Քթից պատուհաս

Քթից պատուհաս

Աչքերս փոքր են, շուրթերս բարակ, ականջներս երկու կողմից ցցվում են, քիթս Աստված տվել՝ չի խնայել, իսկ կոնքերս… խոսքերն անզոր են: Ի՞նչ անել: Ուզում եմ լինել ինքնավստահ ու գրավիչ…

Կնոջ` գեղեցիկ լինելու ձգտումն արդարացված է գոնե այնքանով, որ իր բնատուր ու մեծագույն առաքելությունն իրականացնելու` մայրանալու համար իրեն պետք է գոնե մեկ անգամ, բայց շատ ուժեղ դուր գալ ինչ-որ մեկին: Երկար քթի, կարճ ոտքերի, ողորկ կրծքի ու զարհուրելի չափի հասնող որովայնի դեպքում մի քիչ դժվար է: Մնում է մի բան. դիմել վիրաբույժի: Պարզվում է, նրա մոտ են շտապում նաև տղամարդիկ: Հայ Ադամն այլևս չի ուզում լինել արծվաքիթ, ունենալ կախվող կոպեր ու դեպի մայր հողը քաշող որովայն: Տղամարդը նույնպես ուզում է լինել գեղեցիկ և դուր գալ կնոջը: Ավելին, պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը մի դեպք հիշեց: Մի երիտասարդ դիմում է իրենց ու խնդրում դեմքին արհեստական սպի ստեղծել: Ինչո՞ւ: Մի աղջկա է սիրում, նա էլ իրեն չի նկատում. եթե դեմքին սպի լինի, կասի. «Տես, քեզ համար կռիվ եմ արել»:

qit

Պարոն Դանիելյանի պրակտիկայում քիչ չեն զավեշտալի դեպքերը: Օրինակ, մի կին բերել է իր դեռատի դստերն ու խնդրել, որ քիթը վիրահատեն: Բժիշկն, իհարկե, աղջկան հարցնում է, թե ինքն ինչ է մտածում իր քթի մասին: Պարզվում է` փոքրիկն ամենևին էլ դժգոհ չէ: Այդպիսի դեպքերում բժիշկը պետք է միշտ հաշվի առնի հիվանդի ցանկությունն ու չտրվի հարազատների հորդորներին: Ոչ մի դեպքում: Թեև էսթետիկ վիրահատությունները պետք է արվեն 15-16 տարեկանից ոչ շուտ: Իսկ վերին շեմն անսահմանափակ է: Սովորաբար դիմողներին թվում է, թե եթե քիթը լինի փոքրիկ, կուրծքն էլ մեծ` իրենց կյանքում ամեն ինչ կհարթվի, ու իրենք վերջապես երջանիկ կլինեն: Հաճախ խնդիրը շատ ավելի խորն է լինում, ու չեն փրկի նույնիսկ դասական 90-60-90-ը, Նաոմիի ոտքերն ու Քրոուֆորդի շրթունքի խալը: Այդ ժամանակ բժիշկը հիմնականում հրաժարվում է վիրահատել:

qit3

Առանձին թեմա է կրծքագեղձերի վիրահատությունը: Ձեր կուրծքը կվիրահատեն միմիայն այն դեպքում, եթե հստակ որոշել եք այլևս երբեք երեխա չունենալ: Ու ամենակարևորը` ամուսնու, կամ ինչպես բժիշկն է ձևակերպում, սեքս-պարտնյորի համաձայնությամբ: Բանն այն է, որ երբ կինը հղիանում է, կրծքագեղձերում սկսում է կաթ արտադրվել, իսկ վիրահատված կրծքում կան սպիներ, որոնք հատվում են կաթնածորանների հետ: Կաթն արտադրվում է, գալիս դեմ է առնում սպիներին, կուտակվում, կուտակվում, ու առաջանում է կիստա: Կրծքում նորահայտ գոյացությունն էլ նոր խնդիրների ու վիրահատությունների առջև է կանգնեցնում: Ուստի ընտրությունը պետք է շատ խիստ լինի, ու բժիշկը պետք է որևէ նախնական զիջումի չգնա:

-Էէէ¯… – կասեք դուք, – այսօր փողի համար շատ-շատերը ամեն ինչ անում են, վիրահատում են ինչ ուզես ու քանի անգամ ուզես:
-Այո′, – կասեմ ես, – բայց չէ՞ որ բացառություններ լինում են:

Էթիկայի կանոնները չխախտելու համար բժիշկը գներ չի ասում: Նույն էթիկայի նորմերին հավատարիմ` էսթետիկ վիրահատությունների մասնագետը չի տալիս նաև անուններ: Խորամանկ ժպտում է միայն:

– Շա՞տ են գալիս:
– Շատ-շատ: Հատկապես հայտնի մարդիկ:
– Շոու-բիզնեսի՞ց:
– Ոչ միայն: Քաղաքական գործիչներ էլ են գալիս:
– Ճի՞շտ, տղամարդի՞կ:
– Այո′, հենց տղամարդիկ:
– Եվ ինչի՞ց են բողոքում մեր ապոլոնները:
– … :-))

Խստագույն գաղտնիությունն առաջինն է, որ պահանջում են քաղաքական «դեմքերը» և շոու-բիզնեսի «կերպարները»: Ընդ որում, գալիս են երեկոյան, որպեսզի պատահական տհաճ հանդիպումները բացառվեն: Վիրահատության գալիս են հիմնականում միայնակ կամ ամենամտերիմի հետ ու շրջանցում շքամուտքը: Հետաքրքիր է, նրանց չի՞ անհանգստացնում այն, որ հենց նոր փոխված արտաքինն էկրանից կմատնի թաքուն այցը վիրաբուժարան: Իսկ այն աստղերը, որոնց դիմեցի` խնդրելով մի քիչ պատմել, թե քիթը վիրահատելուց կամ կտրուկ նիհարելուց հետո ինչ շրջադարձ է տեղի ունեցել իրենց կյանքում, դուռը շրխկոցով փակեցին իմ չվիրահատած քթի առաջ:

Հեղինակ Սոնա Թորոսյան
Լուսանկարներ Վահան Ստեփանյան

NewMag #01

Գրել կարծիք