Ի՞նչ է փնտրում տղամարդը գիշերային ակումբում և ի՞նչ կարող է այնտեղ գտնել կինը

Ի՞նչ է փնտրում տղամարդը գիշերային ակումբում և ի՞նչ կարող է այնտեղ գտնել կինը

Կնոջ համար գիշերային ակումբը նման է ուսումնական ձեռնարկի. նա սեփական աչքերով է տեսնում, թե ինչի՞ կարիք ունի տղամարդը:

Որն է այն դուռը, որը յուրաքանչյուր տղամարդ փորձում է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բացել: Դե իհարկե, դրախտի դռնակից բացի: Երբ ձեռքդ գնում է դեպի բռնակը, անմիջապես ականջիդ են հասնում անշտապ մեղեդու էրոտիկ ռիթմերը: Չորսբոլորն ուժեղ սեռի ներկայացուցիչներ են. ո՛չ, ոչ, boys’ ակումբ չէ, քանի որ նրանց վրա գեղեցիկ սեռն է իշխում: Տղամարդկանց հայացքն էլ շարժվում է այն ուղղությամբ, որը կորոշի կինը: Մեկ հուշում: Ուղիղ աչքերիդ դիմաց, ինչպես մեղմ զեփյուռ, գալարվում են բարձրահասակ, սեքսուալ կառուցվածքով մեկից ավելի կանայք և հետզհետե ազատվում մարմինը ծածկող շղարշե զգեստներից: Բայց եթե գեթ փոքր-ինչ արագացնեն շորերից ազատվելու հաճելի ընթացքը, այցելուների` հեշտանքով լի հայացքներում հենց այդ վայրկյանից կմարի կայծկլտոցը: Այս արվեստը գնահատող տղամարդն, իհարկե, գլխի ընկավ. այո՛, կրքապարի խորխորատներ տանող այս դուռը Ձեզ գիշերային ակումբ է բերել:

Երևանի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում ենք: Բայց ոչ թե ժամանակ անցկացնելու, այլ գործնական նպատակով: Եկել ենք պարզելու, թե ի՞նչն է մեզ նման տասնյակ ու հարյուրավոր մարդկանց ամեն երեկո կամ ամեն գիշեր բերում այստեղ: Ուստի մեր հետաքրքրասիրությունը բավարարելու պարտականությունը սիրով ստանձնում է ակումբի… այսպես ասենք` «ստրատեգը»: Նա սեփականատերը չէ, մենեջերն էլ չէ, տնօրենն էլ չէ… Նա գիշերային կյանքի մշտարթուն ու ամենատես աչքն է: Նրա պարտականություններն ունեն սկիզբ, չունեն ավարտ: Նա հետևում է ամեն ինչին. որ պարուհին ինչպես է պարում, որ այցելուն ինչ տրամադրություն ունի, որ մատուցողը որքան է մտերմացել մշտական հաճախորդի հետ, բարմենն ինչպես է սպասարկում, հավաքարարը որտեղ փոշին չի վերցրել, անվտանգության տղաները զգոնությունը չեն կորցրել, արտաքին լուսավորությունը չի խամրել, պարերի հերթագայությունը չի ձանձրացնում… Նա գիտե ամեն ինչ` տղամարդկանց ու կանանց հաճույքների ու բարդույթների մասին:

