Մարտին Վարդազարյան. Երևի մեկ ձեռքի մատները բավական են վստահելի ընկերներին հաշվելու համար

Մարտին Վարդազարյան. Երևի մեկ ձեռքի մատները բավական են վստահելի ընկերներին հաշվելու համար

ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի մոնոլոգը ընտանիքի, որակյալ երաժշտության և ռաբիսի մասին:

անկրկնելի
Ամեն մարդու համար ամենակարևորը ծննդյան օրն է: Յուրաքանչյուր մարդ իր անհատականությունը ճանաչում է միայն այն ժամանակ, երբ սկսում է վերհիշել իր անցած ուղին: Ամեն ոք անկրկնելի կյանք է ապրում, հետո պարզվում է` շատերի մոտ զուգադիպություններ կային:

սկիզբը
Կյանքի առաջին տպավորությունս պատեֆոնն էր: Հայրս Արտեմի Այվազյանի հետ հիմնեց Հայկական պետական ջազ նվագախումբը: Ինքը դիրիժոր-մենակատար էր, Արտեմի Այվազյանը` գեղարվեստական ղեկավար, և մեր տանը կար բավական հետաքրքիր հավաքածու ձայնասկավառակների, որոնք ինձ համար դարձան առաջին երաժշտական դպրոցը: Դեռ կարդալ չիմանալով` ես տարբերում էի` որ ձայնասկավառակի մեջ ինչ է հնչում: Տանը հնչում էր նաև հայրիկիս շեփորը: Նա զոհվեց ավտովթարից քրոջ հետ… Ցանկություն ուներ, որ ես երաժշտական դպրոց հաճախեմ: Այդ իրականացավ:

ընկերներս
Լինում է տարիք, որ յուրաքանչյուր հանդիպած մարդուն, որը մեկ անգամ բարևել է, համարում ես ընկեր: Հետո է պարզվում` վստահելի ընկերներ՝ այնպիսին, ինչպիսին դու ես իրենց համար, երևի այնքան էլ շատ չեն: Երևի մեկ ձեռքի մատները բավական են վստահելի ընկերներին հաշվելու համար՝ նրանց, ում հավատում ես, ում խոսքը քեզ համար արժեք է և բացահայտում է` քեզ ճանաչելու համար: Ընկերական շրջապատից, իհարկե, իսկապես մնացել են մի քանի ընկերներ, որոնց գուցե հաճախ էլ չեմ հանդիպում, բայց գիտեմ, որ նրանք կան, անհրաժեշտության դեպքում կարող եմ նրանցից խորհուրդ հարցնել կամ խորհուրդ տալ: Ասում են` ընկերոջ հինն է լավ, շորի` նորը:

կինոերաժշտություն
Երևանի ցանկացած կինոթատրոնում կար նվագախումբ: Կինոյից առաջ պետք է նվագախումբը նվագեր: Մթնոլորտ էր ստեղծում, և կար մի խնդիր ևս. ցուցադրվող ֆիլմի երաժշտությունից մի հատված հարկավոր էր ընդգրկել նվագացանկում: Դա էլ եղավ լավ փորձություն` լավ պարտիտուրա գրելու համար: Շատ հետաքրքիր աշխարհ է կինոերաժշտությունը: Առաջինը երաժշտություն գրեցի Էռնեստ Մարտիրոսյանի դիպլոմային կինոնկարի համար, բայց առաջին մեծ գործը «Բարև, ես եմ» ֆիլմն էր: Առաջին հայացքից թվում է` պետք է այնպես գրել, որ բոլորն ասեն. «Վա՜խ, էս ի՜նչ լավ երաժշտություն է»: Այստեղ ճշգրիտ ու զուսպ մոտեցում է պետք: Կինոյում կոմպոզիտորը պետք է տիրապետի և՛ սիմֆոնիկ նվագախմբին, և՛ մենանվագ գործիքների, և՛ փոքր անսամբլներին, և՛ ժողովրդական երաժշտությանը, և՛ ժամանակագրական ճշգրտությանը: Այդ ֆիլմի համար գրեցի ռոմանտիկ երաժշտություն, որ ինձ էլ էր դուր գալիս, հետո խմբագրությանն էլ դուր եկավ: Բայց երբ դրեցինք տեսաշարի հետ, ստացվեց այնպես, որ երաժշտությունը թուլացրեց տեսարանի իրական լինելը, և մենք ելքը գտանք հնչյունային ռեժիսոր Էդուարդ Հարենցի հետ: Մի բակ կա, որ 4 կողմից փակ էր: Ներքևում դրեցին դինամիկը, որից հնչում էր փողային երաժշտությունը, իսկ պատուհանի օդանցքին միկրոֆոն դրեցինք ու ձայնագրեցինք փողային նվագախումբ: Դա էլ ֆիլմին տվեց քնարականությունը, որ պակասում էր:

շրջագայութուն
Պետհամալասրանի նվագախմբի հետ գնացել էին Չեխոսլովակիա` հյուրախաղերի: Եվ երբ մենք ծրագիրը նվագեցինք, առաջին ծրագրից հետո ասեցին. «Բայց ասում էին` Սովետական միությունում ջազն արգելված է»: Ասացինք` «Ահա ձեզ ապացույց, որ Հայաստանում երբևիցե ջազը չի արգելվել»: Մենք նվագում էինք և՛ ամերիկյան ջազ, և՛ մեր ստեղծագործությունները: Ես էլ մի քանի գործ էի գրել: Այնուհետև ստեղծվեց տաքսամոտորային նվագախումբը: Պարզվեց`տաքսիստների մեջ բավական լավ երաժիշտներ կային: Տաքսիստներն էին նվագում, դիսպետչերներն էին նվագում, մեխանիկներն էին նվագում, և հիանալի երգիչ Սմբատ Վարդանյանն էր երգում:

գուցե մի օր
Համագործակցել եմ Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների հետ՝ բացառությամբ օպերային թատրոնի: Օպերա չեմ գրել: Բայց դեռ ժամանակ կա. ո՞վ է իմանում, մեկ էլ տեսար մի բան գրեցի:

թատրոնում
Առաջին ներկայացումը, որի համար երաժշտություն գրեցի, Խորեն Աբրահամյանի և Մհեր Մկրտչյանի բեմադրությունն էր: Նրա՛նք իմ առաջ բացեցին թատրոնի դռները: Ճիշտն ասած` 140-րդից հետո դադարեցի հաշվել, թե քանի ներկայացման համար եմ երաժշտություն գրել:

մի անգամ
«60 տարի և երեք ժամ»: Այս վերնագրով պիես կար. մի տեսարանում երիտասարդները գալիս էին տուն ու պարում էին 4 փոքրիկ կարապների պարը` «Կարապի լիճը» բալետից: Ունեինք դաշնակահարուհի, որ այդ հատվածը նվագում էր: Մի օր ինձ զանգահարեցին, ասացին. «Շտապ արի՛ թատրոն»: «Ի՞նչ է պատահել»: «Մեր դաշնակահարուհին չի եկել, ներկայացումը սկսվել է»: Մենք էլ, տղերքով նստած, լուրջ գործով էինք զբաղված. գարեջուր էինք խմում: Գնացի: Մի փոքր հատված պետք է նվագեի: Նվագեցի, հետո էլի կրկնեցի, ու էլի կրկնեցի: Դերասաններն էլ անցան իմպրովիզների: Յուրա Ամիրյանը պարելով մոտեցավ ինձ, ասաց. «Վերջացրո՛ւ, ավարտվել է»: Ասացի. «Չէ՛, պիտի պարեք բեմի վրա»: էլի նվագեցի: Վերջը գտան ելքը: Դաշնամուրը պտտաբեմի վրա էր, կոճակը սեղմեցին` դաշնամուրը մտավ կուլիսներ, ինձ վրայից վերցրին, դատարկ դաշնամուրը ետ պտտեցին տեղը: Ներկայացումը շարունակվեց, և ոչ ոք ոչինչ չզգաց:

Շեքսպիր
Մի քանի երգերի համար խոսք էլ եմ գրել: Այդ փորձն էլ ունեմ: Մի անգամ որոշեցի, որ Շեքսպիրի սոնետները արժանի են իմ ուշադրությանը: Շատ փնտրեցի, բայց անգլերենին համապատասխան ռիթմով և դրամատուրգիական կառուցվածքով չգտա: Փորձեցի ռուսերեն տարբերակը. Մարշակի, Պաստերնակի թարգմանությունները նույնպես թե՛ ռիթմով, թե՛ չափով չէին համընկնում: Հայերենն ուսումնասիրեցի` Մասեհյանի, Դաշտենցի թարգմանությունները… Դրանք էլ չէին համապատասխանում: Որոշեցի անգլերենի հիման վրա գրել` անգլերեն չիմանալով: Բայց հանդիպեցի մարդկանց, որոնք գիտեին անգլերեն, և ստանալով ամբողջական պատկերը, իմաստը՝ գրեցի անգլերեն սոնետների շարք, հետո դրանք ինքս էլ թարգմանեցի հայերեն: Կարծես թե ստացվել է: Հենրի Ալավերդյանը կատարեց: Հետո Բարսեղ Թումանյանը երգեց Ամերիկայում:

տանը
Կենցաղում, տանը և աշխատելիս ծույլ եմ: Տանն էլ մի քիչ թափթփված եմ այն իմաստով, որ գիտեմ` ինչը որտեղ է դրված: Մի օր տիկինս փորձեց ինձ լավություն անել: Դասավորել էր իրերս, դաշնամուրի վրայից հավաքել էր ամեն ինչ, ամեն ինչ կարգավորված էր, և ես ոչինչ չէի գտնում: Մենք ընդամենը 52 տարի է` միասին ենք ապրում: Եկել ենք այն եզրակացության, որ փոխզիջումը ամենալավ տարբերակն է ընտանիքի երկարակեցության համար: Երբեմն առանց պայմանավորվածությունների մեկ էլ տեսար ձեռքներս մեկնում ենք նույն բանին կամ նույն գիրքն ենք վերցնում վերընթերցելու համար:

ռաբիս
Երաժշտության բնագավառում հետաքրքրություններ չունեմ: Բայց հետևողականորեն դեմ եմ, որ ռաբիսը լինի մեծ բեմերում: Մեծ բեմերում ռաբիսի տված վնասն անհամեմատ մեծ է, քան տված օգուտը: Պարզունակությունը և միապաղաղությունը, կեղծ ազգային համարվելով և հարստանալով արևելյան բոլոր մեզ ոչ հարիր էլեմենտներով, դառնում են կպչուն: Երբ չձևավորված մարդու համար է հնչում, կպչում է: Նրա համար հետաքրքրությունները վերանում են. էլ ի՞նչ սիմֆոնիկ երաժշտություն, էլ ի՞նչ օպերա, էլ ի՞նչ արիաներ…

մասնագիտորեն
Զարմանալի բան էր պատմում Ավետ Կարպի Գաբրիելյանը` իմ հերացուն: Հիանալի անձնավորություն էր, փայլուն երաժիշտ: Նա նվագում էր մի կվարտետում, որը կատարումներ ունեցավ եվրոպական երկներում, հետո՝ ԱՄՆ-ում, որտեղ նրանց ընդունեց Քենեդին: Առաջին դեպքն էր, որ Սովետական միությունից եկած երաժիշտներին ընդունում էր ԱՄՆ նախագահը: Որպես հիշատակ՝ նվիրել էր իր փողկապի ճարմանդը: Ավետ Գաբրիելյանը, երբ Ավստրիայից եկավ, զարմացած էր. տրամվայում տոմսավաճառը նստած էր` Մոցարտի պարտիտուրան ձեռքին: Մեր կոնսերվատորիայի ուսանողները Մոցարտի պարտիտուրան նույնիսկ դասերի ժամանակ չեն վերցնում, որ ուսումնասիրեն:

Երևանի փոփոխությունը
Շատ եմ ափսոսում, որ հարևանները դարձել են ինքնամփոփ: Իհարկե, բացառություն կա: Օրինակ` մեր հարևանները: Մեր դուռը միշտ բաց է, իրենց դուռը միշտ բաց է: Բայց ցավալի է, որ ամեն տեղ չէ դա: Մեր շենքում ապրողների մեծ մասին արդեն չեմ ճանաչում, իսկ իմ պատանեկության, երիտասարդության տարիներին ամբողջ բակում, շենքում բոլորն իրար ճանաչում էին:

մարդը
Մարդուն վերջին տարիներին մի քիչ պակասում է մարդ լինելու ունակությունը: Մարդ լինելը տաղանդ է: Այդ տաղանդը տրվում է բոլորին, բայց մենք, երբեմն այն չիրականացնելով, գնում ենք դեպի ես-ը: Բայց պետք է լինի ոչ թե ես, այլ մենք:

Գրել կարծիք