Լատինաամերիկյան գրականության բումը. Բռնապետն ու կախարդական ռեալիզմը

Լատինաամերիկյան գրականության բումը. Բռնապետն ու կախարդական ռեալիզմը

Մարկեսը առարկում է. «Ո´չ, սա հիմն չէ, ձոն է իշխանության հոգեհանգստին»:

1960-70-ականներին Լատինական Ամերիկան դարձել էր ռազմական խունտաների բնօրրան: Բռնատիրությանն ի պատասխան՝ Լատինական Ամերիկան այդ տարիներին գրական բում ապրեց: Առաջին անգամ լատինաամերիկացի հեղինակները դուրս եկան մայրցամաքի սահմաններից, գրեցին համամարդկային խնդիրների մասին, տպագրվեցին Եվրոպայում ու ճանաչվեցին ամբողջ աշխարհում: Այդուհետև Լատինական Ամերիկայի գրականությունը բաժանվեց նախաբումային և հետբումային շրջանի: Բումի դարաշրջանի գրողները ստեղծեցին նոր ժանր` «կախարդական ռեալիզմը»: Այն յուրահատուկ գրականություն էր`իրականության ու առասպելականության սինթեզով:

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նահապետի աշունը» (Կոլումբիա)

gabriel-garcia-marquezԲռնապետին ամեն բան կարելի է, բայց նա ամենածանր բեռն է կրում` իր կյանքը, իր իշխանությունը, իր հեղինակությունն ամեն վայրկյան կորցնելու կենդանական վախը: Մարկեսը կերտել է լատինաամերիկյան երկրների հավաքական պրեզիդենտին: Նահապետը տասնյակ դիկտատորների մարմնավորումն է, որը «լողում է ամենազորության անմաքրություններում, արյան ու արցունքի ծովում»: Հիմն` նվիրված իշխանությանը, նրա անհեթեթությանը, հզորությանն ու խեղճությանը և այրվող աթարի անտանելի հոտին, որը փչում է այդ իշխանությունից: Իսկ Մարկեսը առարկում է. «Ո´չ, սա հիմն չէ, ձոն է իշխանության հոգեհանգստին»:
Մարկեսն ընթերցողին տանում է կյանքի խղճուկ կրկնօրինակի կողքով, ավելի ու ավելի խորը ներքաշում թախծի ու միայնության անդունդ: Կախարդական ռեալիզմի ամենավարպետը ընթերցողին ստիպում է սիեստայի տոթ ժամերին նստել տամարինդների հովի տակ ու հետևել, թե ինչպես է կիզիչ արևի տակ կանգ առնում կյանքը:

migel angelՄիգել Անխել Աստուրիաս. «Սենյոր նախագահ» (Գվատեմալա)

Վախ. հենց այս բառն է Նոբելյան մրցանակակրի այս ստեղծագործության ճիշտ բնորոշումը: «Սենյոր նախագահը» միայն վախի զգացում է ներշնչում: Աստուրիասի հերոսը հասարակությունն է, որը խեղդվում է բռնատիրության գարշահոտության մեջ, որը պարալիզացված է խելագար տիրակալի կամայականություններով: Սենյոր պրեզիդենտը` լիբերալիստական կուսակցության առաջնորդը, երիտասարդության հովանավորը, հայրենիքի հերոսը, իշխում է իր հպատակների մարմինների ու հոգիների վրա, մտքերի ու զգացմունքների վրա: Վախը կլանել է բոլորին` անտուն թափառականից մինչև տիրակալի ամենասիրելի հովանավորյալը… Բռնատիրության մասին թերևս ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկն է:

carlos fuentesԿառլոս Ֆուենտես. «Արտեմիո Կրուսի մահը» (Մեքսիկա)

Քանի՞ դեմք ունի հեղափոխությունը: Եվ ճի՞շտ է արդյոք, որ ամենից բախտավոր էին նրանք, ովքեր հասցրեցին ճիշտ ժամանակին գեղեցիկ զոհվել մարտի դաշտում: Արտեմիո Կրուսը` հեղափոխության առաջնորդ Պանչո Վիլի հավատարիմ զինակիցը, մահանում է՝ փառքով լուսավորված, բայց միևնույն ժամանակ մոռացության մատնված: Նրա հետ մեռնում է նաև ժամանակաշրջանը, մեռնում է դարաշրջանի ոգին: Այլևս չկան «փոփոխության ժամանակների» հերոսները: Ֆուենտեսի վեպը լատինաամերիկյան գրականության դասական գործ է:

 

ernesto sabatoԷռնեստո Սաբատո. «Հերոսների ու գերեզմանների մասին» (Արգենտինա)

«100 տարվա մենություն», մաս 2-րդն է: Այս պատմությունը տարօրինակ ու ցնդած մի ընտանիքի մասին է, նրա դարավոր ավանդույթների ու օրեցօր ահագնացող խելագարության մասին: Սաբատոյի վեպում կան և՛ կախարդական ռեալիզմ, և՛ լատինական մայրցամաքին հատուկ ռոմանտիզմ: Սաբատոյի «հերոսների ու գերեզմանների» դրվագներն անդառնալի հետք են թողնում: Սովորաբար սկզբում ատում ես մարդկանց`բոլորին ու միանգամից, հետո՝ հասկանում, որ մարդիկ չափազանց լավն են, չէ՞ որ կարողանում են կենդանական բնազդները հոգևոր լույսով քողարկել: Որոշ ժամանակ անց Սաբատոյին ու իր վեպը հիշում ես որպես գեղեցիկ մտքերի, տարօրինակ ու անհասկանալի իրադարձությունների և անվերջ թվացող կյանքի մրցավազքի մասին «անհեթեթություն», որը մոռանալ անկարելի է:

alejo karpentierԱլեխո Կարպենտեր. «Երկրային թագավորություն» (Կուբա)