strip3

«Ստրատեգի» ուղեկցությամբ անցնում ենք ակումբի հիմնական սրահով. այստեղ զարմանալու առիթներ դեռ շատ կունենանք: Նախ ծանոթանանք ակումբի հատակագծի տրամաբանությանը: Մտնում ենք «պրիվատ». սա առանձին ժամանցի սենյակ է: Մարդկային կրքերի հրաբորբոք կարմիրի երանգներով լուսավորված այս սենյակը մեծ չէ, սովորաբար ունի 2մx2մ տրամաբանությունը. ավելին պետք էլ չէ: Կենտրոնում դրված փափուկ բազկաթոռն առաջին հայացքից թվում է` նախատեսված է մեկ մարդու համար, բայց երկուսով ու երեքով էլ կտեղավորվեն: Այցելուն այստեղ կարող է պարուհու հետ անցկացնել այնքան ժամանակ, որքան պատրաստ է վճարել նրա էրոտիկ պարը վայելելու կամ նրա հետ սրտի ուզած թեմաներով զրուցելու համար (մի՛ զարմացեք, կան տղամարդիկ, որ պարզապես զրուցում են): Պրիվատի գինը շատ հստակ է, և այնտեղ առանձնանալու նպատակն էլ է շատ հստակ. միայն ու միայն պար, շփում և ուրիշ ոչինչ: Հեղինակություն վայելող ակումբը երբեք և ոչ մի գնով թույլ չի տա, որ իր պրիվատներում սեռական ակտ տեղի ունենա: Սա շատ լավ գիտե մերկապարուհին: Այցելուն էլ է պարտավոր իմանալ: Հակառակ դեպքում նրան էլ ակումբից «դուրս կհրավիրեն», պարուհուն էլ:

Պրիվատների կողքին լինում են նաև փոքր-ինչ մեծ սրահիկներ: Առաջին անգամ այցելողը գուցե մտածի, թե սա փարթիների համար է, բայց բոլորին հայտնի պոդիումը հիշեցնում է, որ կյանքը կարճ է, հաճույքներն՝ անվերջ: Պոդիումի «հոգու խորքից» վեր է խոյանում սթրիփթիզի համար նախատեսված ամենակարևոր դետալը` պարաձողը: Բեմի դիզայնը սովորաբար մոտեցնում են ռոյալի տեսքին, ինչը դասական և էլեգանտ միջավայրի տպավորություն է թողնում. սա միջին և բարձր եկամուտ ունեցող տղամարդուն միշտ պահելու է ռոյալի վրա պարող գեղեցկուհու պարգևած հուշերի ու անուրջների մեջ:

Այս ակումբում, ի տարբերություն երևանյան մյուս գիշերային հաստատությունների, կա նաև ջրային մերկապար: Ջրի մոտ կամ ջրվեժի խշշոցի ներքո մարդ միշտ էլ լիցքաթափվում է, միշտ էլ տուրք է տալիս երևակայությանն ու զգայականությանը: Սա շատ լավ գիտե «ստրատեգը» և ջրային սթրիփը դարձրել է եկամտաբեր շոու-ծրագիր: Ստորգետնյա ջրվեժի տակ պարող աղջկա էրոտիկ շարժումներին հետևելու համար պետք է մի քիչ գումար, մի քիչ երևակայություն, մի քիչ տրամադրություն և հիմնավոր դրդապատճառ ունենալ: Դրդապատճառներին դեռ կանդրադառնանք:

strip4

Ոչ հեռու` լողախցիկն է, որտեղ ընդամենը երկու թեթև լույսերի ուղեկցությամբ և ամբողջովին գոլորշու մեջ պարում է գեղեցկուհին: Մոտեցիր, կարելի է: Կարող ես նստել դեմ-դիմաց ու դիտել (ինչպես շատերն են բանալու անցքից գաղտագողի նայում լոգանք ընդունող կնոջը): Եթե կարծում ես, որ ցերեկը վաստակել ես այս մի քանի րոպեների համար հիսուն հազար դրամ վճարելու իրավունքը, ուրեմն կարող ես նաև քո ձեռքով լողացնել մերկ աղջկան: «Ստրատեգն» այդ մասին հոգացել է.

