Նարեկ Դուրյան. Ինձ միշտ թվում է, որ տխուր կապրեմ, եթե իմաստավորեմ կյանքս

Նարեկ Դուրյան. Ինձ միշտ թվում է, որ տխուր կապրեմ, եթե իմաստավորեմ կյանքս

Դերասան Նարեկ Դուրյանի մոնոլոգը կյանքի, բեմի, դատարկ աթոռների և դատարկ աչքերի մասին:

ապրել դժվար
Արվեստից դուրս փնտրել եմ կյանքը, իսկ կյանքում արվեստ եմ փնտրել: Արվեստը կյանք պիտի լինի: Մինչդեռ կյանքը գարշելի է: Ինձ համար շատ դժվար է եղել գարշանքի մեջ սիրուն բաներ գտնելը: Բայց ավելի դժվար է կողքինիդ ստիպելը, որ նույնը տեսնի:

միայնություն` աոանց կեցվածքի
Ես էքսցենտրիկ մարդ եմ, ու այդ պատճառով հաճախ եմ կոնֆլիկտների մեջ մտնում, ինչի համար էլ դատապարտված եմ երկար ժամանակ միայնակ լինել: Բայց չեմ գանգատվում. ավելի լավ է մենակ, քան… «Ավելի լավ է բեմից տեսնել դատարկ աթոռներ դահլիճում, քան դատարկ աչքեր` անհաղորդ դեմքերին»:

երջանկություն
Երջանկության չափանիշն ու սահմանը ո՞րն է… Ինձ համար մի բան հաստատ է. դժբախտ չեմ:

երբ խոսում եմ
Արտահայտվել սիրում եմ, եթե լավ մարդկանցով եմ լինում շրջապատված: Իսկ եթե վատ մարդիկ են կողքիս… ո’չ արտահայտվում եմ, ո’չ էլ կիսվում: Ուղղակի հեռանում եմ: Իհարկե, պատահում է, որ մեկ-մեկ էլ «հայկական» ձևերով եմ արտահայտվում:

մեծագույն հարստությունը
Մարդու մեծագույն հարստությունը, միշտ ասում եմ, ինտելեկտն է: Եվ ուրիշ ոչինչ:

իմ ուսուցիչը
Ուսուցիչներս եղել են գրքերը, կուռքերս, որոնց հետ, սակայն, միշտ խուսափել եմ ծանոթանալ (վախենում եմ հիսաթափվել): Եվ հետո՝ կյանքը:

ապրել հանուն
Ես էպիկուրյան մտածելակերպի տեր մարդ եմ: Չեմ ուզում կյանքս իմաստավորել: Ինձ միշտ թվում է, որ տխուր կապրեմ, եթե իմաստավորեմ կյանքս:

երբ հոգնում եմ
Իմ մասնագիտությունը մարդկանց ուրախացնում է: Շատերը նույնիսկ նախանձում են կնոջս: Շատերին թվում է, թե ես գնում եմ տուն ու ուրախացնում եմ տնեցիներին: Իսկ իրականում ես անտանելի եմ դառնում աշխատանքից` մարդկանց ուրախացնելուց հետո, ձգտում եմ մենակ լինել ու չշփվել:

ներքին ցնծություն
Թատերական աշխարհում իմ ամենամեծ ձեռքբերումը եղել է վեց ամիս փարիզյան բեմի վրա խաղալը. «Աստվա՜ծ, շնորհակալություն» ներկայացումը: Դա իսկապես ահռելի պատիվ է դերասանի համար: Ու նաև այն, որ Հայաստանի համար շատ ծանր, մութ ու ցուրտ տարիներին, երբ ցախի համար մարդիկ իրար սպանում էին, ես կարողացա մի քանի դերասանների տարիներ շարունակ տանել արտասահման և բառիս բուն իմաստով ապրելու հնարավորություն տալ նրանց, որ իրենց սիրած գործո՜վ դրամ վաստակեն: Ուրախ եմ, որ արել եմ դա:

մտերիմ ու հոգեմոտ
Հորս մինչև տասնվեց տարեկանն եմ տեսել ու հետո` քսան տարեկանից հետո, չեմ հասցրել վայելել: Երբեք կողքին չեմ եղել, որովհետև ես իմ կյանքն ունեի: Ոչ էլ մորս կողքին եմ եղել: Հանգամանքների բերումով շատ շուտ զրկվեցի ծնողների հետ ապրելու երանությունից: Հայրս անուն ունի, այո՜: Բայց իմ կայացման գործում մայրս նույնչափ ազդեցություն է ունեցել: Մայրս էլ դերասանուհի է: Մի կուրս է ավարտել, որտեղ սովորել են Արմեն Ջիգարխանյանը, էդմոն Քյոսայանը, Գուժ Մանուկյանը: Իմ թատերական ու գրական դաստիարակությունը մայրս է տվել, իսկ երաժշտական, աշխատանքային ֆանտաստիկ դիսցիպլինան հայրիկից ստացա: Ծնողներիցս առավել հոգեմոտ ուրիշ մեկը չկա իմ կյանքում:

Գրել կարծիք