Զալցբուրգ. Քաղաք, որտեղ ամեն ինչ շնչում է Մոցարտով

Զալցբուրգ. Քաղաք, որտեղ ամեն ինչ շնչում է Մոցարտով

Հայազգի մաեստրոյի Հերբերտ ֆոն Կարայանի անունն է կրում Զալցբուրգի ամենագեղեցիկ ու հին հրապարակներից մեկը:

Զալցբուրգը Զալցբուրգ աշխարհի մայրաքաղաքն է: Ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա գտնվող այս գեղատեսիլ քաղաքի անունը գերմաներենից թարգմանաբար նշանակում է աղի (Salz) քաղաք (Burg): Այն հիմնադրվել է 739 թվականին՝ որպես եպիսկոպոսություն: Աղն ու ոսկին այդ բնակավայրի հիմնական հարստություններն են եղել: Զալցբուրգը երկար ժամանակ կռվախնձոր է եղել իր հարևանների համար. 1805-ին այն պատկանել է Ավստրիային, 1810-ին՝ Բավարիային, 1815-ին՝ կրկին Ավստրիային:

Հոհենզալցբուրգ ամրոցի հիմնական մասը կառուցվել է 1077 թվականին՝ արքեպիսկոպոս Գեբհարդ Առաջինի հրամանով: Հետագայում այն ավելի է ամրացվել և 16-րդ դարի 30-ամյա պատերազմի ժամանակ ավստրիացիների համար եղել է հենակետ ու անառիկության խորհրդանիշ: Այն մինչև օրս էլ ամուր, տիրաբար կանգնած է իր տեղում ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից է:

Զալցբուրգն ավանդույթների քաղաք է: Որևէ մեկի մտքով անգամ չի անցնում հին քաղաքում քանդել ինչ-որ մի տուն ու տեղը երկնաքեր կառուցել: Ընդհակառակը: Այսօր էլ այս քաղաքում կարելի է զբոսնել 18-րդ դարի կառքով, դեղորայք գնել 17-րդ դարում կառուցված դեղատնից, քայլել նեղլիկ փողոցներով, ճաշել 17-19-րդդարերում կառուցված ռեստորաններում, գիշերել հինավուրց իջևանատներում: Ի դեպ, եթե այդ ռեստորաններում ճաշելուց հետո չպատվիրես ավստրիական խոհանոցի հպարտություն ապֆելշտրուդել (խնձորով բլիթ), մատուցողները քեզ ճիշտ չեն հասկանա:

1

Գեղեցիկ եկեղեցիների այս քաղաքում ամենահետաքրքիրը, թերևս, Զալցբուրգի տաճարն է, որը 1614 թվականին կառուցել է իտալացի հանրահայտ ճարտարապետ Սանտինո Սոլյարին: Տաճարը կառուցվել է 1598 թվականին այրված հռոմեական տաճարի հիմքի վրա:

Զալցբուրգը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդավայրն է: Ամենևին էլ պարտադիր չէ Զալցբուրգ գնալիս դա իմանալ: Հենց առաջին քայլից դու կարող ես դա հասկանալ: Ամեն քառակուսի մետրը Մոցարտով է ապրում ու նրա «Կախարդական ֆլեյտայով»: Կարող ես այցելել Մոցարտի թանգարան, նկարվել Մոցարտի մի փոքր ձևափոխված տան կամ նրան տարեկից ժամացույցի մոտ, քայլել Մոցարտի փողոցով, ճաշել «Մոցարտ» ռեստորանում, սուրճ խմել «Մոցարտ» բարում: Ընդ որում շոկոլադն ու խմիչքն էլ կլինեն «Մոցարտ»:

Զալցբուրգը հարազատ վայր է աշխարհահռչակ խմբավար Հերբերտ ֆոն Կարայանի համար: Հայազգի մաեստրոյի անունն է կրում Զալցբուրգի ամենագեղեցիկ ու հին հրապարակներից մեկը: Հերբերտ ֆոն Կարայանն այստեղ ապրել է:

zalcburg

Զալցբուրգը հնի ու նորի համաձուլում է: Անգամ ժամանակակից խաղատներն արտաքին տեսքից հինավուրց ամրոց են հիշեցնում: Իսկ նորի ամենավառ օրինակը Ռեդ Բուլ ցուցահանդես-սրահն է: Ռեդ Բուլ ապրանքանիշի սեփականատերը, որ նաև տեղի ֆուտբոլային թիմի սեփականատերն է, գեղեցիկ դահլիճ է կառուցել: Արագության խորհրդանիշ Ֆորմուլա 1 դասի բոլիդների, ուղղաթիռների և սավառնակների կողքին ներկայացված է Ֆելիքս Բաումգարտների արձանը՝ բնական չափսերով: Անվախ ավստրիացին իր ինքնաշեն սարքի օգնությամբ 2003-ի հուլիսի 31-ին՝ առավոտյան ժամը 6-ին, Անգլիայում 10.000 մետր օդ է բարձրացել, սավառնել է 6 րոպե 22 վայրկյան, 360 կմ/ժամ արագությամբ անցել 135 կիլոմետր ու վայրէջք է կատարել Ֆրանսիայում:

33

Զալցբուրգը ժպտադեմ ու բարեհամբույր մարդկանց քաղաք է: Հյուրին այստեղ կընդունեն մեծ հարգանքով, մեքենաներն անմիջապես կարգելակեն ու ճանապարհ կտան հետիոտնին, ռեստորանի մատուցողը երբեք հոգնած դեմք չի ընդունի ու քեզ թույլ կտա ինքնուրույն խորոված պատրաստել, խանութի վաճառողը չի զլանա պատասխանել բազմաթիվ հարցերի, հյուրանոցի պորտիեն էլ մինչև վերջ կհամոզվի, որ դու քեզ զգում ես ջերմ մթնոլորտում ու միայն դրանից հետո բարի գիշեր կմաղթի:

Հեղինակ՝ Կարեն Գիլոյան
newmag #05

Գրել կարծիք