ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Նազենի Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Նազենի Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա 2-րդն է հարցազրույցների այն շարքից, որ newmag-ի խնդրանքով զրուցել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը երիտասարդ ու խոստումնալից 10 դերասանների հետ:

Հասարակական կյանքդ և մասնագիտությունդ: Շա՞տ ժամանակ է խլում հասարակությունը քեզանից:

Հասարակական կյանքն ու մասնագիտությունը վաղուց արդեն միախառնվել են, գտնվում են միևնույն զուգահեռականում: Ասել, որ շատ ժամանակ է խլում` անշուշտ, մի ամբողջ կյանք` դա իմ կյանքն է:

Դու կարծում ես, որ արվեստագետի կամ հանրային մարդու օրակարգի կարևոր կետերի՞ց է` պիտանի լինել հասարակությանը կամ, այսպես ասած, արձագանքող:

Շատ տեղին է ասված: Այո, դա պարտադիր կետ է, և պետք է չէ այն կատարել իբրև առաջադրանք: Ոչ: Ես դասավանդում եմ թատերական ինստիտուտում: Միակ բանը, որ ինձ ձգում է այնտեղ, ուսանողին ինչ-որ բան տալու ցանկությունն է: Ես այնտեղից չունեմ ֆինանսական կամ որևէ պաշտոն ստանալու ակնկալիք: Իմ միակ մոտիվացիան այն է, որ այնտեղ կան երիտասարդներ, որոնք դեռ չեն կողմնորոշվել, ու նրանց պետք է օգնել, գուցե ունեն ինչ-որ բանի պակաս: Ես իմ կարողացածի սահմաններում աշխատում եմ նրանց աջակցել: Պաշտոնապես դա համարվում է աշխատանք, բայց եթե հաշվի առնենք վարձատվությունն ու իմ ներդրած ջանքերը… Մեկը մյուսին հակասում է:

nazeni

Ե՞րբ է քեզ համար կարևոր հոնորարի չափն ու աշխատանքի վարձատվությունը:

Միշտ

Իսկ ե՞րբ կարող ես անտեսել այն:

Երբ գաղափարն ավելի կարևոր է, քան հոնորարի կարիքը: Անկեղծ ասեմ, հոնորարի կարիք միշտ կա: Ինչպես ցանկացած մարդ, ես էլ ունեմ ծախսեր: Բայց եթե վերցնենք թատերական ինստիտուտը, ես չեմ կարող այնտեղից այնպիսի աշխատավարձ ակնկալել, որը համեմատական լինի իմ արած աշխատանքի հետ: Նմանատիպ պարագաներում` կարող է լինել մի կետ, երբ գաղափարական մասը շատ ավելի կարևոր է: Այդ դեպքերում ես տրվում եմ աշխատանքին` առանց հաշվի առնելու աշխատավարձի չափը:

2

Ինչպիսի՞ տեղ է գրավում քո կյանքում թատրոնը: Չե՞ս ափսոսում, որ այն քիչ է քո կյանքում:

Այո, շատ եմ ափսոսում: Եթե լարախաղացը պարբերաբար չկանգնի այդ բարձրության վրա ու չանցնի այդ լարը, նա չի համարվի վարպետ և չի լինի լարախաղաց: Իմ կարծիքով դերասանի համար այդ լարը թատրոնն է:

Ամիսը քանի՞ անգամ ես խաղում թատրոնում: 

Կախված թե քանի անգամ են ներկայացում դնում: Լինում է 5 անգամ, 6 անգամ, մեկ անգամ, երեք ամիսը մեկ անգամ…

Այսինքն` միշտ կա այդ բանը, որ պիտի լինես թատրոնում, շփվես կենդանի հանդիսատեսի հետ: Դու այն քիչ դերասաններից ես, ովքեր փորձում են լրացնել իրենց մասնագիտական աշխատանքային կյանքը, այսպես ասած, լեցուն դարձնել այն: Նաև այն դերասաններից ես, ովքեր աշխատում են դրսի հետ: Վերջերս նկարահանվեցիր ռուսական ֆիլմում: Մհեր Մկրտչյանի ֆիլմում` Պապ 005: Ինչպիսի՞ն էր զգացողությունը:

Գիտեմ, որ ինքդ որպես ռեժիսոր, աշխատելով ռուս դերասանների հետ, երբեմն տեսնում ես դպրոցների տարբերությունը: Ինձ համար ամենամեծ հպարտությունը, երբ տեսնում եմ հայ դերասաններին շատ լուրջ դպրոց անցած ռուս դերասանների հետ աշխատելիս, և որակական տարբերություն չկա: Կա տեսակի, մտածողության ու ազգայինի տարբերություն: Երկու ամիս անընդմեջ մենք նկարահանվում էինք: 4 սերիա ենք արել այդ նախագծում: Աշխատեցի այնպիսի մարդկանց հետ, որոնցից միշտ կարելի է սովորել: Չեմ վախենում ասել, որ միշտ սովորում եմ: Ամեն անգամ որևէ գործ անելիս երջանկություն ունեմ միշտ սովորել: Ամեն ինչից դերասանը պիտի մի բան վերցնի. Իսկ Մհեր Մկրտչյանը` որպես ռեժիսոր, հատուկ ուշադրություն էր դարձնում դերասանի ազատությանը, որպեսզի նա փոքր, մեկ րոպեանոց տարածության մեջ լինի մաքսիմում ազատ և հստակ` առանց ավելորդությունների: Ես դա սովորեցի: Մենք` դերասաններս, հայկական իրականության մեջ ի՞նչ ենք անում… Մեզ տալիս են խնդիր ու մենք փորձում ենք այդ խնդրի մեջ ներառել ամեն ինչ, ինչ գիտենք. մեր ապրած կյանքը` ցեղասպանությունից սկսած…

Հիմա անցնենք դրան: Ես էլ աշխատավայրում փորձում եմ դերասանին թողնել ազատության մեջ ու վերցնել նրանից այն լավն ու հետաքրքիրը, որ քո ասած ազատության 1 րոպեում կամ 2 քառակուսի մետրում դերասանը կանի: Բայց դու ո՞ր դպրոցի կրողն ես: Էմոցիոնալ հիշողությա՞ն դերասան ես, թե՞ խնդիրը կատարող, կամ շատ մտածող դերասանն ես, որ մինչև գործողությունն իր միջով չանցկացնի, չի անի: Ո՞նց ես հասնում քո ճշմարտությանը քեզ տրված իրավիճակում:

Սա հարց է, որ ունի բախում դաժան իրականության հետ: Գուցե շատերն ինձ քարկոծեն ասածներիս համար, բայց մենք` հայ արտիստներս, չունենք դերասանական դպրոց: Սա մեծ խնդիր է: Մենք ունենք հետխորհրդային տարիներից մնացած ռուսական դպրոցից ինչ-որ մնացորդներ:

IMG_3544

Բայց աշխարհն ընդունում է այդ դպրոցը: 

Այո, դա աշխարհի ամենալավ դպրոցն է: Բայց մենք օգտվում ենք այդ դպրոցի մնացուկներից, այլ ոչ ամբողջական դպրոցից: Եվ մենք դեռևս չենք ստեղծել ու չենք կառուցել մերը: Նաև չենք օգտվում եվրոպականից ու ամերիկյանից: Շատ ճամփորդելու, նաև ամերիկյան որոշ դասընթացների շնորհիվ վերցրել եմ պարզ թվացող, սակայն իրականում շատ կարևոր երևույթներ: Ես ինքնուս եմ այս հարցում, որովհետև չունենալով հստակ ուղղություն, հասկացա, որ 21-րդ դարի արտիստը, մանավանդ ես, որ աշխատում եմ հեռուստատեսությունում, ունեմ հնարավորություն յուրաքանչյուր օտար հանգամանքը դարձնել իմը: Ինձ համար չկա հորինված իրականություն: Եթե այդ պահին հայտնվեցի այդ տվյալ իրականության մեջ, ուրեմն` դա է բացարձակ իրականությունը: Ես էմոցիոնալ եմ, դա փաստ է: Ես անալիտիկ եմ:

Այո, երբեմն շատ ավելին են քո մտքերը, քան պետք են այդ պահին:

Ճիշտ ես, բայց այդտեղ էլ օգնության է հասնում իմ տեսակը: Երբ հարկավոր է, ես կարող եմ զսպել ինձ, որ գերէմոցիոնալությունը չխանգարի իմ աշխատանքին: Եվ այդ զսպումից առաջանում է հենց այն արդյունքը, որը մարդկանց ստիպում է նայել: Ես չեմ ասում, որ ճիշտ եմ կամ լավը, բայց այն, ինչ անում եմ, հուսով եմ, որ ինչ-որ մի տեղ հետաքրքրում է, թեկուզ բացասական իմաստով:

Խնդիրն ամենևին ընկալման բացասական մասը չի: Կարևոր է, որ, ի վերջո, հասնես արդյունքի: Դու ունես բավականին լավ կրթություն, լավ վարպետ, որի մոտ սովորել ես: 

Ես ինձ շատ երջանիկ եմ համարում: Սովորել եմ Մազմանյանի արվեստանոցում, որը մեծ ուսուցիչ էր, և շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ համար ընտրել է այնպիսի ուսուցիչներ, որոնք մեզ տվել են բազում բանալիներ, և այդ բանալիներով մենք բացում ենք ցանկացած դուռ: Իմ ավագ ընկեր և դասախոս Աննա Հեքեքյանը, որն անցել է ռուսական բոլոր հնարավոր դպրոցները` բեմական խոսքի և վարպետության հետ կապված, ստեղծել է իր ուրույն դպրոցը, և ես առ այսօր սպունգի պես քաշում եմ այն ամենն, ինչ նա տալիս է: Սա ահռելի դպրոց է:

Հիմա ուզում եմ ինձ անդրադառնալ: Հիմնական մեղադրանքը, որ կա մամուլում ու լրագրողական հանրության մեջ, այն է, որ Հրաչը չունի ֆիլմ, որում չի նկարվել Նազենի Հովհաննիսյանը, թե Հրաչը տեսնում է միայն Նազենի Հովհաննիսյանին և Խորեն Լևոնյանին: Ամեն անգամ փորձում ես բացատրել. այս մարդիկ տադանդավոր են ու նրանց անընդհատ պետք է նկարահանել, ցավոք, միշտ չի, որ ստացվում է: Տա Աստված, որ ավելի շատ հանդիպենք: 

Շնորհակալ եմ, Հրաչ: Ես ունեմ դրա` իմ բացատրությունը: Հաճախ ասում եմ` շնորհակալ եմ այդ կոմպլիմենտի համար, որ իմ փոքր աշխատանքը քեզ հետ այդքան տեսանելի է, որ մեզ երկուսիս միանգամից նույն պատկերի մեջ են ֆիքսում:

Մեր աշխատանքն իսկապես երևացող է: Չեմ ուզում սադրիչ հնչի հարցը, բայց ինչո՞ւ քեզ չեն հրավիրում հայ կինոինդուստրիայի լեգենդար ռեժիսորները: Մարդիկ, ովքեր համարվում են Հայաստանի կինոարտադրության, այսպես ասած, առաջնային դեմքերը, ովքեր գնում են, այսպես ասած, մեծ կինո: Երբևէ քեզ այդ հարցը տվե՞լ ես:

Ես սիրով մասնակցում եմ բոլոր քասթինգներին, որոնց հրավիրվում եմ` առանց որևէ ամբիցիայի: Ես ինձ այդ հարցն այլևս չեմ տալիս: Ժամանակին, երբ քեզ հետ աշխատում էի Հանրային հեռուստատեսությունում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով միասին ստեղծում էինք ֆիլմեր, բոլորը փորձում էին ինձ խարանել «Հրաչի դերասանուհի» արտահայտությամբ: Անցան տարիներ. և ես հասկացա, որ այն ամոթանքի խարանը, որպիսին փորձում էին ներկայացնել մեր համագործակցությունը, ինձ համար պատվո շքանշան է: Հարցն այն չէ, թե դու ինչպիսի ռեժիսոր ես, կամ ես ինչպիսի դերասան եմ: Հարցն այն է, որ քանի դեռ երկու հոգի չեն հանդիպել և չեն փորձել ստեղծել որևէ բան, նրանք չեն կարող հասկանալ` արդյոք այդ ստեղծագործությունը լա՞վն է, տեղի՞ն է կամ պահանջվա՞ծ է, թե՞ ոչ:Ես շատ եմ սիրում քո խիզախությունւը, երբ դու գնացիր քո երազանքի հետևից:  Ես անընդհատ հիշում եմ քո խոսքերը «Ոչինչ չի մնա» ֆիլմի նկարահանումներից հետո, երբ ասացիր, որ անցել է 18 տարի, որ իրավունք ունենաս ֆիլմ նկարահանել: Գուցե հասարակությունն այդ ժամանակ այդ իրավունքը չէր էլ տվել քեզ, բայց դու քո աշխատանքով էիր այն ստացել:

Տարիներ առաջ որոշ ռեժիսորներ ինձ հանդիպում և ասում էին, որ պետք չէ հեռուստատեսությունում շատ ակտիվանալ, դա դերասանին փչացնում է: Այն ժամանակ ես համակարծիք չէի, հիմա կարող եմ ապացուցել` ինչու և ինչպես: Մարդը կարող է աշխատել` լինի դա տակառ, որի մեջ Դիոգենեսի պես կարող է ապրել, լինի բեմահարթակ, լինի շատ փոքր կամերային թատրոնի բեմ, կամ Հրաչ Քեշիշյանի ֆիլմարտադրության հրապարակը: Հարցն այն է որ պետք է լինի ցանկություն Եթե որևէ ռեժիսոր ունենա ցանկություն, ես միշտ պատրաստ եմ և երջանիկ եմ փորձել ինչ-որ տեղ համապատասխանել այդ ռեժիսորի տեսլականին:

Մհեր Մկրտչյանը յուրօրինակ առաջարկ արեց, այն փոքր դերը, որն ի սկզբանե նախատեսված էր ինձ համար,  արդեն ես համաձայնել էի, և ամեն ինչ պատրաստ էր: Նա ասաց` հնարավո՞ր է մեկ օրով գաք քասթինգի, ասացի` իհարկե, հնարավոր է, անգամ ցանկալի, որովհետև ես ինքս ուզում եմ հասկանալ` կարող եմ խաղալ, թե ոչ: Այստեղ ամոթ բան չկա: Ամեն անգամ կոշիկ գնելիս մարդ սկսում է նորովի հարմարեցնել իր ոտքը: Չես կարող լինել այնքան մեծամիտ կամ հիմար, որ ասես` ցանկացած դեր իմն է, տվեք, և ես կխաղամ: Դերս փորձելու համար մեկ օրով գնացի Մոսկվա և շնորհակալ եմ, որ ունեցա այդ հնարավորությունը:

3

Դա ընդունված կարգ է: Կինոաշխարհը այդպես կոմպենսացնում է թատրոնի երկարատև փորձերը`այս տեսակ փորձ-նկարահանումով: Սա ճիշտ է և՛ ռեժիսորի, և՛ դերասանի, և՛ օպերատորի համար: Ի վերջո, պիտի հասկանաս` կարո՞ղ ես շփվել այդ մարդու հետ, թե՞ ոչ:

Ինձ համար ռեժիսոր-դերասան հարաբերությունները պլաստիկ վիրաբույժի և հիվանդի հարաբեությունների նման են: Բժիշկը` ռեժիսորը, պետք է իմանա ամեն ինչ տվյալ դերասանի մասին` նրա անկարողություններից մինչև գերկարողություններ:

Իսկ ի՞նչ ճշմարտություն ես փնտրում: Գրել ես. «Շատերն են փնտրում ճշմարտությունը, իմը մեկն է, ապրել խաղաղ և անխաղ: Սերը բումերանգի պես է, մի օր վերադառնում է: Իսկ ազնվությունն ամենաթանկ պատվոգիրն է»: Ինչքա՞ն ես խաղում կյանքում: 

Երբեք: Ինձ ճանաչող մարդիկ կփաստեն դա:

Իսկ ինչքան ես խաղաղ:

Տարիների հետ ավելի եմ խաղաղվում: Բայց երևի… Ես չեմ կարծում, որ միայն ինձնով հնարավոր է խաղաղ լինել, այն դեպքում, երբ միջավայրն անհանգիստ է: Խաղաղություն` նկատի ունեմ նաև միջավայրը: Որքան էլ փորձենք կղզիանալ, միևնույն է, տնից դուրս ենք գալիս, տեսնում ենք դրսի կյանքը: Ես այդ փաստը նորից արձանագրեցի, երբ Ռիգայում տեսա` ինչպես մի մուրացիկ աղբամանն է փորփրում: Եվ ես հասկացա, որ Հայաստանում այդ մուրացկանին տեսնելով կրկնակի ցավ եմ ապրում: Նույն մարդն է, չէ՞, բայց քո ազգից լինելու հանգամանքը քեզ կրկնակի է խոցում: Կցանկանայի` հասնեինք միջին կենսամակարդակի, որ իմ ներքին խաղաղությունը համահունչ լիներ դիմացինի հետ և այդ ժամանակ հավանաբար կարիք էլ չլիներ խաղալու: Ե՞րբ ենք խաղում… Երբ, օրինակ, ինձ շատ վատ եմ զգում, դրսում տեսնում եմ ինչ-որ մեկին, փորձում եմ խաղալ, թե լավ եմ: Եվ հակառակը: Փորձում ենք ստեղծել իրականություն, որը չկա` սա է խաղը: Ես փորձում եմ իմ իրականությունը փոխելով ապրել, դրա համար է, որ չեմ խաղում:

Բայց չէ՞ որ քո իրականությունը կարող ես փոխել մի քանի մետր կամ կիլոմետր շառավղով և ոչ ավելին:

Վերջին` հետգրությունը եթե ընթերցեք նորից, կասեմ:

Իսկ ազնվությունն ամենաթանկ պատվոգիրն է:

Կան մարդիկ որ աշխատում են թատրոնում, որպեսզի մի գեղեցիկ օր ստանան շքանշան կամ պատվոգիր, կամ կոչում: Ես խաղում եմ` այդ պրոցեսը հանդիսատեսի հետ վայելելու համար, էներգետիկայով փոխանակվելու համար և ինչ-որ տեղ կամուրջ հանդիսանալու` արվեստի և հանդիսատեսի միջև: Երբ որ դու ազնվորեն ես գործում, թեկուզ մեկ կաթիլ հայտնվելով ծովում, ալիք է դառնում, ու դրանք կամաց-կամաց մեծանում են ու տարածվում: Ես չեմ ասում, որ օգնությունը հասնում է ամենուր: Ամեն Աստծո օր ես ուզում եմ ինչ-որ բան փոխել: Ես փոքր եմ` որպես մարդ և, ընդհանրապես, Հայաստանը շատ փոքր է, բայց իր փոքրությամբ հանդերձ նա կարողանում է շատ բաներ փոխել: Պիտի ապրենք այդ գիտակցությամբ, որ ամեն մեկս փոխի: Մենք ի՞նչ ենք անում, 100 մարդ մնում է անգործ, մեկը բոլորի բեռը հավաքած գնում է, դրա համար էլ տեղ չի հասնում, կեսից ուժերը սպառվում են: Մենք ամեն մեկս մեր ներքին ազնվությամբ կարող ենք փոխել և փոխում ենք:

4

Որպես հասարակական ակտիվ մարդ` դու ամեն ինչ շատ ճիշտ ձևակերպեցիր, հիմա ձևակերպիր որպես արվեստագետ, որպես դերասանուհի, ի վերջո ո՞րն է պատվոգիրը` կոչումնե՞րն են, մեդալնե՞րը, ինչ-որ փառատոնում ստացած մրցանա՞կը, թե՞ միայն հանդիսատեսի սերը: Ո՞րն է: Թե՞ այդ ամեն ինչը միասին:

Չկա մարդ, ում համար կարևոր չլինի հասարակության լայն արձագանքն ու գնահատականը, որը մի գեղեցիկ օր վերաճում ու դառնում է պատվոգիր կամ շքանշան: Օսկարը ցանկացած դերասանի համար բարձրագույն գագաթն է համարվում: Ինձ համար շատ կարևոր է, որ մի օր գնամ Կաննի փառատոն` որպես տվյալ ֆիլմում ներկայացված դերասանուհի: Դա ինձ համար կլինի շատ ավելի լուրջ:

Անկախ արդյունքից… 

Այո, որովհետև սա արդեն քայլ է: Երկրորդ. անպայման կարևոր է հոնորարը: Եթե դերասանը չի կարող իր կենցաղը ազատել ավելորդ գործերից, ուրեմն` նա չի կարող լիարաժեք տրվել իր աշխատանքին: Դա նույնն է, ինչ մի աջիկ միաժամանակ ունենա 5 ընկեր և պատրաստվի ամուսնանալ 5-ի հետ: Ֆիլմն էլ ամուսնության պես մի բան է:

cover

Իսկ եթե հանկարծ ստացվեց այդպես, որ 5 տեղից հրավեր ունես, կհամաձայնվե՞ս: Կանե՞ս դա: 

Ինձ թվում է` ոչ, եթե խոսքը հենց ֆիլմի մասին է: Ներկայացումն այլ է: Ֆիլմը իսկապես ծանր էմոցիոնալ դաշտ է: Դու շատ լուրջ էներգիա ես վատնում:

Լինում են դերասաններ, որոնք շատ պահանջված են լինում, մի օր նկարահանում մի վայրում, հետո միանգամայն այլ թատերական ներկայացումներ…. Անկեղծ ասեմ, դա դերասանից է կախված: Ես համաձայն եմ քեզ հետ, ավելի լավ է, երբ դերասանն ամբողջությամբ տրվում է մի գործի

«Սպանված աղավնու» նկարահանումները հիշում ես: Այդպիսի ինտենսիվությամբ նկարահանումներին զուգահեռ անել ուրիշ գործ անհնար էր: Էմոցիոնալ, ֆիզիկապես, և երևույթ` որպես այդպիսին, անհնար կլիներ:

Ես ուղղակի ուզում եմ ասել, որ դա դերասանի լավագույն հատկանիշներից է, որ կարողանում է վերցնել մի նախագիծ ու ավարտել:

IMG_3720Ես ունեցել եմ մի սխալ, որ ինձ չեմ ներում, կուզեի, որ չլիներ: «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի նկարահանման ժամանակ ես նաև հեռուստատեսությում էի և ունեի պարտավորությունների մի մեծ ցանկ, ես առավոտյան մեկն էի անում, հետո մյուսը, դա առհասարակ ինձ շատ էր խանգարում: Քո կենցաղը և ֆիլմի կենցաղը իրար հետ պիտի որևէ կապ չունենան: Ես շուտ ադապտացվող մարդ եմ, բայց ունեմ չգրված օրենք, եթե կա հնարավորություն, պետք է մնալ մեկ ֆիլմի նկարահանման շրջանակում:

Ո՞րն է այն երազանքը, որին միշտ ձգտում ես:

Ես շատ երկար մտածել եմ, թե ինչ եմ ես ուզում: Ես ուզում եմ սովորել: Կան շատ պարզ ու պրիմիտիվ հարցեր, որոնց մասին ես երկար սկսում եմ մտածել: Իմ երազանքն է` ճանաչել աշխարհը: Ես շատ կուզեի ունենալ տուն ծովի ափին` սպիտակ ասեղնագործ վարագույրներով: Իմ երազանքն է լինել հանգիստ: Ամեն օր ես մտածում եմ, որ այսօր կարող է շատ ծանր մի բան տեղի ունենալ:

Իմ համար ցավալի է, երբ ասում են` Հայասատանում անապահով է: Բոլոր տեղերում էլ նույնն է` մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս:

Ես չհամաձայնեմ: Հայաստանում, իր խնդիրներով հանդերձ, ավելի հանգիստ է ու ապահով: Իմ երազանքն է` այ որ տարիներն անցնեն, ես ծերանամ, լինեմ իմ ընկերների հետ: Կյանքն ի՞նչ է… Պուճուրիկ պահերով շատ թանկ մի հավաքածու:

Ոզում եմ հավատալ և վստահ եմ, որ այդպես էլ կլինի, որ կյանքի քո բումերանգը` այն սերը, որ տալիս ես, վերադառնա քեզ:

Գրել կարծիք