Նառա Շլեպչյան. Ուզում ես էկրանին տեսնել նաև ինտելիգենտ մարդկանց

Նառա Շլեպչյան. Ուզում ես էկրանին տեսնել նաև ինտելիգենտ մարդկանց

Լևոն Պարոնյանի հարցազրույցը գործընկերուհու՝ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհու հետ:

Տարիներ շարունակ նորություններ է ընթերցել, վարել տոնական հանդեսներ, տարեմուտի երեկոներ, զրուցել երկրի առաջին դեմքերի, գիտնականների ու արվեստագետների հետ: Հազարավոր հեռուստադիտողների համար նա դարձել է հարազատ մարդ: Դերասանական հմտություններ, տրամադրող ձայն, հմայիչ արտաքին. ասես ճակատագիրն ինքն էր կանխորոշել, որ նա պետք է հայտնվի էկրանին: 20-րդ դարում հեռուստահաղորդավարներին ճանաչում էին երկրի առաջին դեմքերին հավասար: Նրա սանրվածքը, հարդարանքը, հագուստն ու կեցվածքն անթերի էին: Նա ընդհանրապես ճաշակի չափանիշ էր և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար:

– Նառա, ժամանակին քեզ հեռուստադիտողը համարում էր անգերազանցելի հաղորդավար, իսկ շատերի համար նաև կնոջ իդեալ, աստեղային այդ վերաբերմունքն ինքդ զգո՞ւմ էիր:

– Այո՛, և ոչ միայն ժողովրդի վերաբերմունքը: Բայց «աստղամոլությունն» այսօր ամենատարածված հիվանդություններից մեկն է: Մինչդեռ «աստղ» կոչումը ժողովուրդն է շնորհում՝ բծախնդրորեն տնտղելով անձի վաս¬ակն ու մասնագիտական որակը:

– Այսօր փողոցում շատե՞րն են քեզ ճանաչում:

– Անշուշտ: Բայց երիտասարդների որոշ մասն էլ չգիտի:

– Ի՞նչ են քեզ հարցնում աոաջին հերթին:

– Աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ: Հետաքրքրվում են նաև, այսպես ասենք, «դասական սերնդի» հաղորդավարներով ու, իհարկե, քեզնով:

nara

– Խորհրդային հեոուստադիտողները միասին հաղորդում վարողներին սովորաբար «ամուսնացնում էին»: Քեզ ո՞ւմ հետ ամուսնացրին:

– Շատ շատերի, և՛ գործընկերներիս հետ, և՛ հյուրախաղերի եկած օտարերկրյա արտիստների, և՛ կինո-դերասանների… բոլոր նրանց հետ, որոնցից հարցազրույց էի վերցնում: Հիշում եմ, 1973-ին, երբ «Արարատը» դարձել էր չեմպիոն, ինձ «ամուսնացրին» Նիկիտա Սիմոնյանի հետ, որին անգամ ծանոթ չէի: Երբ առիթ եղավ, հանդիպեցինք, նա ասաց. «Ա՜խ, ուրեմն այդ Դո՞ւք էիք, որ ասում էին»: Այսպիսի պատմություններ շատ էին հորինվում, իսկ եթե մեկ երկու շաբաթ չէին տեսնում եթերում, շատ տխուր պատմություններ էին հորինում: Կարծում եմ, այս ամենի հիմքում նրանց անտեղյակության ու սիրո արտահայտությունն էր:

– Հեռուստադիտողը քեզ շատ էր սիրում. կարո՞ղ ես ասել՝ քո ո՞ր հատկանիշների շնորհիվ:

– Բարյացակամ վերաբերմունքի, նրա հանդեպ ունեցած իմ հարգանքի ու սիրո, նաև ճաշակի… Այն, ինչն առատորեն տալիս ես քո դիմացինին՝ հեռուստադիտողին, կրկնակին ստանում ես:

– Ի՞նչն է քեզ դուր գալիս այսօրվա հեռուստատեսությունում, ի՞նչը՝ պակասում:

– Դուր է գալիս գունագեղությունը, բազմազանությունը, պակասում է այլընտրությունը: Ուզում ես էկրանին տեսնել նաև հետաքրքիր, խելացի, ինտելիգենտ մարդկանց:

– Մարդիկ մինչև հիմա դեռ հիշում են այն համազգային երանությամբ լի ռեպորտաժները, որ տոներին՝ մայիսի 1-ին ու 9-ին, նոյեմբերի 7-ին, ուղիղ հեռարձակվում էին հրապարակից: Ցնծությունն ու բերկրանքն ապահովելն էլ հեռուստատեսության վրա էր…

– Աշխատանք էր, որ պետք էր կատարել անթերի: Ընդ որում տոնական օրերին, հակառակի պես, գրեթե միշտ անձրև էր գալիս ու զարմանալիորեն մինչև առավոտյան ժամը յոթը դադարում էր: Նախքան շքերթն սկսելը հանրապետության առաջին դեմքերը մոտենում էին մեզ, առանձին-առանձին ողջունում ու հետաքրքրվում մեր որպիսությամբ: Հերթական շքերթներից մեկն էր: Շարասյուները համերաշխ «ուռռա» էին գոչում, իսկ ես կարդում էի նախորդ օրը թերթում տպված մայիսմեկյան կոչերը: Ականջակալով լսեցի հրահանգը. «Կարդա՛ № 65 կոչը»: Ու կարդացի: Իսկ այն այսպիսին էր. «Փա՜ռք ՍՄԿԿ-ին, որը մարդկության մեջ բացեց մի նոր դարագլուխ՝ կոմունիզմի կործ…»: Միանգամից ուղեղս մթագնեց: Վտանգավոր հետևանքները… Ի՞նչ անել… Ակնթարթորեն որոշում կայացրի ու առավել ոգևորված նորից կարդացի կոչը՝ ա՛յս տեսքով. «… որը բացեց մի նո՜ր դարագլուխ, կապիտալիզմի կործանման և կոմունիզմի հաստատմա՜ն դարագլուխ»: Ականջակալներում լսվում էր աղմուկ-աղադակ, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:

– Իսկ զավեշտական որևէ դեպք կարո՞ղ ես հայտնաբերել քո հիշողության ծալքերից:

– Ինչո՞ւ չէ: Հեռուստատեսության հենց առաջին օրը եթերում օրվա ծրագիրը հայերեն ու ռուսերեն ընթերցելուց հետո ինձ նշան տվեցին, որ ես այլևս եթերում չեմ: Տեքստն ավարտելուց հետո, վստահ լինելով, որ այդպես է, թեթևացած շունչ քաշեցի ու ասացի. «Վա՜յ, էլ չեմ կարող»: Պարզվեց նշանը ժամանակից շուտ էին տվել, և ա՜յ քեզ խայտառակություն՝ ես դեռ եթերում էի:

– Հաճա՞խ էիր ուղղումներ մտցնում տեքստերում:

– Տեքստերը միշտ դարձնում էի կենդանի և իմը:

– Հեռուստահուշարար սարքի ծառայությունից օգտվե՞լ ես:

– Ընդամենը մի անգամ: Քանի որ անսովոր էր, Ես հրաժարվեցի, ստիպված եղա տեքստն անգիր անել:

– Շատ երկրներում ես ներկայացրել հայկական հեռուստատեսությունը, արտասահմանում ի՞նչ զգացումներ էիր ունենում:

– Մեծ պատասխանատվություն և Հայաստանն ու մեր ժողովրդին լավագույնս ներկայացնելու ձգտում:

– Հին հաղորդավարներով հանդիպո՞ւմ եք:

– Ովքեր Հայաստանում են՝ այո՜: Ցավոք, խզվեց այն մտերմությունը, որ կար իմ և Մոսկվայի, միութենական հանրապետությունների հաղորդավարների միջև:

– Ինչպե՞ս էին քեզ դիմում հեռուստադիտողները:

– Ես շուտ դարձա «Նառա Շլեպչյան»: Ի դեպ, այն ժամանակ այդպիսի անուն չկար:

Հեղինակ՝ Լևոն Պարոնյան
newmag #04

Գրել կարծիք