Մահացու 20-յակ. Թմրամիջոցների դասակարգումն ու վտանգավորության աստիճանը. ՄԱՍ 2

Մահացու 20-յակ. Թմրամիջոցների դասակարգումն ու վտանգավորության աստիճանը. ՄԱՍ 2

Ամենավտանգավոր 20 թմրանյութերի ցանկը կազմել է բրիտանական Independent հեղինակավոր պարբերականը:

Մետադոն

Մետադոնը պատկանում է նույն խմբին, ինչ որ` հերոինը, բայց մետադոնը կարելի է ընդունել լուծույթի և հաբերի տեսքով: Այսպիսով ՄԻԱՎ-ակիր թմրամոլն ստանում է իր չափաբաժինը, բայց չվարակելով ներարկիչը և չտարածելով վարակը: Մետադոնը տալիս են անվճար, հետևաբար կախվածություն ունեցող թմրամոլները նախընտրում են այս տարբերակը` ամեն անգամ ինչ-որ տեղից փող հայթայթելու կամ գողանալու փոխարեն: Շատ բժիշկների կարծիքով, մետադոնային կախվածությունն աստիճանաբար փոքրացնելով` կարելի կլինի հասցնել «0»-ի:

Պատմություն
Մետադոնի առաջին սինթեզն արել են Գերմանիայում 1937 թվականին և անվանել բոլաֆին (գուցե Ադոլֆ Հիտլերի պատվին): 1942-ին այն սկսեց արտադրվել ամիդոն անունով` որպես անալգետիկ: Դոուլը և Նիսվանդերը 1960-ականների սկզբին մշակեցին հերոինային կախվածությունը մետադոնով բուժելու մեթոդ: Սակայն 70-ականներին այդպիսի բուժումը կանգնեցվեց, քանի որ «դեղամիջոցը» շատ արագ «դուրս եկավ» փողոց,և պարզվեց, որ մետադոնի օգտագործումը, որպես թմրանյութ, ավելի վտանգավոր է, քան հերոինինը:

Օգտագործումը և «զգացումները»
Մետադոնը սկզբում օգտագործվում էր ներմաշկային և ներմկանային ճանապարհով, իսկ հիմա այն սահմանափակվում է ներերակային և օրալ միջոցներով: Հաբերում 5 մգ մաքուր մետադոն կա, իսկ սրվակներով արտադրվող լուծույթներում այն 1,3 կամ 5% է: Միանգամյա մահացու չափաբաժինը 40 մգ է, իսկ պատրաստուկին սովոր օրգանիզմների համար արդեն պետք է 200 մգ:

Թերապևտիկ բուժման ժամանակ մետադոնն օգտագործվում է որպես ուժեղ ցավազրկող. ազդում է կենտրոնական նյարդային և սրտանոթային համակարգերի վրա: Առաջին ազդեցությունը զգացվում է 20-30 րոպեից և շատ նման է էյֆորիային: Կարող է սկսվել գլխապտույտ, փսխում և քրտնարտադրություն:

Վնաս / կախվածություն / ախտորոշում / բուժում
Մետադոնն առաջացնում է ուժեղ կախվածություն: “Nirvana”-ի մենակատար Կուրտ Կոբեյնի կամ “Playboy”-ի հայտնի մոդել Աննա Նիկոլ Սմիթի մահերը հավանաբար մետադոն շատ օգտագործելու պատճառով են: Երկար օգտագործելու դեպքում սկսվում է բիբերի նեղացում, պուլսի նվազում, ֆիզիկական ցավի հանդեպ անտարբերություն:

Ալկոհոլ

Էթիլային սպիրտն անգույն, դյուրավառ հեղուկ է, յուրահատուկ սուր հոտով, ալկոհոլ պարունակող խմիչքների հիմնական բաղադրիչն է: Ալկոհոլ բառն արաբերեն ալ-կուհուլ/ալ-կոխոլ (գեղեցկություն) բառից է:

Պատմություն
Դեռ հնուց մարդիկ կարողանում էին խաղողից բնական խմորման միջոցով գինի ստանալ: Իսկ թորման միջոցով սպիրտի ստացումը վերագրում են արաբներին: Որքան շատ էր զարգանում արտադրության կուլտուրան, այնքան ակնհայտ էր դառնում նրա վնասը: Հին Հռոմում գինին ըմպում էին ջրով բացելուց հետո, ԱՄՆ-ում 1920-1933թթ. գործում էր արգելող` «Չոր օրենքը», սակայն ալկոհոլի տարածումը միայն ավելանում է: Այսօր ալկոհոլը համարվում է ամենատարածված օրինական «թմրանյութը»: Տարբեր երկրներ փորձում են պակասեցնել վաճառքը և արտադրությունը, բայց ալկոհոլը մնում է զանգվածի համար հեշտ հասանելի:

Օգտագործումը և «զգացումները»
Ալկոհոլը, այո, խմում են: Բայց կան նաև էկզոտիկ մեթոդներ, օրինակ` ներմուծում միանգամից ուղիղ աղիք կամ կանանց սեռական օրգանների միջոցով: Մահացու չափաբաժին է համարվում է 5-13 գ մաքուր ալկոհոլը` 1 կգ բնական քաշի համար: Օրինակ` եթե Դուք 75 կգ եք և առաջին անգամ չէ, որ խմում եք ալկոհոլային խմիչք, Ձեր «վերջը կգա» 6-7 լիտրից հետո (75կգ x 9գ = 6.75լ): Ընդունումից 5-10 րոպե անց սկսվում է արդեն ալկոհոլային թեթև հարբածությունը, որն արտահայտվում է հիմնականում հաճելի զգացումներով` էյֆորիա և մկանների թուլացում: Մարդն սկսում է իրեն ավելի «ազատ և վստահ զգալ»: Ալկոհոլը համարվում է «շփվողականությունը մեծացնող» թմրանյութ: Միջին հարբածությունն արտահայտվում է անվստահ քայլվածքով և անհոդաբաշխ խոսքով: էյֆորիկ վիճակին փոխարինելու են գալիս ուժեղ գլխապտույտը, վեստիբուլյար (հավասարակշռության) համակարգի խախտումը: Այս զգացումներն են, որ շատերին ստիպում են հրաժարվել հետագա օգտագործումից: Վերջին փուլում մարդը կորցնում է ժամանակի զգացումը, սկսում է փսխել, չի կարողանում շարժվել և շատ խորը քնի մեջ է ընկնում, որը կոմա է հիշեցնում:

Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Մարդու օրգանիզմում ի սկզբանե շատ քիչ քանակով ալկոհոլ կա, բայց երկար օգտագործումից հետո այն իր հետքն է թողնում բոլոր ներքին օրգանների վրա, հատկապես լյարդի, ստամոքսի, սրտի: Ալկոհոլից կախվածություն ունեցողները տառապում են լյարդի ցեռոզով, ստամոքսի խոցով կամ սրտի անբավարարվածությամբ: Խախտվում է նաև ուղեղի բնականոն աշխատանքը, սկսվում են հոգեկան խանգարումներ: Ալկոհոլային ինտոկսիկացիան բուժում են ստամոքսի լվացումով, բուժման համար օգտագործվում է նաև ակտիվ ածուխ: Մարդուն խորը հարբածո¬թյունից հանելու համար օգտագործում են անուշադրի սպիրտ, մկանային ակտիվությունը պահպանելու համար` շփումներ:

Կետամին

Սպիտակ բյուրեղափոշի` թույլ արտահայտված յուրահատուկ հոտով, ջրում և սպիրտում` հեշտ լուծվող: Գործածվում է վիրաբուժական ցավազրկումներում, կիրառվում է նաև անասնաբուժության մեջ: Խթանում է նյարդային վերջույթները, միաժամանակ չի ազդում շնչառական համակարգի ու արյան շրջանառության վրա: Այդ վիճակը բժշկության մեջ կոչվում է դիսսոթիատիկ, (dissociable և անջատունակ), քանի որ գիտակցությունը «հեռանում է» մարմնից: Կետամինը չի ճնշում շնչառական համակարգի վրա, ուստի շատ փոքրանում է հարակից էֆեկտների (օրինակ` սեփական թքից խեղդվելու) հավանականությունը: Այդ է պատճառը, որ այն, որպես նարկոզ, կիրառում են անհետաձգելի վիրահատությունների ժամանակ:

Պատմություն
Ամերիկացի գիտնական Կելվին Սթիվենսը կետամինն առաջին անգամ սինթեզեց 1962-ին և անվանեց “Cl-581”: էդուարդ Դոմինոն 1965-ին կետամինը բնութագրեց որպես ուժեղ թմրանյութ: 1978-ին լույս տեսան երկու գրքեր, որոնք հանրաճանաչ դարձրին կետամինը: Մարսի Մուրի և Գովարդ Ալտոունինի «Ճանապարհորդություն դեպի գունավոր աշխարհ» և Ջոն Լիլի «Գիտնական» գրքերում նկարագրվում են հեղինակների զգացումները և ապրումները` կետամինը որպես թմրանյութ օգտագործելիս: ԱՄՆ-ում ու Եվրոպայում 1987-2000թթ. գրանցվել է կետամինային գերդոզայավորման մահացության 12 դեպք:

Օգտագործումը և «զգացումները»
Կետամինը կուլ են տալիս, նաև սրսկում են: Ներմկանային սրսկումները շատ ցավոտ են, իսկ ներերակային սրսկման ժամանակ ազդեցությունն ակնթարթային է: Մահացու չափաբաժին. 20 մգ-ը` 1 կենդանի քաշի համար: Մահացության հավանականությունն աճում է, եթե պատրաստուկը խառնում են ալկոհոլի կամ բարբիտուրատների հետ, որոնք ազդում են շնչառական համակարգի վրա: Թմրանյութի ազդեցությունը կարելի է պայմանականորեն բաժանել 3 փուլի: Առաջինի ժամանակ մարմինը սկսում է «պտտվել» ու «ձգվել»: Երկրորդի ժամանակ «հոգին անջատվում է մարմնից», բայց մտածելու ունակությունը պահպանվում է: Հետո սկսվում է 4-րդ հարթության զգացումը. նարկոմանն սկսում է «գուշակել ապագան» և անծայրածիր միայնության զգացում է ապրում: Երրորդ փուլում ազդեցությունը թուլանում է, և այստեղ կարևորն ընդհանրապես չշարժվելն է, քանի որ թվում է, թե մարմինդ նման է «ռեզինի», և կարող ես առանց ցավ զգալու պոկել մատդ կամ գլուխդ:

Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Կետամինային գերդոզավորումը կարող է սրտխառնոց և փսխոց առաջացնել: Ֆիզիկական կախվածությունը` 4-7 ամիս կանոնավոր օգտագործելուց հետո: Թմրանյութից հրաժարվելուց անմիջապես հետո սկսվում է աղեստամոքսային տրակտի խանգարում, անքնություն, «դատարկության» զգացում, ուժերը լքում են, ձեռքի և մեջքի մկանները` ցավում: Երկար օգտագործումը հանգեցնում է հիպերտոնուսի, անկանխատեսելի շարժումների, ծնում է տեսիլքներ:

Բենզոդիազեպիններ

Բժշկության մեջ օգտագործվում են որպես հանգստացնող և հիպնոսող «միջոց», նաև մկանային սպազմները մեղմելու համար: Փոքր չափաբաժիններով օգտագործում են որպես հանգստացնող, միջինով` որպես հակատագնապային, մեծով` որպես ուժեղ քնաբեր: Ամենահաճախ օգտագործվող լեգալ պատրաստուկներից է, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Պատմություն
Արդեն 6.000 տարուց ավելի է, ինչ մարդկությանը հայտնի են տագնապն ու անհանգստությունը վերացնելու տարբեր միջոցներ: 20-րդ դարի սկզբից մինչև կեսերն այդ նպատակով սկսեցին կիրառել բարբիտուրատը, սակայն նրա թթուն օրգանիզմի վրա շատ ավելի մեծ ազդեցություն էր թողնում: Առաջինը դա հաջողվեց էրլ Ռիդերին: 1960-ին` երկար փորձարկումներից հետո, շուկայում հայտնվեց «Լիբրիում» (ֆր. Libre- ազատություն) կոչվող դեղորայքը: 3 տարի անց դիազեպինների շարքին ավելացավ Վալիումը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց:

Օգտագործումը և «զգացումները»
Բենզոդիազեպինները կուլ են տալիս և սրսկվում: Ընդունումից հետո պատրաստուկը հավաքվում է ուղեղի մոխրագույն հատվածում, այնուհետև տեղափոխվում է սպիտակ հատված: Մաքսիմալ գրգռելով գլխուղեղը՝ այն սկսում է ճնշել նեյրոնների մեծամասնության ակտիվությունը: Դրանով է պայմանավորված տագնապի պակասումը:

Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Բենզոդիոզեպինային կախվածության մեջ ընկնելը շատ դժվար է, բայց մեծ քանակությամբ անընդհատ ընդունումը կհանգեցնի դրան: Այս պատրաստուկներն ալկոհոլի հետ ընդունելը շատ վտանգավոր է: Վտանգավոր է նաև ընդունումը միանգամից դադարեցնելը: Ընդունումից հետո հիմնական նշաններն են անհասկանալի խոսքը, անկապ շարժումները: Բենզոդիազեպին ընդունած մարդը շատ նման է հարբած մարդուն, որը դանդաղ է շարժվում և որի բերանից «հոտ չի գալիս»: Գերդոզավորումից առաջանում է կտրուկ և ընդհատված շնչառություն, առատ քրտնարտադրություն, բիբերի լայնացում, զարկերակը դառնում է թույլ շոշափելի: Մեծ չափաբաժինները կարող են հասցնել կոմայի և նույնիսկ մահվան:

Ամֆետամին

Ամֆետամինը կառուցվածքով և նյարդային համակարգի վրա ունեցած ազդեցությամբ նման է ադրենալինային խմբին պատկանող դեղամիջոցներին: Ջրիկ, անգույն լուծույթ է, որը հեշտ ցնդում է, իսկ համը փոքր-ինչ այրող է: Սպիտակավուն բյուրեղյա փոշին հեշտ լուծվում է ջրում և սպիրտի մեջ: Ամֆետամինը տարածված ակումբային թմրամիջոց է, որը հիմնականում օգտագործվում է «էքստազիի» հետ: Ամֆետամինը երկար ժամանակ համարում էին բավական արդյունավետ հոգեկարգավորիչ, մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը բարձրացնող, դեպրեսիայի դեմ պայքարի հրաշալի միջոց:

Պատմություն
Ամֆետամինն առաջին անգամ սինթեզվել է 1887 թվականին ռումինացի քիմիկոս Լ. Իդեաիանույի կողմից: 1932 թվականից այն արդեն վաճառվում էր դեղատներում` որպես ախորժակը զսպող դեղամիջոց` Բենզեդրին ապրանքանշանով: Ամֆետամինի զանգվածային օգտագործումը սկսվեց Երկրորդ համաշխարհայինի տարիներին, երբ նացիստական զորքերն իրենց զինվորներին մատակարարում էին այն` այդպիսով բարձրացնելով նրանց մարտունակությունը: Որպես թմրամիջոց` ամֆետամինը տարածվեց 1960-70-ական թվականներին ԱՄՆ-ում, իսկ 80-ականներին տարածում գտավ դրա ծխախոտային տարբերակը, որն անվանում էին “meth”: Ամֆետամինի մասսայականությունը կապված է դրա համեմատաբար էժան գնի և հեշտ պատրաստելու հանգամանքի հետ: Էֆեկտով այն նման է կոկաինին, իսկ տևականությամբ շատ անգամ գերազանցում է. այն գործում է 12 և ավելի ժամ:

Օգտագործումը և «զգացումները»
Բժշկության մեջ ամֆետամինը հիմնականում օգտագործվում է հաբերի տեսքով կամ ներարկվում է (օրը 5-10մգ, 1-2 անգամ): Որպես թմրադեղ` հիմնականում քթով «քաշում» են մի քանի անգամ ավելի մեծ չափաբաժիններով: 30 մգ-ից ավելի ընդունելը կարող է գերդոզավորել, սակայն մահից խուսափել հնարավոր է նույնիսկ 500 մգ-ի դեպքում: Թերապևտիկ չափաբաժնով ամֆետամինի ընդունումը նվազեցնում է հոգնածությունը և ունենում է ընդհանուր գրգռող հետևանք, որն արտահայտվում է տրամադրության լավացմամբ, աշխատունակության բարձրացմամբ, ուշադրության կետրոնացմամբ, ուժերի հոսքով, ընդունողը կորցնում է քնի և սննդի կարիքը: Հնարավոր է գլխացավ և բարձր ճնշում: Շատ են օգտագործում երիտասարդները, հատկապես քննական շրջանում: Դեղամիջոցի էֆեկտից հետո դրական լիցքերը փոխարինվում են հիասթափությամբ, գերհոգնությամբ և ընդհանուր դեպրեսիայով: Սա բացատրվում է նրանով, որ ամֆետամինը «խժռում» է օրգանիզմի «պաշարները», որոնք վերականգնվելու կարիք ունեն: Դա կարող է տևել մի քանի օր:

Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Ամֆետամինի շարունակական օգտագործումը հանգեցնում է անքնության, ախորժակի բացակայության, վիտամինների պակասի, խրոնիկ դեպրեսիայի և իմպոտենցիայի: Հնարավոր է «ամֆետամինային փսիխոզ», որն արտահայտվում է պարանոյայով, անհավանական մտքերի առկայությամբ և հալյուցինացիաներով: Հիվանդն ունենում է ֆիզիկական և մտավոր կախվածություն և չափաբաժինը մեծացնելու անհագ ցանկություն: Որպես թմրամիջոց օգտագործելու դեպքում հիվանդի անոթազարկն ու շնչառությունն արագանում են, բիբերը` լայնանում, սկսվում է ուժեղ քրտնարտադրություն, շարժումները դառնում են անվստահ:

Նիկոտին

Թութունը մեկ կամ երկամյա բույս է, մեծ, կպչուն տերևներով: Չորացված և մանրացված տերևները հումք են ծառայում ծխախոտային արտադրության համար, որի մեջ են մտնում սիգարետները, սիգարները, սիգարելաները և պապիրոսները: Կա նաև ծամելու, քթով քաշելու և ծխամորճով ծխելու համար նախատեսված թութուն: Թութունի մշակված տերևների քիմիական բաղադրության մեջ կա 0,1-5% նիկոտին: Քիմիական նիկոտինը հիդրոսկոպիկ յուղային լուծույթ է` տհաճ հոտով և համով: Այն նաև ուժեղ նեյրոտոկսին (մահացու թույն) է, այդ պատճառով շատ հաճախ օգտագործվում է միջատների դեմ պայքարելու համար:

Պատմություն
Թութունի հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան է, որտեղ այն աճում է բնական պայմաններում և ունի 60-ից ավելի տեսակ: Առաջին եվրոպացին Կոլումբոսն էր, որ նկատեց տեղի վայրի ցեղերի` գլանաձև շրջած տերևներ ծխելը: Նրանք այդ տերևներն անվանում էին «սիգարո»: Կոլումբոսը դրանք առաջինը բերեց Եվրոպա 1492 թվականին: Շուտով այն մեծ տարածում գտավ: Որոշ տեղերում այն նույնիսկ օգտագործում էին որպես վճարամիջոց: Նիկոտինն իր այս անվան համար պարտական է Ժան Նիկոյին, որը 1550 թվականին թութունը Պորտուգալիայից բերեց Փարիզ: Գերմանացի քիմիկոսներ Պոսելտը և Ռայմանը 1826 թվականին թութունից տարանջատեցին նիկոտինը և որակեցին բնական ծագումով ուժեղ թույն:

Օգտագործումը և «զգացումները»
Թութունի օգտագործման հիմնական եղանակը ծխելն է: Որոշ տարածաշրջաններում այն ծամում են կամ խիստ մանրացրած տեսքով քթով քաշում: Թութունի հիմնական թմրանյութային մասը նիկոտինն է, որն ընդգրկվում է ծխախոտին փոխարինող բազմաթիվ միջոցների բաղադրության մեջ:

Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Նիկոտինի մահացու չափաբաժինը մարդու համար կազմում է իր քաշի յուրաքանչյուր կգ-ի համար 0,5-1 մգ: Ծխախոտի մեջ նիկոտինի չափաբաժնից թունավորության աստիճանը հետևյալն է.

0,1-0,5մգ` թեթև
0,5-1 մգ` չափավոր
1-2մգ` ուժեղ
3մգ և ավելի` ծանր

5-10 վայրկյան է անհրաժեշտ, որ նիկոտինը հասնի ուղեղին: Հետո այն ազդում է նիկոտինային ացետիլխոլինային ազդակների վրա, որոնք էլ նպաստում են օրգանիզմում ադրենալինի աճին: Նիկոտինը խթանում է ուղեղում «հաճույքի հորմոններից» մեկի` «դոֆամինի» աճին: Հոգեվերլուծողների կարծիքով, ծխողները «հավելյալ» հաճույք են ստանում շրթունքների, լեզվի և դիմային մկանների գործադրումից, քանի որ, ըստ նրանց, հենց այդ բերանային հատվածն է անհատի հանգստության և ուրախության ամենագլխավոր աղբյուրը, որը նրանք ապրում են կյանքի հենց սկզբում (երբ մայրը կրծքով կերակրում է մանկիկին): Այն ենթագիտակցական կապ է ստեղծում այդ երկու գործողությունների միշտ` ծխողին զգացմունքային շերտում պարգևելով հագեցման ապահովվածության զգացում: Կախվածություն առաջացնող թմրամիջոցների շարքում ծխախոտն առաջիններից է, թեև ծխելու ընթացքում նիկոտինի մեծ մասն այրվում է:

Բուպրենորֆին

Բուպրենորֆինը կառուցվածքով շատ նման է մորֆիին: Սպիտակ բյուրեղյա փոշի է, որը հեշտությամբ լուծվում է էթիլային սպիրտի մեջ:

Օգտագործումը և «զգացումները»
Ընդունվում է հաբերի տեսքով, ներարկվում է ներերակային կամ ներմկանային եղանակով: Բժշկական նպատակներով օգտագործվում է որպես ուժեղ ցավազրկող` 0,3-0,6 մգ չափաբաժնով, 6-8 ժամը մեկ: Ազդում է ներարկումից 15 րոպե անց: Բուպրենորֆինը մոտ 30 անգամ ուժեղ է մորֆիից, ուստի այս դեղամիջոցի 0,3 մգ-ը հավասարազոր է 10 մգ մորֆիի: Տևականությամբ մորֆիին գերազանցում է մոտ 2 անգամ: Դեղամիջոցը շատ է օգտագործվում արևմտյան բժշկության մեջ, քանի որ օգտագործումը կախվածություն գրեթե չի առաջացնում և թունավորության աստիճանն էլ բավական թույլ է:

Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Բուպրենորֆինի բերած «հաճույքի զգացողությունը» էապես զիջում է նախորդներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս դեղամիջոցը չի դասակարգել որպես թմրամիջոց, սակայն հաշվի առնելով դրա օգտագործումից առաջացող հոգեբանական հետևանքները` այն մեր ցանկում է: Երկարատև ընդունումից հետո անմիջապես դադարեցնելը կարող է առաջացնել մշտական անհանգստություն, նյարդայնություն և անքնություն:

Կանեփ

Այս բույսը հեշտորեն հարմարվում է գրեթե բոլոր կլիմայական պայմաններին: Կանեփի աճեցման մշակույթը երկար պատմություն ունի ոչ միայն որպես թմրամիջոց, այլև որպես հումք` տարբեր ապրանքներ արտադրելու համար (կանեփի յուղ, ամուր թելեր` կտորի արտադրության ֊նավաշինության համար): Որպես թմրամիջոց հիմնականում օգտագործվում է բույսի վերին հատվածը` տերևներով և ծաղիկներով: Հենց դա էլ մարիխուանան է (mariguango և պորտուգալերեն` արբենալ), որը ծխում են կամ օգտագործում սննդի մեջ:

Շատ տարածված տարատեսակ է հաշիշը, որը ստացվում է բույսն արևից պաշտպանելու նպատակով անջատվող խեժանման նյութի վերամշակումից: Խոսակցական լեզվում այն նաև անվանում են «հաշ» կամ «պինդ պլաստիլին»: «Հիդրոպոնիկ» են անվանում մարիխուանան, որն աճեցվել է հիդրոպոնիկ մեթոդով, այսինքն` առանց հողի, հատուկ լուծույթի մեջ` արհեստական ուժեղ լույսի ներքո:

Պատմություն
Տնտեսության և բժշկության մեջ կանեփի օգտագործումը սկսվել է մ.թ.ա. 10-րդ դարում, երբ հնդկացիներն այն օգտագործում էին որպես ցավազրկող, իսկ Չինաստանում այն ծառայում էր որպես տեքստիլ արտադրության հումք: Եվրոպայում այն հայտնվեց Նապոլեոնի «եգիպտական արշավանքներից» հետո: Որպես թմրամիջոց` տարածում է գտել 60-ականներին` «հիպպիական» շարժման հետ: Շատ երկրներում արգելված է կանեփ աճեցնելն ու վաճառելը: Սակայն, օրինակ, Ավստրալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում դրանց օգտագործումն օրենքով թույլատրվում է: Ճամայկայում այն պաշտոնապես համարվում է ազգային մշակույթի մաս:

Օգտագործումը և «զգացումները»
Բույսը գրեթե չի օգտագործվում հում վիճակում: Ծխելու համար օգտագործում են դրա չորացրած տարբերակը` նախապես առանձնացնելով բույսի տերևները, ծաղկած մասը և ցողը (քանի որ բույսի տարբեր հատվածներում կանաբիոդների խտությունը տարբեր է): Ծխում են նաև հաշիշը, շշի վրա արված փոքրիկ անցքի մեջ մտցնում են այրվող սիգարետը` վրան հաշիշ, ծուխը «քաշում են» շշի բերանից:

