Փարաջանովի վերջին օրերը Փարիզի հոսպիտալում. Ականատեսի պատմություն

Փարաջանովի վերջին օրերը Փարիզի հոսպիտալում. Ականատեսի պատմություն

Անահիտ Թոփչյանի վերջին հանդիպումը Փարաջանովի հետ 1990-ի հունիսի 13-ին Փարիզում:

Նրան չափազանց ուշ բերեցին Փարիզ: Սեն-Լուի հիվանդանոց: Ես չէի ուզում այնտեղ գնալ: Չէի ուզում տես­նել մեռնող Փարաջանովին: Ուզում էի նրան մտապահել այնպիսին, ինչպիսին կար փայլուն, սրամիտ, եոանդուն՝ ինչպես բոցը, ինչ­պես կենարար լույսը, որ ձգում էր մարդկանց՝ ասես լույսի վրա նետվող թիթեռնիկների:

Ոք ոք չէր կարող առանց թույլտվու­թյան մտնել Փարիզի Սեն-Լուի հիվան­դանոց: Բայց Փարաջանովի շուրջ բազ­մաթիվ մարդիկ կային: Ինչպես միշտ: Ապշեցուցիչ էր և զարմանալի: Մեկը նկարահանում էր, մյուսը՝ հիվանդին կերակրում, ինչ-որ մեկն էլ հին լուսան­կարներ էր բերել…

Saint-Louis_rwk

Նա կիսապառկած էր մահճակալին, անտարբեր՝ իր շուրջ տեղի ունեցող իրարանցումի հանդեպ: Ասում էին, թե այլևս ոչ մեկին չի ճանաչում, գրեթե չի խոսում, չի պատասխանում: Հիվան­դությունը խորացել էր, հասել ուղեղին: Ես երկար կանգնեցի ապակե դռան ետևում: Դժվար էր անցնել այն շեմը, որտեղ արդեն ապրում էր մահը: Վեր­ջապես համարձակվեցի: Հիվանդասենյակում դրված հսկա­յական ծաղկեփնջից (այդպիսի ծաղ­կեփնջեր հիվանդանոցում շատ կա­յին) վարդի մի կոկոն վերցրեցի և ներս մտա: Նրանից հինգ քայլ հեռավորու­թյան վրա կանգ առա… Ուժ չունեի ավելի առաջանալու, ես քարացել էի, չգիտեի ինչ անել, չէ՞ որ նա այլևս ոչ մեկին չի ճանաչում: Ո՜ւշ է:

Սերգեյ Փարաջանովը գեղեցիկ էր նույնիսկ այստեղ: Մերկ էր մինչև գոտ­կատեղը, կրծքին ճերմակ անձեռոցիկ կար, որ շարունակ սահում էր ցած: Ինչ-որ օրիորդ, խնամքով դիմահարդար­ված, ամենայն հավանականությամբ նկարահանվելու համար, ընդգծված ջանասիրությամբ կերակրում էր նրան: Այդ ամենը տեսագրվում էր:

parajanov4

Բոլորը շտապում էին նկարվել և նկարահանվել Փարաջանովի հետ: Բոլորը շտապում էին հավերժանալ, պատմություն մտնել: Այս ամբողջ իրա­րանցումը Փարաջանովն, ասես, չէր նկատում: Նա անտարբեր էր: Եվս երկու քայլ առաջացա: Սերգեյի անտարբեր հայացքը երբեմն սահում էր դեմքիս վրայով, սակայն կանգ չէր առնում:

«Չի ճանաչում,- մտածեցի ես: – Ուշ է արդեն»:

Ես ավելի մոտեցա և մի քանի վայրկյան լարված նայեցի ուղիղ նրա աչքերին: Սպասում էի: Վերջապես անվստահ, դո­ղացող ձայնով արտաբերեցի.