Նա դիվանագետի, պոետի ու գրողի հիանալի կարիերա ունեցավ Ֆիդել Կաստրոյի իշխանության տարիներին: Ու հենց կուբայական հեղափոխության առաջնորդի երկրում էլ գրեց առհասարակ ռևոլյուցիայի մասին գրված ամենահետաքրքիր գիրքը: Կարպենտերը պատմում է 18-րդ դարավերջին Հայիթիի հեղափոխության և դրանում սևամորթների ավանդական կրոնի` վուդուի դերի մասին: Հեղինակը հրաժարվել է գլխավոր հերոս ունենալու գաղափարից, թեպետ որպես այդպիսին գրքում կարելի է համարել սևամորթ Տի Նոելին, որի կերպարը քիչ թե շատ կանոնավոր հայտնվում է պատմության ընթացքում: Բոլոր մնացած կերպարները ստեղծում են կոլեյդոսկոպի տպավորություն: Նրանք գալիս ու գնում են, պատկերները փոխվում են, գլխավորը մնում է նպատակը` հեղափոխությունը: Ֆիդելի սիրելի կուբացին առաջարկում է կախարդական ճամփորդություն անծանոթ Հայիթիում ապստամբությունների, առասպելների, կախարդանքի ու սյուրռեալիզմի ուղեկցությամբ:

Conversacion_en_LaCatedralՄարիո Վարգաս Լյոսա. «Զրույց «Տաճարում» » (Պերու)

Պերուն 1950-ականներին ապրում էր Մանուել Օդրիայի բռնակալության պայմաններում: Վարգաս Լյոսան «Տաճարում» զրուցել է հենց այդ տխրահռչակ տարիների մասին: Հերոսը կեղտոտ բանվորական պանդոկում, որը հնչեղ «Տաճար» անվանումն ունի, հանդիպում է անցյալից հայտնված մի անծանոթի հետ: Զրույցը անսահամանության չափ երկար է տևում, զրուցակիցները վերհիշում են ոչ այնքան հաճելի անցյալը` իշխանության համար անվերջ պայքար, ապստամբություններ, քաղաքական հետապնդում, պետական դավաճանություն՝ հանուն անձնական շահերի… և սեփական անձն ու տեղը գտնելու փնտրտուք. «Նա ինքն էլ ինչ-որ չափով Պերուն է, նրա հետ էլ ինչ-որ ժամանակ կատարվել է անուղղելին»:

mario benedettiՄարիո Բենեդետի. «Ծայրը թռցրած գարուն» (Ուրուգվայ)

Վեպի ռեալիզմը պարզապես զինաթափող է: Կարճ ու կտրող ֆրազներ, կիսատոն, կիսախոսք, կիսահնչյուն. այս ամենը ներթափանցում է ամենախորքը ու ստիպում քարանալ:
«Վտարանդի ներքուստ թե արտաքնապես. ահա անվանումը մեր բեռի»:
Հերոսները քաղաքական վտարանդիներ են: Նրանց արտաքսել են սեփական երկրից, զրկել մի տարրական իրավունքից` ապրել, տանջվել, սիրել ու մեռնել այնտեղ, որտեղ ծնվել են: Բենեդետիի կերպարները կտրված ու զրկված են ամեն ինչից. գլխիվայր շրջված կյանք, օտար մարդիկ շուրջբոլորը, անծանոթ աշխարհ… Սա սոսկ վեպ չէ: Սա կյանքի իրական դրամա է: Ուրուգվայցու ստեղծագործության մեջ ամեն ինչ ռեալ է ու խելագարվելու աստիճան սարսափելի: Բայց միշտ կա հույս, որ անպայման գարուն կբացվի` թեկուզ ծայրը թռցրած…

 

kortasarԽուլիո Կորտասար. «Դասարանախաղ» (Արգենտինա)

«Ջազի´ր ինձ համար բլյուզ»: Երաժշտության սիրահարների համար պոստմոդեռնիստական գրականության այս ցայտուն օրինակն իսկական գտածո է: Կորտասարը հրամցնում է զգացական գիտելիք ջազի, դասականի, բլյուզի մասին: Ընդ որում ինֆորմացիան հեղինակը մատուցում է յուրահատուկ վերլուծության հետ: Ընթերցելիս զգում ես մատեի թունդ համը և ծխախոտի ու սուրճի հաճելի բույրը: Ու վերջում Կորտասարը ընթերցողին էլ է մոլորեցնում հերոսի` Օլիվեյրայի մտքերի խառանշփոթում. «…աշխարհի պես հին նվագ է. նորից հայտնվում ենք անելանելի վիճակում ու հիմարի պես նորից սերտում ենք դասը, որն անգիր գիտենք»:

Գրել կարծիք