ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Մարջան Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Մարջան Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

newmag-ի խնդրանքով ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը շարունակում է զրուցել երիտասարդ ու խոստումնալից դերասանների հետ:

Ինչպե՞ս ես:

Լավ եմ, դո՞ւք ինչպես եք:

Դո՞ւք-ով, դո՞ւ-ով… Հաստատ դու-ով, որովհետև մենք մտերիմ ենք: Այս ֆորմատում ես ինձ թույլ եմ տվել դու-ով խոսել ընկերների հետ, քանի որ այստեղ մարդիկ են, ում հետ ճանապարհ ենք անցել: Շատ շնորհքով աղջիկ է հուզական լիքը ներքինով, որը բոլոր հնարավորություններն ունի դառնալու լավ դերասանուհի, եթե արդեն չի դարձել: «Թատրոնում նրա մասնակցությամբ ներկայացում եմ դիտել, որը շատ եմ հավանել» : Սա Ժան Նշանյանն է քո մասին գրել:

Առաջին անգամ լսեցի: Չէի կարդացել դա:

Դե, ասա, շնորհքով աղջիկ, հուզական լիքը ներքինով:

Հիմա անմիջապես ասեմ` այո, համաձայն եմ այդ խոսքերի հետ: Ես իրականում առանձնանում եմ իմ անինքնավստահ բնավորությամբ: Գուցե ավելի պատասխանատվությամբ եմ մոտենում յուրաքանչյուր դերի կատարմանը: Գուցե այդ ծայրահեղ պատասխանատվությունից է, որ երբեմն նաև անինքնավստահ մարդու տպավորություն եմ թողնում: Ներքուստ խմորումներ կան, որ, այո, կարող էր այլ կերպ լինել: Կասեմ, որ ես ինձ շատ տաղանդավոր մարդ չեմ համարում: Գուցե մարդիկ կարծիք են ասում, և դրանից ես շոյվում եմ, բայց դա ինձ` որպես մարդ, չի ստիպում ավելի բարձրացնել ինքնագնահատականս:

kensagrutyun

Մեծ հաշվով դերասանի համար արդյոք անհրաժեշտ են այդ կասկածներն` իր տաղանդի հետ կապված: Եթե դրանք չկան, չափից ավելի ինքնավստահությունը գործին խանգարում է:

Հաստատ, կարծում եմ որ պետք է, բայց չափից ավելի ինքնաքննադատությունն էլ է խանգարում:

Ինքնագնահատականիդ իջեցումը ոչ մի լավ բանի չի բերի:

Պիտի փորձել պահել բալանսը:

Ավելացնեմ, որ արդեն կերտած կերպարում ամենևին էլ անինքնավստահ մարդու տպավորություն չես թողնում: Գիտես` ինչ ես անում: Կա կարծիք, որ մարդիկ դիտում են ֆիլմերը, կամ կարդում են գրքեր, որ փախչեն մենությունից:

Ես չեմ խորշում իմ մենությունից: Հակառակը, միշտ ասել եմ` մենությունն ինձ համար ամենասիրելի ընկերն է:

Ուզում եմ հակառակ տեսանկյունից նայել: Ինչո՞վ ես նպաստում դրան, արդյոք համամիտ ես, որ հանդիսատեսն ասում է` պետք է կարդալ որևէ գիրք կամ դիտել ներկայացում, որպեսզի մենակ չլինես:

Կան մարդիկ, որոնք ունեն դրա կարիքը և մենությանը սովոր չեն: Բնականաբար, պետք է ինչ-որ կերպ լցնել այդ մենությունը: Ես էլ որոշակի գործողություններով լցնում եմ իմ մենությունը. կլինի ֆիլմ դիտել կամ պարզապես ժամանակ անցկացնել ֆեյսբուքում: Շատ կարճ, չեմ սիրում սոցցանցերն ու այնտեղ ակտիվ չեմ:

