Լահուդներ. Լիբանանի հայ նախագահն ու նրա հայուհի ազնվական կինը

Լահուդներ. Լիբանանի հայ նախագահն ու նրա հայուհի ազնվական կինը

Բացառիկ հարցազրույց հայկական Ամատունի ազնվական ընտանիքից սերող Անդրե Լահուդի հետ, ով Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդի կինն է:

Լիբանանի Մարոնի համայնքի վերնախավում տիրում են ֆրանսիական բարքեր: Ֆրանսիական նրբաճաշակությունը, արվեստի տարբեր ճյուղերի հանդեպ հետաքրքրությունը, լեզուների իմացությունն անպակաս են Մարոնի շատ ընտանիքներից: Նրանց երեխաները դեռևս մանկապարտեզում սովորում են քաղաքավարության, բարեկրթության և վարվեցողության կանոնները, մայրենի լեզվից առավել սերտում են ֆրանսերենը: Եվ այս ամենը պատահական չէ: Լիբանանը երկար տարիներ եղել է Ֆրանսիայի գաղութ, և Ֆրանսիայի մշակույթը հիմնավորվել է այստեղ: Ֆրանկոֆոնի անդամ երկրների շարքում Լիբանանն առաջատար է, այստեղ անցկացվում են Ֆրանկոֆոնի բազում համաժողովներ և ցուցահանդեսներ: Ու այս ամենը` ի հակադրություն երկրի անկայուն վիճակին, պատերազմական վտանգներին և ներքաղաքական մշտական լարվածությանը:

Սա Լիբանանի կենսունակության գաղտնիքներից մեկն է,- ասում է Լիբանանի նախկին առաջին տիկին Անդրե Լահուդը, որին միշտ զարմացրել է, թե հերթական հարվածից հետո լիբանացին ինչպես է կարողանում ոտքի կանգնել և շարունակել արժանապատիվ ապրել:

Լահուդների տանը նույնպես տիրում է եվրոպական շունչը: Բնակարանը կահավորված է դասական հանգստավետ ոճով, արևելյան պճնանքից ու գունագեղությունից զերծ: Տիկին Անդրե Լահուդը մեզ դիմավորում է անձամբ: Մեզ սուրճ են հյուրասիրում. տանտիրուհին սուրճ խմելու սովորություն չունի, սակայն որպես հարգանքի նշան` մեզ ընկերանում է «քաֆեբլա»-ով («ճերմակ սուրճ», որն իրականում միայն ջուր է` լցված սուրճի գավաթի մեջ), որը նույնպես ֆրանսիական սովորույթ է: Բայց դժվար է այս ընտանիքը պատկերացնել որպես ամբողջությամբ այս կամ այն մշակույթը կրող: Լահուդների ուղիղ կեսը հայկական ծագում ունի: Երկրի նախկին նախագահ, Նորին գերազանցություն Էմիլ Լահուդի մայրը` Ադրինե Բադջակյանը, Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքներից էր և մինչև կյանքի վերջը խոսում էր միայն հայերեն: Հայուհի է նաև Էմիլ Լահուդի կինը` Ամատունիների ազնվականական գերդաստանից: Նա հաճախել է Լիբանանի Հռիփսիմյանց հայկական դպրոցը, սակայն հանգամանքների բերումով հեռու է մնացել հայկական միջավայրից, հայոց լեզուն ժամանակի ընթացքում տեղը զիջել է արաբերենին, ֆրանսերենին, անգլերենին:

lahoud

Նախագահ Էմիլ Լահուդի հետ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ տիկին Լահուդի նվիրական զգացումները վերարթնացել են: Նա այսօր էլ հուզմունքով է հիշում այցը Սուրբ Էջմիածին, հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Տեր և տիկին Լահուդների հայաստանյան այցի ժամանակ եղել է նաև մի ինտրիգային դրվագ, որի մասին նույնպես Անդրե Լահուդը պատմում է մեծ հետաքրքրությամբ:

Ինձ ասացին , որ Հայաստանում նույնպես Ամատունիներ կան, որ Էմիլ Ամատունի անուն-ազգանունով մեկն ուզում է հանդիպել ինձ հետ: Ես մտածեցի, որ ընդամենը կատակ է դա. Էմիլն ամուսնուս անունն է, Ամատունին՝ իմ ազգանունը: Հետո մինչև ստուգեցին և պարզեցին, որ իսկապես կա Էմիլ Ամատունի անուն-ազգանունով մարդ, մեր այցի վերջին լարված օրն էր… Ցավոք, ես չկարողացա հանդիպել նրա հետ:

– Տիկին Լահուդ, ինչպիսի՞ ընտանիքում եք Դուք մեծացել, և ինչպիսի՞ բարքեր էին տիրում այդ ժամանակ երկրում:

– Ես մեծացել եմ պահպանողական ընտանիքում: Մեր ընտանիքը չափավոր ու զուսպ ընտանիք էր համարվում. այդպիսի ընտանիքներ շատ կային Լիբանանում: Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել են այնպիսի ժամանակներում, երբ մեծ հարգանք և ակնածանք կար ընտանեկան ու բարոյական արժեքների հանդեպ: Փոքրուց սովորել եմ մեծ սեր ու հարգանք տածել դիմացինիս հանդեպ:

– Ուրեմն Ձեր մանկությունը մե՞ծ ազդեցություն է ունեցել Ձեր կյանքի վրա:

– Այո′: Ընդհանրապես մանկության հետքերը միշտ մնում են ամբողջ կյանքի համար: Ես խաղաղ ներաշխարհ եմ ունեցել փոքր ժամանակ, որ մնացել է մինչև հիմա: Փոքր ժամանակ եմ հասկացել, որ մարդ պետք է երբեք չվախենա և պետք է ինքնավստահ լինի: Եվ ճիշտ այդ տարիներին եմ սկսել ընկալել, որ աշխարհը կփրկեն գեղեցկությունն ու խաղաղությունը:

– Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:

– Օ՛, անուրջների, բանաստեղծության և երաժշտության ժամանակներն էին: Լիբանանը բարգավաճում էր, լի էր երազներով, գեղեցիկ օրերով: Այդ ժամանակ բացահայտվեց մեր սերը, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ դա նաև սեր էր այս երկրի հանդեպ: Մենք երկուսս էլ նույն պատկերացումներն ունեինք խաղաղ կյանքի և երջանիկ ընտանիքի մասին: Դժվարություններն ու ցավը ներկա էին միշտ, սակայն մեր միությունը կայացավ: Մեր ընտանիքը մենք կարողացել ենք պահպանել սիրով և բանականությամբ:

– Ի՞նչ է նշանակում լինել Առաջին տիկին: Դա տիտղո՞ս է, պատասխանատվությո՞ւն:

– Անկասկած դա մեծ պատասխանատվություն է: Այդ խոսքի մեջ նաև մեծ զգացումներ կան: Այսինքն՝ այդ պատասխանատվություններն իմ սրտից են բխում: Իսկ եթե տիտղոս է, ապա տիտղոս` ծառայելու, օգտակար լինելու հիվանդներին, աղքատներին, կարիքավորներին: Իմ դեմքին ժպիտ է հայտնվում, երբ ես հիվանդ երեխաներին ուրախացնում եմ: Ինձ համար ուրախությունը տալն է, ոչ թե վերցնելը:

– Տիկի′ն Լահուդ, երբևէ հոգնե՞լ եք բարձրաշխարհիկ կյանքից:

– Կյանքում ձանձրույթը միշտ ներկա է. կարևոր չէ բարձրաշխարհիկ կյանքով ես ապրում, թե ոչ: Պետք չէ գանգատվել, պետք է եղած հնարավորություններն օգտագործել` ավելին ու ավելին մարդկանց համար անելու: Երբ ես շրջում էի Լիբանանի շրջաններով (այցելել եմ երկրի բոլոր շրջանները) և որպես Առաջին տիկին օգնության ձեռք մեկնում կարիքավորներին, մտածում էի` իսկ գուցե ինձ տրված այս բարձրաշխարհիկ կյանքն առաքելությո՞ւն ունի: Ծառայելու առաքելություն: Իմ շրջայցերի ժամանակ մեծ ուժ եմ ստանում մարդկանցից և ձանձրանալու կամ հոգնելու մասին չեմ մտածում: Անցյալ տարի այցելեցի հեռավոր շրջաններն ու զարմացա՝ տեսնելով, թե ինչպես է մեր ժողովուրդը կրկին ոտքի կանգնել իսրայելյան վերջին պատերազմից հետո: Գիտե՞ք` ապրելու ի′նչ կամք ունի լիբանանցին: Նա համայն աշխարհին ցույց տվեց, որ ունի′ ապրելու իրավունք և կարող է պահել այդ իրավունքը:

– Ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը Ձեր թոռների հետ:

– Ինձ հաճույք են պատճառում նրանց անմեղ սրտերը: Զգում եմ, որ նրանց երազանքների մի բաժինը նաև իմ երազանքն է: Իմ սերը թոռնիկներիս հանդեպ փոխադարձ է: Սիրում եմ ժամանակ անցկացնել պատմություններ պատմելով: Հատկապես նրանց շատ եմ մատնանշում կյանքի օրինակները: Կյանքի օրինակների վրա շատ հեշտ է նրանց ինչ-որ բան սովորեցնելը: Ամենակարևոր բանը, որ սովորեցնում եմ, այն է, որ պետք է մեծանան նախաձեռնող, ինքնավստահ և ապրեն ստեղծագործ ոգով:

– Ինչպիսի՞ն են լիբանանցի կանայք, և ճի՞շտ է, որ արևելքցի կինը ճնշված է:

– Իմ կարծիքով ոչ մի կին ճնշված չէ, եթե, իհարկե, ինքը չի ուզում այդպիսին լինել: Արևելքցի կինը լավ գիտի, որ այն շնորհները, որ ի վերուստ տրված են իրեն, ճիշտ օգտագործելու դեպքում կդառնա իդեալական կին և օրինակ կծառայի ուրիշներին: Արևելքցի կինը նվիրված կին է, նա կյանքն իմաստալից է դարձնում ընտանիքին, ամուսնուն նվիրվելով: Այսօր արևելքցի կինը կանգնած է մեծ մարտահրավերի առջև` չընկրկել պատերազմական դժվարությունների առջև, պահել իր ընտանիքը, քաջալերել ամուսնուն: Իսկ լիբանանցի կինը, ինչպես ասացի, ինձ շատ է զարմացնում իր դիմացկունությամբ, կամքով: Ո՞ր կինը կդիմանար այսքան դժվարությունների և դեռ կշարունակեր սիրել կյանքը, լինել գեղեցիկ: Ես հպարտ եմ, որ արևելքցի կնոջ մի մասնիկն եմ:

– Տիկի′ն Լահուդ, երկրի համար ծանր օրերին Նորին գերազանցությունը դիմե՞լ է Ձեր խորհրդին:

– Խորհրդին գուցե ոչ, բայց ծանր պահերին ես միշտ նրա կողքին եմ լինում: Ես հպարտ եմ նրա կեցվածքով, որոշումներով: Նա շատ բան է արել այս երկրի համար: Ամենակարևորն, իհարկե, բանակի վերամիավորումն էր (առանց քաղաքական, կրոնական տարբերությունների): Էմիլ Լահուդի շնորհիվ բանակը դարձավ երկրի տերը: Աշխատում է առանց դժգոհելու, նպատակասլաց է: Այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ նա մի մեծ նպատակ ունի` ծառայել այս երկրին: Էմիլ Լահուդն ազգային շահերն անհատական շահերից բարձր է դասում: Վստահ եմ, որ պատմության մեջ առանձնակի է նշվելու նրա անունը թե′ որպես զինվորականի, թե′ որպես նախագահի:

– Որպես հայուհի` ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

– Հայ կանանց ոչինչ պետք չէ մաղթել, պետք է նրանցից սովորել: Հայ կինը մեր ոգեշնչումի, ներշնչանքի աղբյուրն է, զոհողության և հաղթանակի խորհրդանիշը: Չնայած շատ դժվարություններին` սերունդներ է կրթել հայ կինը, սեր է տարածել իր շուրջ: Ես հպարտ եմ, որ իմ էության մի մասը նաև հայկական է: Հետզհետե ավելի ու ավելի կապված եմ զգում հայկական արմատներիս: Կուզեի բարձր պահել հայ կնոջ կերպարը: Կերպար, որի հիմքում մարդկային ու քրիստոնեական ամենաբարձր արժեքն է՝ ներողամտությունը:

Հեղինակ՝ Անուշ Թրվանց (Լիբանան)
Newmag #01

Գրել կարծիք