Հայաստանի միակ երկնաքարային խառնարանն ու երևույթի արտացոլումը ժայռապատկերում

Հայաստանի միակ երկնաքարային խառնարանն ու երևույթի արտացոլումը ժայռապատկերում

Շրջանաձև պատկերն արդյունք է չափազանց հազվադեպ մի երևույթի, մարդիկ տեսել են, թե ինչպես է խոշոր երկնաքար ընկել:

Ժայռապատկերները սփռված են ամբողջ Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում Սև ծովից մինչև Հայկական Տավրոս, Կասպից ծովից` Կիլիկիա: Հայաստանի Հանրապետությունում հայտնի է ժայռապատկերների չորս խոշոր կուտակում` Սյունիք, Գեղամա և Վարդենիսի լեռներ, Արագած: Բնականաբար, հնդեվրոպական նախահայրենիքում ձևավորված հայ ժողովուրդն է կերտել լեռնաշխարհի ամբողջ տարածքով մեկ սփռված բյուրավոր ժայռապատկերները:

Լեռնալանջերի 2.400-3.300 մ բարձրության ալպիական գոտու քարացրոններում սփռված փորագիր պատկերներն անգին տեղեկություններ են պարունակում նախագրային ժամանակներում մեր ժողովրդի կյանքի ու կենցաղի, արվեստի ու գիտելիքների, դիցամտածողության ու սովորույթների մասին:

Ժայռապատկերը նախնադարյան մշակույթի կրող է, դրա տեսակ, փուլ ու ձև: Լինելով պատկերային մտածողության արտահայտություն, տեղեկությունների ու զգացմունքների արտահայտման ու փոխանցման յուրահատուկ պատկերագրական ձև` այն մարդկային հաղորդակցության միջոց է:

Առանձնահատուկ նշանակություն ունի խոշոր երկնաքարի անկման երևույթի` խոշոր ասուպի պատկերը, Վարդենիսի լեռնաշղթայի Սևսար լեռան հնագույն աստղագիտական համալիրում` Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից 8 կմ հարավ: Բարձրությունը` մոտ 2.650 մ: Այն 1965 թվականին նկատել և արտանկարել է ժայռապատկերներ հայտնաբերող ճարտարապետ Սուրեն Պետրոսյանը: 6 մ2 մակերեսին փորագրված են 1մ տրամագծով շրջանաձև շքեղ պատկեր, երկու մարդ-պատկեր, ձի, օձ-վիշապներ, բոլորակներ և նշաններ` խաչ, մահիկ, անկյունիկներ, կետախմբեր:

Հայ աստղագիտության պատմության մեծագույն գիտակ, պրոֆ. Բենիկ Թումանյանը համոզված է, որ շրջանաձև պատկերն արդյունք է չափազանց հազվադեպ մի երևույթի, մարդիկ տեսել են, թե ինչպես է խոշոր երկնաքար ընկել, ինչը նույն վայրում կարող է տեղի ունենալ մի քանի միլիոն տարին մեկ: Կից պատկերները` համաստեղությունները, ճշգրիտ նշում են գիշերային երկնքի այն մասը, որտեղից եկել է երկնաքարը: Իսկ եթե ենթադրենք, որ կենտրոնից սկիզբ առնող երեք ճառագայթը նշում են
երկնաքարի սրընթաց թռիչքի ուղղաթյունը, պարզ երևում է, որ այդ ուղղությունը ճիշտ դեպի Աժդահակ է` ՀՀ երրորդ գագաթը (3.597 մ):

Աժդահակ հրաթխակոնի հիմքի հյուսիս-արևմտյան մասում մնում է երկնաքարի անկման հետքը` 4 մ խորությամբ: Հրաբխային խառնարանների համեմատ` փոքրիկ մի փոսորակ է սա, խառնարան` 28 և 36 մ առանցքներով կանոնավոր ձվածիր եզրագծով: Իմ հաշվումների համաձայն, նման խառնարան կարող էր առաջացնել 80-300 կգ զանգվածով և 20-10 կմ/վրկ արագությամբ ընկնող մարմնի հարվածը: Բախումը հավասարազոր է մոտ 4 տ տրոտիլի պայթյունին:

ajdahak

Մեր երկրում հայտնի թերևս միակ երկնաքարային խառնարանն է սա: Շատ հավանական է, որ այն իրոք երկնաքարային ծագում ունի, քանի որ հրաբխային խառնարանների համեմատ այդքան փոքր ու ոչ խորը գոյացումը միլիոն տարվա ընթացքում (Աժդահակը և ամբողջ Գեղամա լեռնահամակարգը ձևավորվել են մոտ 1 մլն տարի առաջ) վաղուց վերացած ու հողով լցված պիտի լիներ:

Պետք է հուսալ, որ հետագա համալիր ուսումնասիրություններով խառնարանի խորքում կհայտնաբերվի երկնաքարի մի մասը, ծայրահեղ դեպքում` դրա կամ հարվածի հետքերը: Դա թույլ կտա քիմիական, երկրաբանական, հնաբուսաբանական, հողագիտական եղանակներով որոշել անկման (հարվածի) ժամանակը, թերևս` 2-3 դար ճշտությամբ, ինչն էլ թույլ կտա թվագրել երևույթի պատկերը` Սևսարի աստղադիտարանում:

Առաջարկվող վարկածն այս է. նախապատմական ժամանակներում Սևսարի բնակիչներն ականատես են եղել երբևիցե չտեսնված, հզոր ու ահարկու` նույնիսկ ցերեկը շլացուցիչ փայլող ու պտտվող, խլացուցիչ ձայնով, երկնակամարը մի քանի վայրկյանում հատող լուսավոր գնդի թռիչքին ու անկմանը: Իսկ լավ եղանակի դեպքում թերևս տեսել են մոտ 35 կմ հեռվում բարձրացած փոշու, գոլորշու կամ ծխի ամպը: 15 վայրկյան անց կարող էին զգալ նաև գետնի թեթև ցնցումը, երկու րոպե չանցած` նաև թնդյունի հեռավոր ու խուլ ձայնը: ժամանակամիջոցները հաշվարկ¬ված են սեյսմիկ (2.3 կմ/վրկ) և ձայնային (330 մ/վրկ) ալիքների տարածման արագությամբ:

Ամենայն հավանականությամբ, այս ամենը ծիսապաշտամունքային երանգավորում է ստացել, ծագել են տիեզերածին և աշխարհակործան ուժերի մասին նոր պատկերացումներ և, համապատասխանաբար` պաշտամունքի նոր դրսևորումներ: Տեսածն ու ապրածն արտացոլվել են առասպելաբանության մեջ: Աշխարհընկալումային համակարգի անբաժան մասը` ճանաչողական ոլորտը, նոր` էական լիցք է ստացել, երևույթը տեղեկատվորեն սևեռելու, այն սերունդներին փոխանցելու նպատակով դիտվածը հնարավորին չափ արագ փորագրվել է հատուկ ընտրված, սևեռված ու փոքր-ինչ ողորկված մի մեծ քարաբեկորի մակերևույթն` պարզ ու անմիջականորեն նշելով, թե երկնքի որ մասից եկավ և ինչ ուղղությամբ թռավ հրե գունդը: Պետք է կարծել, որ պատկերման ճշգրտությունն էլ համապատասխան է եղել երևույթի նշանակալիությանը: Հետագայում այդ մեծ քարաբեկորի շուրջը հավանաբար ձևավորվել է պաշտամունքային ու դիտողական կենտրոն` նոր դրված կամ գետնում սևեռված քարերի մակերեսին փորագրվել են աստղագիտական-տոմարագիտական նպատակների ծառայող «գործիքներ» ու դիտումների գրանցման «աղյուսակներ», դրվել ուղեցույց և ուղղորդ քարեր:

Գուցե մարդիկ նաև գնացե՞լ են դեպի անկման վայրը, տեսել հարթ ու խոտածածկ հովտում գոյացած ու դեռ ծխացող ձագարաձև փոսորակը, շուրջը թափված ու տեղաշարժված հսկայական քարերը, այրված խոտը կամ հալված ձյունը, զգացել գետնի տաքությունը: Հնարավոր է, որ տարբեր վայրերից այստեղ եկած մարդիկ հանդիպել են, տեղեկություններ ու տպավորություններ փոխանակել: Շատ հավանական է նաև, որ այստեղ` Գեղամա լեռնաշղթայի բազմաթիվ երկրային` հրաբխային խառնարանների հարևանությամբ հայտնված նոր` երկնային ծագման խառնարանի շուրջ առաջացել է պաշտամունքային կենտրոն:

Երկներ երկին, երկներ երկիր, երկներ և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, ընդ եղեգան փող բng ելանէր.
Եվ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր, բոց ունէր մորուս,
Եվ աչկունքն էին արեգակ ունք:
Գուցե այստե՜ղ և այսպե՜ս են հայոց նախնիք ծանոթացել երկաթին… երկնքից կաթած…:

Վահագնը ամպրոպի, անձրևի, ամպի, կրակի, նաև քաջության, ուժի, հերոսության ու ռազմի աստվածն էր հայոց միջավայրում: Հունական միջավայրում ստորերկրյա կրակի, նաև դարբնության աստվածն էր Հեփեստոսը, որի արհեստանոցն Էտնա հրաբխի ընդերքում էր: Իսկ Վահագնինը… գուցե Աժդահա՞կ հրաբխի ընդերքում կամ քարանձավներում, որ գագաթի հյուսիսային մասի տակ են: Գրեթե հարյուրկիլոգրամանոց երկաթանիկելային երկնաքարի հալված կտորների ամրությունը փորձելով` մարդն այն կարող էր կիրառել առօրյայում` պաշտպանվելու, կառուցելու և կերտելու նպատակով: Երկաթե գործիքով կերտում էր և ժայռապատկերներ, որ սփռված են այստեղից երեք կմ հեռավորությամբ: Ժայռապատկերներում շատ են մեսրոպյան տառերին նման նշանները: Երկաթագիր բնորոշումը չունի՞ արդյոք նաև ուղղակի իմաստ:

Հեղինակ` Կարեն Թոխաթյան
newmag #12

Գրել կարծիք