Երբեմնի Բագրատունյաց մայրաքաղաքն ու Լուրդի  «օրհնյալ քարայրը»

Երբեմնի Բագրատունյաց մայրաքաղաքն ու Լուրդի «օրհնյալ քարայրը»

Ճամփորդություն դեպի Թուրքիա: Դրան զուգահեռ Արթուր Բախտամյանը պատմում է ուխտատեղի դարձած Լուրդի լեգենդը:

«Բոմբառդիր» օդանավն առավոտ կանուխ պոկվեց Օռլիի թռիչքուղուց՝ ուղղություն վերցնելով դեպի Լուրդ: Ի՞նչ եք անում օդանավում աոաջին րոպեներին, նայում եք աջ-ձախ, շուռումուռ տալիս նստարանի ամսագրերը, հարմարվում դեպի լուսամուտը, երկու բառ փոխանակում հարևանի հետ: Վերը նշած գործողությունները հատուկ են երկու տարին մեկ օդանավ նստող «նորաթուխներին»: Ոմանց համար ինքնաթիռը հանգստանարո միակ տեղն է՝ չկա զանգ, ինտերնետ, աշխատանք, ծանոթ դեմք: Միակ ծանոթը վերջին հինգ տարին հետդ ճամփորդող վեպն է, որի աոաջին երկու տողերից հետո կոպերդ ծանրանում են և բացվում նախաճաշի անցուդարձից:

Ձյունը հիասքանչ թափվում էր: Հսկա փաթիլները տեղում էին անձայն, երբեք չդադարելու վճռականությամբ: Ղարադաղ լայն պողոտան մինչև ծնկները հասնող ձյան շերտի տակ սահում էր գիշերվա մթության մեջ և անէանում: Շուրջը սպիտակ էր և գաղտնիքներով լեցուն: Հայերից մնացած քաղաքապետարանի գեղեցիկ եռահարկ շենքը դատարկ էր: Վայրի ձիթենիներից կախված սառցալեզվակները ծանրացել էին ձյան շերտով ծածկված մեքենայի վրա՝ առաջացնելով թափանցիկ վարագույր: Նա անցավ միահարկ լքված տան պատուհանների կողքով, որոնք մեխված էին տախտակներով: Պուրակում կանգնած Աթաթուրքի արձանի դիմաց նահանգապետի առանձնատունն էր, որտեղ ոչ մի լույս չէր վառվում: Դատարկություն էր և ռուսական ժամանակներից մնացած ֆինանսների վարչության շենքի մոտ: Կարսի երբեմնի շքեղ կառույցները դեմ հանդիման գեղեցիկ և տխուր էին: Օդանավն ավարտել էր կտրուկ վերելքը և կատաղի սլանում էր ինչ-որ տեղ ուշացողի նման:

winter

– Ներեցե՛ք, ի՞նչ լեզվով է Ձեր գիրքը,-հետաքրքրվեց «Մոնդ» թերթող հարևանը:
– Ռուսերեն,-ծալելով գիրքը՝ պատասխանեցի:

Նայելով շապիկի դիզայնին՝ նա շարունակեց:

– Ո՞վ է հեղինակը:
– Թուրք է, Օրհան Փամուկ, երևի լսել եք: Անցած տարի Նոբելյան մրցանակ ստացավ:
– Դուք թուրք չեք, այլապես ինչո՞ւ պետք է ռուսերեն կարդայիք: Բայց ռուս էլ չեք:
– Իրավացի եք:

Խոսակցությունն ընդհատեց «թե՞յ, թե՞ սուրճ» առաջարկող ուղեկցորդը: Այս տարի երկրորդ անգամ էինք հատում վրաց-թուրքական սահմանը: Գնում ենք Անի: Պետք է նկարահանենք Հեքիմյանի և Բայանդուրյանի «Իմ Անի» երգի տեսահոլովակը՝ Ծովինար Պողոսյանի կատարմամբ: Մեր խմբի անդամներից շատերը բազմիցս եղել էին Անիում, հասկանալի հուզմունքն անցյալում էր, հիմա միայն մեկ մտահոգություն կար՝ իրականացնել նկարահանումները: 99-ից պարբերաբար այցելում եմ Անի, ամեն անգամ նոր կարգ են մոգոնում. չի կարելի նկարահանել, չի կարելի գետին մոտենալ, չի կարելի միջնաբերդ բարձրանալ: Մտահոգիչ էին և Արագածից եկող սև ամպերը: Ճանապարհ ընկնելուց առաջ ինտերնետով ստացել էինք եղանակի տեսությունը՝ միայն արև էին խոստանում:

