Ո՞վ է թաքնված ծաղրածուի դիմակի տակ

Ո՞վ է թաքնված ծաղրածուի դիմակի տակ

«32 ատամի» և «Վիտամինի» նախկին ու ներկա անդամները ծաղրածուի դիմակով և մեջբերումներ Ենգիբարովից:

Նրանք Ձեզ համար այսօր դարձել են ծաղրածու, միմ, ձեռնածու, աճպարար, լարախաղաց ու մոգ, մայմուն խաղացնող, հանաք-մասխարաչի, ժամանցի ու զվարճանքի սպասավոր… մի խոսքով` այն ամենը, ինչ կգտնեք կրկեսի արենայում: Ու կրկեսից դուրս: Նրանք այսօր դիմակով են: Ու ոչ թե` որ նրանց չճանաչեն, այլ որպեսզի նրանց ավելի լավ ճանաչեք Դուք: Այս հարցում մեզ կօգնի Լեոնիդ Ենգիբարովն իր «Սիրելի կրկեսը» ստեղծագործությամբ: Եվ մեր այսօրվա հերոսներին էլ նա կօգնի իր մտքերի 12 պատառիկներով, որ վերցված են Ենգիբարովի գրքից: Բայց նախ տեսնենք, թե ի՞նչ խորհուրդներ է տալիս Արենայի արքան` նորաթուխ ծաղրածուներին:

Ինչպես դաոնալ ծաղրածու

Վերջերս այս մասնագիտությունը ձեռք է բերել յուրահատուկ ճանաչում: Նախ, այն բերում է լիքը մեդալներ, իսկ որ ամենակարևորն է` դափնու տերևների մի ամբողջ քանակություն: Ապա, բոլորին հրապուրում է այս մասնագիտության մատչելիությունը: Այդ պատճառով հեղինակն ուզում է Ձեզ մի քանի խորհուրդ տալ, թե ինչ որակներ պետք է ունենա մարդը, որը հագնում է մեծ կոշիկներ ու վանդակավոր տաբատ:

Հումորը պետք է իսպառ բացակայի, քանի որ հումորի զգացումով մարդը ոչ միայն ծաղրածու չի դառնա, այլև չի կարողանա շպար կրել: Նա կսկսի ծիծաղել, քրքջալ իր քթի մեծ կարմիր տանձի վրա, որի ներսում լամպ կա: Յուրաքանչյուր նորմալ մարդ չի զսպի ծիծաղը, երբ իրեն տեսնի կանաչադեղնավուն կեղծամով: Ծաղրածուն պետք է լինի միանգամայն լուրջ մարդ:

Կենսափորձը պետք է լինի հնարավորին չափ մեծ: Պետք է Ձեզ փորձեք տարբեր մասնագիտություններում` համոզվելու համար, որ Դուք անպետք եք ուրիշ գործերում: Ու այդ դեպքում ելքը մեկն է` դեպի արենա:

Աոողջությունը պետք է լինի գերազանց, դյուցազնական, քանի որ կրկեսում Ձեզ սպասում են բազում անակնկալներ: Շնչելու եք փոշի, գմբեթից Ձեր գլխին ընկնելու են ճոճաձողեր, աղյուսներ, կուլիսներում Ձեզ կծելու են շներն ու արջերը: Կրկեսի բուֆետում Ձեզ լավ չեն կերակրելու:

Ընտանիքը: Ծաղրածուն անպայման պետք է ամուսնացած լինի: Այդ դեպքում նա չի ունենա դժբախտ սեր ու նրա ստեղծագործական կյանքում չի լինի, «Ծիծաղիր կոտրված սիրուդ վրա» թեման:

Ստեղծագործական ընդունակություն ունենալը բոլորովին պարտադիր չէ: Ընդհակառակը, ծաղրածուն պետք է լինի հասարակ տղա: Նա պետք է հաճախ կրկնի. «Կրկեսը կրկես է», «Մենք օպերա չենք, մենք կրկես ենք», «Ձեռքերիդ վրա կանգնես` հաց կուտես»: Եվ միայն սրանից հետո ծաղրածուն կնվիրվի կրկեսին ու կոլեգաներից ոմանց հետ կընկերանա:

Խաղացանկ: Սա ամենևին հոգս չէ: Դեռևս ոչ մի ծաղրածու չի ունեցել իր սեփական խաղացանկը:

Արման Սարգսյան
arman sargsyan
Ստադիոնում

Մարզադաշտի ղեկավարությունը խուճապի մեջ է. ֆուտբոլային սեզոնից առաջ` վաղ առավոտյան, դարպասը ծաղկեց: Ամբողջ դարպասը բացված բողբողջների մեջ է: Իսկ ինչ կլինի աշնա՞նը: Դարպասը գուցե կեչի՞ դառնա կամ բալենի՞, կամ, որ ավելի վատ է, խնձորենի՞:

– Խայտառակությո՜ւն,- իրեն կորցրած բղավում էր մարզադաշտի ամենագլխավորը: – Մենք դրան ցո՜ւյց կտանք: Կկտրե՛նք քոքից:

– Հիմար ես դու, ամենագլխավո՛ր,- ասաց փորձառու դարպասապահը, բերեց բահը, զգույշ փորեց-հանեց արմատներով ու տարավ իր այգին: Այժմ դարպասն այնտեղ ծաղկում է իր համար:

Բայց դարպասապահն ամենագլխավորին մի բան էլ ասաց խաղից հետո.
– Մոռացե՞լ ես, թե քանի անգամ է դարպասը փրկել մեզ: Թող հիմա էլ հանգստանա, չէ՞ որ գարունը մի օր այցելում է բոլորին: Ի՞նչ է, կարծում ես մենք երկաթի՞ց ենք:

Արամ Սարգսյան (Արամ mp3)
aram mp3
Նա թախծում էր

Ծաղրածուների թագավորն ուներ մի աղջիկ ծաղրածու, որը երբեք չէր ժպտում: Նա մանեկենուհի էր: Բայց չէ՞ որ դա տարօրինակ է: Մանեկենուհի, որը երբեք չի ժպտում: Ո՛չ, ժպտում էր, բայց միայն այն ժամանակ, երբ նրա հետ է՝ ծաղրածուների թագավորի: Այն էլ հազվադեպ: Որովհետև նա երկար ժամանակ մոռացության էր մատնում աղջկան: Նա թախծում էր ու դրանից ցավ ապրում: Բայց երբ նրանք պատահմամբ հանդիպում էին, նա, այնուամենայնիվ, ժպտում էր: Պարզվում է, նա պարզապես չէր կարողանում բարկանալ նրա վրա: Չէ՞ որ նա թագավոր է:

Արման Գևորգյան
arman gevorgyan
Գունդն ափի մեջ

Կրկեսում մարդիկ անում են ամենաբարդ շարժումները: Նրանք թռչում են գմբեթի տակ, ձեռնածություն են անում տասնյակ առարկաներով, կանգնում են ձեռքերի վրա, իսկ դա, ես հաստատում եմ, հատկապես դժվար է սովորել: Դժվար է ոչ միայն որովհետև գիշերները սկսելու են ցավել ուսերը` անվերջ պարապմունքների պատճառով, ուռչելու են դաստակները, իսկ աչքերը լցվելու են արյունով… Այս ամենն, իհարկե, ծանր է և, ի վերջո, վաղ թե ուշ, մոռացվում է: Միայն մի բան երբեք չի մոռացվում: Երբ կանգնած ես երկու ձեռքերիդ վրա, կամաց-կամաց մի ձեռքդ կտրում ես գետնից ու հասկանում, որ ափի՛դ է հենված երկրագունդը:

Զառա Սահակյան
zara
Ես սիրում եմ քո աչքերը

Վաղը ես քո ամուսնուն կասեմ. «Ես սիրում եմ Ձեր կնոջ աչքերը»: Նա ամեն բան կհասկանա: Նա կհասկանա, որ հացն արտի բույր ունի, իսկ հողն անձրևից հետո ծխում է: Չէ՞ որ նա անպայման կհասկանա ինձ: Առավոտն էլ բացվում է, որովհետև դու բացում ես քո աչքերը… Քո աչքերը ես սիրում եմ նաև, գիտե՞ս ինչու, որովհետև դրանք պատուհաններ են: Պատուհաններ, որոնցով ես նայում եմ աշխարհին:

Աշոտ Միքայելյան
ashot
Աղջկան, որը կարողանում էր ճախրել

Միայն չվախենաս: Քեզ ոչինչ չի պատահի, որովհետև երկու սիրտ ունես: Եթե օդում մի վայրկյան մեկը մահանա, կողքին կբաբախի մյուսը: Նրանցից մեկը քեզ տվել է մայրդ: Նա կարողացել է դա անել, որովհետև տասնինը տարի առաջ նա կարողացել է սիրել, սիրել… Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրել կարողանալը: Իսկ երկրորդ սիրտդ ես եմ տվել: Կրծքումդ իմ ցնդած սիրտն ես կրում: Եվ ոչնչից մի՛ վախեցիր: Նրանք կողք-կողքի են. եթե մեկը կանգ առնի մի պահ, մյուսը կբաբախի: Իսկ ինձ համար մի անհանգստացիր: Ինձ համար հեշտ է քայլել երկրագնդի վրայով, բոլորն էլ գիտեն դա: Իմ սիրտը քո կրծքում է:

Կարեն Բաբաջանյան
karen babajanyan
Ձեռնածու

Թնդում է թմբուկը, ծնծղաներն ու շեփորները մեծ սպասում են ավետում, իսկ օդում թևածող երեք բուլավաների արանքում կենտրոնացել է ձեռնածուն.

– Չգցե՛ս: Չգցե՛ս…

Երեք բուլավաները վեր են թռչում նրա թիկունքից, թռչկոտում նրա ոտքերի միջև, պտտվում գլխավերևում, իջնում-հասնում գետնին ու մեկ` խելահեղ սուրում են ճախրանքով, մեկ` շունչը պահած քարանում օդում:

– Չգցես, ձեռքից բաց չթողնե՛ս, ինչպես մի անգամ բաց ես թողել երջանկությունը: Այս երեք փայտե ֆիգուրները քեզնից խլել են ամեն ինչ, իսկ ի՞նչ են տվել փոխարենը…

Բայց այդ ամենի մասին` հետո: Իսկ հիմա քո ափերն արնոտ են ու ճաքճքած, անողոք լուսարձակներն էլ կուրացնում են աչքերդ, կուրացնում են արցունքոտելու չափ…

– Չգցե՛ս: Դու ձեռնածու ես: Հյուսիր մի նոր պտուտաժանյակ, մոգոնիր ևս մի անհնար ուղեծիր, որը կպտտվի, կպտտվի, կհիացնի ու կանհետանա…

Հետո, երբ կլռի թմբուկների թնդյունը, կմարի շեփորների կանչն ու կավարտվի կյանքը, քեզ կասեն, որ դու դժբախտ ես եղել կյանքում, որովհետև միշտ աշխատել ես ու այլ բանի համար ժամանակ չես ունեցել: Բայց չէ՞ որ դու արել ես անհնարինը, դու, որի ձեռքերի ափերը արնոտ են ու ճաքճքած… Մի՞թե սա չէ երջանկությունը:

Խաչատուր Օքսուզյան
xachatur
Արվեստագետին

Ճանապարհն այն միակ բանն է, որ քեզ երբեք չի դավաճանի: Հանգիստ կյանքը շուտով կհոգնեցնի, սերը մի օր կանհետանա, ու կմնա միայն ճանապարհը… Եվ ինչ-որ տեղ` շատ ու շատ հեռվում, կմնա նաև Հույսը, թե սեր էլ կլինի, հանգիստ էլ… Բայց այսօր դու նորից ճամփա ես ելել, ու քեզ հետ կրկին Անհանգստությունն է: Եվ մի՛ խաբիր ինքդ քեզ. առանց նրա դու չես կարող: Սերն ու հանգիստը միայն տեսիլք են, ցնորք, առանց որոնց ճանապարհ չի լինում:

Արման Խաչատրյան
arman xachatryan
Գրպանահատը

Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ: Հարուստ եմ ու երջանիկ: Ես գրեթե երջանիկ եմ: Ափսոս միայն, որ ոչ ոք իր սիրտը չի կրում գրպանում…

Մաշա Մանուկյան
masha
Տոներ

Ես սիրում եմ տոները: Տոնին կարելի է շատ բան, որ չի կարելի սովորական օրերին: Հիշեք, գուցե ձեզ հետ պատահել է այնպես, որ մոտենաք ձեր սիրելի աղջկան և ասեք. «Շնորհավոր Նոր տարի»: Իսկ նա գլխի է ընկնում, որ իրականում ասացիք. «Ես սիրում եմ քեզ: Դու ինձ համար ավելի թանկ ես, քան իմ կյանքը»:
Տոներն, իհարկե, ուշ-ուշ են լինում, բայց եթե դուք էլ իմ նման մի քիչ անհամարձակ մարդ եք, մի քիչ էլ ձեզ համար պահեք ավետիսը. «Շնորհավոր Նոր տարի, ես առանց քեզ չեմ կարող…»:

