ ժամանակին Օսմանյան Թուքիայի դաշնակիցը լինելու համար:

– Դիվանագետի ծանր ու բարդ աշխատանքը դժվար չէ՞ կնոջ համար:

– Կնո՞ջ… Ես ֆեմինիստ չեմ, այլ հավասարության կողմնակից: Տղամարդ գործընկերներս սիրում են կատակել, թե կանանց առջև շատ դռներ երևի ավելի հեշտ են բացվում: Թերևս նկատի ունեն կնոջը հատուկ հմայքը, զգացմունքայնությունն ու ինտուիցիան: Բայց հավատացեք. և′ տղամարդու, և′ կնոջ համար նույն բարդ և պատասխանատու աշխատանքն է: Պարզապես պետք է շատ սիրես քո մասնագիտությունը, և ամեն ինչ կստացվի, ամեն ինչ կհաղթահարես: Ես իսկապես սիրում եմ իմ աշխատանքը:

Credentials presented at Buckingham Palace

-Երբեմն մասնագիտությունն ու աշխատանքը տարբեր են լինում: Դուք Ձեր մասնագիտությո՞ւնն եք հարմարեցրել Ձեր աշխատանքին:

– Երկար պատմություն է: Երբ Հայաստանի կառավարությունը բոլոր հայազգի դիվանագետներին կոչ արեց վերադառնալ և օգնել մեր դիվանագիտական դպրոցը ստեղծելուն, շատերը վերադարձան: Նրանք թողեցին Մոսկվան, հրաժարվեցին Ռուսաստանի ԱԳՆ-ում հաջող կարիերա անելու հեռանկարից, եկան ու աշխատեցին մեծ նվիրումով: Այդ տարիներին ամուսինս Հայաստանի փոխարտգործնախարարն էր, ես էլ Երևանի պետական համալսարանում անգլերեն և պորտուգալերեն էի դասավանդում: Սակայն, երբ ամուսինս` Գեորգի Ղազինյանը, Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր, դժբախտությունը մտավ մեր ընտանիք. ամուսինս վախճանվեց սրտի կաթվածից: Ընդամենը 44 տարեկանում: 1997-ի հուլիսն էր: Հայաստանի կառավարությունն ինձ վստահեց նրա առաքելությունը շարունակելու գործը: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Գուցե հենց դա օգնեց հաղթահարել ամուսնուս վաղաժամ կորստի ողբերգությունն ու ցավը: Միասին անցած մեր քսան տարիներն են, որ ինձ տվել են թե′ դիվանագիտական և թե′ կյանքի դպրոցի մեծ փորձը:

– Ենթադրում եմ, որ ազատ ժամանակ քիչ եք ունենում: Այսուամենայնիվ, ինչո՞վ եք զբաղվում, երբ ազատ եք:

– Այդ սակավաթիվ ազատ ժամերն առաջին հերթին փորձում եմ տրամադրել երեխաներիս: Ճիշտ է, նրանք արդեն ինքնուրույն երիտասարդներ են, սակայն մոր համար միշտ էլ հաճելի է զավակների մասին հոգալը: Իսկ ընտանեկան հարկից դուրս… Բեռլինը հայտնի երաժշտական քաղաք է, և ես ձգտում եմ հետ չմնալ երաժշտական անցուդարձից: Իմ կյանքի անբաժանելի մասնիկն է, բնականաբար, գիրքը: Երաժշտությամբ ու գրականությամբ էլ լցնում եմ ազատ ժամանակս:

Հեղինակ Նունե Ալեքսանյան

Գրել կարծիք