– Մարդու ներաշխարհի վրա ամենից շատ ազդում են կրակն ու ջուրը: Այդ պատճառով ենք մեր սրահները լուսավորում կարմիր ֆոներով կամ ավելի ճիշտ՝ կարմիր կիսախավարով: Իսկ ջրային կամ ջրվեժային սթրիփթիզ շոուն իմ երևակայության արդյունքն է: Բոլոր տղաներն էլ լողացող կնոջը նայելու հիվանդություն ունեն, չէ՞… Դե՛ թող նայեն: Գոլորշու մեջ կնոջ մարմինը հազիվ է ուրվագծվում, այստեղ աշխատում է տղամարդկանց ֆանտազիան: Իսկ երևակայությունը երբեք մի կետում չի մնում, այն մշտապես շարժվում է, ինչպես պարուհու մարմինը: Ահա սա է իսկական արվեստը:

Իսկական արվեստի բերած գիշերային հասույթն ա՛յս ակումբի տնօրինությունը հավասար կիսում է պարուհիների հետ` 50-50: Այստեղ սա ջենթլմենական կանոն է բոլո՛ր պարախմբերի համար: Իսկ մերկապարուհիների կազմը պարբերաբար փոխվում է: Հաճախորդը փոփոխություններ է սիրում: Սա էլ ստիպում է մշտապես հետևել պարուհիների շուկային: Մերկապարը դժվար գործ է ոչ միայն պարուհու, այլև պարուհիների ղեկավարների համար: «Ստրատեգը» բացում է իր գաղտնիքը. խնդիրն ընդամենը աղջիկներ գտնելն ու բեմ հանելը չէ:

– Շատերը կարծում են, թե սա ամենահեշտ բիզնեսն է: «Մի երկու աղջիկ կգտնեմ, կգան-կպարեն, ու մեծ գումարներ կաշխատեմ»: Հենց այդտեղից էլ սկսվում է նրանց բիզնեսի անկումը: Չէ՞ որ «գիշերային ժամանց» բառին կյանք ու շունչ հաղորդելու համար պետք է ստեղծագործաբար մոտենաս գործին, էրոտիկ պարը պիտի հասնի էկզոտիկ արվեստի մակարդակին, որ գիշերային այցելուն էսթետիկ հաճույք ստանա, ոչ թե կենդանական հաճույք… Ցածր բնազդների դրսևորման համար ուրիշ հաստատություններ կան` հասարակաց տները:

Պարուհիներ ու մերկապարուհիներ գտնելու համար և՛ մեծ փորձ է պետք, և՛ մեծ կապեր: Տարբեր երկրներում կան գիշերային ակումբների պարուհիներ առաջարկող գործակալություններ: Հաճախ նաև մաֆիան է հսկողության տակ վերցնում այս բիզնեսը: Գիշերային ակումբի տնօրենը նախ պետք է տեսնի իր ապագա պարուհու լուսանկարներն ու ստանա նրա մարմնի կառուցվածքի տվյալները: Եթե նկարները հետաքրքրեցին, կնքվում է երկու-երեք ամսվա պայմանագիր: Օդանավի տոմսերը գնում ես ու հրավիրում քո երկիր: Օդակայանից արդեն նրա անվտանգությունն ապահովելն ակումբի ղեկավարության պարտականությունն է: Աղջիկները հսկողության տակ են, և նրանցից ոչ ոք իրավունք չունի ինքնակամ լքել իր ժամանակավոր կացարանը.

– Աշխատանքից գնում են տուն և փակի տակ են հայտնվում: Դուրս են գալիս միայն մեր մենեջերների հսկողությամբ: Վերջին տարիներին Հայաստան են գալիս ռուս պարուհիներ, որոնք գտնում են քեզ և առաջարկում պայմանները: Երբեմն նայում ես լուսանկարը` շա՜տ սիրուն աղջիկ է, հրաշք է թվում, բայց այս գործում միայն սիրուն լինելը շատ քիչ է: Լինում է աղջիկ, որ բարձրահասակ չէ, դիմագծերն էլ կատարյալ չեն, բայց կարողանում է դեպի իրեն ձգել տղամարդուն: Հայ տղաներին գրավում են հատկապես մեծ կրծքերով ու մեծ կոնքերով կանայք: Բայց մեր ակումբում մենք միշտ ունենում ենք տարբեր կառուցվածքներով աղջիկներ: Կարևորը` որ նրանց պարը մագնիսական լիցքեր կրի:

strip

Աղջիկների հետ պետք է անընդհատ աշխատել, պարուսույցը պետք է նրանց միշտ խորհուրդներ տա: Նրբությունները շատ են. ինչպիսի՞ հայացքով և ինչպիսի՞ արագությամբ է պետք մոտենալ քեզ հիացած աչքերով նայող այցելուին, ո՞ր պահին և ինչպե՞ս է պետք ազատվել բեմական շղարշե հագուստից: Հայաստանում, պարզվում է, հանվելը դեռ չի հասել արվեստի մակարդակի: Այս «արվեստ» բառն արդեն սկսում է շփոթեցնել.

– Մերկապարն արվե՞ստ է:

– Իսկ մերկ մարմնի լուսանկարն արվե՞ստ է: Նկատի չունեմ պոռնոֆոտոները: Մերկ կին պատկերող կտավն արվե՞ստ է: Այդ նկարին կամ լուսանկարին կարող ես ժամերով նայել, հիանալ… Ձեզ եմ հարցնում` արվե՞ստ է, թե՞ ոչ: Եթե պարուհին վուլգար է պարում, գիշերային ակումբի ճաշակի ու մակարդակի խնդիրն է: Բայց վուլգար կարելի է պարել նաև սովորական բեմերում կամ դիսկոտեկներում: Ուրեմն մերկապարում, ինչպեսև ամեն բանում, կարևորը ոչ թե «ինչ»-ն է, այլ «ինչպես»-ը:

Տղամարդը կարող է առանց հայաց քը շեղելու ժամերով հետևել իր դիմաց, ապա նաև իր կողքին հայտնված աղջկան: Նա պատրաստ է անծանոթուհու առջև բացել սիրտը և ժամերով զրուցել: Յուրաքանչյուր տղամարդ տասնյակ աղջիների մեջ ընտրում է ի՛ր նախասիրություններին մոտ պարուհուն: Պարուհին էլ իր հայացքով ու գալարումներով է գտնում այն տղամարդուն, որը պատրաստ է լավ վճարել սեփական երևակայությանը հագուրդ տալու համար: Խիստ վառ երևակայություն ունեցող տղամարդը գիշերային ակումբի դուռը փակելուց հետո է միայն նկատում, որ մի քանի ժամում ծախսել է ավելին, քան վաստակել էր այդ ամիս: «Ստրատեգը», պարզվում է, ծերուկ Ֆրոյդից շատ բան է սովորել.

– Մարդու ենթագիտակցությունն ու երևակայությունն են աշխատում այդ ընթացքում: Պարուհու մի թեթև ժպիտը կամ կոնքի մեղմիկ շարժումը բավական են, որ տղամարդն ընկնի կրքապարուհու թակարդը: Կարևոր չէ, որ այդ աղջիկը թոփ-մոդելի մարմին չունի, երբեմն մի աննշան հայացքն էլ բավական է: Ու հաճախորդը պատրաստ է ժամերով նստել ու նայել, հետո էլ զրուցել… Գուցե էդ աղջիկը մակարդակով շատ ցածր է իրենից, բայց նա ժամերով խոսում ու լսում է նրան: Այցելուն ուզում է այդ աղջկան մոտեցնել իր երևականությանը: Գնում է պրիվատ, ուսումնասիրում է նրան: Դա սեռական ակտ չէ, պարզապես պրիվատ պար է: Մարմնի շարժում է, և տղամարդն ուզում է անընդհատ տեսնել, տեսնել, տեսնել, նայել, դիտել, շոշափել, շոյել… Մի՛ ժպտացեք, ամուսնության դեպքեր էլ են եղել:

Իր երևակայության և ուղեղում տեղի ունեցող անբացատրելի խմորումների համար տղամարդը կարող է վճարել, վճարել, վճարել ու… Բայց նա միայն նայում է կամ շոյում: Սրա համար նա պատրաստ է վճարել մի քանի անգամ ավելի շատ, քան փողոցի մարմնավաճառին: Մերկացող կնոջը դիտելու համար մի քանի հարյուր հազար դրամ վճարած տղամարդը կարող է փողոց դուրս գալով մարմնավաճառի հետ սակարկել` 5.000 կամ 10.000 դրամ պակաս վճարելու համար:

«Ստրատեգը» ոչ թե հաճույքի, այլ աշխատանքը կազմակերպելու և հսկելու համար է մնում այստեղ ու դիմավորում նոր օրը: Պետք է զգաս, թե ինչ է ցանկանում տղամարդը, որ նա դառնա քո հաճախորդը. ահա այս միտքն է անընդհատ զբաղեցնում «ստրատեգին»: Գիշերային ակումբի դուռը բացում են հիմնականում 30-45 տարեկան տղամարդիկ, որոնք ունեն գումար, աշխատանք և, իհարկե, պրոբլեմներ: Եթե հատկապես աշխատանքի վայրում անախորժություններ են եղել, ուրեմն պարուհու բախտը կժպտա, և նրա ներքնաշորի անկյուններում գումարը կավելանա: Եթե մի քիչ խմած տղամարդը պատկերացնում է, որ տանը կինը պետք է կրկին հիստերիա բարձրացնի, ուղղություն է վերցնում դեպի գիշերային ակումբ:

– Այստեղ շատ հեշտ է տղամարդու համար: Կզրուցի, կշոյի ու մեծ բավականություն ստացած տուն կվերադառնա: էդ աղջիկը կլսի նրան, չի ասի` «Այլանդակի մեկը, էլի խմած ե՞ս էկել», հետը կվարվի ինչպես կուռքի հետ, նա էլ իրեն «թագավոր տղա» կզգա: Ու քանի որ տղամարդը սիրում է, որ իրեն աստվածացնում են, մինչև առավոտ էլ կնստի ու կզրուցի անծանոթուհու հետ: Երբեմն երևակայությունն այնքան է վառվում, որ նա անընդհատ փող է ծախսում: Բայց մենեջերը պետք է նախապես պարզի, նա այդքան գումար ունի՞: Երբեմն էլ նրա երևակայությունն այնքան է իր մտքի վրա իշխում, որ հաջորդ օրն էլ է գալիս: Դեպքեր են եղել, որ փող է զողացել, հանցագործության է գնացել, կորցրել է ընտանիքը, որ գա իր երևակայության մեջ ֆիքսված աղջկան տեսնի:

strip5

Տղամարդկանց մի մասն էլ գիշերային ակումբ է փնտրում մեկ այլ, նույնքան հիմնավոր պատճառով: Սեռական կյանքի անգրագիտությունն է նրանց աննկատ հարկադրում պարբերաբար հայտնվել «կրքերի մասնագետների» նեղ շրջանակում:

– Հայ տղամարդիկ իրենց կանանց հետ չեն կարող լինել այնպես, ինչպես գիշերային ակումբի պարուհու հետ: Տղամարդ կա 20 տարի ապրում է իր կնոջ հետ, բայց այդպես էլ իր կնոջ մարմնին կարոտ է մնում: Կինը չի ուզում իր մարմինը ցույց տալ, ասում է` «Վա՜յ, լույսը հանգցրու»: Մենք` հայերս, մի ասացվածք ունենք, որ անընդհատ կրկնում ենք, բայց ալարում ենք իմաստը հասկանալ. «Տղամարդը սիրում է աչքերով, կինը` ականջներով»: Տղամարդն ուզում է ՏԵՍՆԵԼ, հասկանո՞ւմ եք… Լինում է, որ իր կնոջ հետ է գալիս: Սկզբում մենակ, հետո կնոջ հետ: Կնոջը բերում, պրիվատում «տաքացնում է», ու գնում են տուն` իրենց գործը վերջացնելու: Բայց դա էլ չի կարողանում գրագետ անել. հայ տղամարդն իր գործն անում է, ու երբ կինը նոր-նոր ուզում է զգալ, նա պտտվում է մյուս կողքի վրա ու խռռացնում: Այսպես 2-3 անգամ, ու կնոջ օրգանիզմն արդեն ներքին թերություններ է ձեռք բերում:

Սեքսապաթոլոգ-մաշկավեներոլոգ Արմեն Թովմասյանը գիշերային ակումբի հաճախորդներին հստակորեն տարանջատում է իր այցելուներից: Նա համարում է, որ նորմալ է, երբ հարուստ երիտասարդները կամ հարուստ մեծահասակները գնում են մերկ մարմնի շարժումներով հիանալու: Նրանց միայն 1-2 տոկոսն է կարող հիվանդ լինել: Կան նաև տղամարդիկ, որոնց համար դա պարզապես հանգստի միջոց է: Մյուսներն էլ ինքնահաստատման խնդիր ունեն, բայց այս գիշերային մղումները հիվանդություն չեն: Թովմասյանը մի քանի անգամ է գնացել մերկապարով հիանալու, բայց առավելապես իր արտասահմանցի հյուրերին հայկական սթրիփթիզին ծանոթացնելու նպատակով: Կրքոտ, մերկ կանայք փորձառու սեքսապաթոլոգին չեն գերել: Գիշերային ակումբում էլ նա մասնագիտական տեսանկյունից է նայում ձողի մոտ պտտվող գեղեցկուհիներին.

– Երբ տանը մի փոքր վեճից տրամադրությունդ ընկնում է, գնում ես այնտեղ, որտեղ պարզապես կասեն` «Իմ անունն Օլյա է կամ Լենա», ու այդ նոր` անկարևոր պայմանականությունների դաշտում դու մոռանում ես խնդիրներդ և տրվում հաճույքին: Այո՜, տղամարդը բացում է ակումբի դուռը, և սա ոչ թե ֆիզիոլոգիական, այլ հոգեբանական խնդիր է,- հավատացնում է սեքսապաթոլոգը:

Մինչդեռ հոգեբան Աշխեն Պողոսյանը համոզված է, որ night club-ի դռները բացող տղամարդիկ ամենևին էլ հոգեբանական խնդիրներ չունեն.

– Սա արվեստ է: Ու ոչ միայն տղամարդկանց համար: Այլ երկրներում սա գրավում է նաև կանաց, և նրանք էլ են գնում ու հիանում այս արվեստով: Իհարկե, եթե դա չի դառնում կյանքի բնույթ: Ինչպես խաղամոլությունը: Եթե չափից դուրս է, ուրեմն արդեն հոգեբանական խնդիր ունի: Եթե Հայաստանում էլ ընդունված լիներ, որ կինը կարող է սթրիփթիզ նայել, ինչպես տղամարդը, ես անպայման կգնայի: Սա մարմնի ցուցադրություն չէ, մի՞թե պորտապարը մարմնի ցուցադրություն է:

Կնոջ համար գիշերային ակումբը նման է ուսումնական ձեռնարկի. նա սեփական աչքերով է տեսնում, թե ինչի՞ կարիք ունի տղամարդը: Կինը նաև փորձում է հասկանալ, թե բեմի վրա հալչող իր մրցակցուհին ինչպե՞ս է վարում կին-տղամարդ ամենահին «երկխոսությունը», տեմպի, ռիթմի ու շարժումների լեզվով զրույցը: Եվ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ձողի շուրջ անընդհատ պտտվող միևնույն «երկխոսությունը» տղամարդուն նետում է անիրական ապրումների ջրապտույտ: Տղամարդը նույնպես հայացքով կառչած է մոգական ձողից: Նա չգիտի, այլ միայն հարյուրերորդ զգայարանով զգում է, որ այդ առանցքային ձողը հենց ինքն է` տղամարդը, որի շուրջ այնքան նվիրված ու այնքան կրքոտ ու այնքան սիրառատ պարում է կինը, գալարվող կինը, մերկացող կինը, մերկ կինը…

 

Գրել կարծիք