Ավագ դռան մոտ տեղադրված կրպակից ընդառաջ եկան հսկիչները: Մենք տնավարի բարևեցինք: Նրանք պատասխանեցին: Նայեցին մեր սարքավորումներին և ասացին, որ պրոֆեսիոնալ խմբերը նկարահանելու թույլտվություն պետք է բերեն Կարսից: Մենք, թե՝ ի՞նչ պրոֆեսիոնալ, ի՞նչ բան: Սովորական տուրիստներ ենք: Նրանք էլ, թե՝ բա էդ երկաթեղե՞նը (նկարահանման կռունկ և այլն) ինչու եք քարշ տվել: Հենց այդ ժամանակ ձեռքի փոքր տեսախցիկներով բեռնված գերմանացի տուրիստներ մոտեցան կրպակին: Մուտքի տոմս գնեցին և ներս մտան:

– Սովորական տուրիստները նրանք են,-ինքնագոհ եգրափակեց հսկիչը և քայլեց դեպի կրպակ:

Լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ հետևեցինք նրան, հասկանալի բոլոր լեզուներվ, թե՝ տեսնո՞ւմ ես նկարելու եղանակ չէ, մի երկու ժամից էլ փակելու եք, մի քանի կադր կանենք ու կգնանք, իսկ վաղը Կարսից թույլտվությունով կգանք, Ձեզ էլ շատ շնորհակալ կլինենք: Պրոֆեսիոնալ հսկիչը հենց դրան էլ սպասում էր: Կանչեց աշխատակիցներից մեկին, կարգադրեց մեզ ուղեկցել: Եղանակն արագորեն փչանում էր: Աջուձախ կայծակի շիթեր էին, քամին Հայաստանի քարհանքի կողմից փոշին քշում էր դեպի Ախուրյանի կիրճ: Մեզ ուղեկցող հսկիչի անունը Դենիս էր, մի քիչ ռուսերեն գիտեր. 4 տարի ապրել էր Մոսկվայում, աշխատել էր «Մետրոպոլ» հյուրանոցը նորոգող բրիգադում:

kars

Սկսեց կարկտել (հուլիս ամիսն է): Պատսպարվում ենք Տիգրան Հոնենցի կառուցած սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Խումբը կայծակ է «որսում» մայր տաճարի ճանապարհին: Հուսահատությունը լիովին կլանել է: Դենիսն էլ մի գլուխ հարցեր է տալիս քարհանքից, ռուսական օղուց, Մոսկվայի աղջիկներից:

– Լա՛վ, գնացինք, այսօր բան չստացվեց, տեսնենք վա՞ղը ինչ կբերի:

Մեր շուտափույթ վերադարձից ուրախացած թբիլիսաբնակ վարորդ Պավելը (16 ժամ անընդմեջ ղեկին էր) բռնեց Կարսի ճանապարհը:

Կարո՞ղ եք պատկերացնել 3.000 բնակչություն ունեցող մի գյուղակ, որը 14-ամյա աղջնակի շնորհիվ դառնա նշանավոր: 150 տարվա ընթացքում այս ավանի համբավը տարածվեց աշխարհով մեկ՝ դեպի իրեն ձգելով հազարավոր ուխտավորների:

Լուրդի օդակայանը գրեթե դատարկ էր: Վարանած դուրս եկանք շենքից, չորս կողմ նայեցինք: Մի տաքսի էր կանգնած, վարորդը տեղավորում էր ուղևորների բեռը, ուրիշ մեքենա չկար: Տեսնելով մեզ՝ հարցրեց. «Մեքենայի կարիք ունե՞ք»,- ու զանգեց:
«10 րոպեից ձեզ կմոտենան, վարորդի անունը Դոմիան է»:

Bernadette_SoubirousՑուրտ, փետրվարյան մի օր ջրաղացպանի աղջիկներն ավագ քրոջ՝ Բեռնադեթի գլխավորությամբ դուրս եկան գյուղից, բարձրացան գետնիվեր՝ ցախ հավաքելու: Երեխաները ցատկոտում էին գետափով՝ իրար վրա հավաքելով քարերի ծերպերում լռված փայտերը: Բեռնադեթը շշուկ լսեց քարանձավի կողմից, շրջվեց ու քարացավ: Դիմացը՝ բարձունքին, կարծես օդի մեջ կանգնած էր սպիտակազգեստ մի կին: Աղջնակը փորձեց խաչակնքել, սակայն ձեռքերը քարացել էին: Ցանկացավ շրջվել, բայց չկարողացավ: Սպիտակազգեստ կինը մեղմ նայում էր նրան:

«Խոստացի՛ր, որ 15 օր անընդմեջ կգաս այստեղ աղոթելու: Աղոթի՛ր մեղավորների դարձի համար»:

Երբ Բեռնադեթը նայեց քույրերին, հասկացավ, որ նրանք ոչինչ չեն տեսել, միայն զարմացած հարցրին. «Այդ ո՞ւմ հետ էիր խոսում»:

Տեսիլքի մասին լուրը տարածվեց շրջապատում, և քարայրի մոտ սկսեցին հավաքվել բազմաթիվ հետաքրքրասերներ: Սակայն միայն Բեռնադեթն էր տեսնում «Սպիտակազգեստ կնոջը», որը մի օր էլ պատվիրեց քարայրի վրա եկեղեցի կառուցել: Աղջնակը գնաց քահանայապետի մոտ՝ փոխանցելու ուղերձը:

«Ո՞վ է այդ տիկինը, որ պատվերներ է տալիս, թող փող տա և ասի իր անունը»:

Այս ամենը տեղի է ունենում 1858 թվականին: 15-րդ օրը, ըստ ոստիկանական տեղեկագրի, քարայրի դիմաց 10.000 մարդ էր հավաքված: Նրանց առջևում՝ ծնկած աղոթող Բեռնադեթն էր:

«Նրանք չեն հավատում ինձ և ուզում են իմանալ քո անունը»:

Սպիտակազգեստ կինը ժպտաց և ասաց. «Ես անարատ հղիությունն եմ»: «Անարատ հղիություն», կրկնեց Բեռնադեթը: «Անարատ հղիություն», արձագանքեց նրա մոտ կանգնածը: Շշուկը տարածվեց հավաքվածների միջով, և երբ աղջնակը կանգնեց, տեսավ ծունկի իջնող բազմահազար մարդկանց, որոնք մոտենում էին իրեն՝ ասելով. «Նա խոսում է Աստվածածնի հետ, օվսա՜ննա, Սուրբ Տիրամայր»:

Հաջորդ օրն առավոտ կանուխ՝ խումբը դուրս եկավ Կարսի «Սիմ էյր» հյուրանոցից: Ամբողջ գիշեր անձրևել էր ու հիմա պայծառ եղանակ էր: Շուտով երևաց Արագածի լուսավոր սրածայր գագաթը: Երեկոյան Գերմանին հաջողվել էր խոսել Կարսի նահանգապետի օգնականի հետ, որի հետ ծանոթացել էր ամիսներ առաջ Թբիլիսիում բացված մի ցուցահանդեսի ժամանակ: Իսան (նահանգապետի օգնականը) Բրյուսելում էր, բայց ասել էր, որ Անիի մոտից զանգենք իրեն ու բոլոր հարցերը կլուծվեն (անեկդոտ): Այդպես էլ եղավ: Զանգեցինք, լսափողը փոխանցեցինք հսկիչին: Սա հպարտ կանգնած շարունակ «էվեթ էֆենդիմ» էր ասում, հետո բացվեցին Բագրատունյաց մայրաքաղաքի դռները, ու մենք մտանք ներս:

150 հա եռանկյունաձև գոգավորության վրա տարածված քաղաքն իր առաջին «ոսկե դարն» ապրեց Բագրատունյաց 84-ամյա տիրապետության ժամանակ, երբ թագավորանիստ էր, և առ այսօր հիացնող կոթողների մեծ մասը կառուցվեց հենց այդ ընթացքում: Հաջորդած քրդական ծագում ունեցող Շադադյանների 130-ամյա տիրապետության ժամանակ եկեղեցիներին կցոնվեցին երկու մինարեթներ, և սկսեցին լայնորեն կիրառվել «սելջուկական մոտիվները»: Ձաքարյանների 37-ամյա իշխանության ժամանակ աստիճանաբար սկսեց ամեն ինչ մարել: Քաղաքները ժամանակի քաղաքական, տնտեսական, հոգևոր հարաբերությունների ուղղակի արտացոլումն են: Այս ավերակները ոչ թե հիացում կամ հպարտություն են ներշնչում, այլ մտածելու (շաբլոն միտք է, բայց ուրիշ բան չգտա) տեղիք են տալիս: Խոսքը կառուցողների (ոչ թե ճարտարապետ-շինարարների), այլ պատվիրատուների, ինչպես Լաստիվերցին կասեր՝ «քաղաքը գլխավորողների» մասին է: Ինչպես կարելի էր այսքան միջոցներ ծախսել ու հետո հեռանալ (այսօր կասեին արտասահման)՝ թողնելով միայն իրենց անունով օծված քարե վավերագրեր: Այդպես էլ չունեցանք հավերժական քաղաքներ՝ ինչպես Դամասկոսը, Հռոմը, Երուսաղեմը, Կոստանդնուպոլիսը…

