Օհան Դուրյան. Աշխարհում որքան բան կա, որ չգիտենք ու չենք էլ հասցնի իմանալ

Օհան Դուրյան. Աշխարհում որքան բան կա, որ չգիտենք ու չենք էլ հասցնի իմանալ

Օհան Դուրյանի մոնոլոգը կյանքի դժվարությունների, իրական երջանկության և իր ուսուցչի մասին` մահից 3 տարի առաջ:

ապրել դժվար
Եվ արվեստում, և արվեստից դուրս միշտ իրատեսորեն եմ նայել իմ բոլոր նվիրումներին, առանց չափազանցումների ու առանց գերագնահատումի: Արել եմ այն, ինչը եղել է ազնիվ և ինչը սիրել եմ խորապես: Կյանքում հեշտ ուղիներ չեմ փնտրել ոչ այն պատճառով, որ չեմ կամեցել, այլ որովհետև ես չէի ծնվել հեշտ ապրելու համար:

միայնություն` առանց կեցվածքի
Շրջապատում ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Դիվանագիտություն ասվածն ինձնից հեռու է յոթ սարով: Ինչ ասում եմ կամ անում, հոգուս թելադրանքով է, ներքին մղումով, անկեղծ ու անմիջական: Երբեք չեմ սիրել կեցվածք ընդունել: Հաճույք եմ ստանում անկեղծ մարդկանցից, անշահախնդիր հարաբերություններից, անսուտ ու ազնիվ արվեստից: Սիրում եմ իմացականությունն ու խոհականությունը, սակայն գերադասում եմ հաճախ շփվել հուզական, անմիջական մարդկանց հետ: Ճշմարտության իրենց փնտրտուքի մեջ նրանք կեցվածք չեն ընդունում:

երջանկության
Ես երջանիկ մարդ եմ իմ կրած բոլոր մեծ ու փոքր դառնություններով հանդերձ:

երբ խոսում եմ
Ընդհանրապես չեմ կարողանում, գուցե ճիշտ է ասել՝ չեմ սիրում շատ խոսել, արտահայտվել, պատմել: Այդպես է: Հաղորդակցվող ու խոսքաշեն եմ, երբ նվագախմբի առջև եմ, երաժիշտների հետ, աշխատանքի, փորձերի ժամանակ: Ավելի հաճախ խոսում եմ… լռությամբ, շարժումներով ու դիմախաղով` նվագարարելիս, երբ ազատորեն բացում եմ հոգուս դռները: Կյանքում երբեք այդպես չեմ կարող արտահայտվել: Ինքնամփոփ, անհաղորդ կամ լռակյաց չեմ, բայց շատերի պես անկաշկանդ, արագ ու հապճեպ ինքնաբացահայտվող էլ չեմ:

մեծագույն հարստությունը
Մարդու մեծագույն հարստությունը համարում եմ հավատը` առողջ, բանական, ապրեցնող: Ինչպե՞ս կարելի է չհավատալ այն հզոր, գերագույն, ամենաստեղծ ուժին, որ կա մեզնից անկախ, մեզնից դուրս և տնօրինում է մեր կյանքն ու ճակատագիրը: Ինչ է մարդ կոչում այդ ուժը` Աստվա՞ծ, տիեզերական ոգի՞, թե՞ մեկ այլ բան, կարևոր չէ: Պետք չէ որոշակիացնել… Պետք է հավատալ:

իմ ուսուցիչը
Հաճախ անուններ ենք փնտրում, թե ովքեր են եղել մեր ուսուցիչները` երևի մեր երախտիքն արտահայտելու համար: Դիրիժորի իմ ճամփին ուղենիշ են եղել Սինգըրը, Պֆեֆերը, Դեզորմիերը, Մարտինոնը: Չափանիշ են եղել Ֆուրտվենդլերը, ֆոն Կարայանը, Տոսկանինին: Բայց իմ ամենամեծ ուսուցիչը Նորին մեծություն երաժշտությունն է… այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման մեծագույն հանգույն և իմ հոգուց բխեցնելով: Մարդն իր ողջ կյանքում սովորում է: Սովորում է` երբեք չդադարելով զարմանալ: Աշխարհում որքան բան կա, որ չգիտենք ու չենք էլ հասցնի իմանալ:

ապրել հանուն
Երաժշտության մեջ է կյանքիս իմաստը: Եվ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա այդ մեծագույն զգացումն ամենուր և բազմիցս պարգևել վաստակիս իրական գնահատողին` հանդիսատեսին:

երբ հոգնում եմ
Իմ աշխույժն ու տրտմությունը չափից դուրս մոտ են իրար: Երբ շատ հոգնած եմ լինում կամ ինչ-որ պատճառով վրդովված, խուսափում եմ մարդկանցից: Երբ տրամադրության անկումներ եմ ունենում, միակ փրկությունս շփումն է մեր այգու ծառ ու ծաղկի և իմ սիրասուն կենդանիների հետ:

ներքին ցնծություն
Երաժշտական աշխարհում իմ տևական գործունեության ընթացքում շփվելով բազում կոլեկտիվների հետ, աշխատելով տարբեր երկրների, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների հետ` ստեղծագործական փոխընկալման առումով ամենից մեծ բավականությունը ստացել եմ Գերմանիայում: Լայպցիգում` «Գևանդհաուզ» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատելիս յուրաքանչյուր համերգ ինձ համար եղել է իսկական ցնծություն: Չէի կամենա ամեն ինչ վերագրել նվագարարի իմ իմացությանը: Ես աշխատում էի պրոֆեսիոնալ երաժիշտների հետ…

մտերիմ ու հոգեմոտ
Մտերիմ ու հոգեմոտ եղա ներկա և բացակա բոլոր մեծերին, ինձ գտա իրենց աշխարհում և իրենց կողքին, բայց ոչ երբեք` «տիտղոսավորների» ու «մեծավորների», ովքեր, ցավոք, հաճախ իրենց անարդար դերակատարումն են ունենում մեր ու մեզպեսների կյանքում:

newmag #14

Գրել կարծիք