Սննդի մեջ այն օգտագործում են հիմնականում երկու եղանակով, կամ այն եփում են կաթի մեջ և կոչում «մալակո», կամ տապակում են բուսական յուղով և կոչում «կաշա»: Սննդի միջոցով օգտագործելիս էֆեկտն ավելի ուշ է տեղ հասնում, ուստի այն օգտագործում են մեծ չափաբաժիններով:

Ծխելու համար հիմնականում օգտագործվում է, այսպես կոչված, «պլանը», որը փոխարինում է գլանակի թութունին: Այժմ օգտագործվում են էկզոտիկ եղանակներ, օրինակ` նարգիլեի, բուլբուլյատորի, շշի, խնձորի միջոցով: Ծխելու դեպքում էֆեկտը զգացվում է անմիջապես, առավելագույնի է հասնում 30 րոպե անց և տևում 2-4 ժամ: Ուտելու դեպքում այն ավելի դանդաղ է սկսվում, սակայն տևում է 5 ժամ կամ ավելի: Կաննաբիոդներով հարբեցումը բնութագրվում է ցնծության թեթև աստիճանով, ընդհանուր թուլացմամբ և քնկոտությամբ: Այս վիճակում մարդն ավելի զգայուն է գույների և ձայների նկատմամբ, դրանք դառնում են ավելի հարուստ, հագեցած և գունեղ: Նա հաճույքով հիանում է շրջակա միջավայրով ու բնությամբ, դառնում ավելի շփվող, ուրախ և շատախոս: Սովորական գործողությունները դառնում են չափազանց հաճելի: Օրինակ, սնունդն այնքան համեղ է թվում, որ միանգամից կարող է ուտել չափից ավելին: Մեծ չափաբաժինների դեպքում հնարավոր է ժամանակի զգացողության կորուստ, որն արտահայտվում է հիշողությունից տարբեր հատվածների ժամանակավոր բացակայությամբ: Ընդհանուր առմամբ այս բոլոր էֆեկտները չեն առաջացնում բացասական զգացումներ, քանի որ տեղի է ունենում «գիտակցության լայնացում», այսինքն` մարդն իր գործողությունները տեսնում է կողքից` առաջացնելով երկարատև ծիծաղ, չնայած ամբողջ ընթացքում նա տիրապետում է իր գործողությունները:

Կանեփն ալկոհոլի հետ խառնելու դեպքում հնարավոր է «վախի» առաջացում, որը վերանում է հանգստացնող զրույցից կամ թեյ ըմպելուց հետո:

Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Գերչափաբաժինը չափազանց հազվադեպ է հանդիպում, հիմնականում այլ ծանր թմրանյութեր օգտագործելու և ալերգիայի դեպքերում: Կարող է առաջանալ սրտխառնոց, փորկապություն: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մարիխունայի շարունակական օգտագործումն, ի տարբերություն կոկաինի, հերոինի կամ ալկոհոլի, ներքին օրգանների և ուղեղի վրա տոքսիկ ազդեցություն չի գործում: Միակ ապցուցված ֆիզիկական վնասը, որն օրգանիզմին հասցվում է մարիխուանա ծխելիս, շնչառական օրգանների խնդիրներն են՝ հազը, շնչահեղձությունը և կոկորդային ինֆեկցիան: Ի տարբերություն ծխախոտի, գրեթե չի նպաստում քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը: Մարիխուանայի ամենամեծ թերությունն այն է, որ միջին օգտագործողները շատ հաճախ անցնում են ավելի ծանր թմրամիջոցների: Սա հոգեբանական գործոն է, քանի որ մարիխուանան, լինելով անօրինական, օգտագործողի հոգում ցանկություն է ստեղծում ևս մեկ աստիճանով առաջ գնալ` փորձելով նոր թմրադեղեր: Հիմնական հիվանդանշաններն են կարմրած աչքերն ու շրթունքները, արագացած անոթազարկը, բարձր ճնշումը և բերանի չորությունը: Պահվածքը դառնում է անզուսպ, արագանում է խոսքը, բարձրանում է տրամադրությունը, մեծանում է ախորժակը:

Ինգալիանտներ

Որպես ինգալիանտներ` հիմնականում օգտագործվում են կենցաղում հանդիպող տարատեսակ քիմիկատները` սոսինձը, ացետոնը, բենզինը, ներկերը: Օգտագործողների մեծ մասն անչափահասներն են:

Պատմություն
Տարատեսակ ցնդող միջոցները որպես ինգալիանտ օգտագործելը սկսվել է 1275 թվականից, երբ իսպանացի հոգևորական և փիլիսոփա Ռայմոնդ Լուլիուսը հայտնաբերեց եթերը: Եթերի դեղամիջոցային հատկություններն ուսումնասիրելիս Պարացելսիուսը 1540 թվականին գլխի ընկավ, որ այն կարող է քնաբեր լինել: Օփիումի հանդեպ դրա առավելությունն այն էր, որ ավելի կարճատև էր, իսկ հիվանդն ավելի արագ էր վերականգնվում այն օգտագործելուց հետո: Սակայն որպես թմրամիջոց` այն սկսեցին զանգվածաբար օգտագործել 20-րդ դարի կեսերին: 50-ականներին տոքսիկամոլությունը տարածվեց ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում և Անգլիայում: Մարդիկ ներս էին քաշում հիմնականում բենզին և սոսինձ: Լրատվամիջոցների
ակտիվ արձագանքն առավել նպաստեց դրա տարածմանը: Դա տևեց այնքան ժամանակ, մինչև ամենապոպուլյար ինգալիանտների գները հասան ալկոհոլի և թմրամիջոցների գներին: Ավստրալիայի իշխանությունները 2006 թվականին $4 մլն ներդրեցին սովորական բենզինից ոչ տոքսիկին անցում կատարելու ծրագրում:

Օգտագործումը և «զգացումները»
Ինգալիանտներն օգտագործում են օդը ներս քաշելով քիմիկատով պատված կտորի ներքո կամ պլաստիկ տոպրակների միջից: Ինգալիանտները կենտրոնական նյարդային համակարգի վրա ունենում են արգելակիչ ազդեցություն: Գրեթե բոլոր ինգալիանտների օգտագործման էֆեկտները նման են իրար: 3-5 անգամ ներս քաշելուց հետո առաջանում է թեթև գլխապտույտ, աղմուկ գլխում, տեսողության մշուշում, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն, ռեակցիայի դանդաղում: Եթե այսքանով ավարտվի, կտևի 10-15 րոպե: Դրանից հետո նկատվում է ծանրություն գլխում, գլխացավ, քաղցրավուն համ բերանում, սրտխառնոց: Այս ամենը կարող է տևել 2-ից 3 ժամ: Ավելի երկար օգտագործումից կարող է բարձրանալ տրամադրությունը, կծնվեն հալյուցինացիաներ: Այդ հոգեզգայական խախտումները կարող են արտահայտվել շրջակա միջավայրի տարրերի ձևի ու գույնի խախտմամբ և նույնիսկ մինչև հստակորեն իրար հետ կապված ձայնային ու տեսողական հալյուցինացիաների տեսքով: Փակ աչքերի դեպքում դրանք ավելի իրական են դառնում, քանի որ իրական առարկաները չեն խոչընդոտում: Տեսիլքները կարող են ունենալ ահարկու բնույթ և մարդուն հասցնել տագնապի: Բայց դրանք ապրածները հիշում են, որ նույնիսկ ամենաահավոր հալյուցինացիաներն այդ պահին հաճելի են թվում:

Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Ինգալիանտների մեծ մասը թունավորության աստիճանով հավասարը չունի նույնիսկ ամենածանր թմրամիջոցների շարքում: Ինգալիանտ օգտագործողը հիմնականում հանդիպում է հետևյալ խնդիրներին` թոքերի բորբոքում, լյարդի ցերոզ, արյան մակարդելիության խախտում (շաբաթը 1 անգամ` 8-10 ամիս օգտագործելիս), ուղեղի բջիջների ոչնչացում (շաբաթը 1 անգամ` 12-16 ամիս օգտագործելիս): Այսպես կոչված` «Մահ` տոպրակում», սա մի վիճակ է, երբ անչափահասն ակնթարթորեն արբում է և կորցնում գիտակցությունը, ինչի պատճառով չի կարողանում քիթն ու բերանը հանել տոպրակի միջից կամ ինգալիանտով պատված կտորի տակից: Ուստի շնչառությունն և սրտի աշխատանքը դադարում են: Այսինքն` պատանին մահանում է: Ինգալիանտներից ֆիզիկական կախվածության հնարավորությունն ապացուցված չէ, այնինչ հոգեբանական կախվածությունը կասկած չի հարուցում: Մարդը փորձում է որքան հնարավոր է հաճախ վերապրել իր համար հաճելի զգացողությունները: Տոքսիկամոլների հիմնական ախտորոշիչներն են անորոշ հայացքը, մաշկի գունատությունը, մազերի և եղունգների անորակությունը, անհասկանալի լղոզված և բարձր խոսքը:

newmag #09

Գրել կարծիք