Թաքնվելով արևի ճառագայթներից՝ ժայռափոր եկեղեցում միացնում ենք մոնիտորը, որ դիտենք նկարահանած նյութը: Քանի-քանի սերունդներ են փորել ժայռը, խորան կերտել: Մտածելով, որ կգան ուխտավորներ՝ մոմ կվառեն, աղոթք կասեն, կզարմանան կառուցողների համբերության վրա ու կօրհնեն:

Lourdes Grotto ORIGINAL

Քարանձավի պատերից ջրի կաթիլներ են հոսում: Մարդիկ գալիս են, աղոթում, լվացվում, իրենց հետ սրվակներով տանում են ջուրը հիվանդ բարեկամներին: Շուտով ի հայտ եկան բժշկման դեպքեր: Լուրդը ձեռք բերեց «օրհնյալ քարայր» ունենալու համբավ: Տեսիլքի հայտնվելուց 4 տարի անց կանոնական հանձնաժողովը բազմաթիվ քննություններից հետո վավերացրեց Սուրբ Կույսի հայտնվելու փաստը, և սկսվեց եկեղեցու կառուցումը:

22-ամյա Բեռնադեթը, խուսափելով ստվարացող ուխտավորների հետապնդումներից, հագավ միանձնուհու զգեստը և առանձնացավ Նևերի սբ. ժիլդար վանքում: Որտեղ էլ 35 տարեկանում մահացավ: Հուղարկավորությունից 44 տարի անց, աճյունը երեք անգամ քննելուց հետո, բժշկական հանձնախումբը եզրակացրեց, որ Բեռնադեթի մարմինը բնական քայքայման չի ենթարկվել: Հռոմի քահանայապետը նրան հռչակեց Երանելի կույս, իսկ աճյունն ապակե դագաղի մեջ այսօր էլ դրված է սբ.ժիլդար վանքում:

Տարեկան 5 մլն ուխտավորներ են այցելում Լուրդ: 1958 թվականին՝ տեսիլքի հայտնվելու կապակցությամբ, կառուցվեց աշխարհի ամենամեծ ստորգետնյա բազիլիկը՝ 25.000 (վրիպակ չէ) մարդու համար: 1983-ին՝ Հովհաննես-Պողոս պապի այցելության ժամանակ, ուղեկցող հավատացյալների քանակը 300.000 էր: Լուրդի բժշկական միությունը, որ տարբեր ազգություններից է բաղկացած, առ այսօր ճանաչել է բժշկման 2.500 դեպք, որոնք չունեն գիտական բացատրություն:

Լուրդի քարայրի առջև կլոր տարի, օր ու գիշեր վառվում են մարդահասակ մոմեր: Այստեղ միշտ տարբեր տարիքի, ազգության բազում ուխտավորներ կան: Ախտորոշվել է. քարայրի ջուրն օժտված չէ կախարդական որևէ հրաշագործ բաղադրությամբ, սակայն դեպի ջուրը ձգվող մարդկային հոսքը երբեք չի դադարում: Ինքնամփոփ, լուռ, հուշիկ նրանք հպվում են խոնավ պատերին, քարանում Աստվածածնի արձանի մոտ, հետո քայլում՝ հայացքները հեռու, վերացական:

Հ.Գ. Այս ամենի հետ մեկտեղ քաղաքով մեկ աշխույժ առևտուր է: Լուրդի խորհրդանիշը՝ Բեռնադեթը, ծնկած, կանգնած, մահվան մահճում, բաժակների, սփռոցների, մոմերի, օրացույցների, գիշերանոցների, մատնոցների, զանգերի ու էլի հազար ու մի իրերի վրա՝ ամենուրեք Ձեր առջև է:

Շարունակելի

Հեղինակ՝ Արթուր Բախտամյան
newmag #04

Գրել կարծիք