Որպես արվեստագետ` հասարակական ակտի՞վ մարդ ես, թե՞ փորձում ես ավելի պասիվ մնալ: Եվ ի՞նչ ես կարծում, հանրային մարդը պե՞տք է լինի ակտիվ, թե՞ ոչ:

Կարծում եմ, որ պիտի լինի ակտիվ, բայց ես բախվում եմ իմ անինքնավստահությանը: Արդյոք դիմացինին հետաքրքիր է իմ կարծիքը: Արդյոք իմ կարծիքը չի փչացնի նրա վաղվա օրը: Ես միշտ մտածում եմ դրանց մասին:

Այդ պարագայում դիմացինը` սպառողը, գուցե սպասում է քո կարծիքին: Չէ՞ որ դու այն շերտն ես, որը կարծիք է ձևավորում:

Ինչ-որ տեղ` այո, բայց ես փորձում եմ զերծ մնալ: Պարզապես որպես քաղաքացի, բայց ոչ դերասանուհի, շատ բաց տեքստով բաներ եմ ասել: Դա չեմ անում նրա համար, որ որևէ մեկը, ով գուցե սպասում է իմ կարծիքին, նրա մոտ կարծիք փոխվի այս կամ այն երևույթի հանդեպ: Ասում եմ այն, ինչ զգում եմ և ճիշտ եմ համարում:

Ի՞նչ ես կարծում, մենք ունենք խոսքի ազատության իրավունք ու օգտվո՞ւմ ենք դրանից:

Ոչ, հաստատ ոչ: Որոշ ուժեր գործում են, ճնշում են խոսքի ազատությունը: Եթե դու դա այսօր այստեղ ասացիր, դա ճնշվում է մեկ այլ տեղ: Այդ համակարգը շատ ճիշտ է գործում: Այստեղ չճնշեցին, կճնշեն վաղը մեկ ուրիշ տեղ:

Այսինքն` կարծում ես, որ մարդիկ զգուշավո՞ր են և երբեմն մտածում են հաջորդ վայրկյանի իրենց ճակատագրի մասին ու լռում են:

Այո, կան շատ այդպիսի մարդիկ: Իմ շրջապատում շատ-շատ են:

photo2

Իսկ դու ինչպիսի՞ն ես:

Ես` չէ: Վերջին տարիներին այլ կերպ եմ սկսել մտածել, բայց անարդարությունն ինձ հունից հանում է: Խոսքի իրավունքից օգտվելու անսահման ցանկությունը, որը ճնշվում է, ես զգում եմ որ դա այդպես է, դա ինձ հունից հանում է: Եվ ես էլ ավելի վատ կարող եմ ինձ դրսևորել, անմարդկային ճիգեր կարող եմ գործադրել, որ իմանան` ունեմ տեսակետ: Դա չեմ անում ինձ բավարարելու համար: Պարզապես անարդարություն երևույթն ինձ վրա ծայրահեղ վատ է ազդում:

Երևի թե գաղտնիք չէ, որ թատրոնում ցայտուն են երևում ինտրիգներն ու ներքին խոհանոցը: Ինչպիսի՞ն են ժամանակակից թատերական ինտրիգները: Դրանք փոխվե՞լ են, և ինչպիսի՞ դերակատարում ունեն դերասանուհիները:

Կանաց շատ ավելի է տրված խոսքի իրավունք, քան տղամարդկանց: Տղամարդիկ երբեմն թույլ չեն տալիս իրենց դրա մասին խոսել: Ինքը կարող է նեղանալ և չասել, իսկ դերասանուհին միշտ ասում է: Ես կարծում եմ` ավելի պայքարող ենք: Ինտրիգներ եղել են, կան և կլինեն: Այնպիսի մթնոլորտ է, որտեղ կան 50-60 դերասան, ռեժիսորներ, աշխատակազմ: Կար ժամանակ, երբ իմ վարպետն էր գեղարվեստական ղեկավարը: Ես թատրոնն ուրիշ կերպ էի տեսնում: Գիտեի, որ որոշակի ժամանակ անցնելուց հետո, մեկ ոտքի տեղ կունենամ թատրոնում: Հիմա չգիտեմ ինչ ունեմ այդ թատրոնում:

Անդրադառնանք Ձեր վարպետին, ինչո՞ւ այն ժամանակ, հենց նա Ձեզ կրթել էր, մեծացրել էր, ինչո՞ւ նա չտվեց ավելի լավ հնարավորություններ, քան կարող էր:

Այդ հարցը մի քանի մարդ է ինձ տվել` և ռեժիսորներ, և ժուռնալիստներ: Այն ժամանակ, երբ Վահե Շահվերդյանը տարավ մեզ Սունդուկյան թատրոն, մենք դեռ նոր էինք: Դերասանական կազմի հետ մերվելու խնդիր կար: Ժամանակ էր պետք և այդ ժամանակը նա քիչ ունեցավ: Այնպես չէր, որ մենք բոլորս պատրաստ դերասաններ էինք, կարող էինք խաղալ այն դերը, որը ուզեինք: Այդպես չի լինում, առավել ևս Սունդուկյան թատրոնում: Այդտեղ դերասանական կազմը շատ մեծ է: Որոշակի հերթի խնդիր կա:

Բայց ժամանակն անցնում է:

Ժամանակն անցնում է: Հիմա կարծում եմ այդ ամենը չկա, որովհետև մենք ենք մեծացել արդեն: Մենք երիտասարդ սերունդ չենք այլևս, մենք միջին սերունդ ենք: Հիմա փոքր ի շատե հաշվի նստում են մեզ հետ: Դա ոչ թե նրա շնորհիվ է, որ մենք փորձեցինք, խաղացինք, մեզ տեսան… Միայն դա չի խնդիրը, պարզապես հասկացան, որ ժամանակը եկել է, որ ոտքիցդ հանեն այդ շղթան, որ հետո կարողանաս բեմ դուրս գալ:

Կարծում եմ այստեղ հույս դնել միայն գեղարվեստական ղեկավարի կամ թատրոնի վրա այնքան էլ ճիշտ չէ: Պետք է ինքդ ցանկանաս վանդակից դուրս գալ: Այ ինչպե՞ս են վերաբերվում քո գործունեությանը թատրոնից դուրս` հեռուստատեսությունում, կինոյում:

Նույն Վահե Շահվերդյանի ժամանակ արգելվում էր նկարահանվել սերիալներում, առավել ևս գովազդներում; Տաբու էր: Չէր կարելի և վերջ: Գիտեմ` ինչու էր դա անում, որպեսզի ժամանակը գար, մենք դեռ պատրաստ չէինք հեռուստաէկրանից երևալուն, դեռ հղկված չէինք: Հիմա որևէ աշխատանք անելուց ինձ համար ամենակարևոր կարծիքը Վահե Շահվերդյանի կարծիքն է: Ես գիտեմ` նա ինչի համար գլուխը կկախի, եթե ես վատ աշխատեմ:

marjan-tesagrutyun

Այսինքն` այդ կապը դեռ կա:

Միշտ կա: Մինչև այսօր: Շուտով մենք խաշ պիտի ուտենք միասին: Այդ աստիճան մտերմություն է: Իսկ թատրոնի այսօրվա ռեժիսորը և թատրոնի տնօրինությունը շատ նորմալ են վերաբերվում, երբեմն նաև ասում են, որ ուրախ են: Բոլորս գիտենք, թե թատրոնում ինչպես են վճարում:

Վերջերս զրուցում էի ամերիկուհի դերասանուհու հետ, ով ապրում է Նյու Յորքում և խաղում է բավական անվանի թատրոններում, նույն խնդիրը նաև այնտեղ է: Թատրոնը երբեք բարձր չի վճարվել, նույնը Ռուսաստանում է: Այդ խնդիրը կա և դերասանը պետք է փորձի իրեն ռեալիզացնել հեռուստատեսությունում և կինոյում:

Կարծում եմ, որ դա շատ ճիշտ է:

Ուզում եմ հիմա խոսել քո կինոգործունեության մասին: Ի՞նչ ես անում:

Հիմա «Ֆուլ հաուս» նախագածում եմ: Շատ թեթև է: Ես սկզբում որոշել էի հրաժարվել, որովհետև ինձ միշտ տեսնում են դրամայի մեջ: Ասացի, որ ինձ մոտ հաստատ չի ստացվի: Շատ ակտիվ կերպար է և այլն: Բայց երբ սցենարը կարդացի, հավանեցի: Ունեմ 2 ֆիլմի առաջարկ: Երկուսն էլ Ղարաբաղյան պատերազմի մասին են: Առաջին ֆիլմի համար շատ զոհողությունների պիտի գնամ, որովհետև ռեժիսորը պահանջում է 10 կիլոգրամ նիհարել: Հիմա դրա վրա եմ աշխատում:

Այսինքն` կանե՞ս դա:

Այո, կանեմ:

Իսկ եթե հակառա՞կը լիներ` պահանջեր 20 կիլոգրամ գիրանալ:

Այդտեղ պիտի մտածեի, Հրաչ: Բայց կարծում եմ, եթե Շերլին Սթերոնը դրան համաձայնել է, ես ո՞վ եմ, որ չհամաձայնեմ:

Ինչպիսի՞ն է քո մասնագիտական գիտակցությունը: Ինչի՞ ես պատրաստ հանուն մասնագիտության, հանուն կերպարի:

Շատ բաների պատրաստ չեմ: Դու ինձ ճանաչում ես և գիտես, որ այդպես է: Կա սահման, որը չեմ կարող անցնել. իմ մարդկային տեսակին դավաճանելը:

Այս պարագայում հարցն ավելի ֆիզիկակա՞ն կողմն է:

Աշխատելու առումով` պատրաստ եմ ամեն ինչի: Ես կարող եմ փակել ինֆորմացիայի բոլոր աղբյուրներն ու մնալ միայն կերպարի մեջ:

Այսինքն` կսովորե՞ս ինքնաթիռ և ձի վարել, առյուծների հետ աշխատել:

Այո, որովհետև դա իմ մասնագիտությունն է: Ես շատ սիահարված եմ իմ աշխատանքին: Այն, ինչ որ ես ունեցել եմ իմ կյանքում, այն դռները, որ երբևէ բացվել են իմ առջև, թող մեծամտություն չթվա, բայց կարծում եմ, որ արժանի եմ եղել: Յուրաքանչյուր մարդու տրվում է այնքան, որքան ինքն արժանի է: Երբեմն քիչ է, որովհետև գերզգայուն եմ: Ստացվում է, որ իմ ամբողջ էներգիան շատ է, քան պետք է: Թատրոնում ես երկար տարիներ դադար եմ ունեցել: Հետո սերիալները ինձ համար բացեցին այդ դռները, քո ֆիմերում, հեռուստահաղորդման մեջ, որը վարում էի: Ինձանից մեծ ինքնավստահություն էր պահանջում, որ հեռուստատեսությունում աշխատեմ` որպես հաղորդավար: Հետո հասկացա, որ ես մի բան պիտի անեմ: Իմ էներգիան պիտի վատնեմ մի աշխատանքի վրա, որպեսզի այն լավը լինի:

Ունես ներկայացում թատրոնում, նկարահանում հեռուստատեսությունում, ֆիլմում: Դու կկարողանա՞ս կարգավորել, գրաֆիկի մեջ գցել, ուրախանալ փաստով, որ այդքան զբաղված ես: Անկեղծ ասած, ես ուրախանում եմ, որ շատ զբաղված եմ և երբեք չեմ նեղվում: Միշտ զարմանում եմ բոլոր այն դերասանների ունակության վրա, որ կարողանում են գտնել այն ճիշտ կոմպրոմիսը թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մեջ և միշտ հասցնում են:

Ես զարմանալի ունակություն ունեմ, որն առաջինն իմ վարպետն է նկատել, որ շատ արագ կարողանում եմ կերպարանափոխվել:

photo

2 հետաքրքիր միտք ասացիր, «Այն դերասաններն են հաջողված, ովքեր կարողանում են արագ կերպարանափոխվել»:

Դուք ասացիք, ես չասացի:

Սա հեղինակավոր և տեղին կարծիք է: Բոլոր այն դերասաններն, ովքեր կարողանում են արագ իրենց մեջ այդ կերպարանափոխությունն անել, նրանք իսկապես հաջողակ են: Այնուամենայնիվ, դրամա՞, թե՞ կոմեդիա:

Դրամա:

Քոլին Ֆրթն ասում էր` ամեն անգամ, երբ վիշտ եմ խաղում, մեղավոր եմ զգում հանդիսատեսի առաջ, ինձ թվում է` ինչ-որ բան այն չեմ անում, խաբում եմ հանդիսատեսին:

Շատ ճիշտ գիտակցություն է: Եթե գաս դրան, շատ լավ բան է: Կանգ առնել այնտեղ, որտեղ լիարժեք չես: Լինում են ներքին խոսակցություններ ինքդ քեզ հետ, բայց կարծում եմ` յուրաքանչյուր դերասան գիտի` ինչի է ընդունակ:

Ո՞րն է պարգևը, ինչի՞ ես ձգտում, ի՞նչ ես սպասում:

Պարգևը կյանքն է և երեխան: Անկեղծանում եմ..

Իսկ մասնագիտակա՞ն առումով:

Ես միշտ փորձել եմ վազել կյանքում: Ինձանից առաջ եմ ընկել: Դեպքերն ու ընթացքն եմ արագացրել: Չգիտեի, որ հասնելու եմ հոգեկան ներդաշնակության, որ ամեն ինչ` իր ժամանակին: Երբ որ դրան հասնում ես, կյանքն ավելի խաղաղ և հանգիստ է թվում: Ես ունեմ այդ գիտակցությունը և գիտեմ, եթե Աստված այս բանն ինձ համար պահել է, կհասնեմ:

Վերջերս դերասանուհիներից մեկն ասաց` եթե ես ամեն ինչին ձեռքս չգցեմ ու չխաղամ, կարող է վաղը ոչինչ չունենամ: Այդ մրցավազքի մեջ ինչ-որ մի բան, հաստատ, նա կորցրել է: Դրսից էր դերասանուհին: Ես կարծում եմ` ավելի ճիշտ է չշտապեցնել իրադարձությունները:

Գործել , օգնել, ոչ թե ծալել ձեռքերն ու նստել: Ինքնակատարելագործվել, կրթվել: Ես տեսակով շատ ալարկոտ եմ: Կար ժամանակ որ ալարում էի կարդալ… հիմա դարձել է շատ սովորական մի բան: Դա օրվա մենյուի մեջ կա: Ոչ թե ինձ ստիպում եմ, այլ դա պահանջ է, Վերջին ինձ հետ կատարված դեպքերը այս սպիտակ պատերն ինձ հիշեցրեցին, հիվանդանոցային մի քանի օրերն ինձ փոխեցին: Հասկացա, որ կարող եմ լինել մի վայրում ու այլև այդ դռնից դուրս չգալ: Այնպես որ, պիտի ապրել: Ապրել բառիս լայն իմաստով:

Դե ապրեցեք երկար: Շատ ապրեք, որ եկաք…

Դու-ով…

Շատ ապրես …

Լուսանկարները՝ Ալբերտ Խաչատրյանի

Գրել կարծիք