Մումիո՝ անմահության գաղտնիքը. Երբ և ինչպես օգտագործել

Մումիո՝ անմահության գաղտնիքը. Երբ և ինչպես օգտագործել

Գիտնականները դեռ չեն գտել մումիոյի միակ և ճշգրիտ բանաձևը:

Ավելի քան երեք հազար տարի է, ինչ հայտնի են դարձել տիբեթյան, հնդկական, մոնղոլական ու միջինասիական տրակտատներում տեղ գտած այս դեղամիջոցի մասին տեղեկությունները: Հին ձեռագրերը պնդում են, որ «մումիոն ընդամենը փրկում է մահից», Արիստոտելն էլ պատմում է մի քանի լեգենդներ: Արդյունքում ժամանակակից բժշկությունն ստիպված է բազմաթիվ փորձերից հետո միայն հաստատուն տվյալներ տրամադրել մարդկանց, որոնք, ի դեպ, մինչև օրս մնում են գաղտնիության շղարշով պատված:

Ի՞նչ է իրականում մումիոն, ինչպե՞ս է առաջացել, որևէ մեկը չի կարողացել պատասխանել: Հայտնի է մի բան. այն կարելի է գտնել քարանձավներում, լեռների ծերպերում՝ ծովի մակարդակից 2000-3500 մ բարձրության վրա, հարավային գոտիներում: Այն հանդիպում է այնպիսի վայրերում, որտեղ կան չղջիկներ, վայրի աղավնիներ, աճում է մասրենի, անանուխ, կատվախոտ: Այս ամենը մումիոյի կենսաբուսական հատվածն է:

mumio2

Մումիոն ունի դեղնադարչնագույն կամ սև գույն: Նրա բաղադրությունը երբեք միասեռ չի լինում, այդ պատճառով էլ մումիոյի մի քանի տեսակներ կան: Նրանց տարբերակում են գույնով. ոսկեգույն մումիոն ունի կարմիր երանգներ, արծաթագույնը՝ սպիտակ կամ մեղրակապույտ, մուգ մումիոն առավելապես սև է կամ մուգ դարչնագույն: Դրանք տարբերվում են նաև քիմիական բաղադրությամբ, ինչի պատճառով էլ գիտնականները դեռ չեն գտել մումիոյի միակ բանաձևը:

Բժիշկները խորհուրդ են տալիս մումիոն օգտագործել հետազոտվելուց հետո և միայն հետևյալ դեպքերում.

1. կոտրվածք, այրվածք, վնասվածք,
2. ստամոքսի, 12-մատնյա աղիքի տրակտի խոց,
3. ստամոքսի, 12-մատնյա աղիքի բորբոքային հիվանդություն,
4. վերին շնչուղիների բորբոքում,
5. իմունոդեֆիցիտ,
6. մաշկային հիվանդություն,
7. ուժերի անկում, հոգնածություն, սթրես,
8. բարձր ռադիացիայի, քիմիական թունավորումների, օրգանիզմի համար վնասակար գործոնների դեպքերում:

Մումիոյի տեսակները և չափաբաժինները կարող է նշանակել միայն բժիշկը, որովհետև նույնիսկ բնական դեղամիջոցներն են հակացուցումներ ունենում: Մումիոն խստիվ արգելված է այն հիվանդներին, ովքեր տառապում են բարձր արթերիալ ճնշմամբ: Արտահայտված արգանդային, աղիքային, քթային արյունահոսությունների դեպքում այն նույնպես արգելված է: Հակացուցված է նաև հղիներին, կերակրող մայրերին, մինչև 12 տարեկան երեխաներին:

Մումիո դեղամիջոցն արտադրելու ընթացքը, հումքն ընտրելը, պահպանելու կանոնները շատ մեծ նշանակություն ունեն: Բնության բարիքների միայն չափավոր օգտագործում է բերում ցանկալի արդյունքի, հարկ է ստույգ իմանալ բժիշկից, թե ի՞նչ չափաբաժիններով և մումիոյի ո՞ր տեսակն է հենց Ձեզ անհրաժեշտ:

Հեղինակ՝ Դիանա Մնացականյան
newmag #05

Գրել կարծիք