NOJAZZ. Ջազն այստեղ մինչև վերջ ջազ չէ, ոչ էլ ռոքը` ռոք

NOJAZZ. Ջազն այստեղ մինչև վերջ ջազ չէ, ոչ էլ ռոքը` ռոք

NOJAZZ-ը զարգացրել է ջազային ֆուտուրիզմը, որտեղ սվինգը, ֆանկը, ռիթմ էնդ բլյուզն ու հիփ-հոփը տարօրինակ կերպով համատեղվում են:

D.I.Y.W.F.: Այս անծանոթ հապավումը բացվում է շատ պարզ. Do it yourself with friends, (արա ինքդ` ընկերներիդ հետ): Սա NOJAZZ-ի նշանաբանն է ու հորինվել է այն ժամանակ, երբ հինգ պրոֆեսիոնալ երաժիշտներ, որ վաղուց նվագում էին առանձին կամ որևէ բենդում, որոշեցին միավորվել, բայց ամեն բան զրոյից սկսելով: NOJAZZ-ը N0 ասաց այն ամենին, ինչն արդեն ծանոթ էր ու մարսված: Ջազն այստեղ մինչև վերջ ջազ չէ, ոչ էլ ռոքը` ռոք կամ հիփ-հոփը` հիփ-հոփ: Նրանց «բոնժուղին» անմիջապես հաջորդում են կատակները, զվարթ տրամադրությունն ու մի տեսակ քաոսային զրույցը, հենց այնպիսին, ինչպիսին իրենց երաժշտությունն է:

– Երբ որոշեցինք միասին նվագել, ուզում էինք գտնել մի բան, որը հենց մեզ համար կլիներ նոր ու անսովոր: Նվագում էինք ինչ-որ բան, հետո ասում` չէ’, մենք սա գիտենք: Սի ուրիշ բան էինք նվագում` ասում էինք` չէ’, սա էլ գիտենք: 2000 թվականն էր, և մենք ուզում էինք նոր հազարամյակի երաժշտություն ստեղծել,- պատմում է Բիլբոն` NOJAZZ-ի գեներատորը (վոկալ, հարվածային գործիքներ):

Բիլբոն, Բալատմանը, Ժերեմի Բուղիքիոն, Սիլվա Գոնտաղն ու Ֆիլիպ Սելամը դեռ նախքան միավորվելը հարուստ կենսագրություն ունեին: Ֆիլիպ Գոնտաղն իր անդավաճան սաքսոֆոնով նույնիսկ մասնակցել էր Շարլ Ազնավուրի մի քանի ջազային երգերի ձայնագրմանը: Այս հնգյակը ցանկացած պարահրապարակ կարող է բռնկել մի քանի րոպեում: Յուրաքանչյուրը NOJAZZ է բերել իր նախասիրությունները. Սիլվան ու Ֆիլիպը` ջազը, Բիլբոն` ջազ-փոփը, Բալատմանը` էլեկտրոնային երաժշտության ոճը: Այն, ինչ ստեղծեցին, անվանեցին էլեկտրոջազ:

– Պետք է լինել շատ օրիգինալ,- ասում է Բալատմանը: Հիմա բոլորը լավ են նվագում: Պետք է շատ ավելի լավ նվագել ու օրիգինալ լինել: Մենք փորձում ենք միմյանց անակնկալի բերել: Մեր յուրաքանչյուր համերգ հենց մեզ համար է անկանխատեսելի: Միևնույն գործը մենք ամեն անգամ տարբեր կերպ ենք նվագում, չգիտենք էլ, թե համերգի ժամանակ մեկը մյուսին ինչ անակնկալ է մատուցելու:

NOJAZZ-ն իր առաջին ալբոմը, որ հենց “NOJAZZ” էլ կոչվում էր, ձայնագրեց 2002-ին: Երկու տարի անց լույս տեսավ “NOLIMITS” և 2005-ին` “HAVE FUN”-ը: Բոլոր լիմիտները կոտրել-անցնելու և սրտանց զվարճանալու համար հնգյակը հաճախ փախչում է Փարիզից և ուղևորվում անսանձ ռիթմերի երկրներ: Առաջին ալբոմում երաժշտական Կուբայից ու Բրազիլիայից ստացած ներշնչանքն է: Այս երկրներում համագործակցել են ազգային երաժշտության վարպետների հետ: “HAVE FUN”-ում հարավաֆրիկյան վարակիչ ռիթմերն են:

– Մեր համերգների ութսուն տոկոսը Ֆրանսիայից դուրս է լինում: Երբ տուն ենք վերադառնում, վերհիշում ենք, թե ինչ ենք լսել վերջին երկրում ու այն մշակում ենք մեր ուզած ձևով: Այդ տպավորությունները երբեմն շատ ուշ են զգացվում, երբ թվում է՝ մոռացվել են,-Ֆիլիպը նշում է նաև, որ հենց Փարիզն ազգային երաժշտություններ մատուցող ռադիոկայանի է նման, արաբական, չինական, աֆրիկյան մեղեդիներն ու ռիթմերն անընդհատ ականջիդ են: Հայաստանյան այցելությունից հետո ֆրանսիացի երաժիշտներն արդեն պատկերացնում են, որ հայկական ազգային երաժշտությունն էլեկտրոնայինի հետ ձուլելիս կարելի է յուրահատուկ արդյունք ստանալ ու ներկայացնել նոր ալբոմում:

– Հավանեցինք ձեր երաժշտությունը, այն պարզապես հորդում է,- ասում է Բիլբոն,- այն մեզ համար իսկական բացահայտում էր:

Գերմանիայում, Եվրոպայի հյուսիսում NOJAZZ-ի երկրպագուներն ավելի շատ են, քան հենց Ֆրանսիայում: Տղաները մի փոքր ներողամտությամբ են նշում, որ արտասահմանցիներն իրենց երաժշտությունն ավելի լավ են ընկալում, քան ֆրանսիացիք:

– Մեզանում նախընտրում են լիրիկական երաժշտություն, հին ու բարի շանսոնը, որի տեքստը երաժշտությունից կարևոր է: Ռեփն ու R&B-ն ևս շատ տարածված են, իսկ ջազ գրեթե չես լսի ռադիոյով: Կարծում եմ` հիմա ամեն տեղ է այդպես: -Բիլբոն նաև պատմում է, որ էյֆելի երկրում մարդկանց երաժշտական կրթվածությունը մեծ չէ: Հետո պատմում է հայաստանյան համերգի տպավորությունները: Ունկնդիրները սկզբում սկսել են իրենց «զննել», զարմացել են, ապա մտերմացել:

– Զգացվում էր, որ այստեղ երաժշտությունն ընկալելու և զգալու մշակույթ կա: Ֆրանսիայում համերգի են գալիս խոսքերը լսելու համար, Հայաստանում շատ կլանված էին երաժշտությամբ: Անգամ որևէ մեկիս սոլո պարտիայից հետո ծափահարում էին,- միմյանց ընդհատելով պատմում են երաժիշտները:

NOJAZZ-ի խմբի հիմքում միասնական ոգին է ու կրեատիվը: Ստեղծագործական մոտեցումները ոչ միայն երաժշտության, այլև արտաքինի ու ապրելակերպի մեջ են: Նրանց էկլեկտիկ, հեշտ ընկալվող, թեթև ու մի տեսակ «անկարգ» երաժշտությունն իր շուրջ սյուրռեալ մթնոլորտ է ստեղծում: Ժամանակակից երաժշտության քննադատները կարծում են, որ NOJAZZ-ը զարգացրել է ջազային ֆուտուրիզմը, որտեղ սվինգը, ֆանկը, ռիթմ էնդ բլյուզն ու հիփ-հոփը տարօրինակ կերպով համատեղվում են:

Հեղինակ` Զարուհի Արզումանյան
newmag #14

Գրել կարծիք