Վաչե Թովմասյան
vache
Արվեստի ուժը

Ծեր Վոյցեխովսկին մահանում էր: Մի սովորական հյուրանոցում, սովորական մահճակալի վրա: Կողքին էր գտնվում մի շատ սովորական հիվանդանոց, որը զբաղված էր իր սովորական հիվանդանոցային գործերով, ու ոչ մեկին չէր հետաքրքրում ծեր Վոյցեխովսկին: Բայց մահանում էր ոչ թե ինչ-որ մեկը, այլ Վացեկ Վոյցեխովսկին` «Երեք հովանոցի արքան»…
Մահճակալի մոտ կանգնած էին մտերիմները: Դանդաղ էր աշխատում Վացեկի սիրտը: Ու հանկարծ նրա մտերիմների գլխում միտք ծագեց: Ամբողջ հիվանդանոցով մեկ պտտվեցին ու շուտով վերադարձան` երեք գույնզգույն հովանոցներով: Դրեցին Վացեկի առջև ու անզգայացրին: Վացեկի աչքերում արցունքներ հայտնվեցին: Նա զգույշ վեր կացավ, նայեց հեռուն ու վշտացած ասաց. «Վաղ է Վոյցեխովսկուն թաղելու համար: Երեք հովանոցների արքային: Վաղ է»: Ու գնաց լոգարան:

Արտակ Գասպարյան
artak gasparyan
Տասնիննամյան

Դու 19 տարեկան ես: Դու թենիս ես խաղում, ընկերներիդ հետ գնում ես բար ու բարձր աթոռակին նստած ճոճում ես ոտքերդ… Դու 19 տարեկան ես: 19 տարի առաջ ես իմ առաջին, մեծ հաղթանակը տարա ռինգում ու ծիծաղեցի բոլոր նրանց երեսին, ովքեր ձեռքը դրեցին ուսիս ու թախծոտ ասացին. «Առաջին հաղթանակն առաջին քայլն է դեպի պարտություն»…

Գարիկ Պապոյան
garik
Ծափահարություններ

Ամեն երեկո ահռելի սրահում հավաքում էի հազարավոր ծափահարություններ և գիրկս ծափահարություններով լի` դառնում տուն: Նստած գիրքս ես ընթերցում: Ես վառում եմ լույսը, որպեսզի տեսնես, թե ինչ եմ քեզ բերել, ու փակում պատուհանը, որ նրանք մնան ներսում: Ծափահարությունները լցվում են սենյակով մեկ, փարվում ոտքերիդ, շատրվաններով ցայտում դեպի առաստաղ, իսկ դու մանկան պես ուրախանում ես: Նստում եմ բազմոցին ու սպասում, թե երբ հուզմունքդ կհանդարտվի: Բայց շարունակում ես խաղալ, ու դա ինձ տխրեցնում է. չէ՞ որ վաղ թե ուշ խաղն անպայման ձանձրացնում է: Ու բացում եմ պատուհանը, որ նրանք դուրս գնան: Մեկ, երկու, ու դուրս է թռչում վերջին ծափողջույնը:

Տիգրան Գևորգյան
tigran
Լեռները

Արևից այրված հովիտ լեռներում: Դեղնագորշ ժայռերը հեռվում դառնում են մանուշակագույն ու փայլատակում, առկայծում արեգակի ճառագայթների տակ` մերկացնելով իրենց գլուխները: Ես և լեռները: Միայն ես ու լեռները: Իմաստուն, հավերժական սարերը, որ շրջապատել են ինձ բոլոր կողմերից ու թողել են միայն երկնքի մովի մի սառցաբեկոր ու մի ֆլեյտա` լեռնային գետակը: Խոհեմ լեռներ… դուք մարդուն պարգևում եք զրնգուն միայնություն, որ նա հասկանա, մեն-մենակ դու ոչինչ ես…

Վահագն Գրիգորյան
vahagn
Անկում

Երբ ես կոտրվեցի, ինձ պառկեցրին «սառը» հիվանդասենյակում: Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից տանում են վերելակով: Իսկ ես ուզում էի այդ սենյակից դուրս գալ աստիճաններով: Փորձում էի հիշել, թե հանուն ինչի արժե ապրել:
Հանուն արևի՞: Բայց արև բոլորն ունեն: Հանուն գարնա՞ն: Հանուն առաջին ձյա՞ն: Հանուն մայիսյան կայծակի՞: Ես ապրեցի: Հիշեցի քո թարթիչների ցնցումը, որը զգացել եմ այտիս: Հասկացա արևը, գարունը, առաջին ձյունը, մայիսյան առաջին կայծակը: Մի անգամ էլ հպվիր այտիս:

Լուսանկարները` Վահան Ստեփանյանի
newmag #04

Գրել կարծիք