Բարի վերադարձ տատիկի երկիր. Քշիշտոֆ Պենդերեցկու առաջին այցը Հայաստան

Բարի վերադարձ տատիկի երկիր. Քշիշտոֆ Պենդերեցկու առաջին այցը Հայաստան

Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստան կատարած իր առաջին այցը վերնագրեց «Սենտիմենտալ»:

50-ականներին աշխարհին որպես ավանգարդիստ, մոդեռնիստ ներկայացած Պենդերեցկին այսօր արդեն քայլող դասական է ու կենդանի լեգենդ: Նրա երաժշտությունը կատարում են աշխարհի բոլոր անկյուններում, առանց Պենդերեցկու երաժշտական բոմոնդ չկա:

Այստեղ նրան սպասում էին 50 տարուց ավելի. Պենդերեցկին դեռ 1957 թվականին է ստացել Հայաստան այցելելու հրավերը: Բայց «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը միայն տասնամյակներ անց կարողացավ լեգենդար Պենդերեցկուն բերել Հայաստան` պապերի (այս դեպքում` տատիկի) երկիր: Երբ Քշիշտոֆ Պենդերեցկին տիկնոջ հետ մասնակցեց Հայաստանի Նախագահի երդման հանդիսավոր արարողությանը, խոստովանեց, որ թեև մի բառ անգամ չհասկացավ, բայց տպավորված էր և’ տեսածից, և’ լսածից.

– Առաջին անգամ էր, որ լսում էի հայոց լեզուն: Զգացի, որ այս լեզվով ես պե’տք է իմ խոսքն ասեմ:

Թե ի՞նչ նկատի ուներ մաեստրոն, մի քանի օրից պետք է պարզվեր՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ: Հոգևոր երաժշտության վարպետը պատրաստվում էր մի մեծ օրատորիա գրել հայ եկեղեցական տեքստի հիման վրա: Եվ Վեհափառ հայրապետն առաջինն էր, որի հետ Պենդերեցկին խոսեց այդ մասին: Սուրբ էջմիածնի Մայր տաճարում մաեստրոն մոմ վառեց, հետո երկար կանգնեց Վեհարանի գանձերի առջև, հետո քթի տակ ինչ-որ մեղեդի մրմնջալով քայլեց դեպի մեքենան: Մտքերով դեռ կաթողիկոսի հետ էր:

– Ամենակարևորն ինձ համար տպավորությունն էր, որ շփվում եմ սովորական մարդու հետ, ով դիմացինին չի կաշկանդում իր վեհությամբ: Ամենայն Հայոց հայրապետը վերահաստատեց համոզմունքս, որ մենք բոլորս նույն Հոր զավակներն ենք՝ անկախ ազգությունից, դավանանքից ու մաշկի գույնից:

penderecki

Գեղարդում մաեստրոն երկար չմնաց. ասաց` նման հրաշքներ տեսնելիս պետք է արագ քաղես առաջին տպավորությունն ու նույնքան արագ հեռանաս… կամ չհեռանաս ընդհանրապես: Ասում են` Պենդերեցկու երաժշտությունն ստեղծված է ոչ թե տոներից ու կիսատոներից, այլ ձայներից: Ասում են` նրա համար անցել է հակադրվելու ժամանակը, և նա օգնում է նրանց, ում մեջ դեռ պետք է վառել տարբերվելու կրակը: Ասում են` համաշխարհային երաժշտարվեստի դիմագծին նա թողել է շատ խորը, չարաճճի, վառ ու կրեատիվ վրձնահետք: Մաեստրոն հաճախ է կրկնում «չարաճճի» ու «կրեատիվ» բառերը: Ասում է` դա պարտադիր է երջանիկ լինելու համար, թե չէ կձանձրանա ու կընկնի անկողին.

– Հատկապես, որ այսօր ձանձրույթի հետևից հեռու գնալու կարիք չկա: Մի ամբողջ քաղաքակրթություն է մարում մեր աչքի առաջ, ռոմանտիզմի ու կլասիցիզմի արժեքները փշրված են, և դրանց տեղը զբաղեցնում են զանգվածային հոգեբանությունն ու հրատարակված արվեստը: Մեզ սպասում է բարբարոսության նոր շրջան, իսկ իմ երաժշտությունն այսօրվա մասին չէ և ոչ էլ վաղվա համար: Իմ երաժշտությամբ ես ավարտում եմ մի ամբողջական, բայց արդեն անցած-գնացած դարաշրջան: Ես զգում եմ, որ իմ արվեստով ամփոփում եմ խենթերի, որոնողների, հրաժարվողների ու ստեղծագործողների դարաշրջանը: Իմ ժամանակի մարդը չէր ուզում պատկանել և ոչ մի դպրոցի, խմբի կամ ուղղության ու չէր վախենում քննադատությունից կամ անկումից:

Սուտ է, երբ ասում են, թե նախորդ դարը խեղդում էր արվեստն ու տաղանդը: Հիմա կարծես թե ամեն ինչ շատ ավելի ազատ է, բայց որտե՞ղ են այդ բոլոր ազատատենչ հանճարներն ու ըմբոստացող խենթերը… Ես նրանց կարիքն ունեմ, իրենք ինձ պետք են ոգի առնելու ու լիաթոք շնչելու համար:

Քշիշտոֆ Պենդերեցկին Կրակովում ունի մի հսկայական այգի: Բոյոր ծառերը, թփերն ու ծաղիկները տնկել է տիկնոջ` պանի Էլժբիետայի հետ: «Միասին» իրենց համար նշանակում է ՇՈՒՆՉ: Արդեն 50 տարի «շնչում են» միասին: Տիկին Պենդերեցկան պետք է ֆիզիկոս դառնար, բայց սիրո ձգողականության ուժն անհաղթահարելի էր: Եվ ամենակարևոր բանաձևը նրա համար դարձավ «Քշիշտոֆ + Երաժշտություն = Երջանկության 360°»:

penderecka– Իմ ամուսինը շատ սովորական մարդ է, առանց տարօրինակ սովորությունների, որոնցով սիրում են բնութագրել քիչ թե շատ տաղանդավոր մարդկանց: Նա երբեք չի փորձում ընդգծել իր հատուկ լինելը: Ընդհակառակը, արդեն կես դար է` ամեն օր ինձ համոզում է, որ ես շատ անկրկնելի, հազվագյուտ կին եմ: Իսկ երբ ես ծիծաղում եմ ու խնդրում, որ ինձ գոնե մի քիչ մենակ թողնի գործերս ավարտելու համար, նեղանում է ու ասում, որ… չէ’, չեմ ասի, թե ինչ է ասում:

Պանի Պենդերեցկան Լեհաստանի Բեթհովենի անվան երաժշտական միջազգային փառատոնի նախագահն է: Շատ գործունյա ու կանացի, ժպտերես ու շողացող, անմիջական ու միշտ դիմացինի հանդեպ ընդգծված հարգանքով, ներքին արիստոկրատիզմով ու հմայքով: Տասնամյակներ շարունակ համատեղ կյանքով ապրելու և տասնամյակներ շարունակ միմյանց սիրելու բանալին համարում է կոմպրոմիսն ու միաժամանակ բացահայտ բախման գնալու պատրաստականությունը.

– Եթե ուզում եք իրար անվերջ սիրել ու երբեք իրարից չձանձրանալ, ուրեմն միշտ ասեք նրան, թե օրինակ ինչ տգեղ է իր նոր փողկապը կամ ինչ ծիծաղելի տեսք ուներ խանութի վաճառողուհու հետ վիճելիս կամ ինչպես է Ձեր նյարդերի վրա ազդում, երբ հավատարիմ շնիկի պես որսում է Ձեր հայացքը: Ասեք նրան և պատրաստ եղեք լսել ու ընդունել այն բոլոր ստերն ու ճշմարտությունները, որ ինքը հաճույքով Ձեզ կպատմի Ձեր մասին:

Քսաներորդ դարի մեծագույն կոմպոզիտորը, որի տանը կա մի քանի «Գրեմմի» և «էմմի», որի բնակարանի նախասրահը զարդարում են Կաննի ու Գարվմեյերի երաժշտական մրցանակներն ու կառավարական ամենաբարձր պարգևները, որի երաժշտությունը, ժամանակակից լինելով հանդերձ, դասական բարձր արվեստի գոհար է, որը կրում է աշխարհի առաջատար կոնսերվատորիաների պատվավոր պրոֆեսորի ու դոկտորի կոչումները և որը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի, Հռոմի Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիայի և շատ ու շատ ուրիշ աշխարհահռչակ ակադեմիաների պատվավոր նախագահ է, ահա այս տարօրինակ մարդը առաջի ն անգամ Հայաստանում էր 2008-ին` իր տատիկի հայրենիքում ապրեց հինգ օր:

Հեղինակ` Սոնա Թորոսյան
newmag #07

Գրել կարծիք