– Սերգեյ Իոսիֆովի’չ, Դուք ինձ ճանաչեցի՞ք…

-Այո’,- մի տեսակ մեխանիկական ձայնով պատասխանեց նա: – Ո՞ւր է Ալիկը:

Ու ես հասկացա, որ նա ինձ, իրոք, ճանաչեց, քանզի տվեց ամուսնուս անունը:

15-20 րոպե ես խոսեցի նրա հետ: Դա կատարելապես տրամաբանված զրույց էր: Ասում են՝ մտքի պայծառացման պա­հեր են լինում: Մարդ, որը վաղուց որևէ մեկի հետ չէր խոսել, խոսեց: Չգիտեմ՝ մեր օպերատորները տեսագրեցի՞ն այդ զրույցը մինչև վերջ, թե՞ ոչ, սակայն չտե­սագրելը պարզապես հանցագործու­թյուն կլիներ… Ո՞վ գիտեր, գուցե դրանք վերջին, վերջին բառերն էին…

Ես պատասխանեցի, որ Ալեքսանդրը Երևանում է, չկարողացավ գալ, իսկ ես այստեղ եմ՝ Փարիզում, քանի որ աղ­ջիկս Սորբոն է ընդունվում:

Սերգեյը հարց­րեց, թե քանի՞ տա­րեկան է: Տարօրի­նակ էր, այդ պահին միայն անդրադարձա, որ աղջ­կաս ծննդյան օրն է. քսան տարեկան էր դառնում: Սերգեյն ասաց. «Լա՜վ տարիք է»:

Նա խոսում էր կարճ նախադա­սություններով, գրեթե առանց երանգի: Բայց այս նախադասությունն, ինչպես ինձ թվաց, արտա­բերեց թեև մեխա­նիկորեն, սակայն խոր թախիծով: Այդպես կարող էր խոսել մեկը, որն ուրախության հե­ռանկար այլևս չու­նի… Նա արդեն զգում էր մոտեցող ավար­տը: Ես պատմեցի, որ մի երկու օրից Փարիզում ներ­կայացում եմ խա­ղալու, այնուհետև մեկնում եմ Լիոն: Հետո ամեն օր կայցելեմ նրան, եթե, իհարկե, ցան­կանում է:

parajanov-bars

Ոչինչ չպա­տասխանեց, բայց հարցրեց, թե ինչ եմ խաղալու: Ես բացատրեցի, որ մոնոդրամ է Փառանձեմ թագու­հու մասին, պատ­րաստվում էի դա խաղալ Թբիլիսիում, արդեն պայ­մանավորվել էի Կոտե Մախարաձեի հետ, որն իր սեփական՝ մեկ դերասանի թատրոնն ունի: Հույս ունեինք, որ Վար­պետը՝ Փարաջանովը, կօգնի զգեստն ու դեկորն անելու, կօգնի նաև բեմա­դրել, բայց, ավա՜ղ, հիվանդությունը խանգարեց:

Ասացի նաև, որ հիմա պիտի սպա­սեմ, մինչև առողջանա: Կշտամբեցի, թե ուշ է եկել Փարիզ. «Պետք էր ավելի շուտ գալ, այդ դեպքում ամեն ինչ լավ կլիներ»: (Նա իսկապես բազմիցս հրա­ժարվել էր Փարիզ գալ՝ պատճառա­բանելով, որ եթե Անդրեյ Տարկովսկուն այստեղ չփրկեցին, իրեն էլ չեն փրկի): Հիմա, հավանաբար, նրան բերել էին իր կամքին հակառակ, ավելի ճիշտ, այլևս կամք չկար, նա նորածնի պես անօգնական էր: Հույս էլ չկար:

-Փարիզը կփրկի Ձեզ…,- ասացի և ամաչեցի, չէի հավատում այդ հեքիա­թին…

Եվ, ինչպես ինձ թվաց, նա շատ տա­րօրինակ հայացքով նայեց ինձ: Հետո ինքը փոխեց խոսակցու­թյան նյութը:

– Տուր հոտ քաշեմ,- ասաց նա, և ես հիշեցի, որ ձեռքիս վարդ կա՝ Փարաջանովի համար:

Մոտեցրի դեմքին, բայց նա հոտ չքա­շեց: Թվում էր, թե ինչ-որ բանի վրա է կենտրոնացել և բոլորովին մոռացել է վարդի մասին: Զգույշ, ինչպես երեխայի, հար- ցեցի նրան. «Հոտ ունի՞»: Նա էլ ուշիմ երեխայի պես պատասխանեց. «Այո’»: Ես հոտ քաշեցի և զարմա­ցա. վարդը հոտ չուներ, այդուհանդերձ, դա հոտ էր, բնության հոտ, կեն­դանի հոտ: Շուրջբոլորը միայն քիմիա էր… Քիմիոթերապիա…

Հետո ասաց. «Ջրի մեջ դիր…»

Մի գավաթ գտա, վարդը դրեցի մեջը և տեղավորեցի մահճակալին ամրացված սեղանիկի վրա, այնպես, որ տեսնի:

parajanov rose

Նա երկար նայեց այդ վարդին… «Փարաջանովի համար գավաթի մեջ դրված վարդին»: Լուռ էր: Հավանաբար հոգնել էր: Մտածեցի, թե պետք է գնալ, ու պայուսակիս միջից հանեցի «Վերածն­ված Հայաստան» ամ­սագրի այն համարը, որի շապիկին իմ լուսանկարն էր՝ Փարաջանովի պատրաստած գլխարկով և ծաղկեփնջով: Ամսագիրը վերցրել էի հետս, որ­պեսզի գոնե մի փոքր հաճույք պատճառեմ նրան: Դեռևս 1988-ի երկրաշարժից առաջ Երևա­նում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ (ներկա­յացված էին նրա կոլաժները, կանա­ցի գլխարկներն ու ծաղկեփնջերը), նա կես-կատակ, կես-լուրջ (նրանից ո՞վ էր բան հասկանում) ասաց.«Ափսոսո՞ւմ ես՝ ինչ է, կարող էիր, չէ՞, իմ գլխարկները ցուցադրել»:

Այդպես էլ արեցի: Գլխարկները քսա­նից ավելին էին: Դարասկզբի ոճով պատրաստված գլխարկներ: Հին օրե­րի հուշակարոտն էր դա, որը պիտի արտահայտվեր «Խոստովանություն» անավարտ ֆիլմում: Լուսանկարներից մեկը տպագրվեց ամսագրի շապիկին: Իսկը Ռեմբրա՜նդտ:

Կարծես գոհ էր: Ասաց.

– Մոտ դիր, տեսնեմ:

Ամսագիրը դրեցի վարդի կողքին: Հե­տո, չուզելով նրան հոգնեցնել և տաղ­տուկ պատճառել, որպես ավարտա­կան նախադասություն ասացի.

– Ուզո՞ւմ եք, երբ հաջորդ անգամ գամ, շատ ծաղիկ բերեմ, ինչպես այս նկարի վրա:

-Ո’չ,- կտրուկ պատասխանեց նա: Եվ լռություն տիրեց:

Ամեն մեկս իր մտքերի հետ էր: Ես վստահ չէի, թե նրա գիտակցությունն ամբողջ ուժով է գործում, նրա պա­տասխանները չափազանց իմպուլսիվ էին; Երևի այդպես է լինում, չգիտեմ… Նա միաժամանակ և’ այստեղ էր՝ կող­քիս, և’ ինչ-որ տեղ՝շատ հեռու…

parajanov2

Ես հասկացա, թե որքան անխոհեմ վարվեցի՝ ծաղիկների մասին խոսե­լով: Շատ ծաղիկներ… Ի՞նչ է դա, ի՞նչ է խորհրդանշում… Նա արդեն վախենում էր: Գիտեր: Զգում էր: Նույնիսկ, ինչպես ինձ թվաց, մի տեսակ նեղացած շրջվեց ինձնից և դարձյալ ամփոփվեց իր մեջ: Ես չգիտեի՝ ինչ անել, որ այդ անիծյալ «շատ ծաղիկների» մեղքը քավեմ: Չա­փազանց մեղավոր էի զգում թույլ տված սխալիս համար: Եվ հանկարծ անսպասելի համբու­րեցի նրան: Համբուրեցի ճակատը, որի տակ, սոսկալի է պատկերացնել, այդ անիծյալ մետաստազն էր… Ինքս ապշեցի իմ համարձակությունից, չէ՞ որ դա սոսկալի էր՝ համբուրել մահը: Ներսս ամեն ինչ շուռ եկավ: Ես գրկեցի այդ հիվանդ հանճարեղ գլուխը և հաս­կացա, որ սերը մահից հզոր է:

Ինչ-որ մեկը հիշեցրեց, որ կերա­կուրը պաղում է: Եվ, ո՜վ փրկություն, գրեթե ուրախացած, հարցրեցի. «Կու­զե՞ք Ձեզ կերակրեմ»: Նա համաձայնեց. ուտում էր իմ ձեռքից, երեխայի պես, ուտում էր դանդաղ, հաճույքով: Հետաքրքրվեցի. «Համե՞ղ է»: Գլխով արեց: Եվ հանկարծ գիտակցեցի, թե ինչ է կատարվում: Վաղուց՝ դեռևս երեք-չորս տարի առաջ, Փարաջանովն ուզում էր, որ իր «Խոստովանություն» ֆիլմում իր մոր դերը խաղամ: Արտա­քինով շատ նման չէի նրա մորը: Բայց Սերգեյն ամենքին ասում էր. «Ի՞նչ կա­րող եմ անել: Երբ Անահիտը ժպտում է, Ես իմ մորն եմ հիշում»: Այդ ծրագիրը չիրականացավ: Ֆիլմում ուրիշ դերա­սանուհի սկսեց խաղալ: Սակայն այս պահին դա չէր կարևորը, այլ այն, որ ճակատագիրն ինձ ստիպեց դա զգալ: Այդ պահին ես իսկապես նրա մայրն էի, և չկար կողքին ավելի մոտիկ մարդ, քան ես, և ոչ ոք նրան այնպես չէր կա­րեկցում, ինչպես ես, ոչ ոք նրան այն­պես չէր սիրում, ինչպես ես: Եվ նա դա զգում էր: Ես նրան ըմպելիք էի տալիս ու ասում.

– Դուք ուզում էիք, որ Ձեր մոր դե՞րը խաղամ… Ահա’, խաղում եմ այդ դե­րը…,- ասում եմ և արցունքներս հազիվ զսպում, կոկորդս էլ սեղմվել է:

Գուցե մի քիչ չափազանցում էի, բայց դա նրան դուր էր գալիս: Հրաժեշտի պահին հարցրեցի, թե ի՞նչ բերեմ հաջորդ անգամ, ի՞նչ միրգ է սիրում: Նվիրված, բայց մի տե­սակ չտեսնող հայացքով նայեց ինձ և շշնջաց. «Կաթ»:

Ենթագիտակցությունն էր: Մա՜յր – կա՜թ:

Փարիզում՝ Սեն-Լուի հիվանդանո­ցում, ուզածիդ չափ կաթ կար: Բայց նա հատկապես ինձնից կաթ ուզեց: Այդ դերն ավելի երկար խաղալն ան­կարելի էր դառնում: Շուտափույթ հրա­ժեշտ տալով և խոստանալով նորից այցելել՝ հեռացա…

Գիշերն անհանգիստ էր, ծանր… Այլևս նրա մոտ չգնացի: Վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում: Կրկին ասում էին, թե ոչ մեկին չի ճանա­չում (գուցե չէ՞ր ուզում ճանաչել): Ինձ ճանաչեց, չէ՜ր կարող չճանաչել: Հետո պատմում էին, թե արդեն ան­գիտակից վիճակում շտապում են տա­նել Երևան, որպեսզի հասցնի հայրենի­քում մեռնել:

Ասում էին նաև, թե ճոխ ու հանդի­սավոր թաղում է եղել, հայերը թաղել գիտեն… Անձամբ ես ատում եմ թա­ղումները:

NewMag #03

Գրել կարծիք